ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +13 °C ... +18 °C Վաղը`+24 °C
Հակոբ Պարոնյան / Մեծապատիվ մուրացկաններ (վեպի վերջնամասը)
15:02, 08.05.2014
16706 | 0
Հակոբ Պարոնյան / Մեծապատիվ մուրացկաններ
(վեպ)
ՍԿԻԶԲՆ' այստեղ

Ը

Մանուկ աղան, որ վարի սենյակն էր և խահվե կը խմեր, տիկին Շուշանին վար իջնալն տեսնելուն պես` խահվեի գավաթն թողուց և Աբիսողոմ աղային քովը գնաց:
- Այսպես, - ըսավ, - Մելքոն աղան թևես քաշեց, և մեկտեղ ընթերցատունը մտանք: Այդ ընթերցատունը ժամանակավ գինետուն էր: Աստված ողորմի հոգուն, Կոմիկ աղան կը բռներ, աղեկ մարդ մ’էր. հիվանդություն մը եկավ վրան, շատ բժիշկներ նայեցան, ճար մը չկրցին գտնել, և խեղճը մեռավ…
Մանուկ աղային կինը լրագիր մը իր ձեռին ներս մտավ և լրագիրը Աբիսողոմ աղային տալով`
- Մեծապատիվ էֆենտին հատկապես բարև ըրած է ձեզի, - ըսավ և դուրս ելավ:
Աբիսողոմ աղան աճապարանոք բացավ լրագիրն և կարդաց.
"Վանեն հետևյալը կը գրեն մեզ": Աս չէ, վարինը կարդանք, ըսավ և կարդաց. "Մեր բարեկամներեն մին Մուշեն հետևյալը ղրկած է մեզ ի հրատարակություն": Աս ալ չէ, մյուսը նայինք: Մյուս երեսն անցնինք, սա կտորը նայինք… "Մայրաքաղաքիս ազնվական դասուն անդամ մ’ալ ավելցավ այս օրերս:

Երևելի վաճառական և բազում ագարակներու տեր, ազգասեր, լեզվագետ, ազնվասիրտ և վեհանձն Աբիսողոմ էֆենտի, որ մեր ազգայնոց ծանոթ է, երեկ Տրապիզոնի շոգենավով մայրաքաղաքս եկավ և ուղղակի Բերա ելավ Ծաղկի փողոց, թիվ 2 տունը: Աբիսողոմ էֆենտիի պես մեկու մը մայրաքաղաքս գալն անշուշտ մեծ ուրախություն պիտի պատճառե մեր բարեմիտ ազգայնոց":
Աբիսողոմ աղան Մանուկ աղային դառնալով` տես, ըսավ, ի՞նչ գրած է ինձի համար, և բարձր ձայնով անգամ մ’ալ կարդաց;
Մեծապատիվ էֆենտին բարև կընե եղեր, - ըսավ տիկինը նորեն ներս մտնելով, - բաժանորդագին պիտի տաք եղեր:
Հիմա, - ըսավ Աբիսողոմ աղան և տվավ բաժանորդագինը տիկնոջ, որ վազելով վար իջավ:
- Սա մարդը գեշ չգրեր կոր, հե՞, - հարցուց Աբիսողոմ աղան:
Այո, գեշ չգրեր մ’է:
Ավելի պատվականը կրնար ըլլալ;
- Տիկինը դուռը բանալով Աբիսողոմ աղային նամակ մը, խոշոր ծրար մը հանձնեց, ըսելով.
Մեծապատիվ էֆենտին մասնավորապես կը բարևե զձեզ:
Աբիսողոմ աղան նամակը բացավ և հետևյալը կարդաց.
" Մեծապատիվ էֆենտի,
Ձեր մեծապատվության մայրաքաղաքս գալն իմանալով փութացի ձեր գալուստը շնորհավորելով` լրագրես տասն օրինակ ղրկել: Քաջահույս եմ, որ պիտի հաճիք ձեր բաժանորդությամբ քաջալերել լրագիրս, որով պիտի խրախուսեք զիս, որ խմբագրական տաժանելի ասպարեզին մեջ ազգային ծառայություններ ընելու կոչված եմ:

Մնամ հարգանոք խմբագիր տնօրեն լրագրո
(ստորագրություն) "

Տասը հատն ի՞նչ ընեմ…
Կշտանալով կկարդանք…
Տիկինը նորեն ներկայացավ ծրարով մը և նամակ մ’ալ տվավ Աբիսողոմ աղային, որ բանալով սկսավ կարդալ.

" Մեծապատիվ էֆենտի,
Ձեր հանրածանոթ ազգասիրությունը քաջալերություն տվավ ինձ լրագրես տասնըհինգ օրինակ ղրկել ձեզ; Քաղցր է ինձ հուսալ, որ պիտի բարեհաճիք զանոնք ընդունիլ և պաշտպան կանգնիլ լրագրության, որ մեր մեջ ըթերցասիրության չտարածվելուն պատճառովը դժբախտաբար գեշ վիճակի մը մեջ կը գտնվի:
Մնամ հարգանոք խմբագիր տնօրեն լրագրո
(ստորագրություն) "

Աբիսողոմ աղան նամակը ծալլելու վրա էր, տիկինը ներս մտավ.
Մեծապատիվ էֆենտին սիրո բարևներ կընե եղեր ձեզի, - ըսավ և նամակով մը գիրքեր ներկայացուց Աբիսողոմ աղային, որ նամակը բացավ և սկսալ կարդալ.

" Մեծապատիվ էֆենտի,
Իմ մտքիս ծնունդն եղող քերթվածները հրատարակած ըլլալով` արժան դատեցի անոնցմե քառասուն օրինակ ձեզ ղրկել: Կը հուսամ, որ շնորհ կընեք զանոնք ընդունելու և կերպով մը քաջալերություն տալու ինձ, որպեսզի մյուս քերթվածներս ալ քիչ օրեն հրատարակության տամ:

Խնդրելով, որ ընդունիք իմ խորին մեծարանացս հավաստիքը, մնամ ձերդ մեծապատվության խոնարհ ծառա:
(ստորագրություն) "

Աբիսողոմ աղան նամակը գոցեց և քովը դրավ:
Տիկինը դարձյալ ներս մտավ:
- Մեծապատիվ էֆենտին բարև ըրած է դարձյալ, - հարցուց Աբիսողոմ աղան:
Ոչ, բեռնակիրներեն մեկը եկած է և կրողչեքը կուզե:
Աբիսողոմ աղան քսան դահեկան հանեց տվավ:
Տիկինը դուրս ելավ, դուռը գոցեց:
- Ընթերցատան մեկ անկյունը քանի մը հոգի նստած ընտրելի թաղականներու ցուցակը կը պատրաստեին, - ըսավ Մանուկ աղա յուր պատմությանը թելն ձեռք առնելով: - Անոնք մեր կողմեն չէին և կաշխատեին, որ իրենց ուզած կաշառակեր մարդերը թաղական ընտրեն:
- Տղուն մեկը եկավ սա գիրքերը ձգեց, գնաց, - ըսավ տիկինը նորեն մտնելով, - մեծապատիվ էֆենտին շատ բարև կընե եղեր և այսօր կամ վաղը պիտի գա եղեր զձեզ տեսնելու:
Տիկինը գրքերը սեղանի մը վրա դրավ:
- Ի՞նչ ընեմ այսչափ գրքերը, գրավաճա՞ռ պիտի ըլլամ ես: Չեմ ուզեր, ալ ասկից վերջը եթե բերող ըլլա, մի ընդունիր, Աբիսողոմ աղան հոս չէ` ըսե և ճամփե:
- Ատ ալ չըլլար, դուն խմբագիրները չես ճանչնար. անոնց մեջ կգտնվին այնպիսիներ, որ երբ իմանան, թե իրենց ընկերներուն մեկուն լրագիրն առած ես և իրենցը չես առեր, վրադ կը հարձակին և չլսված խոսքեր կընեն:
- Եթե այնպես է, ընդունե որչափ լրագիր որ բերեն. ի՞նչ ընենք,

բռնվեցանք անգամ մը. եթե գիրք բերեն, մի ընդունիր:
Տիկինը գլուխ ծռելով դուրս ելավ:
- Թեպետև այդ մարդիկն իրենց ուզածները թաղական ընտրելու կաշխատեին, բայց իրենց մեջ ալ անմիաբանություն կար. ակնավաճառն յուր առաջին հաճախորդը կուզեր թաղական ընտրել, հացագործն կուզեր թաղական ընտրել այն մարդն, որուն տունը օրը տասը հաց կուտար. դերձակն թաղական տեսնել կը փափաքեր այն երիտասարդն, որուն վրա շաբաթը երկու անգամ հագուստ կձևեր և կը կարեր. համետագործը քվե տալ կուզեր այն հարուստին, որուն մեկ-երկու համետ կը շիներ տարին. խմբագիրն յուր բոլոր բաժնորդները թաղական խորհրդո մեջ տեսնել կուզեր. փաստաբանը իրեն շատ դատ հանձնողին քվե կուտար, բժիշկն յուր ամենեն ծանր հիվանդին. և գինեպանն ալ ամենեն շատ օղի և գինի խմողին կուզեր հանձնել թաղին գործերը: Ահա այսպես իրենց մեջ…
Մանուկ աղան դարձյալ չկրցավ շարունակել յոր պատմությունը, վասն զի ուրիշ հյուր մը ներս մտնելով ընդհատեց անոր խոսքը:
Այս հյուրը մաքուր հագնված երիտասարդ մ’էր. յուր կլոր և ճերմակ դեմքը շրջանակված էր դեղինով խառն սև մորուքե մը, որ շատ չէր վայլեր; Պատկերներ կան, որ առանց շրջանակի ավելի գեղեցիկ կերևան. թեպետև կան ալ, որ գեղեցիկ երևալու համար շրջանակի կը կարոտին:
Եթե բնությունը չարգելեր կիներու շրջանակի մեջ անցունել իրենց դեմքերն, այսօր որչափ կիներ մորուք պիտի ունենային: Այս երիտասարդը ներս մտնելուն պես հանեց յուր սև և երկար գլխարկն և բարևեց սենյակին մեջ գտնվող երկու բարեկամները:

Մանուկ աղան անմիջապես դուրս եկավ բարկությամբ մըռմըռալով:
- Այս տարիքն եկած եմ, և ասանկ բան գլխուս եկած չէր. թող չեն տար, որ երկու խոսք ընեմ. հազիվ թե բերանս կը բանամ, մեկը կուգա, կսկսի խոսիլ, և իմ խոսքս բերանիս մեջ կը մնա:
- Աբիսողոմ աղա հրամանքնի՞դ եք, - հարցուց հյուրն բազմոցի վրա նստելեն ետքը:
Այո ես եմ:
- Շնորհակալ եմ, որ Աբիսողոմ աղան դուք եք. ձեր գալուստը լրագրի մեջ կարդացի և շատ ուրախացա, որ ազգերնուս մեջ ձեզի պես ազնիվ սիրտ կրող ազգասերներ պակաս չեն, վասն զի այն ազգն, որ ազգասեր չունի յուր մեջ, ազգ չէ:
Այո:
- Փոխադարձաբար այն ազգասերներն ալ, որ ազգ չունի, ազգասեր չէ:
Շիտակ է:
-Այս երկունքն իրարու հետ այնպիսի սերտ կապակցություն մ’ունին, որ իրարմե բաժնելուդ պես երկուքն ալ կը կորսվին:
Այնպես է:
- Ազգ մը, որ յուր աշխատավորները չքաջալերեր, - ավելցուց հյուրն միշտ ծանր և լրջագույն եղանակով մը, - ազգերու կարգ անցնելու բնավ իրավունք չունի:
Շատ աղեկ կը խոսիք:
- Եվ երբ աշխատավոր մը վարձքը չընդուներ յուր ազգեն, բնականաբար կը վհատի և երբեմն կը խորհի երթալ ինքզինքը ծովը նետել:

Ատ տղայություն է:
- Ներեցեք, Աբիսողոմ աղա, եթե մեր այս առաջին տեսությանը քիչ մը համարձակ կը խոսիմ ձեզի հետ
Հոգ չէ:
- Ծառադ վեց տարի Եվրոպա մնացած եմ և բժշկություն սովրած եմ:
Աղեկ արվեստ:
- Գիշերները քունս ծախելով կարդացած ու գրած եմ, որպեսզի քաղաքս դառնամ և ազգիս ծառայություն ընեմ:
Մարդ ալ յուր ազգին ծառայություն ընելու է:
- Երկու տարի է, որ հոս կը գտնվիմ, և մինչև այսօր հազիվ չորս հիվանդ նայած եմ. հասկցիր, թե ինչպես կը քաջալերվին հոս բժիշկները:
- Ցավալի բան… այս տեղացիները հիվանդ ըլլալու սովորություն չունի՞ն…
- Ունին, բայց հոս հիվանդները ազգային զգացում չունին, Հայաստանի վրա գաղափար չունին:
Ի՞նչ կըսեք:
- Այո, երբ հայ մը հիվանդ ըլլա, օտար ազգե բժիշկ մը կը բերե յուր տունը` առանց գիտնալու, թե հայու ցավն հայը կարող է միայն բժշկել, առանց համոզվելու, թե օտար չէ կարող հայու ցավուն դարման ըլլալ: Այսօրվան օրս երկու հազարեն ավելի հայ բժիշկ կա. անոնց մեջեն հինգ-վեց հատը, մանավանդ երկու-երեք հատը պատվական կյանք կանցունե, և անդին մնացածը ամեն օր բերանը բաց կսպասե, որ հիվանդ մը ներկայանա իրեն և ստակ առնե:
Գեշ վիճակ:
- Ի՞նչ ընեն ազգային բժիշկներն, երբ ազգային հիվանդներն օտարներու կը դիմեն…

Ոհ օտարասիրություն, օտարասիրություն, - գոչեց բժիշկն աչքերն երկինք վերցնելով, - ե՞րբ պիտի երթաս մեր քովեն:
Օտարասիրությունը աղեկ բան չէ:
- Մանավանդ թե բժիշկները քաջալերելու չափ հիվանդություն ալ չկա մեր ազգին մեջ. և այն ազգին մեջ, որ հիվանդությունը տարածված չէ, պարապ բան է Եվրոպայի բժիշկներու չափ ճարտար բժիշկներ հուսալ, ինչպես նաև այն ազգն, որու մեջ ընթերցասիրությունն տարածված չէ, իրավունք չունի տաղանդավոր և հանճարեղ հեղինակներ ունենալու. տաղանդն և հանճարն առանց քաջալերության կը մեռնի:
Շատ իրավունք ունիք:
- Չեք կարող երևակայել, Աբիսողոմ աղա, թե որչափ հուսահատված եմ, հազար անգամ զղջացած եմ, երկու հազար անգամ անեծք կարդացած եմ բժիշկ ըլլալուս համար. ուր էր, թե բժիշկ ըլլալու տեղ հիվանդ ըլլայի և … մեռնեի. մեր ազգին մեջ հիվանդությունը բժշկութենեն աղեկ է, վասն զի տգիտությունն գիտութենեն ավելի կը քաջալերվի… թեթևությունը ծանրութենեն ավելի հարգ կը գտնե, մոլիներն առաքինիներեն ավելի պատիվ կը վայելեն. ճշմարիտ Աստված, ուխտ ըրած եմ, որ եթե օր մը երևելի ազգայիններեն հիվանդ մը նայիմ, անուր անունը լրագիրներու մեջ բարձրացունեմ:
Այս խոսքին վրա Աբիսողոմ աղան արթնացավ, այսինքն փառասիրությունն արթնացավ: Ինչ անուշ բան է թերություններ հավաքել միամիտ մարդերու վրայեն:
Խորամանկներն երբեմն վարդապետությամբ այնքան կկեղծեն իրենց թերություններն, որ անոնց հավաքիչները կը շվարեցնեն, վասն զի անոնք երբեմն միամիտ և երբեմն խորամանկ կը ձևանան,

ժամ մը տգետ, ժամ մը` գիտուն, մերթ` անաչառ, մերթ` աչառու, մերթ` կեղծավոր, մերթ` անկեղծ, և երբ ազգային նշանավոր, հանճարեղ և հերանույշ Ծերենցը ասոնցմե մին նկարագրելով անբնական անձ մը ներկայացնե, ամեն կողմե կը բարսվի, թե Ծերենցն տակավին Մանուկենց է անձեր ստեղծելու արհեստին մեջ, թե միևնույն անձի վրա Ադամն և Նեռն, սատանան և հրեշտակն, Զոյիլն և Հոմերոսն, արականն և իգականն միանգամայն կներկայացնե:
Ի՞նչ հանցանք ունի ճերմակերես Ծերենցն, երբ յուր ներկայանելիք անձերն խորամանկ են: - ներեցեք, Աբիսողոմ աղա և տեր բժիշկ, եթե ձեր խոսակցությունն ընդմիջեցի. ի բնե քիչ մը անհամբեր եմ. երբ խոսքին կարգը գա, չեմ կարող ինքզինքս բռնել, որչափ ալ այս բնավորությանս պատիժը կրած ըլլամ և կրեմ: Այո, Ծերենցն կը ներկայացնե անձերն ոչ թե ինչպես որ են, այլ ինչպես որ կերևին: Ծերենցն այս մասին որչափ ալ երկնցնե յուր մազերն, իրավունք ունի, վասն զի ունինք հեղինակներ, որոնք Ծերենցեն ավելի երկար մազ ունին և կը ներկայացնեն իրենց անձերն ոչ թե ինչպես որ են, այլ ինչպես որ կուզեն իրենք, որ ըլլան անոնք: Ասոր համար է, որ կին հեղինակներն երբ Հայկ կամ Վարդան կամ Արտաշես ներկայացնել ուզեն, Վիքթոր Հյուկոյի խոսքերը կամ Մոլտկեի կարծիքները կը դնեն անոնց բերնին մեջ:
Ասոնք կը կարծեն, թե երբ Ադամ յուր ժամանակին հատուկ պարզությանը մեջ ներկայացնեն, կը կորսնցունեն իրենց տաղանդն, եթե ունին, կամ կը վնասեն իրենց հանճարին, զոր ունենալ կը կարծեն, կամ վերջապես կը զրկվին այն համբավեն, զոր վաստկիլ կերազեն: Ո՞վ ըսած է այս ողբերգակներուն, թե ավելի դժվար է մեկուն պատկերեն ճշտությամբ նկարելն, քան թե երևակայությամբ անբնական պատկեր մը գծելն.ո՞վ պոռացած է ասոնց ականջն ի վար, թե նկարիչ մը պատկերներ ստեղծելու սկսելե առաջ` պատկերներ ընդօրինակելու է: - Ոչ ոք: Եվ ո՞վ կը հանդգնի այս փափուկ ժամանակին մեջ ուրիշի մը գործն անաչառաբար քննադատելու: Մեր քննադատները, քիչ բացառությամբ, ակնոց ակնոցի վրա կդնեն գործի մը մեջ գեղեցիկ կտորներ փնտռելու համար, փնտռելու համար և ոչ թե տեսնելու համար, վասն զի տեսնված բաներ չփնտռվիր: Ասոնք բնավ տարբերություն չունին գրաքննիչներեն, որք ոևէ հրատարակության մը մեջ միայն տգեղ կտորներ կը փնտռեն: Չեմ տեսած քննադատ մը, որ տգեղ հրատարակության մը կոկորդեն բռնե, սղմե և սպաննե զայն: Սպաննելու չէ. գործ մը գեղեցկացնելու աշխատելու է, կըսե, անոր գեղեցիկ կողմերը ցույց տալով միշտ և տգեղ կետերը հեռվանից ցցունելով խիստ քիչ անգամ: Ոչ, պարով քննադատներ, ոչ իրավունք չունիք, սպանեցեք տգեղ գործերն և վստահ եղեք, որ պիտի գեղեցկանան անոնք; Մարդեր կան, որ կը գեղեցկանան, երբ մեռնին: Ես, որ այսչափ խստությամբ կը խոսիմ ուրիշներու երկերուն վրայոք կը կարծեք, թե քաղցրությա՞մբ կը վարվիմ "Մուրացկաններուս" անձերուն հետ, որոնց բերնեն ելած խոսքերն միայն բառ առ բառ կը գրեմ հոս, առանց իմ կողմես կետ մ’ավելացնելու հանդգնությունն ունենալու: Բնավ երբեք, մանավանդ թե կզգամ, որ իմ անձերս ալ ունին շատ թերություններ, զորս օր մը պիտի հարվածեմ: Նույնիսկ մեծ թերություն մ’է, որ պատմիչ մը յոր պատմության թելը կտրե և յուր ընթերցողներն երկու ժամ խնդիրեն դուրս խոսքերով զբաղեցնե:

Բայց ի՞նչ ընեմ, այս թերությունս իմ առավելությունս է, վասն զի այս թերությանս շնորհիվ է, որ կրցած եմ քանի մը ընթերցողներու տեր ըլլալ, թերություն, որ թերություններ ուղղելու պաշտոնն ունի: Այսչափ բացատրություն ալ թերությանս համար: Դառնանք ուրեմն մեր պատմության:
Աբիսողոմ աղան, ինչպես ըսինք, ականջները տնկեց, երբ իմացավ, որ բժիշկն եթե հիվանդ մը գտնե, անոր անունն լրագիրներու մեջ պիտի հրատարակե. ուստի անմիջապես տկարություն ունենալ ուզեց:
- Աղեկ եղավ, որ – ըսավ բժիշկին, - այսօր հոս եկաք, վասն զի քանի մ’օրե ի վեր վրաս գեշություն մը կա:
Ի՞նչ կզգաք, - հարցուց բժիշկը:
Գեշություն մը կզգամ:
Ո՞ր կողմդ:
Ո՞ր կողմս:
Այո:
Ամեն կողմս:
Ախորժակդ ի՞նչպես է:
Աղեկ է:
Կերածդ շուտ մը կը մարսե՞ս:
Կը մարսեմ;
Գիշերները հանգիստ կը քնանա՞ս;
Շատ հանգիստ, բայց վրաս գեշություն մը կզգամ:
Գլուխդ երբեմն կը ցավի՞:
Այո:
Վրադ սանկ թուլության պես բան մը…
Ճիշտ:
Երբեմն դողալ մը սանկ…
Այո, այո, դողալ մը սանկ…

Դողալեն վերջը տաքություն մը…
Տաքություն մը:
Տաքութենեն վերջը քրտինք մը…
Քրտինք մը:
Առտուները լեզվիդ վրա լեղիություն մը:
Այո, լեզվիս վրա լեղիություն մը:
Հասկցա, բան մը չէ, կանցնի, ինքզինքդ մրսեցուցած ես:
Ինձի ալ այնպես կուգա, որ ինքզինքս մրսեցուցած եմ:
- Շատ բժիշկներ կան, որ այս հիվանդությունը չեն հասկնար, սխալ դեղեր կուտան, ուրիշ հիվանդություն կը հրավիրեն:
- Ուրախ եմ, որ դուք աղեկ հասկցաք, դեղ մը տվեք, որ շուտ մը անցնի:
Բժիշկը ծոցեն հանեց թերթակարը կամ տետրոնը -երկուքեն որն որ ուզեք, կրնաք գործածել. ազատ եք նաև ոչ մին գործածելու և ոչ մյուսն – թուղթ մը քաշեց անոր միջեն և մատիտով քանի մը բառ գծելեն ետքը թղթին վրա` Աբիսողոմ աղային տվավ զայն` ըսելով.
- Ասիկա կարմիր ջուր մ’է. ժամը մեկ անգամ կը խմեք անկից խահվեի գավաթով. թեպետև քիչ մը լեղի է, բայց ազդու է:
Շատ աղեկ:
Մոռցա հարցնելու, թե բնությունդ ի՞նչպես է:
- Բնությունս… շիտակը, խարդախ մարդերեն չեմ ախորժիր, ամենուն հետ աղեկ կը վարվիմ…
- Ամեն առտու դուրս կելլա՞ք, - հարցուց բժիշկն` խոսքին ձևը փոխելու ստիպելով:
Հոս գալես ի վեր երկու առտու դուրս չկրցի ելնել:
Իրա՞վ կըսեք:

Սուտ խոսելու ի՞նչ պարտք ունիմ;
Ուրեմն դեղ մ’ալ գրեմ:
Բժիշկը դեղագիր մ’ալ գրեց և Աբիսողոմ աղային տվավ:
- Նախ այս դեղը պիտի առնես, - ըսավ բժիշկն, որպեսզի վաղը առտու դուրս ելնես և վերջը մյուս ջուրը պիտի խմես:
- Եթե այս դեղեն խմեմ, վաղը առտու անպատճառ դուրս կրնա՞մ ելնել:
Այո, անպատճառ:
- Այս ինչ աղվոր դեղ է… հապա թե որ դարձյալ հյուրեր գան և զիս խոսքի բռնե՞ն:
Հյուրերդ ի՞նչ վնաս ունին:
- Ի՞նչպես վնաս չունին. երկու առտու է, որ դուրս ելնել կուզեմ և թող չեն տար. կուգան, երկու ժամ գլուխ կը ցավցունեն: Բայց վաղը առտու անպատճառ պիտի ելնեմ, վասն զի պատկերս քաշել պիտի տամ:
Բժիշկը դարձյալ հարցման ձևը փոխեց հարցնելով.
Փորդ ի՞նչպես է:
Ամենուն փորի նման փոր է:
Պինդ է:
- Ո՞վ գիտե… իրավ որ օր մը օրանց հետաքրքրություն ունեցած չեմ հասկանալու համար, թե պի՞նդ է թե ոչ. ո՞վ պիտի նայի անանկ բաներու:
- Աբիսողոմ աղա, ամեն օր մեծ գործ կընե՞ս, - հարցուց վերջապես բժիշկը ճարը հատնելով:
Այո, այո, ամեն օր մեծ գործ կը տեսնեմ:
Ով մեծագործություն…
Ով մեծախոսություն…
Շատ լավ, - պատասխանեց բժիշկն, ես վաղն առտու նորեն կուգամ ձեզ տեսնելու:

Կլլա:
- Մնաք բարով, հոգ մի ըրեք, ձեր տկարությունը քանի մը դեղով կանցնի:
Շնորհակալ եմ:
Բժիշկն գլխարկն առնելով մեկնելու վրա էր, երբ Աբիսողոմ աղան ըսավ անոր.
Գրելիքդ չմոռնաս:
Բժիշկը խորհիլ սկսավ, թե ի՞նչ էր գրելիքը, և շուտ մը հիշելով պատասխանեց.
- Այո, այո, միտքս է, լրագրի մը մեջ պիտի գրեմ ձեր անունը: Մնաք բարով:
Երթաք բարով:
Բժիշկը մեկնելուն պեսԱբիսողոմ աղան ըսավ ինքնիրեն.
- Վախցա, որ բժիշկը կըսե, թե "դուն հիվանդություն չունիս" և շինծու հիվանդ ըլլալս հայտնի կըլլա. բայց պարապ տեղը վախցած եմ, վասն զի անիկա ոչ թե միայն չհասկացավ հիվանդ չըլլալս, այլ ըսավ նաև, թե քանի մը դեղով կանցնի հիվանդությունդ: Էհ, պարոն բժիշկներ, դուք բան մ’ալ չեք հասկնար, և մամս իրավունք ուներ բնավ բժիշկ չկանչելու: Ես բան մը չունիմ, տեր բժիշկ, - շարունակեց, - անունս լրագրի մեջ գրել տալու համար հիվանդ եղա…
Այս վերջին խոստովանությունը քիչ մը խենդություն երևեցավ Աբիսողոմ աղային, որ խճմտանքը հանդարտեցնելու համար ըսավ ինքնիրեն.
- Լսողն ալ պիտի կարծե, թե հիվանդ չեմ և շինծու հիվանդ եղած եմ. քանի մ’օրե ի վեր է, որ անհանգստություն մ’ունիմ, ոչ կրնամ ուտել և ոչ քնանալ, հազ մ’ալ ունիմ, որ գիշերները չքնացներ զիս:

- Ով փառասիրություն, իրա՞վ է, որ դուն երբեմն խելացիները խենդ և խենդերը խելացի կընես…

Թ

Աբիսողոմ աղան բերանը քիչ մը բան դնելու համար վար իջավ, բայց երբ տեսավ, որ քանի մը հոգիներ նոր եկած էին զինքը տեսնելու, անոնց ձեռքեն խալսելու համար տունեն դուրս ելավ. եթե այսպես չըներ և ամեն այցելություններն ընդունելու ըլլար, ժամանակ պիտի չունենար ոչ ուտելու, ոչ քնանալու և ոչ արթննալու:
Աբիսողոմ աղան դեռ Պոլիս չեկած` իմացած էր, թե Բերա գաղղիական ճաշարան մը կար և երևելի մարդերը հոն կերթային ճաշելու, ուստի տունեն դուրս ելնելուն պես միտքը դրավ հիշյալ ճաշարանն երթալու:
Հազիվ թե քանի մը քայլ առավ, հիսուն տարեկան նիհար և պատռտած հագուստներով մեկը դեմը ելավ:
Կարծեմ Աբիսողոմ աղա հրամանքնիդ եք:
Այո, ես եմ;
Քանի մը վայրկյան ձեզի հետ տեսնվիլ կը փափաքեի:
Է:
- Նոր եղանակավ նոր դասագրքեր հանած եմ, անոնցմե հարյուրի չափ ձեզի տալ կուզեի. ներեցեք համարձակությանս, ի՞նչ ընենք, այս համարձակությունը մեզի տվողն ազգն է, որ չքաջալերեր յուր դասատուներուն և թող կուտա, որ անոնք խեղճ վիճակի մեջ ապրին: Ահ, եթե այսօր դասագրքերը չկարենամ քշել, տպարանապետը բանտը պիտի դնե զիս. դեռ տպագրության և թուղթի ծախքը վճարած չեմ իրեն, և ամեն օր կսպառնա ինձի:

Դասագիրքն ի՞նչ պիտի ընեմ ես:
- Ձեր բարեկամներուն կուտաք, կաղաչեմ, խնդիրս մի մերժեր, վեցական դահեկանեն վեց հարյուր դահեկան կընե, և այս գումարն ալ ձեզի համար մեծ բան չէ:
Գաղղիական ճաշարանն ո՞ր կողմեն կերթացվի:
Ասկից կերթցվի, սիրով կառաջնորդեմ ձեզի հոն:
Շնորհակալ կըլլամ:
- Կը քալենք և կը խոսինք: Դասատուներն ազգին ծառաները համարված են և ամենուն երեսեն ինկած, մինչդեռ անոնք ազգին տերերն են: Ազգ մը անոնցմով առաջ կերթա, բայց ի՞նչ օգուտ մեր մեջ քաջալերություն չկա: Դասատու մը այսօր դպրոցի մը պաշտոի կը կոչվի և քանի մ’օրեն կը ճամփվի, վասն զի հոգաբարձուներեն մեկուն գետնեն բարև չէ տվեր: Եթե քանի մը ամիս պաշտոն վարե և ամսական ուզե, կը վռնտվի` ամսական ուզած ըլլալուն համար, և միշտ սա խոսքերը կը լսե. "Ազգին ստակովը կապրինք, ազգին վրա բեռ եղած եք, գացեք, կորսվեցեք": Ահ, Աբիսողոմ աղա, չեք գիտեր, թե ինչ կը քաշեն Պոլսո դասատուները, խեղճության զենիթը բարձրացած են, չեմ կարծեր, որ ասոնք իմանալեն ետքը դասագրքերես հարյուր օրինակ չառնեք:
Այդ ճաշարանն ասկից շա՞տ հեռու է:
- Չէ, մոտեցանք: Միայն դասատուները չեն, որ այս վիճակի մեջ են, խմբագիրները, հեղինակները, տպարանապետները, գրավաճառներն, վերջապես անոնք, որ գիրքով կզբաղին, թշվառությամբ կզբաղին: Հառաչադիմություն կը պոռանք և ետ ետ կերթանք, լույս կը պոռանք և դեպի խավար կերթանք, աջ կը գոչենք և դեպի ձախ կերթանք, ապագա կըսենք և դեպի անցյալը կը վազենք:

Ոհ, մեծ մեծ խոսքեր, իսկ մեծ գոր՞րծ…
Ով մեծագործություն…
Ով մեծախոսություն…
Կերակուրներն ի՞նչպես են այն ճաշարանին:
Աղեկ են: Հարյուր դասագիրք տունը ղրկե՞մ, թե…
Պատասխանը քանի մ’օրեն կուտամ…
Երկու բանակիցներն խոսելով հասան ճաշարանին ատջև:
Հրամմեցեք, մտեք, Աբիսողոմ աղա:
- Աբիսողոմ աղա կը մտնե ճաշարան և չորս կողմը հայելիներե ուրիշ բան չտեսնելով.
Սխալ եկանք, - կըսե, - հոս հայելի կը ծախեն:
Չէ, չէ:
Երկու բարեկամներն կը նստին սեղանի մ’առջև:
Մանչուկը կը բերե կերակուրներու ցուցակը:
Աբիսողոմ աղա թուղթը կառնե, վրան կը նայի, կը դարձունե, ետևի կողմն ալ կը նայի և սեղանին վրա կը դնե:
Ի՞նչ պիտի ուտենք, - կըհարցունե դասատուն:
Միսով կերակուր կուտեմ ես:
- Դասատուն մանչուկը կը կանչե և կերակուր կապսպրե թե Աբիսողոմ աղային համար և թե իրեն համար:
- Ահա այսպես, Աբիսողոմ աղա, դասատուներուն այս վիճակը լսելով չե՞ս ցավիր:
Չցավիլն ալ խո՞սք է:
- Կը վայլե՞ ազգի մը այսպես մուրացկանի պես ապրեցնել յուր վարժապետները:
Չվայլեր:
Եթե կուզեք, գրքերս այս գիշեր տունը ձգեմ:
- Հիմակուհիմա թող մնա, ուրիշ օր մը կը խոսինք ասոր վրա:

- Մանչուկը կերակուրները կը բերե, Աբիսողոմ աղան երեսը խաչակնքելով` երկու պատառ կընե և կը կլլե իրեն բերած խորոված միսը, ետքը բարեկամին դառնալով կըսե.
- Կտոր մը մսով մա՞րդ կը կշտանա, զրուցե սա անպիտանին, որ քիչ շատկեկ բերե:
- Մանչուկը կը կանչվի, և բիլավ կապսպրվի:
Այս միջոցին միջահասակ և գիրուկ երիտասարդ մը կը մտնե ճաշարան` ի ձեռին ունենալով ծրար մը և ուղղակի Աբիսողոմ աղային առջև կուգա:
Կարծեմ, - կըսե, - Աբիսողոմ աղան տեսնելու պատիվը կը վայլեմ:
Աբիսողոմ աղա բան մը չհասկնալով նոր եկողին երեսը կը նայի անբարբառ: Քովի բարեկամն ալ ձայն չհաներ:
- Կարծեմ, - կը կրկնե, - այն մեծ մարդուն առջև գտնվելու բարեբախտությունն ունիմ, որ մայրաքաղաքս եկած է մեկենաս անվանվելու համար:
- Աբիսողոմ աղան, որ այս ձևերուն տեղյակ չէր, գդալը կառնե և կսկսե ուտել բիլավն, զոր նոր բերած էր մանչուկը: Սեղանակիցն ալ նոր գրագետի մը գալն իր գործույն արգելք համարելով` չուզեր անոր պատասխանել:
- Կարծեմ, - կ’երեքկնե, - այդ ազնիվ անձին քովը գտնվելու բախտը կը վայլեմ, որուն անունը քանի մը օր առաջ լրագրի մը մեջ կարդացի:
Աբիսողոմ աղան, որ բիլավով կզբաղվեր, դարձյալ պատասխան չտար, և նոր եկողը կստիպվի պարզել յուր խոսքն ըսելով.
Աբիսողոմ աղան հրամանքնիդ եք կարծեմ:
Այո, ես եմ:
Նոր եկողն աթոռ մը կառնե և կը նստի:

- Դատ բանալու համար անպատճա՞ռ պատճառ մը ունենալու է, մեկու մը դեմ դատ կը բանանք, կը լմննա կերթա:
Է, ի՞նչ կը շահիմ:
- Դուն չես շահիր, բայց փաստաբանդ կը շահի, քեզի համար աղոթք կընե: Մեծ մարդերն հիմա այնպես կընեն, փաստաբաններն ապրեցնելու համար` իրենց դեմն ելնողներուն դեմ պատվո դատ կը բանան:
Ես անանկ խայտառակություններ չեմ սիրեր;
- Ես կատակ ըրի, Աբիսողոմ աղա, բայց կատակը մեկդի դնենք և լրջորեն խոսինք, - ըսավ փաստաբանը ծանր կերպարանք մ’առնելով, - լսեցի, որ շոգենավուն մեջ մեկու մը հետ քիչ մը առեր տվեր եք, և այն մեկը ձեր պատվույն դեմ ծանր խոսքեր ըրեր է:
Ամենևին:
Թե դուք ալ անոր քանի մը խոսք ըրեր եք…
Բնավ:
Թե վերջը ծեծկըվուքի ելեր եք…
Անանկ բան մը բնավ եղած չէ:
Թե դուք անոր գլխուն զարկեր եք…
Սուտ է:
Թե անիկա ալ ձեզի ապտակ մը տվեր է…
Բոլորովին սուտ:
Թե երրորդ մը մեջ մտեր է…
Երկրորդ չկա, որ երրորդ ըլլա:
Թե քու թևեդ քաշեր է…
Սխալ:
Թե անոր ալ ձեռքը բռներ է…

Թե ասանկով զձեզ բաժներ է…
Բնավ տեղ չկա:
- Թե դուք այս բաժանումեն գոհ չըլլալով` դատ բանալ ուզեր եք:
Որչափ սուտ:
Թե վարպետ փաստաբան մը փնտռեր եք…
Ամենն ալ սուտ:
Թե զիս կանչել տալ ուզեր եք…
Ամենևին:
- Որպեսզի ձեր դատը պաշտպանեմ, և ես ալ ասոր համար եկա:
Ատանկ բան մը չկա:
- Այս խոսակցության միջոցին երկու երեք հոգի ևս կուգան` ամենն ալ Աբիսողոմ աղային կամ գիրք նվիրելու կամ լրագիր մը բաժանորդ գրելու դիտավորությամբ, և ամենը պատվական ճաշ մ’ալ կընեն` իրենց առաջարկությունները ներկայացնելով:
Աբիսողոմ աղան հազար անեծք կարդալով ճաշարանն եկած ըլլալուն վրա` մանչուկ կը կանչե և հաշիվը կուզե:
Մանչուկը անմիջապես կբերե հաշիվն, որու գումարն էր քառասուն ֆրանք, զոր տաճկերեն դրամի կը թարգմանեն և կըսեն Աբիսողոմ աղային – հարյուր յոթանասունևվեց դահեկան:
- Հարյուր յոթանասուն և վեց դահեկան… ես այնչափ բան չկերա:
- Այո, դուք չկերաք, բայց ձեզի եկող հյուրերն ալ կերան, - ըսավ փաստաբանն, որու կը վերաբերեր այս դատին պաշտպանությունը:
- Իրավ որ մեծ պզտիկություն եղավ, որ Աբիսողոմ աղան վճարե մեր ճաշը, - ըսավ մին:

Աբիսողոմ աղան առանց պատասխանելու` ստակները համրեց և ճաշարանեն դուրս նետեց ինքզինքը` որոշելով, որ մեյ մ’ալ ճաշարան չմտնե:

Ժ
Հետևինք ուրեմն Աբիսողոմ աղային, որմե վայրկյան մը չբաժանվեցանք մինչև հոս և բաժանվելիք ալ չունինք մինչև պատմությանս վախճանը: Ազնիվ ընթերցողն մինչև հոս տեսնելով գրեթե միօրինակ տեսարաններ, որք բնավ հարաբերություն չունին իրարու հետ, քանի մը անգամ մտքեն անցուց անշուշտ, թե ինչո՞ւ միայն Աբիսողոմ աղային օձիքը բռներ կերթանք և մյուս անձերն, անգամ մը ներկայացնելեն ետքը, բոլորովին կը մոռնանք: Այս պակասությունը, եթե երբեք պակասություն է, մեր վրա գրելու չէ, այլ նյութին բնությանը: Ամեն նյութ բնություն մ’ունի: Նյութ կա, որուն բնությունն է լալ, նյութ կա որուն բնությունն է խնդալ, նյութ կա որուն բնությունն է հուզել, նյութ կա որուն բնությունն է արձակ, ինչպես նաև կա, որուն բնությունն է ոտանավոր, վերջապես նյութ կա որուն բնությունն է կրկնություն… Յուրաքանչյուր նյութ իրեն հատուկ ընդհանուր բնությունեն զատ ունի նաև մասնավոր բնություններ: Եվ որովհետև մենք հոս ճարտասանության դաս տալու պաշտոն չունինք, համառոտիվ մեր միտքը բացատրենք և անցնինք: Մոլիեռի Միզանթրոբն ալ կատակերգություն է, Լե Ֆաշեոն ալ, բայց ասոնց յուրաքանչյուրն իրարմե այնքան տարբեր մասնավոր բնություններ ունին, որ Մոլիեռ չէր կարող Լե Ֆաշեոյի տեսարաններով Միզանթրոբ մը շինել, ոչ ալ Միզանթրոբի տեսարաններով Լե Ֆաշեոն գրել:

Կարծեմ կրկնություն է ըսել, թե ես ալ ուրիշ վեպերու տեսարաններով չէի կարող գրել Մեծապատիվ մուրացկաններս, որոնց բնությունն է աներևույթ ըլլալ Աբիսողոմ աղային անգամ մը ներկայանալեն ետքը: Կը խոստովանիմ, որ եթե սույն նյութը Օվրատիոս առներ, երգիծանք մը կը շիներ, և եթե Մոլիեռ ձեռք անցուներ, կատակերգություն մը կը հորիներ, բայց մենք, որ ապրելու պետք ունինք, ստիպված ենք ժամանակին հարմարիլ, շատ անգամ բանթալոնեն բաճկոն և երգիծանքեն վեպ շինելով: Այս համառոտ բացատրությունեն ետքը դառնանք Աբիսողոմ աղային:
Աբիսողոմ աղան, ինչպես կը հիշե ընթերցողն, տուն դարձավ` շարունակելով յուր բարկությունն, զոր զգացած էր ճաշարանի մեջ ունեցած ինքնահրավեր սեղանակիցներուն վրա: Տուն դառնալուն պես իմաց տրվեցավ, որ քսանի չափ նամակներ ղրկած էին իրեն: Վեր ելավ, նամակները մեկիկ մեկիկ բացավ, կարդաց, պատռեց և գետինը նետեց: Սենյակին մեջ քանի մը անգամ դառնալեն ետքը հանկարծ կանգ առավ և պոռռաց.
- Ասոնք զիս քիթես բռնելով կողոպտե՞լ կուզեն: Սա քաղաքը գալիս ի վեր վայրկյան մը ինք իր գլուխս չմնացի, հազիվ մեկը կերթա, մյուսը կուգա, ես աս տեղ ամենուն ստա՞կ տալու համար եկա: Ի՞նչ աներես մարդեր են… այսչափ աներեսություն ոչ լսած բան է, ոչ ալ տեսնված: Եթե վռնտեմ ըսես, ո՞ր մեկը վռնտելու է, ո՞ր մեկուն հասնելու է, օրինակով չորս հինգ հոգի վարձելու է, որ ուրիշ գործ չունենան, միայն եկողները վռնտեն… Եթե վռնտելու ելնես, այն ատեն ալ բոլոր քաղաքին մեջ պիտի բամբասեն զիս` ըսելով, թե անքաղաքավար մարդ է, թե ստակ չունի:

Չեմ ալ ուզեր, որ վրաս գեշ խոսվի… Աս ի՞նչ փորձանք եկավ գլխուս, Տեր Աստված… Բարով խերով ոտք չկոխեի սա քաղաքը: Գլուխ ելնելու բան չէ, շուտով աղջիկ մը գտնելու է, շոգենավ մտնելու և փախչելու է, ասոնք պիտի սնանկացնեն մարդը… Քաշվելու բան չէ աս… ճաթելու բան է: Աշխատե, արյուն քրտինք թափե, քիչ մը ստակ վաստակե և հոս եկուր վարժապետներուն, վաներուն ցրվե, ո՞ւր լսված բան է աս…
- Կարծեմ այս իրիկուն բարկացած եք, - ըսավ Մանուկ աղան սենյակին դուռն կամացուկ մը բանալով և ներս մտնելով:
- Բարկությունն ալ խո՞սք է, իմ տեղս եթե ուրիշ մը ըլլար, մինչև հիմա բարկութենե ճաթած էր:
Ի՞նչ եղավ, հոգիս:
- Ի՞նչ կուզես որ ըլլա, վայրկյան մը հանգիստ չեն թողուր, տուն կը նստիմ, վրաս կը թափվին, ստակ կուզեն, փողոց կելնեմ, չորս կողմս կը պաշարեն ստակ կուզեն, ճաշարան կերթամ, բոլորտիքս կը շարվին, ստակ կուզեն, և ես ասոնց ձեռքեն խալսելու համար տունեն փողոց, փողոցեն տուն կը վազեմ: Կաղաչեմ, ասոնց ձեռքեն խալսելու համար ո՞ր ծակը մտնեմ, ըսե ինձի:
- Իրավունք ունիս, ես չե՞մ հասկնար, ինձի ալ թող տվին, որ թաղականին գործը պատմեմ:
Քսան նամակ դեռ հիմա պատռեցի:
Ի՞նչ ըսած էին այդ նամակներուն մեջ:
- Ըսած էին, թե հետս գալ կուզեին տանս մեջ վարժապետություն ընելու համար քսան ոսկի տալու եմ եղեր, թե լրագրի երկու բաժանորդ գրվելու եմ եղեր, թե… ի՞նչ գիտնամ, ո՞ր մեկը համրեմ, ո՞ր մեկն ըսեմ, դիմանալու բան չէ:
Անոնք ալ աղքատ են խեղճերն, ի՞նչ ընեն:

- Ապրելու համար թող ուրիշ գործ մը փնտռեն, արհեստ մը սովրին, վերջապես ընեն, ինչ որ կուզեն, ես ի՞նչ հանցանք ունիմ, որ կուգան գլուխս կը թափվին, եղբայր, ունեցածս չունեցածս հանեմ, անո՞նց տամ:
Ի՞նչու անոնց տամ:
- Մարդս քիչ մ"ալ ամչնալու է… չճանաչած մարդուս երթամ և բարև, աստծու բարին, ինձի ստակ տուր, ըսեմ… դուն կրնա՞ս ըսել:
Աստված այն օրը չցցունե:
Սենյակին դուռը նորեն բացվեցավ, և քսանըհինգ տարեկանի մոտ միջահասակ պատանի մը նամակ հանձնեց Աբիսողոմ աղային, որ նամակը չբանալով հարցուց բարկությամբ.
Ի՞նչ կուզես, մարդ:
Մեջը գրված է, - պատասխանեց պատանին թոթովելով:
Դուրսը մեջը քեզի ըլլա, ի՞նչ կուզես, ըսե:
- Վաղը իրիկուն ներկայացում մը պիտի տամ իմ հաշվույս համար, և ձեր ազնվության օթյակի մը տոմսակ բերի:
- Ես չեմ ուզեր, - պատասխանեց Աբիսողոմ աղան` նամակն պատանվույն երեսը նետելով:
- Բռնությամբ գործ ալ չըլլար, - ըսավ պատանին, - թատերական բեմին վրա կը քալեմ:
Թող նստեիր, - պոռաց Աբիսողոմ աղան:
Եվ ազգային ծառայություն կընեմ:
- Աղայություն ընեիր թող, ինչո՞ւս պետք իմին, ատոնք պարապ խոսքեր են:
- Իրավունք ունի, ատոնք պարապ խոսքեր են, - կրկնեց Մանուկ աղան:

- Տասը տարի ի վեր է, որ բարոյական դպրոցի մը մեջ ազգին վարժապետություն կընեմ:
Ի՞նչ փույթ ինձի:
Ի՞նչ փույթ անոր, - արձագանք տվավ Մանուկ աղան:
- Եվ իրավունք ունիմ, կարծեմ, ինձի համար տրվելիք ներկայացման ձեզի պես ազնիվ մեկն ալ հրավիրել;
Ես պետք չունիմ:
Ան պետք չունի, - կրկնեց Մանուկ աղան:
- Եթե դուք օթյակ մը չեք ընդունիր, որո՞ւ ուրեմն տամ օթյակի տոմսակներն:
Ուր ուզես, հոն տար, ատ իմ խառվվելուս բանս չէ:
- Ատ իր խառվվելու բանս չէ, տղաս, - ըսավ Մանուկ աղան:
- Կաղաչեմ, մի մերժեք այս տոմսակն, եթե մերժելու ըլլաք, զիս փողոցներու մեջ խայտառակ ընելու պատճառ պիտի տաք:
- Գնա բանդ, ես ձանձրացա այդ տեսակ խոսքեր մտիկ ընելե:
- Ան ձանձրացավ այդ տեսակ խոսքեր մտիկ ընելե, - հարեց Մանուկ աղան:
- Ահ, եթե ասկից ձեռնունայն ետ դառնամ, իմ մահս պիտի տեսնեմ:
Քեզ մտիկ ընելու ժամանակ չունիմ:
- Քեզ մտիկ ընելու ժամանակ չունի, - ըսավ Մանուկ աղան:
- Մեկ ոսկիի բան է, ընդունեցեք զայն, կաղաչեմ, մեծ հուսով եկած եմ հոս, պարապ ետ մի դարձունեք զիս:
- Դուրս ել, գնա, Աստվածդ սիրես, քե՞զ մտիկ պիտի ընենք հոս:
- Սենյակին դուռը նորեն բացվեցավ, և մազերու մեջ ճերմակ ինկած` հիսունը անցած մարդ մը ներս մտավ հանկարծ

և յուր խոսքերն Աբիսողոմ աղային ուղղելով`
Չե՞ս խպնիր դուն, - հարցուց:
- Ինչո՞ւ պիտի խպնիմ, - պատասխանեց Աբիսողոմ աղան շվարելով:
Ինչո՞ւ խեղճ տղան երկու ժամե ի վեր հոս կսպասցունես:
- Ով կսպասցունե, ո՞վ կուզե, որ սպասե, կը վռնտեմ, չերթար:
Կը վռնտես, բայց առանց մի ոսկի պարտքդ տալու
Ով պարտք ունի անոր:
- Դուն ունիս, և եթե ան չըսեր ինձի, թե քեզմե առնելիքն այս իրիկուն պիտի առներ և ինձի պիտի տար, ես չէի տպեր այդ տոմսակներն և ներկայացման ազդերը: Երկու ժամ է, որ վարը դռան առջև կսպասեմ, որ իջնա և պարտքը տա, և դուն հոս կը խաղացնես խեղճը:
Աս ի՞նչ է, ես անոր պարտք ունենամ… ամենևին…
Ամենևին, - ըսավ Մանուկ աղան:
- Ես անպատճառ առնելիք ունիմ չըսի քեզի, պարոն տպարանապետ, - ըսավ դերասանը, - այլ ըսի, թե օթյակի տոմսակ մը պիտի տամ, ոսկի մը պիտի առնեմ:
Ինչո՞ւ ուրեմն խաբեցիր զիս, ստախոս:
Որպեսզի ծանուցումները ետ չմնան:
Ես քու խաղալի՞քդ եմ:
Ան քու խաղալի՞քդ է, - ըսավ Մանուկ աղան:
Ինչո՞ւ խաղալիքս ըլլաս:
Թշվառական, խայտառակ, անամոթ, աներես…
Ատոնց ամենն ալ դու ես:
Դու ես:
Ես չեմ, դու ես:
- Ես չեմ, դու եսի վրա ծեծկըվուք մը կը ծագի դերասանին և տպարանապետին մեջտեղ,

Աբիսողոմ և Մանուկ աղաները մեծ դժվարությամբ կը հաջողին զանոնք իրարմե բաժանել:
- Վար իջեք, - պոռաց Աբիսողոմ աղան զանոնք զատելեն ետքը, - վար իջեք և հոն կռվեցեք:
- Դուն մեր կռվույն խառնվելու ի՞նչ իրավունք ունիս, դուն զիս չես կրնար վռնտել, ես առնելիքս կուզեմ և ինձի պարտական եղողն ուր որ գտնեմ, հոն կրնամ մտնել:
Դուն վար իջիր, ըսավ դերասանին Աբիսողոմ աղան:
Ի՞նչպես իջնամ, տեսար որ աչքիդ առջև ինչեր ըրավ:
- Մինչև որ ան չիջնա, ես քայլ մը չեմ առներ, - կրկնեց, տպարանապետը
- Մինչև որ ան չհեռանա, ես չեմ կրնար փողոց ելնել, - ըսավ դերասանը:
- Մենք իջնանք ուրեմն, Մանուկ աղա, - ըսավ Աբիսողոմ աղան:
Դերասանը Աբիսողոմ աղային ծունկերուն փաթթվելով աղաչեց, որ ոսկի մը փոխ տա գոնե: Աբիսողոմ աղան շատ ընդդիմացավ, բայց հետո տեսնելով, որ անոնց ձեռքեն ուրիշ կերպով փրկվելու ճար չկա, ակռաները կրճտելով հանեց բարկությամբ, ոսկի մը տվավ տպարանապետին, որ շնորհակալություն հայտնելով դուրս ելավ: Դերասանն ալ ներումն խնդրելով վար իջավ և գնաց:
Ասոր ի՞նչ կնես, Մանուկ աղա:
Ըսելիք չմնաց, Աբիսողոմ աղա:
- Հրամանքդ վար իջիր, դուռն գոցե և ապսպրե, որ չբանան դուռն:
Շատ լավ:
Որպեսզի այս գիշերը գոնե հանգիստ անցուցենք և մեր ի՞նչ ընելիքին վրա խորհինք:

Իրավունք ունիս:
Շուտ ըրեք, վասն զի հիմա մեկիկ-մեկիկ կուգան:
Հիմա կերթամ:
- Մանուկ աղան վար գնաց իրեն տրված հրամանները կատարելու, և Աբիսողոմ աղան գլուխը բարձի մը վրա դրավ քիչ մը հանգստանալու համար:

ԺԱ

Աբիսողոմ աղան քանի մը ժամ քնացավ բազմոցի վրա: Սակայն դատելով այն ձայներեն, զորս կը բառնար քուին մեջ, կը հասկցվեր, թե խմբագիրներն, բանաստեղծներն և դասատուներն քունի մեջ ալ հանգիստ չէին թողուր զինքն, որ կը պոռար մերթ ընդ մերթ. "Գացեք կորսվեցեք, ստակ չունիմ ալ տալու": Երեք ժամու չափ այսպես հուզված մրափելեն ետքը մեկեն ի մեկ աչքերը բացավ ահ գոչելով; Կարծես խմբագիր մը անոր կոկորդեն սղմելով խեղդել կսպառնար զինքն, եթե չբարեհաճեր յուր թերթին բաժանորդ գրվելու: "Տեր ողորմյա, Տեր ողորմյա", պոռաց աչքերը շփելով, "հանգիստ քուն մ’ալ չունինք":
Հետո ոտք ելնելով կազը վառեց և կանչեց Մանուկ աղան, որուն քիչ մը կերակուր ապսպրեց: Քառորդե մը բերվեցավ կերակուրն, որուն հաջորդեց խահվեն, որուն ետևեն եկավ քունը: Հանվեցավ Աբիսողոմ աղան և անկողինը մտավ քնանալու համար: Հարկ չէ կրկնել, թե նույն գիշերն հանդարտ քուն մը չունեցավ: Առավոտուն կանուխ ելավ անկողնեն, երեսը լվաց, հագնվեցավ, տունեն դուրս ելավ և շիտակ պ. Դերենիկին գործատունը գնաց լուսանկար պատկերը քաշել տալու համար:

Գործատունը դեռ բացված չէր, և Աբիսողոմ աղան Բերայի փողոցներուն մեջ կը շրջեր, որպեսզի ժամանակ անցկացնի, և գործատունը բացվի: Ժամը չորսին (ըստ տաճկաց) բացվեցավ գործատունը, և Աբիսողոմ աղան սանդուղե մը վեր ելնելով մտավ սենյակ մը, որ լուսանկար պատկերներով զարդարված էր և ուր պ. Դերենիկ նստած կկարդար:
- Բարի եկաք Աբիսողոմ աղա, սանկ հրամմեցեք, - ըսավ պ. Դերենիկ` սեղանի վրա դնելով լրագիրն:
Եվ հետո գրագրին դառնալով նշանացի հրամայեց անոր, որ խահվե բերեն:
- Ժամ առաջ քաշենք սա պատկերս, որովհետև ստիպողական գործեր ունիմ, քանի մը մեծ մարդոց այցելություն պիտի ընեմ:
Շատ լավ:
- Կուզեմ, որ պատկերս փառավոր կերպով քաշվի: Կուզեմ թիկնաթոռի մը վրա նստիլ, առջևս ունենալ երկու սպասավոր, մեկ աղախին, այնպես ըրեք, որպես թե ագարակի մը մեջ ըլլամ, այսդին վարուցան, անդին կովերեն կաթ կթեն, ասդին ոչխարներն արածեն, ասդին ցանեն, անդին քաղեն, ասդին հերկեն, անդին մածուն շինեն ասդին ձմերուկ փրցունեն, անդին կարագ շինեն, ասդին սագերը ծովու մեջ լողան, անդին անտառին մեջ փայտ կտրեն, ասդին սայլերով ցորյան փոխադրեն, անդին վերջապես ինչ որ կըլլա ագարակի մը մեջ, տեսնվի պատկերիս մեջ:
- Այդ ամենը կարելի չէ կատարել, միայն թե քանի մը սպասավորներ կրնամ կայնեցնել քովդ:
Ինչո՞ւ չըլլար:
Որովհետև անկարելի է:
Մեծ մարդոց համար ինչպե՞ս կընեք:

Անոնք աթոռի վրա նստած կամ ոտքի վրա քաշել կուտան իրենց կենդանագիրը:
Ի՞նչպես ուրեմն կը հասկցվի անոնց մեծ մարդ ըլլալը:
Պատկերը մեծկակ ու փայլուն կըլլա;
Իմի՞նս ալ անանկ պիտի ըլլա ուրեմն:
Այո:
Ոտքի վրա, թե նստած:
Ինչպես որ կուզեք:
Դուք ի՞նչպես կուզեք, ինչպես հանեմ նե, աղեկ կըլլա:
Ձեզի համար ոտքի վրա կը վայելե:
Շատ աղեկ, սպասավորներն ալ դեմս:
Այո:
- Ես զանոնք չախելու պես կըլլամ, անոնք ալ առջևնին կը նային:
Սքանչելի:
- Ծեծելու պես կըլլամ զանոնք, և վերջը բարկությունս իջած կլլա:
Աղեկ խորհած եք:
Հագուստներս ի՞նչպես են;
Ընտիր:
- Ուրիշ ժամացույց մ’ալ ունիմ, անիկա ալ կրնա՞նք մեր կողմերնիս կախել:
Մեկ ժամացույցը բավական է, ավելին ավելորդ է:
- Այս հագուստներիս համար հիսուն ոսկի տված եմ, անոնց խումաշին աղեկ և ընտիր ըլլալն ի՞նչպես պիտի հասկցվի պատկերես:
Հոգ մի ըներ, կը հասկցվի:
Ինտո՞ր պիտի ցուցնես:
Հանգիստ եղեք:

Չկարծվի սակայն, թե երկու ոսկինոց հագուստ է հագածս:
Այդ մասին անհոգ եղեք:
Շատ լավ:
- Ես կերթամ անդիի սենյակն նախնական պատրաստու- թյուններս ընելու, քանի մը վայրկենեն հրամանքնիդ ալ հրամմեցեք:
Շատ աղեկ:
Եթե կուզեք, մինչև որ անդիի սրահը մտնենք, սափրիչ մը կանչել տանք, որ գա մազերդ ու պեխերդ սանտրե, շտկե շտկրտե:
Աղեկ:
Գործարանի պաշտոնյաներեն մին վազելով կերթա սափրիչ մը բերելու:
Քանի մը վայրկենեն կուգա սափրիչն, որ գլուխն ծռելով և ետ-ետ երթալով հարգանքներ կը մատուցանե Աբիսողոմ աղային:
- Եկուր սա մազերս շտկե, նայինք, - կըսե Աբիսողոմ աղան:
Պարտքերնիս է, - կը պատասխանե սափրիչը:
Աղեկ մը շտկե, որովհետև պատկերս հանել պիտի տամ:
Գլխուս վրա Աբիսողոմ աղա:
Ես շատ կարևորություն կուտամ գլխուս:
- Ինչու չտաք, վսեմապատիվ տեր… Ախ… եթե դուք չտաք, ով տա: Ախ… երանի թե ես ալ ուրիշ մտմտուք չունենայի և…
Շտկրտե նայինք:
- Գիտեմ, որ ես հանցավոր եմ ձեզի բարի եկաքի չգալուս համար, բայց ի՞նչ ընեմ… պարագաները թող չտվին, որ կարենայի կատարել այդ պարտականությունս և այսօր երես ունենայի աղաչելու ձեր վսեմության, որ…
- Վերջը կը խոսինք, սա մազերս սանրտե… մարդը կսպասե ինձի:

- Վնաս չունի, անիկա կը սպասե: Աղաչելու ձեր վսեմության, եթե կարելի է, հիսուն վաթսուն ոսկի մը… ես ալ ազգային սափրիչ մ’եմ:
Ի՞նչ ըսել է` հիսուն վաթսուն ոսկի…
- Կը խնդրեմ մի բարկանաք, հիսուն վաթսուն ոսկի փոխատվություն մ’ ընեիք ինձ, որպեսզի այդ գումարն Բարիզ ղրկեի տղուս, որ այդ գումարով պարտքերը տար ու բժշկության վկայական առներ, գար ու քանի մը տարիեն վաստկեր ու տոկոսովն ձեզի հատուցաներ: Բայց ի՞նչ օգուտ, որ այսօր երես չունիմ ասանկ առաջարկություն մը ձեզի ընելու, որովհետև բարի եկաքի չեկա ձեզի: Եթե բարի եկաքի եկած ըլլայի ձեզի, համարձակություն կունենայի ձեզի աղաչելու, որ սա պզտիկ խնդիրքս կատարեիք, բայց քանի որ բարի եկաքի չեկա ձեզի, դուք ալ իրավունք ունիք խնդիրքս մերժելու, թեև ազգային արհեստավոր մ’ ըլլամ:
- Հիմա ատանկ խոսքեր մտիկ ընելու ժամանակ չունիմ, ինչ որ պիտի ընես նե, ըրե… Աս ի՞նչ տարօրինակ քաղաք է, բարև, Աստծու բարին փարա տուր… Մեկու մը բարև տալու չէ… Տեր ողորմյա… Տեր Աստված, մեղա… Ամեն բան սահման մ’ ունի, էֆենտիմ… Հասկցա… ժամ առաջ փախչելու է այս քաղաքեն…
- Կերևի, թե էֆոնտին բարկացուցած են, - ըսավ` ներս մտնելով տարիքը հիսունին և վաթսունին մեջ կորսված քահանա մը:
Աս չքաշվիր, տեր հայր: - Ողջույն, օրհնած, թեպետ և դուք զիս չեք ճանչնար, բայց ես ձերին ով ըլլալն շատ աղեկ գիտեմ… ի՞նչպես է, պատվական քեֆերնիդ աղե՞կ է:
Շիտակը` աղեկ չէ:
- Աստված չընե, Աստուծով քիչ ատենեն ավելի աղեկ կըլլա:

Ձեզի հետ քիչ մը առանձին մնալ կուզեի: (Սափրիչին) Քիչ մը դուրս կելլա՞ք: Ես քեզի համար ալ կը խոսիմ, էֆենտիեն կը հասկնամ խնսիրքդ և ես ալ կբարեխոսեմ, որ ի նպաստ քեզի բան մ’ ընե: Էֆենտի, սափրիչնիս ալ, գիտեք ա, ազգայիններեն է, անոր ալ երակներուն մեջ Հայկա արյունը կեռա, անտես ընելու չէ զանոնք ալ… (սափրիչը կերթա): Ձեզի հետ մասնավոր և առանձին տեսակցություն մ’ ընել ուզելուս պատճառն սա է, որ հրամանքիդ կարգվիլ կուզեք եղեր… և ինչո՞ւ չկարգվիք: Իմացա նե, շատ ուրախացա, և ինչո՞ւ չուրախանայի: Ձեզիպեսներն կարգվելու են, որ ազգերնուս մեջ հարուստ տղայք շատանան: Աղվոր աղջիկ կը փնտռեք կոր եղեր… և ինչո՞ւ չփնտռեք, ես ալ ձեր տեղն ըլլայի նե ես ալ կը փնտռեի: Ստակ ալ կուզեք կոր եղեր քիչ մը: Ինչո՞ւ չուզեք, առանց ստակի կարգվիլն ալ, շիտակը աղեկ բան մը չէ: Արդ, ես իմ ձեռքիս տակն ունիմ անանկ աղջիկներ, որ թե աղվոր են և թե հարուստ:
- Շնորհակալ եմ, օր մը կը նայինք, աչքե կանցունենք զանոնք: Եթե կուզիք, քիչ մը սպասեցեք, սա պատկերս քաշել տամ ու երթանք: Շիտակը խոսելով` ես ուրիշ գործ չունիմ հոս, աղջիկ փնտռելու եկած եմ, քանի մ’օր պիտի մնամ, եթե կրցի գտնել, կարգվիմ պիտի հոս ու առնեմ պիտի երթամ, եթե չգտնեմ, դարձյալ պիտի երթամ, որովհետև հոս հանգիստ չեն թողուր զիս վայրկյան մը, ալ ձանձրացա:
- Իրավունք ունիք, ժամանակներն ալ գեշ են, էֆենտիս, դրամական տագնապ ամենուրեք կը տիրե, ազգին աղքատները շատ են:
Ինչ որ է, կսպասեմ ձեզի ու ի միասին կերթանք:
Սա անպիտանն ալ մազերս շտկելու համար եկավ ու…
Այս միջոցին պ. Դերենիկ ներս կմտնե ու

Հրամմեցեք, - կըսե, - սրահը
Բայց մազերս…
Հոգ չէ, ես կը սանտրեմ: Բայց պեխերս…
Վնաս չունի, ես կը շտկեմ:
- Պ. Դերենիկ Աբիսողոմ աղային կառաջնորդե լուսանկարի սրահ:
- Քահանայն առանձին կը մնա և կսկսի մտքովը հետևյալ խորհրդածություններն ընել: Բայց ի՞նչպես կրնանք մտքով եղած խորհրդածություններն գուշակել, դեմքերն անշուշտ, դեմքերը շատ անգամ կը խոսին, ինչպես հարուստներուն, նույնպես նաև աղքատներուն լեզուն շատ անգամ անոնց դեմքի վրա է: Մեկու մը դեմքը նայելով կրնանք ասել`
- Այս մարդն ինձմե ստակ ուզելու եկած է, կամ այս մարդն ինձի ստակ տալու եկած է:
- Քահանային դեմքն ալ կըսեր. "Ի՞նչ ճամփա բռնեմ, որ սա ձմեռվան ածուխիս ու փայտիս ստակն սա մարդեն փրցնեմ":
Քահանայն այս խորհրդածությանց մեջ էր, երբ սափրիչն ներս մտավ նորեն ու քահանային ըսավ.
- Տեր հայր, գործս ավրեցիր, եթե ներս չմտնեիր, քանի մ’ ոսկի պիտի փրցնեի այս մարդեն, տվող է` կըսեն կոր, տվող, բոլոր խմբագիրներուն և դասատուներուն ստակ տվեր է:
- Եղբայր, անոնք չե՞ն մի, որ պատճառ կըլլան կոր, որ մեզի պես աղքատները չեն կրնար կոր օտարականներե ստակ փրցնել: Հյուր մը եկա՞վ մի, բոլոր խմբագիրներն և դասատուները վրան կը թափին կոր… անիծյալ գարշելիներ…
Ի՞նչ պիտի ընենք հիմա:

- Ես քեզի համար կբարեխոսեմ, դուն ալ ինձի համար միջնորդե, գոնե մեյմեկ կտոր բան փրցնենք սա մարդեն:
Շատ աղեկ:
- Հիմա հոս պիտի գա, ես անոր ականջն ի վար կըսեմ, որ այս սափրիչը գոհ ըրե, որովհետև շատ հարուստ տուներ կմտնե, կելնե և կրնա, եթե ուզե, գործդ ավրել:
Գործը ի՞նչ է:
Հարուստ աղջիկ մը կը փնտռե կոր:
- Աղեկ: Ես ալ կըսեմ, որ քահանայեն զատ մեկու մը մի վստահիր:
Շատ աղեկ:
Սա աղեկ ճամփա է:
Միամիտին մեկն է:
- Այո, դյուրահավատ է, բայց կողոպտեր են մարդը, էֆենտիմ, կողոպտեր են, մենք ալ շուտ հասանք:
- Աբիսողոմ աղան զվարթ դեմքով կը դառնա սենյակն, ուր քահանայն սափրիչի հետ կը խոսեր:
- Ներեցեք Աբիսողոմ աղան, - կըսե սափրիչն, - ձեզի այդ խնդիրքն ընելուս համար, սակայն ես կարծեցի, թե կրնայի իմ կողմես ես ալ ծառայութնուն մ’ընել ձեզ:
- Աբիսողոմ աղա, պետք է գիտնալ, որ, - կսե քահանայն, - մեր սափրիչ էֆենտին գրեթե մայրաքաղաքիս բոլոր հարուստ տները կը մտնե, բոլոր աղջիկները կը ճանչնա:
Ի՞նչ կըսեք:
- Այո, ինքն ալ բարի մարդ մ’է, կատարեցեք խնդիրքը, մեղք է:
- Արժանապատիվ հորեն մի զատվիք, եթե անանկ միտք մ’ունիք, տեր հոր ձեռմամբ կարգված երիտասարդներն միշտ գոհ մնացած են:

Ուրախ եմ, որ ձեր գործը տեր հոր պես բանիբուն և գործունյա քահանայի մը ձեռքն ինկած է, վստահ եղեք, որ երջանիկ պիտի ըլլաք ձեր ամուսնության մեջ:
- Բայց դուք պիտի օգնեք ինձի, տեր սափրիչ, - կը հարե քահանայն:
Ես ի՞նչ բանի կարող եմ…
Ձեր աջակցությունն ալ պետք է…
Կընեմ, ինչ որ կարող եմ ընել:
- Շնորհակալ եմ, Աբիսողոմ աղան օտարական չէ, ազգային է, կարգվելու համար եկած է հոս, մեր պարտքն է օգնել իրեն:
- Հարկավ: Աբիսողոմ աղային հետ ատելություն մը չունիմ ես, մանավանդ թե ինքը շատ բարի ու առաքինի մարդ մ’է:
Երեսին խոսիլ չըլլա, ընտիր մարդ մ’է:
Պատվական մարդ է:
- Վրան նայիս նե, կըսես, որ քիպարությունը վրայեն կը վազե կոր:
Ով կը պնդե հակառակը, ես անոր թշնամին չեմ:
- Այսինքն թե որ քեզի ալ հարցվի նե, բարի վկայություն տաս:
Անշուշտ:
Աբիսողոմ աղան չիյ մարդ չէ, քեզի կը վարձատրե վերջը:
- Գլխուս վրա, գլխուս վրա: Ախ, տղուս վկայականն առնվեր անգամ մը:
- Հինգ օրեն ետքը, Աբիսողոմ աղա, պատրաստ են պատկերներդ, - ըսավ պ. Դերենիկ ներս մտնելով:
- Շատ աղեկ, - պատասխանեց Աբիսողոմ աղան ու գործարանեն վար իջավ ընկերակցությամբ քահանային ու սափրիչին:

ԺԲ
Տիկին Շուշան, զոր ընթերցողն մոռացած չէ անշուշտ, Աբիսողոմ աղային տունեն տեղեկացած էր, թե… քահանայն Աբիսողոմ աղան գտնելու համար պ. Դերենիկի գործատունն գացած էր: Ուստի որսն քահանային հափշտակել չտալու համար` հևալով կը վազեր դեպի պ. Դերենիկի գործարանը, ուր կը հասներ ճիշտ այն վայրկյանին, որում քահանայն սափրիչն վարպետությամբ ճամփելեն հետո` Աբիսողոմ աղային կը բարեխոսե հետևյալ կերպով. "Ներեցեք, որ քիչ մ’ուշացա ճշմարտությունն ձեզի հայտնելու սափրիչի մասին: Այս սափրիչը աներես մարդ մ’է, բոլոր Պոլիս եկողներուն օձիքեն կը բռնե և անոնցմե ստակ կորզելու կաշխատի: Անպիտանին մեկն է: Իմ պարտքս է, որպես խոստովանահայր զգուշացնել զձեզ այս կարգի մարդերեն, որք միմիայն քանի մը ոսկի հափշտակելու նպատակով կը մոտենան հարուստներուն: Որքան կատեմ այդ մարդերը":
- Շնորհակալ եմ ձեր բարեսրտութենեն և մարդասիրութենեն:
Երես մի տաք այդ մարդոց:
Ոչ:
- Տեր պապա, դու ի՞նչ գործ ունիս Աբիսողոմ աղային հետ, կը հարցնե տիկին Շուշանն, որ, ինչպես ըսինք, հևալով հասած էր:
Պզտիկ գործ մը:
- Ոչ բանվ գործ պիտի չունենաս դուն անոր հետը. դուք ձեր պարտքը կատարեցեք և թող տվեք, որ մենք ալ մերինը կատարենք, ալ խպնեցեք քիչ մը: Երթանք, Աբիսողոմ աղա:
- Ոչ, դուք խպնեցեք քիչ մը, մենք Աբիսողոմ աղային հետ պզտիկ գործ մ’ունինք. երթանք, Աբիսողոմ աղա:

Եվ քահանայն Աբիսողոմ աղային ձախ թևեն կը քաշե:
Տեր պապայի մը չվայլեր ըսածդ:
Լռե:
Չգիտեմ լռել:
Թող տվեք թևերս:
- Թող չեմ տար, - կը պատասխանե տիկին Շուշան, - իմ իրավունքս է:
Ոչ, իմ իրավունքս է:
- Քանի մը հարյուր դահեկան առնելու համար կուզես, որ խեղճ մարդը թշվառ ընես. դուն աղջիկ չես ճանչնար:
- Մի պոռար, պիտի թողում, որ կողոպտես այս ազնիվ մարդն, այնպես չէ՞:
Ինչո՞ւ կռիվ կընեք, ամոթ չէ՞… ես չեմ ուզեր աղջիկ:
Չըլլար, - կը պատասխանե տիկին Շուշան, - մենք քեզի աղջիկ մը պիտի գտնենք, բայց թե որ տեր պապային ձեռքով աղջիկ փնտռես, գիտցած եղիր, որ պատվիդ մեկ ստըկի կըլլա:
- Ընդհակառակն, քահանայի ձեռմամբ աղջիկ փնտրողն է պատվավորը: Երթանք, Աբիսողոմ աղա:
Թող չեմ տար:
Երթանք, Աբիսողոմ աղա:
- Թող չեմ տար, որ երթա. ես անոր աղջիկներ պատրաստած եմ, աղջիկտեսի պիտի երթանք:
- Այս տեսարանը տեղի կունենար պ. Դերենիկի գործատան առջև, և անցողներեն պզտիկ խումբ մը հանդիսականի պաշտոն կը վարեր, անդ, երբ Մանուկ աղան ստիպված Աբիսողոմ աղան անպատճառ գտնելու` եկավ հոն, տեսավ Աբիսողոմ աղան, որուն մեկ թևեն քահանայն և մյուս թևեն տիկին Շուշան կը քաշեր

և մեկդի քաշելով զայն` քանի մը ծանր խոսքեր ուղղեց քահանային և տիկին Շուշանին և հեռացուց զանոնք:
- Ահ, - ըսավ Մանուկ աղան Աբիսողոմ աղայի դառնալով, - հանցանքը ձերն է, ամենուն երես կուտաք, ասոնք միմիայն քեզմե օգտվելու համար կը մոտենան քովդ:
Իրա՞վ կըսեք:
- Ինչո՞ւ սուտ պիտի զրուցեմ: Կարգվիլ կուզես, լավ. ես գտնեմ քեզի աղջիկներ, ընտրե և ուզածդ առ:
Աղեկ ըսիր:
Պատվավոր ընտանիքե աղջիկեր ցուցնել տամ քեզի:
Ցուցուր:
Միջնորդով աղջիկ փնտռելու ժամանակը անցած է հիմա:
Այդպե՞ս է:
Մինչև անգամ ամոթ է:
Ամոթ է նե, չուզեր
Ես քեզի աղջիկ կը հավնեցնեմ:
Շնորհակալ եմ:
Տուր ինձ դուն սըկեց հիսուն ոսկի:
Ատ ի՞նչ ըսել է:
Տուր դուն ինձի հիսուն ոսկի:
Ի՞նչու տամ:
- Ալլահ, ալլահ, տուր կըսեմ կոր նե, հարկավ բան մը գիտեմ կոր, տեր ողորմյա, պիտի առնեմ, չպիտի փախչիմ յա:
Չպիտի փախչիս, բայց…
- Կը վախնա՞ս կոր ինձի հիսուն ոսկի տալու, արդեն այնքան գումար մը պահանջող եմ ես քեզմե, ձեզի համար այնքան ծախսեր ըրած եմ:
Այնքան ծախսեր… ի՞նչ ծախսեր են անոնք…
- Մեկիկ մեկիկ չպիտի գրենք ա, տիկինը գիտե: Բայց թողունք այս խնդիրը հիմա:

- Ոչ, չթողունք այս խնդիրը. հիսուն ոսկի… քա՞նի օր եղավ որ…
- Մեկու մը պարտք ունեի, այսօր եկավ, նեղը խոթեց զիս, և եթե այդ գումարը չվճարեմ, տունեն պիտի հանեն մեզի: Ասիկա ինձի համար ամոթ է, քեզի համար ալ պատվաբեր բան մը չէ: Տուր սա հիսուն ոսկին, հաշիվը կը կարգադրենք վերջը:
Ի՞նչ խայտառակություն է աս…
- Աղջիկ գտնամ նե, միջնորդեք չպիտի ուզեմ քեզմե. տուր սա հիսուն ոսկի:
Ինչո՞ւ տամ… ի՞նչ ըրի ես քեզի…
- Կը ցավիմ, որ խոսք չեք հասկնար կոր. քեզի ինչ կոր նե, ան ըրե. ինչո՞ւ չես տար կոր սա հիսուն ոսկին:
Չեմ տար, տունեդ ալ կելնեմ, կերթամ:
Եվ խոսելով դեպի տուն կը քալեին:
- Հիսուն ոսկին ալ մեծ բան մ’ըլլար, որ չեք ուզեր կոր տալ: Իրավ որ ես ձեզմե չէի հուսար:
Հուսացեք:
- Ձեր քիպարությունը չէի ձգեր, որ հիսուն ոսկիի խոսքն ընեք:
Սնտուկներս կառնեմ, կերթամ ես:
Կրնաք երթալ, բայց հիսուն ոսկին տալեն ետքը:
Չեմ տար:
Կուտաք:
- Կհասնին Ծաղկի փողոց, ուր եկած էին նաև քահանայն, սափրիչն ու տիկին Շուշան:
- Գացեք, մեկդի գացեք, երեսնիդ տեսնել չեմ ուզեր, - պոռաց Աբիսողոմ աղան տեսնելով զանոնք:

- Հետո դուռը զարկավ, ներս մտավ և սկսավ սնտուկները կապել ի զարմացումն տան տիկնոջ:
- Ինչո՞ւ կը ժողվըվիք կոր, Աբիսողոմ աղա, - հարցուց տան տիկինը:
- Երթամ պիտի, պիտի երթամ: Միտքս փոխեցի, չպիտի կարգվիմ:
Բարկացուցին ձեզի:
Ոչ:
Ինչո՞ւ ուրեմն բարկացած եք:
Բարկացած չեմ:
- Քուզում Աբիսողոմ աղա, Մանուկ աղան հիսուն ոսկի պիտի ուզեր քեզմե, ուզե՞ց:
Ուզեց:
Ախալմունք մ’է եղեր:
Ախալմո՞ւնք եղեր:
- Այո, հիսուն ոսկի չպիտի ըլլա, այլ հարյուր հիսուն ոսկի: Սա բարություն ըրե մեզի: Դուն քիպար մարդ ես: Մենք ալ քու սայեյեդ պարտքե կազատինք:
- Աբիսողոմ աղան սնտուկները կապելն, փողոց ցատկելն, երեք բեռնակիր բերելն ու սնտոիկներն դուրս հանելն մեկ կընե:
- Սափրիչը, քահանան, տիկին Շուշան և Մանուկ աղան կը հետևին իրեն մինչև… հյուրանոցին դուռը: Ոսկից կը մտնե Աբիսողոմ աղան, և կը հեռանան իրեն հետևողները, բացի Մանուկ աղայեն, որը կնկերանա Աբիսողոմ աղային հաշիվները կարգավորելու համար:
Այն օրն ի վեր Աբիսողոմ աղան տեսնող չեղավ. միայն թե քանի մը շաբաթներ նույն հյուրանոցին դռան առջև կը տեսնվեին խմբագիրք, հեղինարկք, բանաստեղծք` իրենց թևի տակը թղթյա ծրարներ ունենալով:

Այսպես ուրեմն, կարգվելու նպատակով Պոլիս եկողն աղջիկ մ’իսկ տեսնելու ժամանակ չունեցավ և, ինչպես կըսեն, բուրդ ու բապուճ փախավ մայրաքաղաքես: Բայց անջնջելի հիշատակ մը թողուց գրական մարդոց մտքին մեջ:
Երբ երկու - երեք հեղինակք մեկտեղին, "ինտոր փախուցինք սա Աբիսողոմ աղան" կըսեն ու կը խնդան քիչ մը:
Իսկ երբ դրամական տագնապի մեջ գտնվին, "Աստված, Աբիսողոմ աղա մը ղրկե մեզի" կըսեն և իրենց մտքով ալ կը հավելուն. "Խնդրեցեք զԱբիսողոմ աղան, և ամենայն ինչ հավելցի ձեզ":
Մեծատուներն ալ կը հիշեն Աբիսողոմ աղան, երբ գրական մարդ մը անոնց մեկենասությունը խնդրե,
Աբիսողոմ աղա չենք մենք, - կըսենք:
- Իսկ մենք, որ ներկայացած չենք Աբիսողոմ աղային, կը հրատարակենք սույն գործն` ոչ այնքան մեղադրելու նպատակավ ազգային խմբագիրներն, հեղինակներն, բանաստեղծներն և այլն` ժամանակիս գրական մարդոց ողբալի կացությունն և գրականության մասին ազգային մեծատուներու սարսափելի անտարբերությունը:

ՎԵՐՋ

__________________

Հակոբ Պարոնյանը հայ երգիծական գրականության ականավոր
ներկայացուցիչներից է, երգիծաբանության ազգային դպրոցի հիմնադիրը:

Հակոբ Պարոնյանը նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի Արշակունյաց վարժարանում, 1857 թ-ին ընդունվել է տեղի հունական դպրոցը, սակայն ուսումը կիսատ է թողել: Աշխատել է տարբեր հիմնարկներում, 1863 թ-ին գրական հետաքրքրությունների մղումով մեկնել է Կոստանդնուպոլիս, որտեղ ծանոթացել է Հարություն Սվաճյանի հետ, թղթակցել նրա խմբագրած «Մեղու» հանդեսին: 1868–70 թթ-ին աշխատել է Ադրիանապոլսում՝ եղբոր առևտրական գրասենյակում, այնուհետև վերադարձել է Կոստանդնուպոլիս, դասավանդել է նախ Մեզպուրյան վարժարանում, ապա՝ Սկյուտարի ճեմարանում:
1871 թ-ից Պարոնյանը «Եփրատ» թերթի խմբագիրն էր, երգիծապատումներ է տպագրել «Մեղու» հանդեսում, իսկ 1872 թ-ին ստանձնել է հանդեսի խմբագրապետի պաշտոնը: 1874–77 թթ-ին խմբագրել է «Թատրոն» («Մեղուն» շարունակել է հրատարակվել այդ անունով), 1884–88 թթ-ին՝ «Խիկար» հանդեսները, աշխատակցել «Լույս», «Փորձ», «Արձագանք», «Փարոս Հայաստանի» պարբերականներին, 1888 թ-ից դասավանդել է Կոստանդնուպոլսի Կեդրոնական վարժարանում:
Պարոնյանը գրական գործունեությունն սկսել է թատերագրությամբ: Առաջին փորձը «Երկու տերով ծառա մը» (1865 թ.) կատակերգությունն էր, որին հաջորդել է «Ատամնաբույժն արևելյանը» (1868 թ.): Նրա ստեղծագործության ամենածավալուն բաժինը լրագրային երգիծանքն է: «Կսմիթներ» (1875–78 թթ.) և «Հոսհոսի ձեռատետրը» (1880 թ.) շարքերը երգիծական ինքնատիպ հանրագիտարան են, որտեղ արտացոլվել են ժամանակի ազգային և համաշխարհային կյանքի գրեթե բոլոր նշանակալի իրադարձությունները:
«Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ» (1880 թ.) շարքն ընդգրկում է 34 ակնարկ՝ ըստ քաղաքի թաղամասերի: Երգիծաբանը սուր ծաղրով պատկերում է նրանց քաղքենիական սովորությունները, վատ հակումները, օտարացումը սեփական ժողովրդից: Համայնքների կյանքում ոչինչ կատարյալ չէ. յուրաքանչյուրն ինքնաբավ ու ներփակ մի աշխարհ է, որ կարծես չի գիտակցում ներքին կապը մյուս թաղերի հետ, որոնց միասնությունից միայն կարող է ձևավորվել ազգային կյանքը:
«Քաղաքավարության վնասները» (1886–87 թթ.) կենցաղային սյուժեների մի շարք է, որն ընդգրկում է 19 նովել՝ արտաքուստ՝ զավեշտական, սակայն իրականում՝ տխուր ու տագնապալի: Հերոսներն օտարամոլության ու խաբեության զոհեր են՝ անհատականությունից զուրկ և բռնադատված քաղաքավարության կեղծ օրենքներով: Կենցաղային պատկերների հետևում Պարոնյանի երգիծանքն իրականության քննադատությունից հասնում է փիլիսոփայական մեծ ընդհանրացումների:
Պարոնյանի երգիծական հանճարի բարձրակետը «Ազգային ջոջեր» դիմանկարների շարքն է (1879–80 թթ.): Առաջաբանում հեղինակը գրում է, որ իր նպատակն ընթերցողներից ժպիտ կորզելը չէ, այլ «մեր ազգին մեջ գտնված երևելի անձերուն կենսագրություններն ընելով՝ անոնց թերություններն ցույց տալ այն անաչառությամբ, որ կենսագրե մը կը պահանջվի՝ առանց սակայն դուրս ելնելու հեգնաբանության սահմանեն»:
Հայ դրամատուրգիայի կատարյալ ստեղծագործություններից է «Պաղտասար աղբարը» (1886 թ.), որի առանցքային հարցը ընտանիքի բարոյականությունն է, սյուժեն՝ անհավատարիմ կնոջ և խաբված ամուսնու ընդհարումը: Կատակերգությունն առանձնանում է արծարծված խնդիրների կարևորությամբ, բախումների սրամիտ լուծումներով, խոսքի ու դրության ընդգծված կոմիզմով, համոզիչ ու կենդանի կերպարներով (Անույշ, Կիպար, փաստաբան Օգսեն, սպասուհի Սալոմե և ուրիշներ), որոնք, կեղծիքի ու բանսարկության որոգայթի մեջ առնելով Պաղտասարին, փորձում են կոծկել ճշմարտությունը:
Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» վեպը (1887 թ.) հայ գեղարվեստական արձակի դասական երկերից է: Դեպքերի հանգուցակետում Աբիսողոմ աղան է՝ ամուսնանալու նպատակով Տրապիզոնից Կոստանդնուպոլիս եկած մի մեծահարուստ, որը զուրկ է հոգեկան ու մտավոր հետաքրքրություններից, անտարբեր՝ ազգի և մարդկության ճակատագրի հանդեպ. նրան հետաքրքրում են միայն իր կենսաբանական պետքերը: Եվ այս սահմանափակ անձնավորությանը սպասարկելու են գալիս «մեծապատիվ մուրացկանները» ՝ կյանքի սոցիալ-հասարակական պայմանների բերումով իրենց անհատականությունը կորցրած ու հոգեպես սնանկ, գումար վաստակելու համար ամեն ինչի ընդունակ հայ «մտավորականության» ներկայացուցիչները՝ թերթի խմբագիրը, քահանան, բանաստեղծը, լուսանկարիչը, բժիշկը, ուսուցիչը, փաստաբանը, դերասանը: Վեպի առերևույթ կենցաղային երգիծանքը հասարակական շատ ավելի ընդգրկուն խնդիրներ է արծարծում, հանձինս Աբիսողոմ աղայի և մյուս հերոսների՝ Պարոնյանը ներկայացնում է իրականության համապատկերը՝ մասնավոր անձերի ճակատագրում վեր հանելով հայության հիվանդագին կացությունը Թուրքիայի տիրապետության տակ:
Պարոնյանի գործերն այսօր էլ արդիական են. մեծ մասը ներառված է ազգային թատրոնի խաղացանկում: «Պաղտասար աղբարը» բեմադրվել է Մոսկվայում և ԽՍՀՄ այլ քաղաքներում: Պարոնյանի գործերի հիման վրա նկարահանվել են «Մսյո Ժակը և ուրիշները» (1964 թ.), «Բաղդասարը բաժանվում է կնոջից» (1976 թ.), «Ատամնաբույժն արևելյան» (1981 թ., երեքն էլ՝ Հայֆիլմ) կինոնկարները:
Երևանում և ՀՀ այլ քաղաքներում Պարոնյանի անունով կոչվել են փողոցներ, դպրոցներ, Երևանի երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը:
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր Գրական էջ
03:29, 22.12.2017
13239 | 0
01:01, 08.12.2017
30100 | 0
23:45, 27.08.2017
21958 | 0
դեպի վեր