ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +18 °C Վաղը`+20 °C
Կարեն Առաքելյան, ՈՒՍՏԻ՞ ԿՈՒԳԱ՛Ս, ԿՌՈՒՆԿ...
13:47, 24.04.2014
3066 | 0

ՈՒՍՏԻ՞ ԿՈՒԳԱ՛Ս, ԿՌՈՒՆԿ...

23 Ապրիլ, 2014-ի, 12: 34-ին

Մտորումներ Կոմիտասի հետ


Սիրտըս նըման է էն փըլած տներ,

Կոտրեր գերաններ, խախտեր է սըներ,

«Անտունի» Կոմիտաս


1


Օրս ծանրանում է նախորդ օրվա վրա,

Տրորում է, ինչպես զանգապանով կրունկ.

Եվ նույն տագնապներից, ծանր, ամենօրյա,

Նույն տրտունջն է լսվում՝ ուստի՞ կուգա՛ս, կռունկ...


Ուստի՞ կուգա՛ս, կռունկ,

Երբ այգեպան չկա,

Աշնանատունկ չկա, ոչ էլ՝ գարնանատունկ.

Աստծո՞ կամոք, թե՞ նույն սատանայի՝ չկամ,

Երբ սպասող չունես,

Ուստի՞ կուգա՛ս,

Կռունկ...


2


Ու երբ 15 թվին, թուրքը արյան ծարավ,

Քաղաքակիրթ կոչվող երկրների առաջ.

Շատ պատվական մի ազգ ավազուտներ տարավ,

Մայր ու մանկան ողբով, լուռ ու լալահառաչ –


Երբ քշում էր,

Ինչպես անասունն են քշում,

Օրհասական ճամփով սպանդանոց տանող.

Երբ սպանդի առաջ աշխարհն աչք էր փակում –

Անհագ մահն էր շրջում թուրքի յաթաղանով...


3


Ա՜խ, Վարդապետ, այսօր ազգաավեր թույնը,

Հաշիշի պես իջել, ուղեղներ է քամում.

Նաև՝ առանց թուրքի, կրկնվում է նույնը,

Ու երկիրը կամոք հայաթափ է լինում:


Ծա՛նր է:

Հոգեցո՜ւնց է:

Ինչպես 15 թվին...

Նույն եղեռն է ասես, առանց յաթաղանի.

Ուստի՞ կուգա՛ս, կռունկ, անտեր այս շեներին –

Անկախ եռագույնով երկիր Հայաստանի...


4


Բութ էր աշխարհը քար՝ հազար դիմականի,

Հայ հինավուրց երկրի տառապանքի առաջ.

Ո՛չ ոք, ո՛չ ոք չուզեց դավին դիմակայի –

Ու չլսվեց անգամ խղճմտանքի հառաչ:


Ու աշխարհը լռեց:

Անխոս:

Թուրքավարի...

Ու դավադիր՝ ոմանք նույնիսկ նպաստեցին,

Որ մի ամբողջ ազգի քաշեն յաթաղանի –

Ու եղեռնի առաջ անխոս աչք փակեցին...


5


Ամեն օրս, վրաս, շիրմաքար է, որ կա,

Ծանրանում է, ճնշում, սգո այգաբացով.

Այն նույն անապատի ավազները՝ վկա,

Վկա՝ տառապանքս, կյանքիս չոր ու թացով:


Մեզ փորձեցին ջնջել,

Վերացնել իսպառ,

Խառնել անապատի դեղին ավազներին,

Որ երբևէ ասեն, թե՝ եղե՛լ են... Չկա՛ն...

Թանգարանում հիշվենք, առանց մահազդների...


6


Ավազուտներ դեղին,

Անափ անապատում,

Որտեղ մորթում էին, առանց խղճի խայթի.

Դեղին ավազներին ալ կարմիրն էր պատում,

Ու արևն էր կարմիր, կարմիր անապատի:


Եվ ծաղիկը ազգի, նրա դպիրներին,

Ովքեր ծնվել էին, որ խինդ բերեն ու սեր.

Սիամանթո, Զոհրապ... Նաև ուրիշներին,

Որ նահատակ դարձան՝ սիրուց ազգանվեր...


7


Ա՜խ,

Վարդապետ,

Ու՞ր են սրտերն անանձնասեր...

Չկա՛ն... Վաղու՜ց չկան... Ու չեն էլ երևում.

Իշխանները երկրի՝ մանր ու եսասեր,

Քթից հեռու բան չեն տեսնում Երևանում:


Մարդիկ խենթանում են միայն ոսկու տենչից,

Մի երեսուն արծաթ... Եվ սրբեր են դավում.

Ոչ ոք չի գոհանում իր ունեցած քչից,

Քնքուշ աղջիկները ******ներ են դառնում...


8


Այգին անապատը սև էր համատարած,

Ուր դիակներ կային միլիոն ու կես հայի.

Թուրքը կոտորածի ալ արյունից հարբած,

Խրախճանք էր սարքել, ցնցող՝ թուրքավարի –


Հղի կնոջ փորի երեխան էր խժռում,

Ու մանկամարդ միսը մորթված աղջիկների.

Չլերդացած արյան գետից բռով խմում...

Աչքի առաջ՝ տոհմիկ ու կիրթ Եվրոպայի...


9


Կարապ,

Խեցգետինի,

Շնաձկան նման,

Ասես դիտմամբ ուզեն, երկիրն այս ավերեն.

Լույսի մի շող լիներ...

Մի կետ լիներ հենման –

«Ես աւերակացս ո՞ւմ թագաւորեմ» ...


Ես ու՞մ առաջ բանամ տվայտանքը սրտիս,

Հոգուս ավերակը շե՞ն կդառնա արդյոք.

Ուստի՞ կուգաս, կունկ... Մրմնջում է հոգիս –

Թե՞ ցնորվեմ պիտի ի վերուստի կամոք...


10


Էլ ինչ ասես արին, որ երկիրը փրթեն,

Բաժան-բաժան անեն ու մասնատեն մանրից.

Հայոց հողի վրա թուրքավարի թրքեն,

Որ էլ հուշ չմնա երկիր Հայաստանից:


Նվիրեցին իրենց կալվածքների նման,

Ով չէր խորշում մսխել բարիքները այլոց -

Որ անունը հայի թանգարանում մնա,

Որ չհիշվի անգամ նաև հարցը Հայոց...


11


Տառապում եմ...

Սակայն ո՞վ է ականջ անում,

Երբ ամենայն բիրտը լկտի, ոսկեկրունկ.

Տրորում է, ինչ կա և ուրագով տաշում –

Կռունկ, ուստի՞, կուգա՛ս...

Ուստի՞ կուգա՛ս, կռունկ...


Ուստի՞ կուգա՛ս, կռունկ... Եթե չես կանչելու,

Եթե ձագ չե՞ս տալու ավերակված բնում.

Այս գարունն էլ մնաց առանց կանաչելու –

Կանչե՛, կռու՛նկ, ողբա՝ ողբի Հայաստանում...


12


Ա՜խ,

Վարդապետ,

Ապրած նույն հավատքով քո սուրբ,

Տենչացել եմ հոգուս փրկությունը գտնել.

Մինչդեռ, ի՛նձ էլ, ինչպես՝ վաղուց ապրած մի սուտ,

Իմ իսկ հայրենիքում չեն էլ փորձում երկնել:


Խելացնոր որպես, մտագարի նման

Միտք եմ անում անվերջ, դարձած հուսո լուռ ունկ.

Իմ այս գիրը նույնպես՝ տառապանքիս վկան –

Ու՞մ ժառանգեմ, ինչպե՞ս –

Ուստի՞ կուգա՛ս, կռունկ...


13


... Ու հոգևարք ապրող ազգը գոյատևեց,

Փյունիկ թռչնի նման, հառնեց մոխիրներից.

Երբ ամենայն բանիվ հանկարծ խեղաթյուրվեց՝

Սերը ծախու դարձավ...

Ոսկին իշխեց նորից...



Վերագտանք...

Մինչդեռ կորցնում ենք վերստին,

(Պատմությունը կարծես ճշտիվ կրկնվում է) .

Օտարվում ենք մեր Մայր, երկիր Հայաստանին –

Ու շեները անտեր, նորից դատարկվում են...


14


Որքա՞ն...

Ու մինչև ե՞րբ...

Ինչի՞ց բուժվենք, ինչպե՞ս...

Այս հոգեմաշ ցավից, երկու հազար տարվա.

Թափառական դառնանք, օտարներին ի տես –

«Խաչիկ» մնանք, կամ էլ՝ առհամարված՝ «առա» ...


Ա՜խ,

Վարդապետ,

Ես էլ...

Ցավս ցավիդ նման –

«Էն փլած տներ է... Ուր կոտրեր գերաններ» ...

Ուր բնավորվում են հավքեր հարյուր տարվան –

Ու ծմրում է հոգիս՝ միլիոն երանիներ...


15


Երազների հեռվից,

Մենաթափա՜ռ,

Տրտու՜մ,

Գեթ տեսնեի մի օր ծաղկուն դրախտավայր.

ՍԵ՛Ր, ՄԻՈՒԹՅՈՒՆ լիներ հայապատկան հողում –

Կանչե՛, կռու՛նկ, կանչե կանչով սթափարար...


Թե՞ նույն այս հուշերից կարմիր անապատի,

Ու ներկայից այս բութ,

Օտար երկրում,

Անհետ –

Անսփոփի ցավից խելագարվեմ պիտի,

Որպես վերջին ցավքաշ,

Որպես վերջին պոետ...


Կարեն Առաքելյան

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր Գրական էջ
03:29, 22.12.2017
13160 | 0
01:01, 08.12.2017
30021 | 0
23:45, 27.08.2017
21815 | 0
դեպի վեր