ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +11 °C ... +17 °C Վաղը`+18 °C
Նիկոլ Փաշինյանը երեք ժամանոց փակ հանդիպում է ունեցել ՔՊ-ականների հետ. «Հրապարակ»
09:24, 28.09.2023 | mamul.am
6697 | 0

«Հրապարակ»-ը գրում է. «Տևական ընդմիջումից հետո երեկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները վերջապես հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ և ավելի քան երեք ժամանոց քննարկում ունեցել։ Ուշագրավ է, որ հանդիպման մասին պատգամավորներին «ծանուցել» են հանդիպումից հինգ պակաս, որպեսզի խուսափեն հնարավոր արտահոսքերից և դրանցից բխող հետևանքներից։ Նիկոլ Փաշինյանը երեկոյան 7-ի սահմաններում է գնացել խորհրդարան, ՔՊ-ական մեծամասնությունը, որոնց օրեր առաջ հրահանգել էին մնալ Երևանում, գրեթե մեկ մարդու պես ներկայացել է հավաքին, հատուկ զգուշացվել է՝ մամուլում արտահոսք չլինի: Այդուհանդերձ, մեզ հաջողվեց որոշ մանրամասներ պարզել։
Նիկոլ Փաշինյանն Արցախում կատարվածի մասին խոսել է պոստ ֆակտում՝ ասելով, թե պետական գերատեսչություններին հանձնարարել է՝ հնարավորինս արագ ու սահուն կազմակերպել արցախցիների ոչ միայն վերաբնակեցումը, այլև նրանց աշխատանքով ապահովելու հարցերը՝ շեշտելով, որ որոշում է կայացվել ոչ մի դեպքում նրանց Երևանում չբնակեցնեն։ Հասկանալի է, թե ինչու:

Իր տպավորությունների մասին է կիսվել, որ ռուսները կփորձեն Արցախում որոշ թվով մարդկանց պահել, որպեսզի շարունակեն իրենց գործունեությունը, իմիջիայլոց արձանագրել է, որ դա արդեն Հայաստանի խնդիրը չէ, թող Ադրբեջանի հետ ռուսներն իրենց հարցերը լուծեն։ Ապա երկար խոսել է հոկտեմբերի 5-ի հանդիպման մասին․ հայտնի է, որ այդ օրը Իսպանիայի Գրանադա քաղաքում կայանալիք Եվրոպական Միության գագաթնաժողովում նախատեսված է Փաշինյան-Ալիև հանդիպում, որին մասնակցելու են ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը: Թիմակիցներին, կարելի է ասել, աչքալուսանք է տվել, որ այլևս մոտ ենք այնքան սպասված «խաղաղության պայմանագրի» ստորագրմանը, և հոկտեմբերի 5-ի հանդիպումով պետք է այդ փաստաթղթի ստորագրման հիմքերը դրվեն:

Ըստ ամենայնի, Գրանադայում կընդունվի հայտարարություն, որով կետ առ կետ կարձանագրվի քայլերի հաջորդականությունը՝ դելիմիտացիա, միմյանց տարածքային ամբողջականության ճանաչում և այլն։ Նիկոլ Փաշինյանը գրեթե բաց տեքստով հայտարարել է, որ Հայաստանը Ռուսաստանին դուրս է մղում տարածաշրջանից, և հոկտեմբերի 5-ի հանդիպումով ևս կհայտարարվի գործընթացի փաստական մեկնարկը։ Փաշինյանը բացատրել է, որ Արցախի կորստից հետո այլևս առոչինչ է դառնում նաև նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ռուսական կողմի դերակատարումն այդպիսով ավարտվում է»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր