ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +12 °C ... +22 °C Վաղը`+23 °C
Հովհաննես Թումանյան/հեքիաթներ
21:18, 09.05.2014
15252 | 0
Անհաղթ աքլորը
Լինում է, չի լինում՝ մի աքլո՛ր է լինում։ Էս աքլորը քուջուջ անելիս մի ոսկի է գտնում։ Կտուրն է բարձրանում, ձեն է տալի. — Ծուղրուղո՜ւ, փող եմ գտե՜լ… Թագավորը լսում է, իր նազիր-վեզիրին հրամայում է՝ գնան խլեն բերեն։ Նազիր-վեզիրը գնում են՝ խլում բերում։ Աքլորը կանչում է. — Ծուղրուղո՛ւ, թագավորն ինձանով ապրե՜ց… Թագավորը ոսկին ետ տալիս է իր նազիր-վեզիրին, ասում է. — Ետ տարեք իրեն տվեք, թե չէ աշխարհքովը մին կխայտառակի մեզ էդ անպիտանը… Նազիր-վեզիրը ոսկին տանում են ետ տալիս աքլորին։ Աքլորն էլ կտուրն է բարձրանում. — Ծուղրուղո՛ւ, թագավորն ինձանից վախե՜ց… Թագավորը բարկանում է, իր նազիր-վեզիրին հրամայում է — Գնացե՛ք, — ասում է, — բռնեցեք էդ սրիկային, գլուխը կտրեցեք, եփեցեք, բերեք ուտեմ, պրծնեմ դրանից։ Նազիր-վեզիրը գնում են աքլորին բռնում, որ տանեն։ Տանելիս կանչում է. — Ծուղրուղո՛ւ, թագավորն ինձ հյուր է կանչե՛լ… Տանում են մորթում, պղինձն են կոխում, որ եփեն, ձեն է տալի. — Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձ տաք-տաք բաղնիք է ղրկե՛լ… Եփում են բերում թագավորի առաջն են դնում, կանչում է. — Թագավորի հետ սեղան եմ նստե՜լ, ծուղրուղո՜ւ… Թագավորը շտապով վերցնում է կուլ տալի։ Կոկորդով գնալիս կանչում է. — Նեդ-նեղ փողոցներով անց եմ կենում, ծուղրուղո՛ւ… Թագավորը որ տեսնում է՝ կուլ տվեց, էլ չի ձենը կտրում, իր նազիր-վեզիրին հրամայում է թուրները հանած պատրաստ կենան, որ մին էլ ձեն ածի՝ զարկեն։ Նազիր-վեզիրը թրերը հանած՝ պատրաստ կանգնում են մինը էս կողմը, մյուսը էն։ Աքլորը որ թագավորի փորն է հասնում, ձեն է տալի. — Լույս աշխարհքումն էի, մութ տեղն եմ ընկել, ծուղրուղո՜ւ… — Զարկե՛ք…— հրամայում է թագավորը։ Նազիր-վեզիրը զարկում են, տալիս են թագավորի փորը պատռում։ Աքլորը դուրս է պրծնում, փախչում է, կտեր ծերին կանգնում ձեն տալի. — Ծուղրուղո՜ւ…

_______________________________

ՈՒլիկը

Խոր անտառում մի այծ է լինում։ Ունենում է մի գեղեցիկ ուլ։ Ուլին ամեն օր թողնում է տանը, ինքը գնում է արոտ անելու։ Արածում է և իրիկունը կուրծքը լիքը տուն է գալիս։ Տուն է գալիս, դուռը զարկում ու մկկում, կանչում. Սևուկ ուլիկ, Սիրուն բալիկ, Ման եմ եկել սարե-սար, Կաթն եմ արել քեզ համար, Դռնակը բա՛ց, ներս գամ ես, Անուշ-անուշ ծիծ տամ քեզ. Սևուկ ուլիկ, Սիրուն բալիկ։ Ուլիկն իսկույն վեր է թռչում, դուռը բաց անում։ Մայրը ծիծ է տալիս նրան ու կրկին գնում արոտ։

2

Էս բոլորը թաքուն տեսնում է գայլը։ Մի իրիկուն այծից առաջ գալիս է, դուռը զարկում ու իր հաստ ձայնով կանչում. Սևուկ ուլիկ, Սիրուն բալիկ, Ման եմ եկել սարե-սար, Կաթն եմ արել քեզ համար, Դռնակը բա՛ց, ներս գամ ես, Անուշ-անուշ ծիծ տամ քեզ. Սևուկ ուլիկ, Սիրուն բալիկ։ Ուլիկը լսում է, լսում ու պատասխանում, «Էդ ո՞վ ես դու. չեմ ճանաչում։ Իմ մայրը էդպես չի կանչում։ Նա քաղցր ու բարակ ձայն ունի։ Քո ձայնը կոշտ է ու կոպիտ։ Դուռը բաց չե՛մ անի… Գնա՛… Չեմ ուզում քեզ…» Ու գայլը հեռանում է, գնում։

3

Գալիս է մայրը, դուռը ծեծում. Սևուկ ուլիկ, Սիրուն բալիկ, Ման եմ եկել սարե-սար, Կաթն եմ արել քեզ համար, Դռնակը բա՛ց, ներս գամ ես, Անուշ-անուշ ծիծ տամ քեզ. Սևուկ ուլիկ, Սիրուն բալիկ։ Ուլիկը դուռը բաց է անում, ծիծ է ուտում ու մորը պատմում. — Գիտե՞ս, մայրի՛կ, ինչ եղավ։ Մի քիչ առաջ մինը եկավ, դուռը զարկեց ու կանչում էր. Սևուկ ուլիկ, Սիրուն բալիկ։ Ասում էր՝ դուռը բա՛ց արա։ Էնպե՜ս հաստ ձայն ունե՛ր։ Էնպե՛ս վախեցա՛, էնպե՛ս վախեցա՛… Դուռը բաց չարի, ասի՝ չեմ ուզում, գնա՛… — Պա՛, պա՛, պա՛, պա՛, Սևուկ ջան, ի՛նչ լավ է եղել, որ բաց չես արել, — ասավ վախեցած մայրը։— Էդ գայլն է եղել, եկել է, որ քեզ ուտի։ Մյուս անգամ էլ որ գա, բաց չանես, ասա՝ գնա՛, թե չէ իմ մայրը քեզ կսպանի իր սուր պոզերով։
_____________________________________

ՍՈՒՏԼԻԿ ՈՐՍԿԱՆԸ

Հորս կնունքով, մորս ծնունդով, վեր կացանք մի օր հինգ ու վեց ոոգով, թրով-թվանքով որսի գնացինք։ Հադին էր, Հյուդին էր, Չատին էր, Մատին էր, հերս էր, ես էի, գնացինք որսի...

