ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+32 °C, +19 °C ... +32 °C Վաղը`+33 °C
Հայտնի է` ինչ են քննարկել Ալիևն ու Գերմանիայի արտգործնախարարը
21:36, 04.11.2023 | mamul.am
3689 | 0

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկին։

Հակառակորդ երկրի ղեկավարի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել ադրբեջանա-գերմանական երկկողմ կապերի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության ապահովման հարցերի շուրջ։ Գերմանիայի ԱԳ նախարարն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ իր երկիրը աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, խաղաղության պայմանագրի ստորագրմանը և այս համատեքստում Եվրոմիության աջակցությամբ իրականացվող` Բրյուսելի պլատֆորմին։ Նա նաև հայտարարել է, որ Գերմանիան պատրաստ է օգնություն ցուցաբերել Ադրբեջանի առջև ծառացած` ականների խնդրի վերացման համար։

Նախագահ Իլհամ Ալիևն իր հերթին հայտարարել է, որ Ադրբեջանն աջակցում է Հարավային Կովկասի երկրների միջև տարածաշրջանային համագործակցությանը, նշելով, որ այս երեք երկրների միջև համագործակցությունն անհնար է դարձել Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիայի պատճառով։

Ալիևն առաջ է տարել այն կեղծ թեզը, իբրև թե վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանը զենք, զինամթերք և ռազմական անձնակազմ է տեղափոխել «Ադրբեջանի Ղարաբաղի շրջան»։ «Սեպտեմբերի 2-ին Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքն Ադրբեջանի տարածքներում Հայաստանի ստեղծած և նրա կողմից աջակցվող խամաճիկ ռեժիմին, որն արդեն ինքնալուծարվել է և, սեպտեմբերի 9-ին, այսպես կոչված, «ընտրությունների» անցկացումը սադրիչ քայլեր էին, որոնք ծառայեցին տարածաշրջանում իրավիճակի սրմանը...

Ադրբեջանը տեղական հակաահաբեկչական միջոցառումների արդյունքում վերականգնել է իր ինքնիշխանությունը, մեր երկիրն աջակցում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության օրակարգին»,- նշել է Ալիևը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր