ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Կիլիկիայի առաջին բնակիչները եղել են հենց հայերը». Մհեր Հակոբյան
00:30, 01.07.2024 | mamul.am
1624 | 0

Ռազմաքաղաքական հարցերի վերլուծաբան Մհեր Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջերս մի առիթի էի, որտեղ կենաց ասողը, հիշատակելով Հայոց պատմությունը, խոսքի մեջ ասաց, թե. «...ՀԱԶԱՐ ՏԱՐԻ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԵՆՔ ՈՒՆԵՑԵԼ», հետո էլ, թեթևակի քաշքշելով թվերը, հիշեցրեց 1045 թվականը: Քիչ անց էլ, կարծես հիշելով Կիլիկիայի թագավորությունը, խոսողն ավելացրեց, թե խոսքը բուն Հայաստանի մասին է: Այս կապակցությամբ կուզենայի ասել, որ, ՈՉ, հարգելիներս, ԴԱ ԱՅԴՊԵՍ ՉԷ, գուցե այդպես հեշտ է հիշելը, գուցե նույնիսկ լաց լինելու համար է դա հարմար, բայց՝ ոչ, ՈՉ ՄԻ ԿԵՐՊ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ԱՍԵԼ, որ մենք մեկ հազարամյակ պետականություն չենք ունեցել:
ՆԱԽ և ԱՄԵՆԻՑ ԱՌԱՋ` Կիլիկիան պատմական Հայաստանի մի մասն է: Կիլիկիայի առաջին բնակիչները եղել են հենց հայերը, ոչ թե հույները կամ առավել ևս, օրինակ, թուրքերը, Կիլիկիան աշխարհագրորեն կազմում է Հայկական լեռնաշխարհի մի մասը և ուղղակի հնարավոր չէ մատնանշել մի որևէ լուրջ փաստարկ, թե ինչու այն պատմական Հայաստան չէ, իսկ այն, որ Կիլիկիայի թագավորությունը, անկախ տարածքային ընդգրկումից, ունեցել է համահայկական նշանակություն, փաստ է:
ԵՐԿՐՈՐԴ, Կիլիկիայի թագավորության մայրաքաղաք Սիսն ընկել է 1375 թ-ին և, եթե միայն դա էլ հաշվի առնենք, ապա արդեն իսկ հազար տարի չի ստացվում: Մայրաքաղաքի անկումից հետո ևս, սակայն, հայկական պետականությունն իր գոյությունը շարունակել է Լեռնային Կիլիկիայում, որտեղ հայերի ամրացված կետերի հիմնական մասն ընկավ միայն... 1468 թ-ին՝ ՍԻՍԻ ԱՆԿՈՒՄԻՑ ԳՐԵԹԵ 100 ՏԱՐԻ ԱՆՑ, ընդ որում ,դրանցից ամենագլխավորը՝ Զեյթունը, չընկավ և դիմացավ մինչև 1922 թ-ը: Նույն այդ, գրեթե մեկդարյա ժամանակաշրջանում Կիլիկիայում իշխեցին... ԵՐԵՔ ԱՐՔԱՆԵՐ: Կան հիմքեր ենթադրելու, որ Կիլիկիայի թագավորության վերջին արքա Օշին II-ի (1426-1465) 1465 թ-ին տեղի ունեցած հենց մահն ու նոր արքայի բացակայությունն էր, որ ստիպեց Աղթամարում արքա հռչակել ՀԱՅՈՑ ՎԵՐՋԻՆ ԱՐՔԱՅԻՆ՝ Սմբատ IV-ին (1465-1471): Վերջին գործընթացը կարելի է դիտարկել նույն այն օրինաչափությունների սահմաններում, ինչ Հայոց կաթողիկոսարանի վերահաստատումը Էջմիածնում 1440 թ-ին՝ քաղաքական կյանքը Հայաստանի ծայրամասից վերադառնում էր Հայաստանի կենտրոնական շրջաններ:
ԵՐՐՈՐԴ, նույնիսկ 1471 թ-ից հետո պատմական Հայաստանի շատ տարածքներում շարունակում էին գործել հայկական իշխանություններ՝ Արցախ, Սյունիք, Տարոն, Ռշտունիք, Մոկք, Համշեն, Զեյթուն և այլն:
ՉՈՐՐՈՐԴ, հայերը ներկայացված էին Հայաստանի տարածքում գործող գործնականում բոլոր պետական մարմինների վարչակառավարչական համակարգերում, լինեին դրանք քրիստոնյա (Քարթլիի թագավորություն և Տրապիզոնի կայսրություն), թե մահմեդական (Շահարմենների, Շադդադյանների, Շամբոյանների և այլ էմիրություններ) իշխանություններ: Սրանք, բնականաբար, հայկական պետություններ չէին, բայց, անկասկած, իրենց գոնե մի մասով ՆԱԵՎ հայերի պետություններ էին:
ԵՎ ՎԵՐՋԱՊԵՍ, պետությունը միայն արտաքին կրիչ չէ, այն ունի նաև ներքին բովանդակություն, իսկ այդ ոլորտում հայերի ներքին կյանքը հիշատակված դժվար հարյուրամյակներում կազմակերպել է Հայ Առաքելական եկեղեցին՝ ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏԻՎ ԻՐԵՆ: Ավելին, Ամենայն Հայոց կաթողիկոսները երբեմն նույնիսկ արտաքին ներկայացուցչական գործառույթներ են իրականացրել՝ կապեր հաստատելով արտասահմանյան երկրների հետ:
Այնպես որ... խնդրանք և պահանջ - զգույշ եղեք, ՄԱԿԵՐԵՍԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐՈՎ ՄԻ ԱՐԺԵԶՐԿԵՔ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ և հերթական ու անտեղի մեղքի զգացումը ՄԻ ԲԱՐԴԵՔ մեր ժողովրդի վրա. առանց դրա էլ հայերի համար հիմա հեշտ չէ»:

Աղբյուրը` Մհեր Հակոբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր