ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+35 °C
«Փաստեր՝ Հրաչյա Ներսիսյանի կյանքից, որ քչերին է հայտնի». Հովիկ Չարխչյան
09:18, 06.11.2023 | mamul.am
5731 | 0

Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել. «Մեծանուն դերասան Հրաչյա Ներսիսյանի հիշատակի օրն է: Մեկ-երկու փաստ նրա կյանքից, որ քչերին է հայտնի:
Երբ սկսում է Առաջին համաշխարհային պատերազմը, Հրաչյայի ծնողները թաքցնում են իրենց որդուն, որպեսզի նրան չզորակոչեն թուրքական բանակ: Սակայն շուտով տղային գտնում են: Նա զինվորագրվում է ու արաբների դեմ կռիվներից մեկի ժամանակ գերի է ընկնում: Հայտնվում է բանտում, որտեղ նրան խաշտանքում ու տանջում են: Միայն հրաշքով է ապագա դերասանին հաջողվում ոչ միայն կենդանի մնալ, այլև դիմել փախուստի:
Հրաչյա Ներսիսյանի ազգանունն իրականում Ներսիսյան չէ, այլ Քեչեջյան: Նոր ազգանուն նա «ստացել է» 1922 թվականին, երբ Փափազյանի թատերախմբի հետ նավով հասնում է Բաթումի: Երիտասարդ դերասանը իր հետ անձը հաստատող ոչ մի փաստաթուղթ չուներ: Եվ հենց Բաթումիում էլ նրա նոր անձնագրում գրում են Ներսիսյան:
Նա մշտապես սպասում էր, որ մի օր իրեն կձերբակալեն, ինչպես դա կատարվում էր իր խաղընկերներից շատերի հետ ստալինյան երկրում: Եվ ահա մի երեկո ներկայացումն ավարտվելուց անմիջապես հետո նրան են մոտենում համազգեստավոր մի քանիսը և ասում են. «Ներսիսյան, հետևեք մեզ»: «Վերջ, ահա և կատարվեց»,- մտածում է Ներսիսյանը և քայլում է դեպի իրեն սպասող մեքենան: Երկու կողմերից գալիս էին ուղեկցող զինվորականներ: Վերջապես մեքենան տեղ է հասնում: Դուռը բացում են, դերասանը դուրս է գալիս և հանկարծ հրապարակում շարված հազարավոր մարտիկներ սկսում են վանկարկել. «Ուռա, ուռա, ուռա, Ներ-սիս-յան, Ներ-սիս-յան…»: Ապշահար, մի կերպ շունչը տեղը բերելով Հրաչյա Ներսիսյանը շրջվում է իրեն «բերման ենթարկած» հրամանատարի կողմը և ասում է.
- Դուք էլ եք արտիստ: Բայց ես ժողովրդական արտիստ եմ…»:

Աղբյուրը` Հովիկ Չարխչյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր