WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժն ամերիկյան դատարանում ընդունել է ռազմական գաղտնիքների հրապարակման մեղքը, ինչից հետո՝ ավելի վաղ ԱՄՆ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ազատ է արձակվել, հաղորդում է ABC-ն: Նրա դեմ գործը կարճվել է։ Նիստն անցկացվել է Հյուսիսային Մարիանյան կղզիների (ԱՄՆ տարածք) շրջանային դատարանում, որտեղ Ասանժը մեկնել էր Լոնդոնից։ Ազգային պաշտպանության մասին գաղտնի տեղեկություններ ստանալու և հրապարակելու նպատակով դավադրության մեղքն ընդունելուց հետո դատավորը հայտարարել է, որ «արդար և ողջամիտ» կլինի որպես պատժի ժամկետ հաշվել 62 ամիսը, որն Ասանժն անցկացրել է Լոնդոնի «Բելմարշ» բանտում։ Ավելի լուրջ մեղադրանքները, որի համար Ասանժը կարող էր երկարատև բանտարկության դատապարտվել, հանվել են։ «Դուք ազատ մարդ եք, կարող եք դուրս գալ դատարանի դահլիճից»․- նիստի ավարտին ասել է դատավորը։ |