ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+31 °C
ՔԿ-ն՝ քրեական հեղինակություն «Ֆազ»-ի սպանության վերաբերյալ
11:48, 12.06.2024 | mamul.am
4362 | 0

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ հունիսի 11-ին Երևանի Շինարարներ փողոցում տեղի ունեցած՝ 43-ամյա տղամարդու սպանության, ինչպես նաև 35-ամյա տղամարդու նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
2024 թվականի հունիսի 11-ին՝ ժամը 23։17-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Էստոնական փողոցում կրակոցներ են հնչում։
Նույն օրը՝ ժամը 23։53-ին, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Երևանի 35-ամյա բնակիչը՝ «պարանոցի շրջանի հրազենային վնասվածք» և 43-ամյա բնակիչը՝ «գլխի, մարմնի տարբեր հատվածների հրազենային վնասվածք» ախտորոշումներով։ Ավելի ուշ նշված բժշկական կենտրոնից հայտնել են, որ 43-ամյա տղամարդը մահացել է։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի, 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ՝ Երևան քաղաքի Շինարարներ փողոցում, միմյանց բախված վիճակում, կայանված են եղել «LAND CRUISER», «TOYOTA CAMRY», «OPEL ASTRA» և «TOYOTA COROLLA» մակնիշների ավտոմեքենաներ:
«LAND CRUISER» մակնիշի առջևի և հետևի հատվածներում հայտնաբերվել են կրակոցի հետևանքով առաջացած վնասվածքներ, իսկ սրահում արնանման նյութի հետքեր: «OPEL ASTRA» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկի հատվածում, ինչպես նաև դեպքի վայրում հայտնաբերվել են տարբեր տրամաչափի բազմաթիվ պարկուճներ և փամփուշտ:
Ձեռնարկվում են անհետաձգելի անհրաժեշտ միջոցառումներ, կատարվում են քննչական և վարութային գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձին (անձանց) ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։ Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։ Ոստիկանությանը տրվել են համապատասխան հանձնարարություններ։
Նախաքննության ընթացիկ արդյունքներից ելնելով՝ ՀՀ քննչական կոմիտեն հանդես կգա համապատասխան տեղեկատվությամբ։

Աղբյուրը` ՀՀ ՔԿ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր