Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 479.64, EUR 535.66, RUB 7.47, GBP 607.85
+21 °C, +12 °C ... +23 °C Վաղը`+25 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
ՄԻՇՏ ԲԱՐՈՒԹՅՈՒՆ ԲԵՐ ԺՈՂՈՎՐԴԻԴ
02:52, 08.12.2018

ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ ԱՎԵՏԻՔԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ-Ծնվել է 1952 թվականի դեկտեմբերի 8-ին Սպիտակի շրջանի ՀայՓամփ գյուղում: Ավարտել է Վանաձորի թիվ 8 միջնակարգ դպրոցը, այնուհետև ընդունվել և 1975 թվականին, ավարտելով Երևանի Կ.Մարքսի անվան Պետական Պոլիտեխնիկական ինստիտուտի Լեռնա-մետալուրգիական ֆակուլտետը, և ստանալով ինժեներ-մետալուրգի որակավորում «Մետաղագիտություն, մետաղների ջերմային մշակման տեխնոլոգիա և սարքավորումներ» մասնագիտությամբ, աշխատանքի է գործուղվում Մոսկվայի սարքաշինական գործարանի ՈՒկրաինայի Վիննիցայի մարզի Յամպոլի մասնաճյուղ, որպես ինժեներ-տեխնոլոգ, ապա` ավագ ինժեներ մետաղագիտության ու ջերմամշակման տեխնոլոգիայի գծով: Երեք տարի անց հրավիրվում է «Հայ. մեք. շին» գիտահետազոտական ինստիտուտի կենտրոնական գիտահետազոտական լաբորատորիա, որպես ավագ ինժեներ, հետո` Առաջատար ինժեներ, ապա նշանակվում` գիտական խմբի ղեկավար, լաբորատորիայի վարիչի տեղակալ: 1983թ. որպես ավագ գիտական աշխատող հրավիրվում է Մոսկվայի «Ռեմդետալ» ԳԱՄ: Գիտական մի շարք հոդվածների, նորարարությունների հեղինակ է: Գիտական աշխատանքով շարունակում է զբաղվել նաև «Ալմաստ» գիտաարտադրական միավորման գլխավոր ինժեների պաշտոնում աշխատելիս, մինչև 1989– ի դեկտեմբերի ութին` իր ծննդյան օրը, երբ նրան` ղարաբաղյան շարժման «Ղարաբաղ» կոմիտեի ավանգարդիստին առաջարկում են կամ աշխատանքը նախկին պաշտոնում, կամ մանակցություն արցախյան շարժմանը: Ընտրում է երկրորդը: Դիսերտացիան կիսատ է մնում
***

– Պարոն Գեներալ, մարդը գալիս է իր մանկությունից… սկսենք թերևս հենց Սպիտակի հետ կապված ձեր հուշերից, ու գանք` մտորենք այսօրվա մասին… Ի՞նչն է ձեզ կապում Սպիտակի շրջանի հետ, բացի այն, ինչ գրված է ձեր անձնագրում…

–… Որ ծնվել եմ Սպիտակի շրջանի Հայ-Փամփ գյուղում: Հիմա Լեռնապար է կոչվում; Դա իմ ծննդավայրն է: Այդ գյուղի ամեն քար ու թուփ ինձ հարազատ է և հիշեցնում է Սպիտակի շրջանը իր եղած-չեղածով: Սկսած մայրիկի աշխատանքային գործունեության սկզբից, նա ուսուցչուհի էր և կոմունիստ-ակտիվիստ, մինչև հայրիկի աշխատանքային հաշվետվություններըտարբեր պատճառներով, Սպիտակի շրջանը իմ կյանքում միշտ ներկա՛ էՄեր գյուղից դուրս էինք գալիս, գնում շրջկենտրոն` Սպիտակ: Այդ ճանապարհը Ջրաշենի միջով էլ էր անցնում, տատիս գյուղով: Որդնավի` Ջրաշենի միջով, ճակնդեղի դաշտերի միջով: Ոտքով էլ ենք Սպիտակ գնացել-եկել: Հիշում եմ` գնում էինք կոմերիտական ընդունվելու, մթնով հոգնած տեղ հասանքասացին` «Բարով եք եկել», ես ասի` «Հազա՛ր բարի…: - Ժպտում է» -Կոմսոմոլի առաջին քարտուղա՞րըչեմ հիշում` ով էր, բայց դա հաստա՛տ յոթերորդ դասարանում էր: Մյուսները ութերորդ դասարանից էին գալիս կոմսոմոլ ընդունվելու: Իսկ ես` յոթերորդից;

–Ինչու՞:

–Դե, գերազանցիկ տղա էի…

–Այդ տարիքում Ալիկ Պետրոսյանը գիտե՞ր, որ ինքը երբևէ զինվորական է դառնալու: Մտածու՞մ էիք այդ մասին:

– Զինվորը… Զինվորներին շատ էի սիրում: Մեր գյուղը Արագածի փեշերին է: Այնտեղ, սարի վրա զինվորական պահակակետ կար; Ես դահուկներով սահում էի սարի լանջին: Իրենք էլ դահուկներ ունեին, միայն թե իրենցը լայն էր, իմը` նեղ: Զինվորներն էլ ինձ էին սիրում, որովհետև ես համ դահուկներով էի լավ սահում, համ էլ լավ ֆուտբոլ էի խաղում: Զինվորական գործը սիրել եմ: Բայց, երբ մի անգամ, Սպիտակում ռուսերենից առարկայական մրցույթի էի մանակցում, այն հարցին, թե «Ի՞նչ ես դու ցանկանում դառնալ», ես պատասխանը գրեցի` «ՈՒզում եմ ազգային գործիչ դառնալ»:

–Ըստ ձեզ հիմա ավելի շատ ազգի համար քաղաքակա՞ն գործիչներն են տանջվում, թե՞ զինվորական գործիչները:

–Եթե գործիչ են` բոլորն էլ տանջվում են: Եթե նրանք ունեն ոչ միայն հիշատակ, այլ գաղափա՛ր են թողնում իրենց հետևից: Դա կլինի ապագայի նկատմամբ կանխատեսում, դա կլինի գործ, որ հայրենիքի՛ համար է, թե գործ, որ տնտեսությա՛ն համար է, որը ինչ որ ձևով նորի դրսևորում է, ինչ որ ձևով հնի հետ` պարարտացում, սերտաճում… Մարդը պետք է լավ կրթված լինի, գործունյա լինի: Այդ տեսակետից, զինվորականությունը, եթե միաբևեռ է, մի ուղղվածություն ունի, նա լավ կամ ոչ այնքան լավ` մասնագետ է: Բայց երբ որ զինվորականը արդեն բազմակողմանիորեն գիտե զորքե՛րը, գիտե իր մանագիտությունը շա՛տ լավ, գործիչ է:

–Չգիտեմ որքանո՞վ եմ ճիշտ կարծում, որ մերօրյա հայ զինվորականությունը` զինվորից մինչ զորավար, զինվորի ու զորավարի գործը սովորեցին հենց խրամատումներում:

–Այո՛, մի մասը սովորեց հենց խրամատներում, մյուս մասը` ուսումնական հաստատություններում, թե վարժանքներում, միևնույնն է` սովորեցնո՛ղն է կարևորը:

–Ղարաբաղյան շարժման սկզբից դուք կայիք իրադարձությունների կենտրոնում: Այն ժամանակ պատկերացնո՞ւմ էիք, գիտեի՞ք, որ դա պատերազմի կհանգեցնի, որ պատերազմ կլինի:

– Չէ, շարժման սկզբից` չէ՛: Շատ առաջ, սկսած երկրորդ-երրորդ դասարանից, երբ «մորս աչքի մշուշում», ինչպես Շիրազն է ասում, տեսնում էի մշուշված մի թել, մի կարոտ, որը մեր երկրից էր գալիս` Մուշից, Արևմտյան Հայաստանից, Ալաշկերտից` իր ծննդավայրից… ա՛յ այդպես, նրա աչքերի մշուշի մեջ տեսնում էի Արևմտյան Հայաստանի ազատագրումը, որն իմ կարծիքով պետք է լինի միայն քաղաքական եղանակով: Ադրբեջանի կազմում գտնվող Ղարաբաղի՞ ազատագրումը Խորհրդային միության պայմաններում… Գիտեի, որ չեն տա, որ մշակութային խնդիրներ են լինելու: Բայց որ պատերա՞զմ, Սովետական միության պայմաններում, դեռևս այդ երկրում… դա ես հասկացա 88 թվի նոյեմբերի 22–ին, որ պատերազմով կավարտվի, երբ պարետային ժամ մտցրին Հայաստանում: Նրանք 7, 5 միլիոն էին, մենք` 3, 5 միլիոն: Այդ միլիոններից ո՞րս ինչքան զորք կհանենք… Հետո, կռվի մեջ առաջ գնալիս, հասկացանք, որ խոսքը ոչ թե քանակի, այլ որակի մասին է, միակամ լինելու մասին է: Որ պետք է մի գործն անել, հետո անցնել մյուսին… Երբ մի քանի հոգով մի գործ են անում, բոլորով են անում, ասենք տուն են կառուցում` ավելի հեշտ են անում, լավ են անում: Դրա համար էլ մենք մի Քարե Տուն կառուցեցինք: Դա բանակաշինությունն է: ԵՎ բանակաշինությանը զուգահեռ պատերազմ էինք մղում: Չնայած, չէի ասի, թե պատերազմի սկզբից ի վեր, տակտիկական կամ ստրատեգիական առումով ճիշտ, գրագետ պատերազմ: Պատերազմում` ինչպես պատերազմո՛ւմ: Բայց ոչ իրական, կազմակերպված պատերազմ:

… Այ, Մարտակերտում էինք, աֆղանական պատերազմի վետերան, գեներալ Արտյուշա Հարությունյանը, այժմ նա Հայաստանի Հանրապետության զինկոմն է, ասաց. «Ալի՛կ ջան, ախր էստեղ ոչ մի օրենք չկա, պատերազմի մեկ կանոնըմ չկա՜: Ո՞վ է տեսել, որ պատերազմի ժամանակ շտաբը էղնի, ու էդ շտաբի վրա ինքնաթիռները ռումբ գցեն ու մենք էլ գնանք նորից առաջին գիծ… էդ շտաբը շտաբ կեղնի՞: Ասի` «Չի էղնի»: Գլուխը բռնել-նստել ու ասում էր` «Էստեղ օրենք չկա: Ես է՛ս կռվով չե՛մ կռվի»: ՈՒ մենք «էդ կռվով» կռվեցինք: Է՛դ կռվով Հարությունյանն էլ կռվեց, հարմարվեց այդ պայմաններին, հետո այդ կռիվների ընթացքում ինչ-որ ձևով հասկացանք, թե որն է շտաբը, որն է առաջ, որն է հետևը… Մինչև հասկացանք` պատերազմն էլ պրծավ…

– Ի վերջո այս պատերազմում մենք հաղթե՞լ ենք:

– Պատերազմը դեռ չի սկսվել, ինձ թվում է: Երբ որ պատերազմ է, անպայման կլինի ճակատամարտերով… Այս պատերազմը կամավորականներով է եղել: Ճակատը կամավորներով է պահվել: Երբ կազմած ջոկատներից բաշխում էինք էս սարի հետևը, էն քարի տակը, էն ձորի վրա… խորամանկությամբ, թե ուժերի ու սպառազինության գերակշիռ մասը նրանց կողմից, կռվում էինք սկզբնական շրջանում, ինքնապաշտպանությամբ հողը պահում, մինչև մուտք գործեց հրետանին, հետախուզությունը, կրակային պատրաստությունը, զանազան զինատեսակներ, նոր այդ ժամանակ հասկացանք, որ պատերազմում ենք: Իսկ թե մենք հաղթե՞լ ենք այդ պատերազմում, թե ոչ… նայած, թե ինչն ենք համարում նպատակը` այդ պատերազմում տարածքներ վերցնե՞լը, թե՞ Ղարաբաղը ազատագրելը, թե՞ մեր սահմանները պաշտպանված տեսնել… ԵՎ մյուս օտար շրջապատող արտասահմանյան երկրները` Թուրքիա, Իրան, վտանգը կար, որ… ուրեմն, այս երկրները չմիջամտեցին պատերազմին, բայց քաղաքականությամբ բլոկադայի ենթարկեցին մեզ: Մյուս կողմից մենք միայն մի ճանապարհ ունեինք, որ եթե գնում ենք, ուրեմն` դեպի արևելք: Մեզ հետադարձի այլ ճանապարհ չկար:

–Իսկ քաղաքագետները դեռ Արցախյան հարցի լուծման ուղիներ են որոնում, քննարկում տարբեր տեսանկյուններից…

–Քաղաքագետները, ինձ թվում է, ոչ մի կերպ չեն կարող այս հարցը լուծել: Եթե Թուրքիան գտնում է, որ Հայկական հարցը լուծել է, ասենք Եղեռնի միջոցով, կամ` ազգաբաժանումով, կամ էլ անթագավոր երկրում մեր աղջիկներին տանում` զվարճանում էր, ու մենք էլ… «ուրախանում» էինք, որ մեր աղջիկները… Բայց մինչև հիմա էլ Հայկական հարցը կա՛: Հաղթե՞լ ենք, թե չենք հաղթել. մենք այն ժողովուրդն ենք, որ մեր պատմության ընթացքում հազար անամ վերանվաճել ենք մե՛ր իսկ երկիրը: Այսինքն, եթե իրար գումարենք, թե ինչքան տարածքներ ենք վերագրավել մենք մե՛ր դեմ, մեր հակառակորդների՛ դեմ պատերազմելիս, մենք երևի աշխարհի չափ տարածք վերագրաված լինենք, մոտիկ, ասենք հասարակածային, մեր ուղղության վրա գտնվող գոտին` Իրան, Իրաք, Թուրքիա, Ադրբեջան, Վրաստան… եսի՛մ ինչ- ինչ… որ նախկինում մեծ մասամբ մերն է եղել` Հայկական լեռնաշխարհն էր, մեր նախնիների երկիրը, որը մասնատվել Է ավելի ուժեղ պետությունների կողմից: Հիմա մենք ենք ավելի ուժեղ պետություն, գերակայություն ենք հաստատել Ադրբեջանի նկատմամբ` ազատագրել ենք մեր տարածքը, վաղը Ադրբեջանը գերակայություն կհաստատի մեր նկատմամբ, կարող է նորից օկուպացնել այդ տարածքը, Բայց եթե քաղաքականությունը ասում է, որ դա ձե՛ր տարածքը չէ՜, ոչ մեկը 20-րդ դարում, 21-րդ դարում, իրավունք չի տվել վերանվաճե՜լ, ազատագրե՜լ, ինչ անուն էլ դնենք` պատմական հիշողություն և այլն, սահմանները վերաձևե՜լ, Գորբաչովյան այդ լեզվո՛վ, կնշանակի մենք ո՛չ մի պատերազմում էլ չենք հաղթել, եթե հանգի՜ստ ընդունենք այդ լոզունգները, որ ընդամենը լոզո՛ւնգ են: Բայց իրականում` այդ հողը շունչից սկսած, բերքից վերջացրած` մե՛րն է, մե՛ր տված սերմն է այդ հողում ծաղկում: Որովհետև Աստվա՛ծ գիտի՛ մեզ ինչ է բաժին հանել` դրա՞խտ, թե՞ դժոխք: Այ այն հատվածները, որ մերը չեն, հանգիստ կարող եմ ասել… որ մենք այնտեղ չենք կարող ապրել: Կա՛ն այդպիսի հատվածներ: Բայց ա՛յն հատվածները, որ մերն են ու հիմա՛ մերը չեն, ա՜յ այնտե՛ղ կարո՛ղ ենք ապրել: Եթե մի գերհզոր համակարգչի տան ծրագիր և ասեն հինգհազարամյա հիշողությամբ աշխարհը վերաբաժանիր, նրա գծած քարտեզին աշխարհում կլիներ ընդամենը երեք-չորս պետություն և դրանց մեջ Հայաստանը հաստա՛տ կլինի: Բայց արի ու տե՛ս, որ Հիշողությամբ չենք ապրում: Մենք փաստերի հետ ենք հաշվի նստում: Փաստերի հետ կարելի է հաշտվել ժամանակավորապես, բայց փաստը վերափոխել ու գեներից հանել, դա նույնն է, թե դու չես ծնվել Սպիտակի շրջանի Ջրաշեն գյուղում, դա նշանակում է թե դու պապի մամռոտած գերեզման չունես Մուշում, Վանում, Արդահանում, այլ և այլ տեղերում, թե եկեղեցու վրա չկա խաչ, չկա Անահիտ աստվածուհու արձանը, որը ջարդել են-տարել Եվրոպա, չկա քո նախնյաց երկիրը, որի ամեն քարից, թփից քո աչքերն են քեզ նայում, հայացք, որը ամեն պահ քեզ ձգում, կանչում է` ահա սա է քո երկիրը, քո ծննդավայրը, քո հայրենիքը, և ոչ միայն Սպիտակի շրջանից, այլև Մուշից, Ղարսից, Ալաշկերտից…

