ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+28 °C
«Ադրբեջանի վրա ամենամեծ ազդեցություն ունեցող պետությունը ոչ թե Թուրքիան է, այլ՝ Բրիտանիան». Հակոբ Բադալյան
03:18, 18.01.2024 | mamul.am
9745 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանի վրա ամենամեծ ազդեցություն ունեցող պետությունը գործնականում ոչ թե Թուրքիան է, այլ՝ Բրիտանիան: Բրիտանական օֆշորներում են Ալիևների փողերը, Բրիտանիան է Ադրբեջանի նավթագազային խոշորագույն ներդրողը՝ տարբեր «կոմբինացիաներով»:
Ըստ այդմ, եթե Ադրբեջանը գնում է ռեգիոնում իրավիճակի որևէ ապակայունացման, ապա միայն այն դեպքում, երբ կունենա բրիտանական «օրհնություն»:
Իմ գնահատմամբ, Կովկասում ապակայունացման զգալի մոտիվներ ներկայումս կարող է ունենալ Բրիտանիան՝ մերձավորարևելյան գոտում ծավալվող պատերազմին զուգակցված: Առավել ևս, որ, ի տարբերություն, օրինակ, ներգրավված այլ խոշոր խաղացողների, Լոնդոնն ունի ոչ պակաս ներկայացվածություն ռեգիոնում, բայց, ըստ էության, չի ստանձնել որևէ պատասխանատու հանձնառություն՝ այս կամ այն միջնորդության կամ նախաձեռնության տեսքով: Որքան քիչ է պատասխանատվության հրապարակային աստիճանը, այնքան մեծ է գործիքների և մեթոդների ընտրության անկաշկանդությունը:
Իսկ ինչո՞ւ Լոնդոնը կարող է ունենալ ապակայունացման գործիքի դիմելու շահագրգռություն:
Սա նշանակո՞ւմ է, որ Բրիտանիան վատն է մյուսներից: Իհարկե ոչ: Բոլոր խոշոր խաղացողներն էլ իրենց գործիքակազմում դիտարկում են որևէ ռեգիոնում անկայունության հրահրումը՝ ըստ անհրաժեշտության: Սա որևէ կերպ նորություն չէ:
Ավելին, օրինակ, նույն Ռուսաստանի առնչությամբ, թեև Մոսկվային այսօր Կովկասում երկրորդ ճակատ պետք չէ, բայց, եթե այնտեղ դրա հնարավորությունը գնահատեն անկասելի, ապա կասկած չունեմ, որ կհարվածեն առաջինը հենց իրենք, Պուտինի բարձրաձայնած հայտնի «պետերբուրգյան փողոցի բանաձևով»՝ если драка неизбежна, бить надо первым: Այդ մասին էլ խոսել եմ, որ Ռուսաստանը այստեղ ռազմավարական վտանգ տեսնելու պարագայում չի վարանի վա բանկ գնալու հարցում:
Վերադառնալով Բրիտանիային: Նկատենք, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Օ Բրայանը ե՞րբ հայտարարեց, որ իրենց համար անընդունելի կլինի Կենտրոնական Ասիայից Թուրքիա՝ Հայաստանի տարածքով ճանապարհի ուժով բացումը: Նա այդ մասին հայտարարեց, երբ այդ ճանապարհի կարևորության մասին հայտարարություններ էր արել Բրիտանիայի Եվրոպայի հարցերի նախարար Դոգերթին՝ Բաքվում:
Դրա վրա ուշադրություն դարձրի դեռևս այդ ժամանակ, նկատելով, որ բրիտանացի նախարարի հայտարարությունը նկատելիորեն անհանգստացրել է ԱՄՆ-ին, որին Կովկասի ապակայունացում ներկայումս որևէ կերպ պետք չէ: Բայց, ամբողջ հարցն այն է, որ նախընտրական ԱՄՆ-ն «խրվել» է մերձավորարևելյան կոնֆլիկտում: Ընդ որում, ի՞նչն է ուշագրավ, այն, որ բրիտանական հեղինակավոր «Գարդիան»-ն ու «Թելեգրաֆ»-ը հոդվածներ են հրապարակում, որով, կարծես թե, «յուղ» են լցնում կրակին, գրելով, որ Մերձավոր Արևելքում Իրանն է գերտերություն, ոչ թե ԱՄՆ-ն, գրելով, որ ԱՄՆ-ն «հանձնում» է ռեգիոնն Իրանին:
Իրավիճակի այդ գնահատականը քաղաքական մտածողության սահմանափակության պարագայում կընկալվի, իհարկե, իբրև Բրիտանիայի «պախարակում», «վարկաբեկում», Հայաստանի հանդեպ «թշնամության» արձանագրում:
Իրականում սակայն, այդօրինակ ընկալումները չափազանց պարզունակ են, ինչը ցավոք լայն տարածում ունի Հայաստանում մի շարք պատճառներով: Գործնականում, վերը նկարագրածս իրադրությունը, որը բնականաբար իմ սուբյեկտիվ գնահատականն է, այլ ոչ նոտարական կնիքով հաստատված ինչ-որ վավերագիր, հակառակի մասին է՝ Բրիտանիայի հետ առավելագույնս սերտ, հմուտ, բազմակողմ աշխատելու անհրաժեշտության մասին: Ընդ որում, Բրիտանիայի հետ այդ աշխատանքի աշխարհագրությունը, որքան էլ չհնչի տարօրինակ, կարող է չսահմանափակվել միայն Հայաստանի ու Բրիտանիայի սահմաններով:
Պարզապես, աշխատանքի արդյունավետության կարևոր գրավականներից մեկը հենց ռեգիոնալ իրողություններն ու գոյություն ունեցող մոտիվացիաները որոշակի տեղեկատվա-քարոզչական նարատիվներից ու կարծրատիպերից դուրս դիտարկելն է»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր