ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +12 °C ... +23 °C Վաղը`+22 °C
Երեք ծերունիները
22:47, 30.12.2020
4467 | 0

Մի կին, երբ օրերից մի օր դուրս է գալիս տնից, նկատում է քիչ հեռվում տեղադրված նստարանին նստած երեք երկարամորուս անծանոթ ծերունու: Կինը նրանց ասում է.

-Ես ձեզ չեմ ճանաչում, բայց, կարծում եմ, թե պիտի որ քաղցած լինեք: Խնդրեմ՝ համեցեք տուն. ես ձեզ կկերակրեմ:

-Տան տղամարդը ներսո՞ւմ է, - հարցնում են ծերունիները:

-Ո՛չ, նա դուրս է եկել, - պատասխանում է կինը:

-Այդ դեպքում մենք չենք կարող ներս մտել, - պատասխանում են ծերունիները:

Երեկոյան, երբ ամուսինը տուն է գալիս, կինն ամուսնուն ասում է, թե ինչ է տեղի ունեցել:

-Գնա՛ նրանց ասա, որ ես տանն եմ և նե՛րս հրավիրիր, - ասում է ամուսինը:

Կինը դուրս է գալիս և ծերունիներին տուն է հրավիրում:

-Մենք երբեք միասին որևէ տուն չենք մտնում, - պատասխանում են նրանք:

Ինչո՞ւ, - ուզում է իմանալ կինը:

Ծերունիներից մեկը պատասխանում է.

-Իմ այս ընկերոջ անունը Հարստություն է, այս մյուսինը՝ Հաջողություն, իսկ իմ անունը Սեր է: Իսկ հիմա վերադարձիր տուն և ամուսնուդ հետ միասին որոշեք, թե մեզանից ում եք ցանկանում ընդունել:

Կինը տուն է վերադառնում և ամուսնուն փոխանցում է իրեն ասվածը: Ամուսինը ոգևորված ասում է.

-Ի՜նչ հրաշալի է: Մե՛նք, անշո՛ւշտ, Հարստությա՛նը կհրավիրենք:

Կինն առարկում է.

-Սիրելի՛ս, ավելի՛ լավ է Հաջողությանը հրավիրենք: Տան մյուս սենյակում գտնվող հարսը, որ լսել էր նրանց խոսակցությունը, սեփական տարբերակն է առաջարկում.

-Կարծում եմ, ավելի լավ կլինի, եթե հրավիրենք Սիրուն, և մեր տունն ամբողջությանբ սիրով կլցվի:

-Մեր հարսը ճիշտ է ասում, ավելի լավ է նրա խորհրդով առաջնորդվենք, - ասում է ամուսինը: - Գնա՛ և հրավիրի՛ր Սիրուն: Թող նա լինի մեր հյուրը:

Կինը դուս է գալիս ու ասում է.

-Մենք հրավիրում ենք Սիրուն:

Սերը վեր է կենում ու քայլում է դեպի տուն: Հաջորդ պահին մյուս երկուսը նույնպես վեր են կենում և հետևում են Սիրուն: Զարմացած կինը հարցնում է Հարստությանն ու Հաջողությանը.

-Ես միայն Սիրուն հրավիրեցի: Դուք ինչո՞ւ եք գալիս:

Ծերունիները նրան միաձայն պատասխանում են.

-Եթե դուք հրավիրեիք Հարստությանը կամ Հաջողությանը, մյուս երկուսս տուն չէինք մտնի, բայց դուք հրավիրեցիք Սիրուն: Իսկ սերն ուր մտնում է, մենք ուղեկցում ենք նրան, որովհետև որտեղ Սերը կա, այնտեղ կլինի և՜ Հարստություն, և՛ Հաջողություն:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
15:25, 07.05.2024
277 | 0
դեպի վեր