Սարեր, ձորեր դուզ գնացինք, որտեղ որս կար՝ սուս ու փուս գնացինք, որտեղ ահ էր՝ կուզ ու կուզ գնացինք...

Գնացի՜նք, գնացի՜նք, շատ թե քիչ, մին էլ տեսնենք երեք լիճ. երկուսը ցամաք, մնի մեջ էլ ըսկի ջուր չկա։ Մին էլ, ըհը, մտիկ տանք, որ էս անջուր լճում լողում են, ճչում երեք հատ սպիտակ բադ, երկուսը սատկած են, մինն էլ կենդանի չի։

— Հադի՛, տո՛ւր հա, տո՛ւր։

Թե՝ թվանք չունեմ։

— Հյուդի՛, տո՛ւր հա, տո՛ւր։

— Ես էլ չունեմ։

— Չատի... Մատի...

— Մենք էլ չունենք։

— Բա ի՞նչ անենք...

Հորս ձեռին կարճ ու երկար, հաստ ու բարակ մի փետ կար. երեսն առավ, նշան դրեց, մին էլ տրա՜ք, որ կրակեց... Նա կրակեց, ես զարկեցի, որ զարկեցի՝ փռվեց էսպես՝ ամեն թևը հինգ գազ ու կես...

— Հադի, դանա՜կ...

Թե՝ դանակ չունեմ։

— Հյուդի, դու...

— Ես էլ չունեմ։

— Չատի՞, Մատի՞...

— Մենք էլ չունենք...

Հերս էլ ունի, բերան չունի։

Էս անբերան դանակը քաշեցինք։ Հադին մորթեց, չկարաց. Հյուդին մորթեց, չկարաց, Չատին չկարաց, Մատին չկարաց, հերս էլ չկարաց, ե՛ս քաշեցի մորթեցի։

Մորթեցի, վեր գցեցի, բադ մի ասիլ՝ մի գոմեշ ասա։ Հադին շալակեց, չկարաց, Հյուղին շալակեց, չկարաց, Չատին չկարաց, Մատին չկարաց, հերս էլ չկարաց, ե՛ս շալակեցի։ Շալակեցի, գնացինք։

Գնացինք, գնացինք, հասանք մի տեղ, մին էլ տեսնենք երեք գեղ, երկուսի տեղն իսկի չի երևում, մնումն էլ իսկի շենլիկ չկա։ Էս անշեն գեղում դես ման եկանք, դեն ման եկանք, մի տուն գտանք, մեջը երեք պառավ, երկուսը մեռած, մինի բերանումն էլ շունչ չկա։

— Տղերք, ասինք, եկեք բադով փլավ անենք։

Էս անշունչ պառավը գնաց դես ման եկավ, դեն ման եկավ, կես բրինձ գտավ, երեք պղինձ, երկուսը ծակ, մինն էլ իսկի տակ չունի։

Ջուրը լցրինք էս անտակ պղինձը, մեջը ածինք բադն ու բրինձը, անկրակ եփեցինք։ Եփեց, եփեց, միսն ու բրինձը գնացին, մնաց ջուրը։

Որսից եկած սոված մարդի՜կ, վրա եկանք, կերա՜նք, կերա՜նք, ոչ աչքներս բան տեսավ, ոչ բերաններս բան մտավ։
___________________________________


ՔԱՋ ՆԱԶԱՐԸ

1

Լինում է, չի լինում մի խեղճ մարդ՝ անունը Նազար։ Էս Նազարը մի անշնորհք ու ալարկոտ մարդ է լինում, Է՜նքան էլ վախկոտ, է՜նքան էլ վախկոտ, որ մենակ ոտը ոտի առաջ չէր դնիլ, թեկուզ սպանեիր։ Օրը մինչև իրիկուն կնկա կողքը կտրած՝ նրա հետ դուրս գնալիս դուրս էր գնում, տուն գալիս՝ տուն գալի։ Դրա համար էլ անունը դնում են Վախկոտ Նազար։

Էս Վախկոտ Նազարը մի գիշեր կնկա հետ շեմքն է դուրս գալի։ Որ շեմքն է դուրս գալի՝ տեսնում է ճըքճըքան լո՜ւս-լուսնյակ գիշեր՝ ասում է.

— Ա՛յ կնիկ, ի՜նչ քարվան կտրելու գիշեր է՜... Սիրտս ասում է՝ վեր կաց գնա Հնդստանից եկող Շահի քարվանը կտրի բեր տունը լցրու...

Կինը թե.

— Ձենդ կտրի, տեղդ նստի, քարվան կտրողիս մտիկ արա...

Նազարը թե.

— Ա՛նզգամ կնիկ, ինչո՞ւ չես թողնում ես գնամ քարվան կտրեմ բերեմ տունը լցնեմ։ Էլ ի՞նչ տղամարդ եմ ես, էլ ինչո՞ւ եմ գդակ ծածկում, որ դու համարձակվում ես իմ առաջը խոսես։

Որ շատ կռվում է՝ կնիկը տուն է մտնում դուռը փակում։

— Հո՛ղեմ էդ վախկոտ գլուխդ, դե հիմի գնա քարվան կտրի։ Էս Նազարս մնում է դռանը։ Վախից լեղապատառ է լինում։ Ինչքան ադաչում-պաղատում է, որ կնիկը դուոը բաց անի, չի լինում, բաց չի անում։ Ճարը կտրած գնում է մի պատի տակի կուչ է գալի, դողալով գիշերն անց է կացնում, մինչև լուսը բացվում է։ Նազարը խռոված պատի տակին արևկող արած սպասում է, որ կնիկը գա տուն տանի ու միտք է անում։ Ամառվա շոգ օր, գազազած ճանճեր, ինքն էլ էնքան ալարկոտ, որ ալարում է քիթը սրբի, ճանճերը գալիս են սրա քիթը ու պռունգին վեր գալի, լցվում։ Որ շատ նեղացնում են՝ ձեռը տանում է երեսին զարկում։ Որ երեսին զարկում է՝ ճանճերը ջարդվում են առաջին թափում։

— Վա՜հ, էս ինչ էր...— մնում է զարմացած։

Ուզում է համրի, թե մի զարկով քանիսն սպանեց՝ չի կարողանում։ Մտածում է, որ հազարից պակաս չի լինիլ։

— Վա՜հ, — ասում է, — ես էսպես տղամարդ եմ էլել ու մինչև էսօր չեմ իմացե՛լ... Ես, որ մի զարկով կարող եմ հազար շունչ կենդանի ջարդել, էլ ի՞նչ եմ էս անպիտան կնկա կողքին վեր ընկել...

Էստեղից վեր է կենում ուղիղ գնում իրենց գյուղի տերտերի մոտ։

— Տե՛րտեր, օրհնյա ի տեր։

— Աստված օրհնի, որդի՛ս։

— Տե՛րտեր, բա չես ասիլ, էսպես-էսպես բան։

Պատմում է իր քաջագործությունը ու հետն էլ հայտնում է, որ պետք է իր կնկանից կորչի, միայն խնդրում է՝ իր արածը տերտերը գրի, որ անհայտ չմնա, ամենքն էլ կարդան իմանան։ Տերտերն էլ, կատակի համար, մի փալասի կտորի վրա գրում է.

Անհաղթ հերոս Քաջըն Նազար,
Որ մին զարկի՝ ջարդի հազար։

Ու տալիս է իրեն։

Նազարս էս փալասի կտորը մի փետի ծերի ամրացնում է, մի ժանգոտած թրի կտոր կապում մեջքը, իրենց հարևանի իշին նստում ու գյուղից հեռանում։

2

Իրենց գյուղից դուրս է գալի, մի ճամփա է ընկնում ու գնում։ Ինքն էլ չի իմանում, թե էդ ճամփեն ուր է տանում։

Գնում է գնում, մին էլ ետ է նայում, տեսնում է գյուղից հեռացել է։ Էստեղ սիրտն ահ է ընկնում։ Իրեն սիրտ տալու համար սկսում է քթի տակին մռմռալ, երգել, իրեն-իրեն խոսել, իշի վրա բարկանալ։ Քանի հեռանում է՝ էնքան վախը սաստկանում է, քանի վախը սաստկանում է՝ էնքան ձենը բարձրացնում է, սկսում է գոռգոռալ, հարայ-հրոց անել, հետն էլ մյուս կողմից էշն է սկսում զռալ... Էս աղմուկից ու աղաղակից թռչունները մոտիկ ծառերից են թռչում, նապաստակները թփերից են փախչում, գորտերը կանաչիցն են ջուրը թափում...

Նազարը ձենն ավելի է գլուխը գցում, իսկ որ մտնում է անտառը, թվում է, թե ամեն մի ծառի տակից, ամեն մի թփի միջից, ամեն մի քարի ետևից՝ որտեղ որ է գազան է հարձակվելու կամ ավազակ, սարսափած սկսում է գոռգոռալ, ոնց գոռգոռալ՝ ականջդ ոչ լսի։

Դու մի ասիլ հենց էս ժամանակ մի գյուղացի ձին քաշելով անտառում միամիտ գալիս է։ Էս զարհուրելի ձենը ականջն է ընկնում թե չէ՝ կանգնում է.

— Վա՜յ, — ասում է, — ո՞նց թե, իմն էլ էստեղ էր հատե՜լ. կա-չկա էս ավազակներ են...

Ձին թողնում է, ընկնում է ճամփի տակի անտառն ու՝ երկու ոտն ուներ երկուսն էլ փոխ է առնում՝ փախչում։

Բախտդ սիրեմ, Քաջ Նազար. գոռգոռալով գալիս է տեսնում մի թամքած ձի ճամփի մեջտեղը կանգնած իրեն է սպասում։ Իշիցը վեր է գալի, էս թամքած ձիուն նստում ու շարունակում իր ճամփեն։

3

Շատ է գնում, քիչ է գնում, շատն ու քիչն էլ ինքը կիմանար, գնում է ընկնում մի գյուղ, ինքը գյուղին անծանոթ գյուղն իրեն։ Ո՞ւր գնա, ուր չի գնա։ Մի տանից զուռնի ձեն է լսում, ձին քշում է էս ձենի վրա, գնում է ընկնում մի հարսանքատուն։

— Բարի օր ձեզ։

— Ա՛յ աստծու բարին քեզ, բարով հազար բարի եկար։ Համեցե ք հա, համե՛ցեք, դե ղոնախն աստծունն է. սրան տանում են իր դրոշակով սուփրի ծերին բազմեցնում։ Աչքդ էն բարին տեսնի, ինչ որ լցնում են առաջը՝ թե ուտելիք, թե խմելիք։

Հարսանքավորները հետաքրքրվում են իմանան, թե ով է էս տարօրինակ անծանոթը։ Ներքի ծերից մինը բոթում է իր կողքի նստածին ու հարցնում, սա էլ իր կողքի նստածին է բոթում, էսպես հերթով իրար բոթելով ու հարցնելով բանը մնում է վերի ծերին նստած տերտերին։ Տերտերը մի կերպով ղոնախի դրոշակի վրա կարդում է.

Անհաղթ հերոս Քաջըն Նազար,
Որ մին զարկի՝ ջարդի հազար։

Կարդում է ու զարհուրած հայտնում է իր կողքի նստածին, սա էլ իր կողքի նստածին, սա էլ իր երրորդին, երրորդը չորրորդին, էսպեսով հասնում է մինչև դռան տակը, ու ամբողջ հարսանքատունը դրմբում է թե՝ բա՜ չես ասիլ նորեկ ղոնախն է ինքը.

Անհաղթ հերոս Քաջըն Նազար,
Որ մին զարկի՝ ջարդի հազար։

— Քաջ Նազարն է հա՜...— բացականչում է պարծենկոտի մինը.— Ի՜նչքան է փոխվել, միանգամից լավ չճանաչեցի...

Եվ մարդիկ են գտնվում, որ պատմում են նրա արած քաջագործությունները, հին ծանոթությունն ու միասին անցկացրած օրերը։

— Հապա ինչպես է, որ էսպես մարդը հետը ոչ մի ծառա չունի, — զարմանքով հարցնում են անծանոթները։

— Էդպես է դրա սովորությունը, ծառաներով ման գալ չի սիրում։ Մի անգամ ես հարցրի, ասավ՝ ծառան ի՞նչ եմ անում, ամբողջ աշխարհքն իմ ծառան է ու իմ ծառան։

— Հապա ի՞նչպես է, որ մի կարգին թուր չունի, էս ժանգոտած երկաթի կտորն է մեջքին կապել։

— Շնորհքն էլ հենց սրա մեջն է՛, որ էս ժանգոտ երկաթի կտորով մին զարկես ջարդես հազար, թե չէ լավ թրով, ի՞նչ կա որ, սովորական քաջերն էլ են ջարդում։

Ու ապշած ժողովուրդը ոտի է կանգնում, խմում է Քաջ Նազարի կենացը։ Իրենց միջի խելոքն էլ դուրս է գալի ճառ է ասում Նազարի առաջ, ասում է՝ մենք վաղուց էինք լսել քո մեծ հռչակը. կարոտ էինք երեսդ տեսնելու և ահա էսօր բախտավոր ենք, որ քեզ տեսնում ենք մեր առաջ։ Նազարը հառաչում է ու ձեռքը թափ է տալիս։ Ժողովրդականները խորհրդավոր իրար աչքով են անում, հասկանում են, թե էդ հառաչանքն ու ձեռքի թափ տալը ինչքան բան կնշանակեր...

Աշուղն էլ, որ էնտեղ էր, ձեռաց երգ է հորինում ու երգում։

«Բարով եկար հազար բարի,
Հզոր արծիվ մեր սարերի,
Թագ ու պարծանք մեր աշխարհի,
Անհաղթ հերոս Քաջըդ Նազար,
Որ մին զարկես ջարդես հազար։

Խեղճ տըկարին դու ապավեն,
Ազատ կանես ամեն ցավեն,
Մեզ կըփրկես անիրավեն,
Անհաղթ հերոս Քաջըդ Նազար,
Որ մին զարկես ջարդես հազար։

Մատաղ ենք մենք քո դըրոշին,
Մեջքիդ թըրին, տակիդ ռաշին,
Նրա ոտին, պոչին, բաշին,
Անհաղթ հերոս Քաջըդ Նազար,
Որ մին զարկես ջարդես հազար։

Ու ցրվելով հարբած հարսանքավորները տարածում են ամեն տեղ, թե գալիս է

Անհաղթ հերոս Քաջըն Նազար,
Որ մին զարկի՝ ջարդի հազար։

Պատմում են նրա զարմանալի քաջագործությունները, նկարագրում են նրա ահռելի կերպարանքը։ Ու ամեն տեղ իրենց նորածին երեխաների անունը դնում են Քաջ Նազար։

4

Հարսանքատնից հեռանամ է Նազարն ու շարունակում է իր ճամփեն։ Գնում է հասնում մի կանաչ դաշտ։ Էս կանաչ դաշտում ձին թողնում է արածի, դրոշակը տնկում է, ինքն էլ դրոշակի շվաքում պառկում քնում։

Դու մի ասիլ օխտը հսկա եղբայրներ կան, օխտը ավազակապետ, էս տեղերը նրանցն են, իրենց ամրոցն էլ մոտիկ սարի գլխին է։ Էս հսկաները վերևից մտիկ են տալիս՝ որ մի մարդ եկել է իրենց հանդում վեր է եկել։ Շատ են զարմանում, թե էս ինչ սրտի տեր մարդ պետք է լինի, քանի գլխանի, որ առանց քաշվելու եկել է իրենց հանդում հանգիստ վեր է եկել ու ձին էլ բաց թողել։ Ամեն մինը մի գուրզ ուներ քառասուն լդրանոց։ Էս քառասուն լդրանոց գուրզները վերցնում են գալի։ Գալիս են ի՞նչ ես տեսնում, հրես մի ձի արածում է, մի մարդ կողքին քնած, գլխավերևը մի դրոշակ տնկած, դրոշակի վրեն գրած.

Անոաղթ հերոս Քաջըն Նազար,
Որ մին զարկի՝ ջարդի հազար։

Վա՜յ, Քաջ Նազարն է... Մատները կծում են հսկաներն ու մնում են տեղները սառած։ Դու մի՛ ասիլ հարբած հարսանքավորների տարածած լուրը սրանց էլ է լինում հասած։ Էսպես թուքները ցամաքած, չորացած սպասում են, մինչև Նազարն իր քունն առնում է ու զարթնում, որ զարթնում է, աչքերը բաց է անում գլխավերևը քառասուն լդրանոց գուրզներն ուսներին օխտն ահռելի հսկաներ կանգնած՝ էլ փորումը սիրտ չի մնում։ Մտնում է իր դրոշակի ետևն ու սկսում է դողալ, ոնց որ աշունքվա տերևը կդողա։ Էս հսկաները որ տեսնում են սա գունատվեց ու սկսեց դողալ, ասում են՝ բարկացավ, հիմի որտեղ որ է մի զարկով օխտիս էլ կսպանի, առաջին գետին են փռվում ու խնդրում են.

Մենք լսել էինք քո ահավոր անունը, տեսությանդ էինք փափագում, այժմ բախտավոր ենք, որ քո ոտով ես եկել մեր հողը։ Մենք, քո խոնարհ ծառաներդ՝ օխտն ախպեր ենք, ահա մեր ամրոցն էլ էն սարի գլխին է՝ մեջը մեր գեղեցիկ քույրը։ Աղաչում ենք

— Անհաղթ հերոս Քաջըն Նազար,
Որ մին զարկես՝ ջարդես հազար
շնորհ անես գաս մեր հացը կտրես...

Էստեղ Նազարի շունչը տեղն է գալի, նստում է իր ձին, նրանք էլ դրոշակն առած առաջն են ընկնում ու հանդիսավոր տանում են իրենց ամրոցը։ Տանում են ամրոցում պահում, պատվում թագավորին վայել պատվով, ու էնքան են խոսում նրա քաջագործություններից, էնքան են գովում, որ իրենց գեղեցիկ քույրը սիրահարվում է վրեն։ Ինչ ասիլ կուզի՝ հարգն ու պատիվն էլ հետն ավելանում է։

5

Էս ժամանակ վագր է լուս ընկնում էս երկրում ու սարսափ գցում ժողովրդի վրա։ Ո՞վ կսպանի վագրին, ո՞վ չի սպանիլ։ Իհարկե Քաջ Նազարը կսպանի։ Էլ ո՞վ սիրտ կանի վագրի դեմը գնա։ Ամենքն էլ Նազարի երեսին են մտիկ տալի, վերևը մի աստված, ներքևը մի Քաջ Նազար։

Վագրի անունը լսելուն պես Նազարը վախից դուրս է վազում, ուզում է փախչի ետ գնա իրենց տունը, իսկ կանգնածները կարծում են, թե վազում է, որ գնա վագրին սպանի։ Նշանածը բռնում է կանգնեցնում, թե՝ ո՞ւր ես վազում էդպես առանց զենքի, զենք առ հետդ էնպես գնա։ Զենք է բերում տալիս իրեն, որ գնա իր փառքի վրա մի քաջություն էլ ավելացնի։ Նազարը զենքն առնում է դուրս գնում։ Դնում է անտառում մի ծառի բարձրանում, վրեն տապ անում, որ ոչ ինքը վագրին պատահի, ոչ վագրը իրեն։ Ծառի վրա կուչ է գալի ու Նազարն ո՞վ կտա — հոգին դառել է կորեկի հատ։ Հակառակի նման անտեր վագրն էլ գալիս է հենց էս ծառի տակին պառկում։ Նազարը որ վագրին չի տեսնո՜ւմ՝ լեղին ջուր է կտրում, աչքերը սևանում են, ձեռն ու ոտը թուլանում են ու, թրը՜մփ, ծառիցը ընկնում է գազանի վրա։ Վագրը սարսափած տեղիցը վեր է թռչում, Նազարն էլ վախից կպչում է սրա մեջքին։ Էսպես զարհուրած, Նազարը մեջքին կպած՝ էս խրտնած վագրը փախչում է, ոնց է փախչում, էլ սար ու ձոր, քար ու քոլ չի հարցնում։

Մարդիկ մին էլ տեսնում են, վա՜հ, Քաջ Նազարը վագրին նստած քշում է։

— Հա՛յ-հարա՛յ, եկե՜ք հա, եկե՜ք, Քաջ Նազարը վագրին ձի է շինել հեծել... տվե ք հա տվե՛ք... Սրտավորվում են, ամենքը մի կողմից հարայ-հրոցով, հըռհըռոցով հարձակվում են՝ խանչալով, թրով, թվանքով, քարով, փետով տալիս են սպանում։

Նազարը որ ուշքի է գալիս, լեզուն բացվում է։

— Ափսո՛ս, — ասում է, — ընչի՞ սպանեցիք, զոռով մի ձի էի շինել նստել... էնքան պետք է քշեի ո՜ր...

Լուրը գնում է հասնում ամրոցը։ Մարդ, կին, մեծ, պստիկ՝ ժողովուրդը դուրս է թափում Նազարին ընդունելու։ Վրեն երգ են կապում ու երգում։

Էս աշխարհքում,
Մարդկանց շարքում
Ով կըլնի քեզ հավասար,
Ո՜վ քաջ Նազար։

Ինչպես ուրուր,
Կայծակ ու հուր,
Բարձր բերդից թռար հասար.
Ո՜վ քաջ Նազար։

Ահեղ վագրին
Արիր քո ձին,
Հեծար անցար դու սարեսար,
Ո՜վ Քաջ Նազար։

Մեզ փըրկեցիր,
Ազատեցիր,
Փառք ու պարծանք քեզ դարեդար,
Ո՜վ Քաջ Նազար։

Ու պսակեցին Քաջ Նազարին հսկաների գեղեցիկ քրոջ հետ. օխտն օր, օխտը գիշեր հարսանիք արին, երգերով գովեցին թագավորին ու թագուհուն։

— Լուսընկան նոր սարն ելավ,
Էն ո՞ւմ նըման էր։

— Լուսընկան նոր սարն ելավ,
Էն Քաջ Նազարն էր։

— Արեգակ նոր շաղեշադ,
Էն ո՞ւմ նըման էր։

— Արեգակ նոր շաղեշադ,
Էն իր նազ-յարն էր։

Մեր թագավորն էր կարմիր,
Իրեն արևն էր կարմիր,
Թագն էր կարմիր, հա՜յ կարմիր,
Կապեն կարմիր, հա՜յ կարմիր,
Գոտին կարմիր, հա՜յ կարմիր,
Սոլեր կարմիր, հա՜յ կարմիր,
Թագուհին կարմիր, հա՜յ կարմիր,
Կարմիր թագուհուն բարև,
Կարմիր թագվորին արև։
Շնորհավոր, շնորհավոր,
Քաջ Նազարին շնորհավոր,
Իր նազ-յարին շնորհավոր,
Ողջ աշխարհին շնորհավոր։

6

Դու մի՛ ասիլ էս աղջկանը ուզած է լինում հարևան երկրի թագավորը։ Որ իմանում է իրեն չեն տվել, ուրիշի հետ են ամուսնացրել՝ զորք է կապում պատերազմով գալիս է օխտն ախպոր վրա։

Էս օխտը հսկան գնում են Քաջ Նազարի մոտ, պատերազմի լուրը հայտնում են, գլուխ են տալի առաջը կանգնում՝ հրաման են խնդրում։

Պատերազմի անունը որ լսում է՝ սարսափում է Նազարը. դուրս է պրծնում, որ փախչի ետ գնա իրենց գյուղը։ Մարդիկ կարծում են ուզում է իսկույն դուրս վազել հարձակվել թշնամու բանակի վրա։ Առաջն են ընկնում, բռնում են խնդրում, թե ախր առանց զենքի ու զրահի մենակ ո՞ւր ես գնում, ի՛նչ ես անում, գլխիցդ ձեռք ես վերցրել, ի՞նչ է։

Բերում են զենք ու զրահ են տալի, կնիկն էլ եղբայրներին խնդրում է, որ չթողնեն Նազարին իր քաջությունից տարված մենակ հարձակվի թշնամու զորքի վրա։ Եվ լուրը գնում տարածվում է զորքի ու ժողովրդի մեջ, լրտեսների միջոցով էլ հասնում է թշնամուն, թե Քաջ Նազարը մենակ առանց զենքի թռչում էր դեպի պատերազմի դաշտը, հազիվ են կարողացել զսպել ու շրջապատված բերում են...

Պատերազմի դաշտում մի ամեհի նժույգ ձի են բերում, Նազարին նստեցնում վրեն։ Ոգևորված զորքն էլ հետը վեր է կենում ահագին աղմուկով՝ կեցցե՛ Քաջըն Նազա՜ր... մա՛հ թշնամո՜ւն...

Նազարի տակի նժույգը, որ տեսնում է վրեն ինչ անպետքի մինն է նստած՝ խրխնջում է, գլուխն առնում ու թռչում առաջ, ուղիղ դեպի թշնամու բանակը։ Զորքերը կարծում են Քաջ Նազարը հարձակվեց, ուռռա՜ են կանչում ու իրենք էլ ետևից հարձակվում ամենայն սաստկությամբ։ Նազարը որ տեսնում է չի կարողանում իր ձիու գլուխը պահի, քիչ է մնում վեր ընկնի, ձեռը գցում է, ուզում է մի ծառի փաթաթվի, դու մի՛ ասիլ ծառը փտած է, մի գերանաչափ ճյուղը պոկ է գալիս մնում ձեռին։ Թշնամու զորքերը, որ առաջուց համբավը լսել էին ու ահը սրտներումն էր, էս էլ որ իրենց աչքով տեսնում են՝ էլ փորներումը սիրտ չի մնում, երես են շուռ տալիս, փա՛խի, որ փա՛խի, թե մարդ ես գլուխդ պրծացրու, որ Քաջ Նազարը ծառերն արմատահան անելով գալիս է...

Էդ օրը թշնւսմուց ինչքան կոտորվում է կոտորվում, մնացածները թուրները դնում են Քաջ Նազարի ոտի տակին, հայտնում են իրենց հպատակությունն ու հնազանդությունը։

Ու պատերազմի ահեղ դաշտից Քաջ Նազարը հսկաների ամրոցն է վերադառնում։ Ժողովուրդը հաղթական կամարներ է կապում, աննկարագրելի ոգևորությամբ, ուռաներով և կեցեներով, երգով ու երաժշտությունով, աղջիկներով ու ծաղիկներով, պատգամավորություններով ու ճառերով առաջն է դուրս գալի, էնպես մի փառք ու պատիվ, որ Նազարը մնացել է ապշած շշկլված։

Էսպես առքով-փառքով էլ բերում հրատարակում են իրենց թագավոր ու բազմեցնում են թագավորի թախտին։ Քաջ Նազարը դառնում է թագավոր, էն հսկաներից ամեն մեկին էլ մի պաշտոն է տալիս։ Մին էլ տեսնում է աշխարհքը իր բռան մեջ։

Ասում են մինչև էսօր էլ դեռ ապրում ու թագավորում է Քաջ Նազարը։ Ու՝ երբ քաջությունից, խելքից, հանճարից մոտը խոսք են գցում՝ ծիծաղում է, ասում է.

— Ի՛նչ քաջություն, ի՛նչ խելք, ի՜նչ հանճար. դատարկ բաներ են բոլորը։ Բանը մարդուս բախտն է։ Բախտ ունե՞ս՝ քեֆ արա...

Եվ ասում են՝ մինչև էսօր էլ քեֆ է անում Քաջ Նազարը ու ծիծաղում է աշխարհքի վրա։

_______________________________________

ՍՈՒՏԼԻԿ ՈՐՍԿԱՆԸ

Հորս կնունքով, մորս ծնունդով, վեր կացանք մի օր հինգ ու վեց ոոգով, թրով-թվանքով որսի գնացինք։ Հադին էր, Հյուդին էր, Չատին էր, Մատին էր, հերս էր, ես էի, գնացինք որսի...

Սարեր, ձորեր դուզ գնացինք, որտեղ որս կար՝ սուս ու փուս գնացինք, որտեղ ահ էր՝ կուզ ու կուզ գնացինք...

Գնացի՜նք, գնացի՜նք, շատ թե քիչ, մին էլ տեսնենք երեք լիճ. երկուսը ցամաք, մնի մեջ էլ ըսկի ջուր չկա։ Մին էլ, ըհը, մտիկ տանք, որ էս անջուր լճում լողում են, ճչում երեք հատ սպիտակ բադ, երկուսը սատկած են, մինն էլ կենդանի չի։

— Հադի՛, տո՛ւր հա, տո՛ւր։

Թե՝ թվանք չունեմ։

— Հյուդի՛, տո՛ւր հա, տո՛ւր։

— Ես էլ չունեմ։

— Չատի... Մատի...

— Մենք էլ չունենք։

— Բա ի՞նչ անենք...

Հորս ձեռին կարճ ու երկար, հաստ ու բարակ մի փետ կար. երեսն առավ, նշան դրեց, մին էլ տրա՜ք, որ կրակեց... Նա կրակեց, ես զարկեցի, որ զարկեցի՝ փռվեց էսպես՝ ամեն թևը հինգ գազ ու կես...

— Հադի, դանա՜կ...

Թե՝ դանակ չունեմ։

— Հյուդի, դու...

— Ես էլ չունեմ։

— Չատի՞, Մատի՞...

— Մենք էլ չունենք...

Հերս էլ ունի, բերան չունի։

Էս անբերան դանակը քաշեցինք։ Հադին մորթեց, չկարաց. Հյուդին մորթեց, չկարաց, Չատին չկարաց, Մատին չկարաց, հերս էլ չկարաց, ե՛ս քաշեցի մորթեցի։

Մորթեցի, վեր գցեցի, բադ մի ասիլ՝ մի գոմեշ ասա։ Հադին շալակեց, չկարաց, Հյուղին շալակեց, չկարաց, Չատին չկարաց, Մատին չկարաց, հերս էլ չկարաց, ե՛ս շալակեցի։ Շալակեցի, գնացինք։

Գնացինք, գնացինք, հասանք մի տեղ, մին էլ տեսնենք երեք գեղ, երկուսի տեղն իսկի չի երևում, մնումն էլ իսկի շենլիկ չկա։ Էս անշեն գեղում դես ման եկանք, դեն ման եկանք, մի տուն գտանք, մեջը երեք պառավ, երկուսը մեռած, մինի բերանումն էլ շունչ չկա։

— Տղերք, ասինք, եկեք բադով փլավ անենք։

Էս անշունչ պառավը գնաց դես ման եկավ, դեն ման եկավ, կես բրինձ գտավ, երեք պղինձ, երկուսը ծակ, մինն էլ իսկի տակ չունի։

Ջուրը լցրինք էս անտակ պղինձը, մեջը ածինք բադն ու բրինձը, անկրակ եփեցինք։ Եփեց, եփեց, միսն ու բրինձը գնացին, մնաց ջուրը։

Որսից եկած սոված մարդի՜կ, վրա եկանք, կերա՜նք, կերա՜նք, ոչ աչքներս բան տեսավ, ոչ բերաններս բան մտավ։
________________________________________

ԱՆԲԱՆ ՀՈՒՌԻՆ

Լինում է, չի լինում մի կնիկ։ Էս կնիկը մի աղջիկ է ունենում՝ անունը Հուռի։ Մի ծույլ, անշնորհք աղջիկ։ Օրը մինչև իրիկուն պարապ-սարապ նստած։

Բանն ինչ կանեմ՝ կեղտոտ է.
Բամբակը կորիզոտ է։
Մաստակ պիտի, որ ծամեմ,
Կըտերը տիտիկ անեմ,
Անցնողին մըտիկ անեմ.
Ուտեմ, խմեմ,
Մըթնի, քընեմ։

Հարևանները անունը դնում են Անբան Հուռի։ Ինչ մերն է՝ աղջկանը գովելով ման է գալի, լիդըր գզող, լիդըր մանող, համ խճճող, համ խճուճը հանող, ձևող-կարող, հունցող-թխող, եփող-թափող, մի խոսքով՝ հուրի-հրեղեն, մատները ոսկի։

Էս գովասանքը գնում մի երիտասարդ վաճառականի ականջն է ընկնում։ Էս երիտասարդ վաճառականն ասում է՝ իմ ուզածն էլ հենց սա է, որ կա։ Գլխապատառ գալիս է անբան Հուռիին ուզում է, հետը պսակվում, տանում իրենց տունը։ Մի քանի ժամանակից ետը մի տասը-քսան բեռը բամբակ, է առնում տալիս կնկանը, թե՝ գնում եմ հեռու տեղեր առուտուրի, դու էլ էս բամբակը գզի, մանի, գամ տանեմ ծախեմ, հարստանանք։

Անբան Հուռին է, իրեն համար մաստակ ծամելով ման է գալի։ Մի օր էլ գետի ափովն անց կենալիս լսում է, որ գորտերը կըռկըռում են։

—Փե՛փել... Կե՛կել... Փե՛փել... Կե՛կել...

— Վո՜ւյ, աղջի Փեփել, Կեկել, — ձեն է տալի անբան Հուռին, — որ բամբակը բերեմ ձեզ տամ՝ կգզեք...

— Բե՛ր, բե՛ր, բե՛ր...

Անբան Հուռին ուրախանում է։ Գնում է բամբակը կրում բերում ածում գետը։

— Դե գզեցեք, մանեցեք։ Մի քանի օրից ետ կգամ, մանածը կտանեմ, որ ծախենք։

Գնում է մի քանի օրից ետ է գալի։ Գորտերը էլի կռկռում են.

— Փե՛փել-Կեկել... Փե՛փել-Կեկել...

— Աղչի Փեփե՜լ, Կեկել, դե մանածը բերեք։

Գորտերը շարունակում են կռկռալ, իսկ մանածը չեն բերում։ Հուռին մին էլ որ նայում է, աչքովն ընկնում է գետի ափերին ու քարերին փաթաթված կանաչ մուռը։

— Վո՜ւյ, — ասում է, — քոռանամ ես, տե՛ս, համ գզել ու մանել են, համ խալիչա են գործել իրենց համար։

Ձեռը ճակատին է դնում ձեն տալի.

— Դե որ խալիչա եք գործել, մեր բամբակի փողը բերեք։— Ձեն է տալի ու ոտը փոխում է, մտնում ջուրը։ Հանկարծ ոտը առնում է մի կոշտ բանի։ Հանում է տեսնում՝ մի կտոր ոսկի։ Փեփելին ու Կեկելին շնորհակալություն է անում, ոսկու կտորը փեշը դնում, գալիս տուն։ Մարդն էլ առուտուրի տեղիցն է գալիս։ Գալիս է տեսնում՝ իրենց թարեքին մի մեծ ոսկու կտոր։

— Այ կնիկ, էս ի՞նչ ոսկի է։

Թե՝ բա չես ասիլ բամբակը Փեփելի ու Կեկելի վրա ծախեցի. բամբակի փողն է։

Մարդը ո՜նց է ուրախանում, էնպես էլ դուք ուրախանաք։ Զոքանչին հրավիրում է, ընծաներ է տալի, գովում է, շնորհակալություն է անում, որ էնպես խելոք, շնորհքով, աշխատասեր աղջիկ է մեծացրել։ Քեֆ է սարքում, նստում են քեֆի։

Զոքանչը խորամանկ կին է լինում։ Իմանում է, թե բանը ինչպես է պատահել. վախենում է փեսեն էլի աղջկանը գործ հանձնի, ու գաղտնիքը բացվի։ Քեֆի լավ ժամանակը մի բզեզ է ներս մտնում ու բըռռացնելով պտտվում սենյակում։ Էս զոքանչը վեր է կենում գլուխ է տալի բզեզին։ Ասում է.

— Բարով եկար, մորքուր ջան, ո՜նց ես. ո՜րտեղ ես, էսքան ժամանակ չես երևում... Ախր քեզ ո՞վ էր ասում էդքան բան անես, որ էդ օրն ընկնես...

Փեսեն մնում է զարմացած։ Ասում է.

— Այ մեր, խելագարվեցի՞ր, քեզ ի՞նչ պատահեց. էդ բզեզին էդ ի՞նչ ես ասում, մորաքո՞ւրս որն է...

Զոքանչը թե.

— Այ որդի, քեզանից ինչ թաքցնեմ, դու էլ իմ որդին ես։ Չես ասիլ էս բզեզն իմ մորաքույրն է։ Խեղճը շատ աշխատասեր կնիկ էր։ Ամբողջ օրն աշխատում էր, շատ աշխատելուց կուչ եկավ, պստիկացավ, էնքան պստիկացավ, որ դառավ բզեզ։ Մեր ցեղն էսպես է։ Շատ աշխատասեր ենք։ Բայց աշխատելուց պստիկանում, բզեզ ենք դառնում։

Էս որ փեսեն լսում է, վախից քիչ է մնում պռոշը ճաքի, էն է լինում որ էն, արգելում է Հուռիին ձեռն էլ բանի չտա, որ մորքուրի նման բզեզ չդառնա։

____________________________________


ԿԻԿՈՍԻ ՄԱՀԸ

Մի աղքատ մարդ ու կնիկ են լինում, ունենում են երեք աղջիկ։

Մի օր հերը աշխատելիս է լինում, ծարավում է, մեծ աղջկանը ջուրն է ղրկում։ Էս աղջիկը կուժն առնում է գնում աղբյուրը։ Աղբրի գլխին մի բարձր ծառ է լինում։ Էս ծառը որ տեսնում է՝ իրեն-իրեն միտք է անում.

— Հիմի որ ես մարդի գնամ ու մի որդի ունենամ, անունն էլ դնենք Կիկոս. Կիկոսը գա էս ծառին բարձրանա ու վեր ընկնի, քարովը դիպչի մեռնի...

— Վա՛յ, Կիկոս ջան, վա՜յ...

Տեղն ու տեղը ծառի տակին նստում է՝ սկսում է սուգ անել.

Գընացի մարդի,
Ունեցա որդի,
Գըդակը պոպոզ,
Անունը Կիկոս.
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին...
Վա՜յ Կիկոս ջան,
Վա՜յ որդի ջան...

Մերն սպասում է, սպասում, տեսնում է չեկավ, միջնեկ աղջկանն է ղրկում։ Ասում է.

— Գնա՛ մի տե՛ս, քույրդ ընչի՛ ուշացավ։

Միջնեկ աղջիկն է գնում։

Մեծ քույրը սրան որ հեռվից տեսնում է՝ ձենն ավելի է բարձրացնում։

— Արի՛, արի՛, անբախտ մորքուր, տես քո Կիկոսն ինչ եղավ։

— Ի՞նչ Կիկոս։

— Բա չես ասիլ՝

Գընացի մարդի,
Ունեցա որդի,
Գըդակը պոպոզ,
Անունը Կիկոս.
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին...
Վա՜յ Կիկոս ջան,
Վա՜յ որդի ջան...

— Վա՜յ Կիկոս ջան, վա՜յ, — գոռում է միջնեկ քույրը, նստում է մեծ քրոջ կողքին ու սկսում են միասին սուգ անել։

Մերն սպասում է, սպասում, տեսնում է չեկան, պստիկ աղջկանն է ղրկում։ Ասում է.

— Աղջի՛, մի գնա տես քույրերդ ի՞նչ եղան։ Գնացին, ետ չեկան։

Հիմի պստիկ աղջիկն է գնում։ Գնում է տեսնում՝ երկու քույրերն էլ աղբրի գլխին նստած լաց են լինում։

— Քա՛, ընչի՞ եք լաց ըլում։

Մեծ քույրը թե՝ բա չես ասիլ՝

Գընացի մարդի,
Ունեցա որդի,
Գըդակը պոպոզ,
Անունը Կիկոս.
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին...
Վա՜յ Կիկոս ջան,
Վա՜յ որդի ջան...

— Վա՜յ քու մորքուրին, Կիկոս ջան, վա՜յ;— սա էլ է գլխին տալիս ու մյուսների կողքին նստում, ձեն-ձենի տալիս։

Մերն սպասում է, սպասում, տեսնում է աղջիկները չեկան, ինքն է գնում։

Հեռվից իրենց մորը տեսնում են թե չէ՝ երեք աղջիկն էլ կանչում են.

— Արի, արի՛, անբախտ տատի, տե՛ս թոռանդ գլուխն ինչ է եկել։

— Ի՞նչ թոռ, ա՛յ աղջկերք, ի՞նչ է պատահել։

Մեծ աղջիկը թե՝ բա չես ասիլ, ա՛յ մեր՝

Գընացի մարդի,
Ունեցա որդի,
Գըդակը պոպոզ,
Անունը Կիկոս.
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին...
Վա՜յ Կիկոս ջան,
Վա՜յ որդի ջան...

— Վա՜յ, քոռանան քու տատի աչքերը, Կիկոս ջան, — մերն էլ ծնկանը զարկում է, նստում է աղջիկների կողքին, սկսում է նրանց հետ սուգ անել։

Մարդը տեսնում է՝ կնիկն էլ գնաց աղջիկների ետևից ու սա էլ չեկավ։ Ասում է՝ մի գնամ տեսնեմ էս ինչ պատահեց, որ սրանք իրար ետևից գնացին մնացին աղբրումը։

Վեր է կենում գնում։

Կնիկն ու աղջկերքը հենց սրա գլուխը հեռվից տեսնում են թե չէ, ձեն են տալի.

— Արի, արի՛, անբախտ պապի, արի տես քու Կիկոսի գլուխն ի՞նչ է եկել... վա՜յ քու Կիկոսին...

— Ի՞նչ Կիկոս, ի՞նչ եք ասում, — զարմանում է մարդը։

Մեծ աղջիկը թե՝ բա չես ասիլ, ա՛յ հեր՝

Գընացի մարդի,
Ունեցա որդի,
Գըդակը պոպոզ,
Անունը Կիկոս.
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին...
Վա՜յ Կիկոս ջան,
Վա՜յ որդի ջան...

— Վա՜յ, Կիկոս ջա՜ն, — ծնկներին տալիս են ու սուգ են անում մեր ու ադջկերք։

Սրանց միջի խելոքը հերն է լինում։ Ասում է.

— Ա՛յ հիմարներ, ի՞նչ եք նստել էստեղ ու սուգ եք անում։ Ինչքան էլ սուգ անեք, ինչքան էլ լաց ըլեք, հո Կիկոսն էլ կենդանանալու չի։ Վեր կացեք, եկեք գնանք մեր տունը, մարդ կանչենք, ժամ ու պատարագ անենք, Կիկոսի քելեխը տանք, լացով ի՞նչ պետք է անենք։ Աշխարհքի կարգ է, ինչպես եկել է, էնպես էլ պետք է գնա։

Դու մի՛ ասիլ՝ սրանց ունեցած-չունեցած չորսոտանին մի եզն է լինում, ունեցած փոշին էլ մի քթոց ալյուր։

Գալիս են էս եզը մորթում, էս մի քթոց ալյուրն էլ հաց թխում, ժողովուրդ են կանչում, ժամ ու պատարագ են անում, Կիկոսի քելեխն ուտեցնում, որ նոր հանգստանում են։

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր Գրական էջ
03:29, 22.12.2017
13239 | 0
01:01, 08.12.2017
30100 | 0
23:45, 27.08.2017
21956 | 0
դեպի վեր