ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+28 °C
Նոր մանրամասներ՝ ձնահոսքի հետևանքով կյանքից զրկված Բենիամին Մանուչարյանի դեպքից. «Ժողովուրդ»
09:00, 18.01.2024 | mamul.am
34047 | 0

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ձնահոսքի հետևանքով կյանքից զրկված Բենիամին Մանուչարյանի դեպքից։ Մասնավորապես, զինվորի զորացրվելուց առաջ զանգեր են հնչել զորամասի ղեկավարներին, և պահանջել են, որ զինվորին զորացրեն հենց իր բանակ գնացած օրը։ «Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ զորամասի ղեկավար կազմը պնդել է, որ չեն կարող, սակայն պահանջները թիկունքավոր բարեկամների կողմից շարունակվել են, քանի որ ծնողները պատրաստվել են: Եւ, ահա, հրամանատարության զիջումների հետեւանքով որոշվել է զինվորին մարտական դիրքից իջեցնել, ինչն էլ ցավալի ու ողբերգական հետևանք ունեցավ։
Նշենք, որ երեկ խորհրդարանում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձավ մարտական դիրքից մշտական տեղակայման վայր գնալու ճանապարհին զոհված Բենիամին Մանուչարյանի մահվան հանգամանքներին։
Նախարարը նախ նշեց, որ ամբողջական պատկերը կարող է պարզ դառնալ միայն ծառայողական քննության և քննչական գործողությունների արդյունքում։ Ամեն դեպքում, Պապիկյանն ընդգծեց, որ վերջին 10 օրերին շատ բարդ եղանակային պայմաններ են լեռնային հատվածներում։

«Այս պահին ունենք 200 ավելի դժվարամատչելի դիրքեր, ըստ էության, փակ դիրքեր՝ բքի և ձյան պատճառով։ Շատ կարևոր է նշել, որ մենք գործ ունենք վերջին 3 տարվա ընթացքում ձևավորված առաջնագծի հետ, որտեղ ոչ բոլոր ուղղություններն են մեզ հայտնի՝ որպես պոտենցիալ ձնահոսքերի ուղղություններ։ Իհարկե, այս խնդրի, դիպվածի հիմքում կան նաև պատշաճ պարտականությունները կատարելու մեջ թերացումներ։ Ես անուններ և պաշտոններ, բնականաբար, չեմ հնչեցնի, բայց պետք է նշեմ, որ սա չի կարող չունենալ պատասխանատուներ։ Ակնհայտ է, որ վերադաս հրամանատարության կողմից առկա են այդ օրերի համար գրավոր հանձնարարականներ որևէ տեղաշարժ չիրականացնել»,- նշել էր Պապիկյանը:

Սուրեն Պապիկյանը հավելել է նաև. «Կա վարկած՝ այս դեպքի հետ կապված, ու այդ վարկածը բավական հիմնավոր է, որ շատ է եղել արտաքին ճնշումը։ Եվ պետք է հորդորեմ նաեւ մեր քաղաքացիներին, զինծառայողների հարազատներին զերծ մնալ զինված ուժերի սպաների նկատմամբ անհարկի պահանջներից։ Եղել է այնպես, որ մի խումբ հատուկ տեխնիկայի միջոցով գնացել են ընդառաջ զինծառայողին, սակայն եղանակային պայմանները թույլ չեն տվել, որ նրանք մոտենան դիրքին, զինծառայողը եկել է նրանց ընդառաջ, բայց ձնահոսքի բերումով եղել է այն, ինչ եղել է»:
«Ժողովուրդ» օրաթերթը տիրապետում է դեպքի ողջ մանրամասներին, բայց ծառայողական քննությանը և, առհասարակ, տարվող քննությանը չվնասելու համար այս պահին դրանք չենք հրապարակում»,- գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի համարում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր