MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +28 °C Tomorrow:+28 °C
Օնլայն դասընթացների մրցունակության գրավականը որակի հավաստումն է. Ռուբեն Թոփչյան
16:01, 07.09.2023
812 | 0

Միկրոորակավորում շնորհող օնլայն դասընթացների որակի ապահովումը դրանց մրցունակության և ուսանողների կողմից վստահության արժանանալու երաշխիքն է: Թվային միջավայրում ևս պետք է որակի ապահովման գործիքներ կիրառվեն, և բուհերը պետք է պատրաստ լինեն հավաստել օնլայն դասընթացների որակը: Այս մասին սեպտեմբերի 6-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղի ունեցած Էրազմուս+ «ՄԵԴԻԱ» ծրագրի համաժողովի ժամանակ հայտարարեց Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը: Նա վարում էր «Ընդլայնելով կրթության հնարավորությունները թվային միջավայրում. գործընկեր երկրների լավագույն փորձը» խորագրով պանելային քննարկումը:

Քննարկման ժամանակ նախագծի գործընկերները Մոլդովայից, Ֆինլանդիայից, Գերմանիայից, Հայաստանից նշեցին, որ բուհերը կարիք ունեն հարմարվելու նոր միտումներին, հաշվի առնել սովորողների և գործատուների կարիքները և միկրոորակավորում շնորհող կարճաժամկետ ծրագրեր իրականացնել թվային միջավայրում: Դրանք հնարավորություն կտան մասնագետներին ձեռք բերել լրացուցիչ մասնագիտական կարողություններ և հմտություններ:

Ռուբեն Թոփչյանը կարևորեց, որ կարճաժամկետ օնլայն ծրագրեր իրականացնելիս բուհերը չտրվեն հեշտ լուծումներին և պահպանեն իրենց բրենդի համբավը. հեշտ լուծումները կապահովեն ուսանողների կարճաժամկետ հոսք, մինչդեռ գործատուների հետ համագործակցությամբ և որակի ապահովման շրջափուլի կիրառմամբ իրականացվող ծրագրերը երկարաժամկետ արդյունքներ կապահովեն:

Պարոն Թոփչյանը ծրագրի մասնակիցներին որպես գործատուների հետ համագործակցության միջոց առաջարկեց կիրառել ՏԵՄՊՈՒՍ-ի «ԱՐԱՐԱՏ» ծրագրի շրջանակում ՈԱԱԿ-ի կողմից մշակված և փորձարկված մոդելը. այն ենթադրում է միջնորդավորված շփում գործատուի և դասախոսի միջև, ինչը հնարավորություն կտա կենտրոնանալ հենց գործատուի պահանջների վրա:

Կարևորվեց նաև, որ միկրոորակավորում շնորհող ծրագրերը լինեն հնարավորինս պրակտիկ: «Դասախոսը նյութը պետք է ներկայացնի ոչ թե որպես գիտելիք, այլ որպես հմտություն, որով ուսանողը խնդիրներ է լուծելու: Ի վերջո, ուսանողը միկրոորակավորում շնորհող դասընթացը նախընտրում է կոնկրետ խնդիրներ լուծել սովորելու համար», - ասաց պարոն Թոփչյանը:

«ՄԵԴԻԱ» (Օնլայն կրթության որակի բարելավում Հայաստանի և Մոլդովայի բուհերում) նախագիծն իրականացվում է Էրազմուս + և ԵՄ ֆինանսավորմամբ: Նպատակն է շահակից երկրներում մշակել օնլայն կրթության որակի բարելավման շրջանակ և մշակել օնլայն կարճաժամկետ կրթական ծրագրեր, որոնք կհամապատասխանեն պետական պահանջներին և կլինեն հավատարմագրված:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն
to top