ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
ՌԴ-ն դուրս եկավ Ռազմավարական հարձակվողական սպառազինությունների սահմանափակման պայմանագրից. ԱՄՆ-ի արձագանքը
23:30, 21.02.2023 | mamul.am
8170 | 0

ԱՄՆ-ն ափսոսում է Վլադիմիր Պուտինի որոշման համար, ըստ որի, դադարեցվում է Ռուսաստանի մասնակցությունը Ռազմավարական հարձակվողական սպառազինությունների սահմանափակման պայմանագրին (START-Strategic Arms Limitation Treaty): ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ռուսաստանի ղեկավարի հայտարարությունը «անպատասխանատու» է որակել։

«START-ին մասնակցությունը կասեցնելու մասին Ռուսաստանի հայտարարությունը անպատասխանատու է և խորը ափսոսանք է առաջացնում։ Մենք ուշադիր հետևելու ենք, թե ինչ է իրականում անում Ռուսաստանը,- նրա խոսքերը մեջբերում է Reuters-ը։- Մենք, իհարկե, կհամոզվենք, որ ամեն դեպքում պատշաճ կերպով գործենք՝ ապահովելու մեր երկրի և մեր դաշնակիցների անվտանգությունը»։

Բլինքենն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել Ռուսաստանի հետ ռազմավարական հարձակողական զենքի սահմանափակումների մասին քննարկումը` անկախ երկրների միջև երկկողմ հարաբերությունների վիճակից և աշխարհում տեղի ունեցող իրադարձություններից։ Նա հավելել է, որ միջուկային խոշոր տերությունները պետք է «պատասխանատու կերպով վարվեն»։

Իր հերթին ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ասել է, որ ոչ ոք չի պատրաստվում հարձակվել Ռուսաստանի վրա՝ մեկնաբանելով Պուտինի խոսքերը, թե Ուկրաինայում հակամարտությունը ծավալվում է Արևմուտքի մեղքով։

«Որոշակի անհեթեթություն կա այն մտքի մեջ, որ Ռուսաստանը գտնվում է Ուկրաինայի կամ որևէ այլ երկրի ռազմական սպառնալիքի տակ», - մեջբերում է Սալիվանի խոսքերը Financial Times-ը:

Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը դադարեցնում է իր մասնակցությունը Ռազմավարական հարձակողական սպառազինությունների սահմանափակման պայմանագրին։ Այդ մասին նա հայտարարել է Դաշնային ժողովին ուղղված իր ելույթի ժամանակ։ Նա պաշտպանության նախարարությանը և «Ռոսատոմին» կոչ է արել պատրաստակամություն ապահովել ռուսական միջուկային զենքի փորձարկման համար։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, մեկնաբանելով Ռուսաստանի ղեկավարի հայտարարությունը, այն անվանել է «միջուկային զսպման համակարգի փլուզում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր