Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 479.64, EUR 535.66, RUB 7.47, GBP 607.85
+21 °C, +12 °C ... +23 °C Վաղը`+25 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
ՄԱՀՎԱՆԸ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՑ ՄԵԿԸ. ՍՈՂՈՄՈՆ ՍԵՅՐԱՆՅԱՆ
22:10, 22.11.2018
ԱՅՍՊԵՍ ԴՈՒ ՏՈՒՆ ԿԴԱՌՆԱՍ, ԶԻՆՎՈՐ

ՍԵՅՐԱՆՅԱՆ ՍՈՂՈՄՈՆ ԲԱԲԿԵՆԻ
21.11.1957թ. /Կաթնաջուր/-22.11.1992թ. /Գյուլիբերդ/

Սպիտակի թաղամասերում վագոն-տնակները դրված են առանց արևելք-արևմուտք, շողք ու ստվեր «հարց ու հաշվի», քանի որ խոստում կար` երկու տարի և աղետի գոտու յուրաքանչյուր բնակիչ…

Երկու տարի: Այդ երկու տարում լցվեց, սպառվեց համբերությունը: Այդ երկու տարում «Միացում-միացում» գոչելուց, հրապարակներում ցույց ու նստացույցի քաղաքակիրթ պայքարից հոգնեցինք: Գորդյան հանւյցը քանդելու համար ձեռքներս զենքին մեկնեցինք:

Այդ երկու տարում Վանաձորում տեղակայված զորամասերից մեկի ենթասպա Սողոմոն Սեյրանյանը փոխեց հիմնական մասնագիտությունը, շինարար դարձավ: Վերադարձավ հայրենի Կաթնաջուր, աշխատեց շինարարական կազմակերպությունում, ու կարծես թե գյուղը վերաշինվում էր նաև ի՛ր ձեռքերով, իր աչքի առաջ:

Հոգ չէ, թե քաղաքում վարձով էր ապրում, ով գիտե ե՞րբ բնակարան կստանա: Ծննդավայրը` սա իր մեծ Տունն է: Մեծ օջախ ունեն` իննը երեխա, հիմա ամեն մեկն էլ մի քանիսն ունի, և երբ գերդաստանի մեծ ու փոքրով հավաքվում են, Բաբկեն Սեյրանյանի օջախի ծուխը թունդ ոլորվում է գյուղի երկնքում, երկինքը լցվում է մանկանց ծիծաղ ու կանչով, մեծերը սաստում են, իզո՜ւր, արտույտ մանուկներ են, ճռվողում են… Այս մանկանց համար երկրաշարժը դեռ չի իմաստավորվել, բայց եթե երկու տարին մնա խոստում, սրանք էլ կհասցնեն հասկանալ, թե ի՞նչ ասել է աղետյալ, ի՛նչ ասել է անտուն ու որբ:

Խոստումը մնաց խոստում. ասենք` հիմք էլ չկար, ավերածությունը մեծ էր, Ղարաբաղի հարցն էլ բաց վերքի նման էր: Ոչ ոք չէր պատրաստվում այն «սկուտեղի վրա մատուցել մեզ», և դա՛ էր ճշմարտությունը: Գորդյան հանգույցը…

Հայոց լեռներում ֆիդայականչը արձագանք տվեց-առավ: Ենթասպա Սողոմոն Բաբկենի Սեյրանյանը զորամաս վերադարձավ: Դարձավ նաև «Լոռվա տղերք» երկրապահ ջոկատի անդամ…

Այսքանը գիտե՛մ: Այսքանը աղետի գոտու բնակիչ յուրաքանչյուր Երկրապահ-ֆիդայու ընդհանուր ու նման կենսագրությունն է:

…Մենք նախկին հասցեներ ունենք: Այդ հասցեներով հիմա փողոց ու տուն չեք գտնի: Հիմա, երբ անծանոթ տուն ես ուզում այցելել, վագոն–տնակների լաբիրինթոսում պիտի մոլորվես, մինչև տեղի բնակիչներից մեկի օգնությամբ թակես որևէ գունաթափված, տեղ-տեղ ժանգի հետքերով պատված տնակի դուռ: Իմ բախտը բերել է` փոքրիկ ուղեկիցս, հազիվ 6-7 տարեկան, ինձ հենց իրենց տուն է տանում:

– Ես Սողոմոն Սեյրանյանի տղան եմ, – ասում է, – ինձ պապիս անունն են տվել` Բաբկեն: Ես պապիս էլ, տատիս էլ հավասար եմ սիրում: Իրե՞նք… ի՞նչ իմանամ, հո իրենց մտքի մեջ չե՞մ…

Այս երեխան երկրաշարժից հետո է ծնվել ու նրա հիշողությունը պատկերներ չի պահում անջրպետի այն կողմից, բայց նա գիտե ի՛նչ է պատերազմն, ու սարսափելի է նաև, որ ատե՛լ գիտե, թեև` թուրքի՛ն:

– Մարշալ եմ դառնալու: Հիմա չէ՜: Հիմա` դեռ դպրոց եմ գնալու, այս տարվանի՛ց, հետո վայեննի կսովորեմ ու հետո մարշա՛լ կդառնամ:

– Հայրիկիդ հիշո՞ւմ ես:

– Չէ՜, ես շատ փոքր եմ եղել Լիլիթը հիշո՛ւմ է, Բենիկը հիշո՛ւմ է… ես փոքր եմ եղել:

– Իսկ սիրո՞ւմ ես իրեն:

– Ըհը՛: Շատ: Հայրիկս ֆիդայի էր, մամաս ինձ չի պատմում, ասում է` դեռ փոքր ես, չես հասկանում, բայց որ ուրիշների հետ խոսում է, ես լսում եմ: Հայրիկը Արծիվներից էր:

Փոքրիկը հայացքը երկնքի լազուրին է հառում ու լռում: Երևի երկնքում թևաբախող արծիվ է փնտրում: Ես ուզում եմ հավատալ, որ նա հորը տեսնում է արծվի տեսքով: Տեսնո՛ւմ է:

…Մահապարտների «Արծիվ» գումարտակը կազմավորվեց 1992-ի օգոստոսին, երբ այլընտրանք չկար:

Սա նման էր Դավթի երրորդ զարկին` այլևս խաբվելու իրավունք չունեինք, սպասել-հուսալու իրավո՛ւնք չունեինք… Այս մի զարկը, և մահվան կամուրջը կդառնար կյանքի ճանապարհ: Մեն մի Դավթազարկ: ՈՒ ԱԶԳԸ քամեց ինքն իրեն, հանեց ՍԻՐՏԸ, նետեց մարտադաշտ:

Մահապարտնե՜ր: Այսպես ծնվեցիք դուք: ԵՎ կարողացաք նախ ինքներդ ձեզ հաղթելով` հաղթել թշնամուն:

ԵՎ դու, Սողոմոն Բաբկենի Սեյրանյա՛ն, լինելով նրանցից մեկը, արդեն ինքդ քո հոգու երկու ես-երից ընտրել էիր այն, որ Վարդանանց ոգեղեն գենի կրողն էր: Ներիր, որ քեզ անծանոթ լինելով, քեզ հետ խոսում եմ մտերմի դու-ով: Այսպես խոսում են հարազատի հետ, մոտիկ ու մտերիմի հետ: Այսպես քույրը եղբոր հետ է խոսում: ՈՒ թող որ քրոջ իրավունքով հարցնեմ քեզ` ինչո՞ւ ընտանիքիդ հաղորդակից չէիր դարձնում քո հոգսերին, քո ոդիսականին: Ինչո՞ւ կինդ, դույզն իսկ չգիտե, թե մինչ Մահապարտ դառնալդ, երբ գնում ու գալիս էիր կռվից` ո՞ր մարտադաշտի փոշին էր նստած լինում հոգնած ճակատիդ:

– «Ես գնացի, ե՞րբ կգամ` չգիտե՛մ, ինձ չսպասեք» … սա նրա մշտական հրաժեշտի խոսքն էր:

Կինդ` Սուսաննան կցկտուր է խոսում: Դժվար է երեք երեխա մեծացնել, դաստիարակել այնպես, որ հոր պակասը չզգան, որբ չզգան իրենց:

Ծնունդով սպիտակցի էր, Վանաձորում չհամակերպվեց… Եկավ, ծանոթ-հարազատներ կային, հույս տվեցին, ուժ ներշնչեցին:

–Վերջին պահին կողքին գտնվողը աշտարակցի Արթուրն է եղել, խնդրել էր, որ գրպանում եղած 2500 ռուբլին նվիրի որևէ մանկատան, և մնացած երկու փամփուշտը` տա եղբայրներին…

Վերջի՜ն պահին: Ի՞նչ Կտակ էր ու ի՞նչ Պատգամ: Ընկերը, որ մեկ ուրիշ մարտում զոհվել է, հասցրել էր կատարել նրա կամքը:

Վերջին մարտը Սեյրանյանի համար Մարտակերտում, նոյեմբերի 22-ինն էր: Մեկ օր առաջ նշել էին ծնունդը, զինվորավարի՛: 35 տարեկան էր դարձել: Դա շա՞տ էր, թե քիչ: Մեկի համար քիչ է, մյուսի համար կյանքի սահմանագիծ, ու եթե հասցրել ես ինչ որ բան տալ քեզ ծնած-սնած հող ու ազգին, ուրեմն ԱՊՐԵԼ ԵՍ: Ապրել ես կյանքդ, տարել քո բաժին բախտն ու խաչը, հո՛ղ ես հերկել, օջա՛խ հիմնել, երեխանե՛ր ունեցել. նրանց անմեղ հայացքները սրտիդ խորքում` ծոցագրպանիդ լուսանկարների պես պահել ու… պատահել է զինվորական դաշտային հոսպիտալից վիրավոր ոտքդ չբուժված` փախել ես, որ… վաղվա մարտին մասնակցես, ու թեկուզ այդ մարտը քեզ համար վերջի՛նն է լինելու, դու քո՛ կռիվը հաղթությամբ ավարտես…

Հետո այնպես կլինի, որ մարմինդ, օրեր անց վերագրավված դիրքերում կգտնեն բոլորովին անծանոթ մարտիկներ, և գտնեն ծոցագրքույկդ, ու նոյեմբերի վերջին ավարտվող օրվա գույժը հեռախոսազանգի հետ կհնչի եղբորդ բնակարանում:

Այսպե՜ս դու տուն կվերադառնաս, զինվո՛ր… Սրտիդ վերքից ծորացած արյունը լերդ-լերդ չորացած կլինի. ու նման կլինի բոսոր վարդի…

ՈՒ հետո, տարիներ անց, քո թոթով մանչուկը պիտի հասկանա, որ… «ՙՀայրիկը արծիվ էր, ու… ես պիտի մարշալ դառնամ, կռվեմ հայրիկի՛ զենքով, հայերի՛ համար»: ՈՒ հետո, քո անունով կկոչեն քո ծննդավայրի դպրոցը, ու կթվա, թե Տու՜ն ես դարձել, զինվոր, ու հետո, տարիներ անց քեզ հետմահու «Արիության համար» մեդալով կպարգևատրե՛ն ու էլի՛ կթվա, թե Տու՛ն ես դարձել, զինվո՛ր:

Այսպես, անվերջ դու Տուն կդառնաս, զինվո՛ր, ու տեղ չես հասնի, քանզի վերջ չունի այս ճանապարհը` անվե՜րջ վերադարձի:

Վարսիկ ԲԱԴԻԿՅԱՆ
«Սպիտակ», 1998թ.


