ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +7 °C ... +19 °C Վաղը`+20 °C
ՙՙԱՐԾԻՎ ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆՙՙ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ
12:10, 15.08.2014
3063 | 0

Ադրբեջանը հույսը դրել է զենքի վրա, բայց ո՞վ չունի զենք. ԼՂ հարցի կարգավորման՝ գեներալ Ա. Պետրոսյանի բանաձևը

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, «Արծիվ-մահապարտներ» ՀԿ նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը Tert.am-ի հետ զրույցում ներկայացրեց իր բանաձևը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ՝ ասելով, թե Ադրբեջանը հույսը դրել է սպառազինության վրա, բայց սպառազինություն ունեն բոլորը: «Անհրաժեշտ է գալ առաջնային գծի թեթևացմանը և զինադադարի պահպանմանը, նոր դրանից հետո լինի խնդրի քաղաքական հանգուցալուծման շարունակությունը: Չէ՞ որ պատերազմի կորուստն անվերադարձ կորուստ է: Իսկ հակառակորդը պետք է գնա փոխզիջման, քանի որ այդ տարածքները սովորական չեն, դրանք արդեն իսկ բնակեցված, արդեն դե ֆակտո կայացած հանրապետության տարածքներ են»:


-Արցախյան հիմնահարցի շուրջ կարծես նոր իրավիճակ է ձևավորվում: Ի՞նչ կարծիք ունեք ներկայի և ի՞նչ կանխատեսումներ՝ ապագայի շուրջ:


-Ներկա իրավիճակը թե՛ բանակցային գործընթացի, թե՛ սահմանային լարվածության առումով գրեթե փոխվում է, որովհետև Նախագահների մակարդակով բանակցություններ տեղի ունեցան: Ճիշտ է, այդ բանակցությունների վերջնական տարբերակից դեռևս ոչ մի կերպ չենք հասկանում, թե հրադադարի ռեժիմն արդյո՞ք կլինի այնպիսին, որպեսզի դրա մասին այլևս չխոսենք: Բանակցային գործընթացի նոր ձևաչափը, ինչքան հասկացանք, Ռուսաստանի միջամտությունն է, որն ուզում է տարածաշրջանում լարվածությունը թուլացնել: Ինձ համար այդ միջամտությունն անհրաժեշտ էր այդ սպառնալիքները վերացնելու համար, հակառակ դեպքում նախահարձակ կողմը միշտ էլ հարձակվողի դերում հանդես կգա: Ճիշտ էր մեր Նախագահի այն ասածը, որ պետք է հին ու նոր կանոնների մասին չխոսել, և այդ գործընթացը շարունակեն նրանք, ովքեր ինչ-որ աստիճանի վրա են հասցրել այդ գործընթացը, այսինքն՝ Ղարաբաղը պետք է նստի բանակցային սեղանի շուրջ:


Ինչ վերաբերում է մեր սահմանների նկատմամբ այս ամբողջ ոտնձգություններին, ես օրերս եղել եմ Նոյեմբերյանի շրջանում և տեսել, որ ադրբեջանցիներն այնքան էլ չեն թուլացրել զենքով հարվածները, բայց այդուհանդերձ հակահարված ստացել են և ինձ թվում է, որ գոնե հիմա երկու կողմից հրադադար կլինի: Մենք դադարեցնում ենք, որ տեղի ունենան բանակցություններ, բայց իրենք չեն դադարեցնում:


-Ազատամարտիկների և փորձառու զինվորականների պատրաստակամությունն ինչպե՞ս եք գնահատում, արդյո՞ք ուժերի համալրման կարիք այս պահին կա:


