ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+34 °C
Հելլադայի փրկությունն ապահոված ճակատամարտի գլխավոր հերոսի աստիճանական այլասերումն ու անփառունակ վախճանը (3)
19:33, 25.05.2024
1853 | 0

Պլատեայի ճակատամարտում հաղթողի առաջին շփումները պարսից արքա Քսերքսեսի հետ տեղի են ունեցել Բյուզանդիոնի գրավման ժամանակ: Հույն պատմիչ Թուկիդիդեսը, որն անդրադարձել է Պավսանիասի առաջին դատավարությանը, վկայում է, որ հստակ ապացույցներ չլինելու պատճառով այդ ժամանակ սկսել է խոսակցություն շրջանառվել նրա դավաճանության մասին:

Պավսանիասը հայրենիքում երկար չի մնացել: Մ.թ.ա. 477 թվականին նա նավով մեկնել է Փոքր Ասիա՝ պարսիկների դեմ պատերազմին մասնակցելու պատճառաբանությամբ: Պատերազմ մղելու փոխարեն՝ նա մնացել է Բյուզանդիոնում և յոթ տարի շարունակ այն կառավարել է որպես բռնակալ: Սակայն արժանահավատ տեղեկություններ չկան, թե նա ինչպես է բռնապետություն հաստատել: Այստեղ նա սկսել է սանձարձակ կյանք վարել: Այդպիսի կյանքով նա Սպարտայում չէր կարող ապրել:

Տեղեկանալով այս ամենի մասին սպարտացիները նրան երկրորդ անգամ են կանչել Սպարտա: Աթենացիները, Կիմոնեսի ղեկավարությամբ, նախկին հրամանատարին ուժ գործադրելով են վտարել իր իսկ նվաճած քաղաքից: Պավսանիասը, որն այդ ժամանակ դավաճանական բանակցություններ է վարելիս եղել Քսերքսեսի հետ, չի շտապել Սպարտա վերադառնալ: Նա տեղափոխվել է Փոքր Ասիայի հյուսիս արևելքում գտնվող Տրոադա հունական գաղութ, և այդժամ Սպարտայի էֆորները սուրհանդակի միջոցով հատուկ վերջնագիր-հրամանագիր են ուղարկել նրան՝ պահանջելով վերադառնալ և կանգնել դատարանի առջև, իսկ չհնազանդվելու դեպքում սպառնացել են պատերազմով: Պավսանիասը ստիպված է եղել հնազանդվել:

Պավսանիասի շուրջ ստեղծված վիճակը նպաստել է նրան, որ Սպարտայում գերիշխող են դարձել հունական աշխարհից մեկուսանալ ցանկացողները, որոնք այն համոզմանն են եղել, որ պարսիկների դեմ հետագա ռազմական գործողություններն անիմաստ են: Հելլադայի՝ ռազմական առումով ուժեղագույն այս պետությունը ամբողջովին հեռացել է պարսիկների դեմ հունական մյուս պետությունների հետ համատեղ պայքարից: Դա հանգեցրել է համահունական միության փաստացի անկմանը, և դրանից հետո ռազմական գործողությունների ղեկավարումն անցել է աթենացիներին:

Պլատեայի հերոսը կուլ չի տվել վիրավորանքը և բռնել է համահունական պայքարին դավաճանելու ճանապարհը: Նա սկսել է սեպարատ բանակցություններ վարել պարսիկների հետ՝ հետապնդելով հեռուն գնացող անձնական նպատակներ: Պատմիչ Թուկիդիդեսը, հետո էլ Դիոդորոս Սիցիլիացին և Կոռնելիուս Նեպոտը, այդ բանակցությունների սկիզբ թվագրել են Պավսանիասի՝ Բյուզանդիոնում առաջին անգամ գտնվելու ժամանակաշրջանին, այսինքն մ.թ.ա. 478 թվականին: Բազմաթիվ պարսիկների, այդ թվում Քսերքսեսի բազմաթիվ մերձավորների ու բարեկամների գերեվարած Պավսանիասը դաշնակիցներից ծածուկ ազատ է արձակել, իսկ ինքը փախել է: Դրա հետ միաժամանակ նա ոմն էրետրիացու միջոցով հետևյալ բովանդակության նամակն է ուղարկել պարսից թագավորին.

«Սպարտացիների առաջնորդ Պավսանիասը, ցանկանալով քեզ ծառայություն մատուցել, արձակում է այս ռազմագերիներին. առաջարկում եմ քեզ, եթե դու համաձայն ես, ինձ կնության տալ քո դստերը և Սպարտան ու մնացյալ Հելլադան հնազանդեցնել քեզ: Խորհրդակցելով քեզ հետ՝ ես, կարծում եմ, ի վիճակի կլինեմ իրականացնել այդ ծրագիրը: Այդ իսկ պատճառով, եթե նպատակահարմար ես համարում ընդունել իմ առաջարկություններից որևէ մեկը, ծովով հավատարիմ մարդ ուղարկիր հետագա բանակցություններ վարելու համար»:
Նկարում՝ Պլատեայի ճակատամարտում հաղթանակի առթիվ կառուցված «օձ-սյուն», որը նվիրաբերվել է Աթենասի տաճարին: Այն այժմ տեղադրված է Ստամբուլի Ահմեդիե հրապարակում:

(շարունակելի)

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
23:14, 04.06.2024
381 | 0
դեպի վեր