***


Հ.Գ-ՄԱՐՏԱԿԱՆ ՈՒՂԻ -Սողոմոն Բաբկենի Սեյրանյանը 1992թ. մարտ ամսից Վանաձորի «Լոռվա տղերք» ջոկատի կազմում կազմում մասնակցել է ՀՀ և ԼՂՀ սահմանների պաշտպանության գործողություններին:


1992թ. օգոստոսի 15-ին, Վ.Սարգսյանի կոչով, ջոկատի այլ ազատամարտիկների հետ /հրամանատար` Ղարիբ Լազարի Սահակյան/ զինվորագրվել է ՀՀ ՊՆ «Արծիվ մահապարտներ» հատուկ նշանակության գումարտակին: Մասնակցել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Գանձասարի վանական համալիրի, Վանք, Պողոսագոմեր, Հարությունագոմեր, Չլդրան, և այլ գյուղերի պաշտպանության և ազատագրական մարտերին, որպես ՀՆԳ 4-րդ դասակի մարտիկ, ցուցաբերել է արիություն, նվիրվածություն:


1992թ. հոկտեմբերից ՀՀ ՊՆ «Արծիվ 5» գումարտակի կազմում շարունակել է մարտական ուղին` Լաչինում: Զոհվել է 22.11.92թ.-ին` Լաչինի միջանցքում:


1992թ. սեպտեմբերի 1-26-ը ԼՂՀ Մարտակերտի շրջանի գյուղերի պաշտպանության և ազատագրության ժամանակ «Արծիվ -Մահապարտների» հատուկ նշանակության գումարտակի աննախադեպ մասսայական սխրանքին մասնակցության, մարտերում ցուցաբերած խիզախության համար հետմահու 1998թ. սեպտեմբերի 19-ին պարգևատրվել է ՀՀ, 2012թ. սեպտեմբերի 26-ին` ԼՂՀ Արիության մեդալներով, ինչպես նաև` 1997թ. օգոստոսի 31-ին` ՀՀ ՊՆ «Արծիվ մահապարտներ» կրծքանշան-հուշամեդալով, 2007թ. օգոստոսի 15-ին` Արծիվ մահապարտների միություն ՀԿ «Արծիվ մահապարտ-Վազգեն Սարգսյան» շքանշանով, և այլ պարգևներով: Նրա ծննդավայրի` Կաթնաջուրի միջնակարգ դպրոցը կոչվում է Արծիվ մահապարտ ՍողոմոնՍեյրանյանի անունով:


***


Հեղինակի կողմից-Սողոմոն Բաբկենի Սեյրանյանի ընտանիքը այս ակնարկի առաջին հրապարակումից մի քանի ամիս անց, 1999թ.-ին, Սպիտակում բնակարան ստացավ, տարիների հետ տիկին Սուսաննա Էհտիբարյանը մոր քնքշանքին ու նվիրվածությանը հոր հոգատար խստությունն ու պատասխանատվությունը գումարեց, պայքարեց ճակատագրի դեմ, ու Հաղթեց: Երեխաները մեծացան, այժմ Լիլիթը բանասեր-սոցիոլոգ է, Բենիկը` շինարար, Բաբկենը` Ագրարային համալսարանի ուսանող: Երեքն էլ կիրթ, հայրենասեր, հասարակության կողմից հարգված քաղաքացիներ են դարձել: Երկուսն արդեն ամուսնացել, երեխաներ ունեն: Եվ հայրենապաշտ Մահապարտ Սողոմոն Սեյրանյանի անվե՜րջ վերադարձի ճանապարհը շարունակվեց դեպի Իր տուն` հայկական օջախ, որ արդեն վերածվում է գերդաստանի, որտեղ թոռների աշխույժ կանչ ու ճռվողյունին անվերջ հետևում է նրա հանդարտ հայացքը` ցավոք շրջանակված լուսանկարից:


Վ.Բ


22.11.2018թ. ք.Երևան





Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
,,ԱՐԾԻՎ ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ,, ՀԿ
17:32, 11.01.2018
դեպի վեր