-Ազատամարտիկների կամ մեր ընդհանուր ուժերի համար, լինի այսօր, վաղը, թե մյուս օրը, կապ չունի, նրանք պատրաստ են, կարող են զորահավաքի դեպքում լինել իրենց տեղում: Ես գտնում եմ, որ այսօրվա դրությամբ ավելորդ ուժեր կենտրոնացնել պետք չէ, և երկկողմ բանակցությունները պետք է գնան նրան, որ թուլացնեն շղթան: Երկու կողմից էլ անհրաժեշտ է, որպեսզի մենք չկանգնենք մեկ զոհի, երկու զոհի պատասխան հարվածի առաջ, և էական բանակցություններ գնան, երկու կողմից էլ երկու-երեք անգամ տեղի ունենա թուլացում, այսինքն՝ դիրքերի վրա պահել սակավաթիվ հերթապահ ուժեր, իսկ մնացած ռեզերվային մասը նպատակին օգտագործվի և զենք չուղարկվի սահման, որովհետև ինչքան շատ է լինում հրազեն, այնքան ավելի շատ է այն կրակում և շատ կորուստների մատնում: Դրա համար անհրաժեշտ է գալ առաջնային գծի թեթևացմանը և զինադադարի պահպանմանը, նոր դրանից հետո լինի խնդրի քաղաքական հանգուցալուծման շարունակությունը: Չէ՞ որ պատերազմի կորուստն անվերադարձ կորուստ է: Իսկ հակառակորդը պետք է գնա փոխզիջման, քանի որ այդ տարածքները սովորական չեն, դրանք արդեն իսկ բնակեցված, արդեն դե ֆակտո կայացած հանրապետության տարածքներ են:

Իսկ ինչո՞ւ են ՀՀ տարածքների այն մասի վրա մեծ քանակությամբ կուտակումներ գնում, որոնք ոչ մի կապ չունեն Ղարաբաղյան խնդրի հետ. Նոյեմբերյանից մինչև Մեղրի, ինչպես նաև Նախիջևանի սահմանն ինչո՞ւ են համալրում ավելորդ ուժերով: Առանց հայտարարված պատերազմի ի՞նչ իմաստ ունի: Պետք է նոր սերունդը մտնի բանակցային փուլ: Նոր սերունդը, որը հիմա դիրքերում է կանգնած, էապես նոր որակ է, և այս սերունդը պետք է արկածախնդրության ետևից չգնա և կարողանա այս դժվարին իրավիճակից դուրս գալ: Երկու կողմն էլ պատերազմ չեն ուզում:


-Ադրբեջանն ինչի՞ վրա է այդքան վստահ, որ մշտապես նախահարձակ է լինում, և արդյո՞ք կարող ենք դրանից ենթադրել, որ Ադրբեջանն ուզում է պատերազմ:


-Երբ ես տեսնում եմ փախուստը դիմացի դիրքերից, դիմացի գյուղերից և այդ անկազմակերպ կրակոցները՝ ի տարբերություն մեր կազմակերպված պատասխանների և հոգեբանական իրավիճակի կայունացման, ես զգում եմ, որ նրանք պատերազմ չեն ուզում: Ուզում են ալիևները, նավթային մագնատները, որոնք փորձում են իրենց իշխանությունը երկարացնել: Նոր սերունդը՝ թե այս, թե այն կողմից, չի ուզում պատերազմ: Ադրբեջանցիները շատ լավ գիտեն, որ կեղծելով պատմությունը չեն կարող հաղթանակի հասնել, դրա համար փորձում են պատերազմ հրահրել:


Ադրբեջանը հույսը դրել է սպառազինության վրա, բայց սպառազինություն ո՞վ չունի: Իսրայելի նման պետությունը, ունենալով իր ռազմաբազան, կարող է պատերազմել երկու ճակատով: Մենք շրջապատված ենք ագրեսիվ հարևաններով, դրա համար մեզ անհրաժեշտ է այսօրվա մտածողությամբ մոտենալ և եղած ռազմավարությունը ավելի նպատակաուղղել հատկապես տարածաշրջանի զարգացմանը՝ թե տեխնիկական, թե հոգեբանական, թե ապագայի նկատմամբ ունեցած իրական գույների քաղաքականությամբ, ոչ թե երազանքով։ Մեզ անհրաժեշտ է յուրովի մոտենալ այդ բանակցային գործընթացին և բանակցեն նրանք ովքեր կարող են, ովքեր վաղը իրենց վրա են զգալու գործողությունների արդյունքը։


Հույսը դնել սպառազինության, մեծ հոր վրա... Դա ոչ մեկին ձեռնտու չէ, աշխարհը փոխվել է, աշխարհաքաղաքական զարգացումներն այլ կերպ են։ Ամեն մեկի ազգային շահը կբերի նրան, որ վերջնականապես այդ բախումները այլ լուծում կստանան։ Իսկ սպառազինություններով ոչ մի խնդիր չի լուծվի։ Եթե մենք էլ այսօր, ինչպես օրինակ պատերազմի, երկրաշարժի ժամանակ դրսից, այստեղից-այնտեղից հնարավոր միջոցները դնենք սպառազինության վրա, դրանով կխորտակենք վաղվա օրը։ Մեզ անհրաժեշտ է կիրթ, գիտակից, ուժեղ հասարակություն այն հողի վրա, որի վրա Աստված մեզ շնորհել է ապրել։ Իսկ Ղարաբաղի հարցում այլևս մեր ձևավորած սահմանները փոփոխության ենթակա չեն։


-Համաձայն հայտնի երգի տողերի, թե միայն զենքով կա հայի փրկություն, ունե՞նք այսօր այդ ներուժը թե՛ սպառազինության, թե՛ մարդկային գործոնի տեսանկյունից:


-Մեր երիտասարդությունը գործում է շատ ավելի արդյունավետ, քան մենք։ Փոքրաթիվ զենքով, զինամթերքով, սպառազինությամբ կարող է մեր մեկ հատուկ նշանակության գումարտակը վերցնել երկու, երեք բրիգադ, սակայն դա լուծում չէ։ Զենքով կա փրկություն, եթե խելամիտ ես մտածում, զենքը պետք է կիրառել ամենավճռական պահին, երբ չկա այլ լուծում։ Երբ սպառազինության մրցավազքը ավարտվել է, և պատերազմի սպառնալիք կա, իհարկե միայն զենքով է մնում կռվել, զենքը ուժ է, բայց զենքը բռնող է պետք, իսկ բռնողը միայն մարդ անհատը չէ, այլ համակարգեր են, որոնք կարող են կոսմոսից կառավարվել։ Դաշինքներով չէ, որ որոշվում է զենքի ուժը։


Չունենալով պետություն՝ մենք ասում էինք, որ զենքով է միայն փրկությունը։ Բայց Ղարաբաղում մենք կռվում էինք ոչ թե այն զենքով, որն ավելի ուժեղ է, այլ հոգու զենքով, մտավորականության զենքով, առաջնային գծում ունեցած զենքով, իսկ բանակի կառուցման, զարգացման խնդիրներ կային։


Սակայն երկկողմանի կորուստները, կորած մանուկների լացը մինչև հիմա մեր ականջներում հնչում է, չորս կողմերից այս փոշին նստած է գլխներիս, դեռևս ժամանակ չենք կարողացել գտնել այդ փոշին մաքրելու։ Տղաները, որ այսօր հավաքվում են, դեռևս խոսում են չլուծված սոցիալական վիճակի, առողջապահական խնդիրների մասին, և մարդիկ չեն կարողանում նվազագույն զամբյուղը հոգալ։ Մենք չենք երազել կյանքը կենտրոնացնել պատերազմների համար, այլ ցանկացել ենք ապահով, համերաշխ ապրել աշխարհի բոլոր ժողովուրդների հետ:


Օլիգարխայի, կաշառակերության սիստեմի մեջ թաթախված Ադրբեջանն է ցանկանում պատերազմ։ Բայց տարիներ առաջ էլ իրենք ինքնանպատակ էին կռվում, իսկ մեր կռիվը նպատակային էր, քանի որ մեր հայրենիքն էինք պաշտպանում, մեր հողը:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
,,ԱՐԾԻՎ ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ,, ՀԿ
23:31, 25.04.2018
5042 | 0
14:55, 19.02.2018
5257 | 0
17:32, 11.01.2018
5037 | 0
դեպի վեր