–1988 թվականի սկիզբը ազդարարեց հայ ազգային ոգու զարթոնք, բայց ավարտը մեծագույն ողբերգությունն էր, որ ցնցեց ու ավերակների վերածեց ոչ միայն հանրապետության տարածքի մի մասը, այլև մոլորակի մարդկության հոգին: Սակայն ավերակված Սպիտակում վերապրողները շարունակեցին ոչ միայն հետաքրքրվել Ղարաբաղյան խնդրով, այլև վիրավոր Սպիտակից երկրապահ ջոկատ կազմավորեցին. մասնակցելու Ղարաբաղի և Հայաստանի սահմանների պաշտպանությանը: Հետաքրրիր է Ձեր կարծիքը:

–Նախքան երկրաշարժը Սպիտակի շրջանն ակտիվորեն մասնակցում էր Ղարաբաղյան շարժմանը: Վանաձորը, որտեղ շարժումը իր գագաթնակետին էր հասել, Շիրակը, որտեղ նույնպես շատ ակտիվ էր: Այդ սահմանը, այդպես մինչև Ալավերդի, ակտիվ գոտի էր ու երկրաշարժը պատերազմական մի հարված էր, մետրոլոգիական հարված, որ խփեց հենց այդ ակտիվ կետին: Սեյսմիկ այդ հարվածը ավերեց երկրի մոտ կեսը, 25 հազար մարդիկ զոհվեցին, 350 հազարը վիրավորվեցին հոգով ու մարմնով: ԵՎ շատ դժվար է այդ ամենից հետո մարդուն, որը մանուկ էր թաղել, հոգին բուժել ու առաջնորդել պատերազմ: Սպիտակի երկրաշարժի լուրն առնելուն պես ես շտապեցի Սպիտակ, որտեղ հնարավոր զոհերն ու ավերածություններն ավելի շատ կլինեին, նետվեցի մեծ քաղաք, նույնիսկ մեր գյուղի և Ջրաշենի մոտ էլ կանգ չառա, որտեղ հարազատներ ունեի, գնացի քաղաք, որտեղ պիտի ավելի խորը պատերազմ մղեինք բնության արհավիրքի դեմ: Եվ գյումրեցու այն իմաստությունը, որ այդ ծանր պահին հարցնում էր, թե ինչ եղավ Ղարաբաղի հարցը, իհարկե, պետք է սևեռվեր նաև սպիտակցու իմաստության մեջ, և անպայման երկրաշարժից տնավեր Միդոն պիտի գար կռիվ, երկկողմանի ծնողազուրկ դարձած Արամը պիտի գար կռիվ, պիտի հարազատներին կորցրած Հենզելը գար կռիվ… մեր գյուղացի Ղազարը պիտի գար կռիվ… Պիտի ես գնայի Սպիտակի շրջան, Արագածի շրջան, ասեի` առանձին-առանձին կռիվը կռիվ չի, որ հարկ է միավորվենք մի տեղ, մի հրամանատարության տակ: Որ հաղթենք…

ՈՒ դրա համար գյումրեցի Միքայել Վարդանյանը, մինչև Բասմաչ մականունով Աշոտն ու սպիտակցի Սահակը, Միդոն` Հենզելով ու Արամով, անպայման պիտի գնային կռիվ: Քիչ տղաներ էլ չկային, շուրջ վաթսուն հոգի կռվում էին տարբեր ջոկատների կազմում: Հետաքրքիր է, որ որտեղ լիներ` Սպիտակը, Արագածը, Ապարանը, Նաիրին պիտի հայտնվեին իրար կողքի: Կարծես ձգողական ուժ լիներ: Այդ թվում և Շիրակը: Չգիտես ինչու, միշտ գալիս էր այս ռեգիոնի հետ… երևի մշո հիշողություն:

ԵՎ այսպես, կռվում էինք կողք կողքի: Այ, իմ ամենածանր պահը, ոչ միայն իմ, այլև ամբողջ Հայաստանի, 92 թվականի ամառն էր, Մարտակերտում, երբ մահու կենաց կռիվ էր, մինչև հիմա անհայտ կորածներ էլ ունենք. երկու ջոկատներ վերջին պահին եկան օգնության: Դա «Սպիտակ» ջոկատն էր, քառասուն հոգով և Նաիրիի շրջանի ջոկատը, որ եկել էր փոխարինելու Հատուկ գնդին և զոհեր տվեց: ԵՎ սպիտակցիները մինչև վերջին պահը Մարտակերտը չէին թողնում, քառասուն հոգով կռվում էին 400 հոգիանոց լավ զինված` տանկերով, արկերով, և այլն, գումարտակի դեմ, մերոնք` միայն նռնականետներով: Սպիտակի տղաները գալիս էին առանց կանչելու, հայտնվում ամենադժվարին տեղերում, նույնը` նաև Նաիրիի ջոկատը` հայտնվում էր ամենակրիտիկական տեղերում: Բայց ինձ թվում է, հայրենիքն այնքան մեծ է, որ այն տասնինը տարեկան տղաներին, Լեոնիդ Ազգալդյանի մնացած ջոկատից, որ առաջին տանկը խփեցին հենց «Սպիտակ» ջոկատի կողքին կանգնած ֆագոտով, այս տղաներն ասացին` «Գնացե՛ք» դուք դեռ վաղը գալու եք կռիվ… ՄԵՆՔ կկանգնենք, կկռվենք, մենք ընտանիք ունենք, դուք դեռ նոր եք ամուսնանալու, երեխաներ ունենալու: Այս տղաները կանգնեցին, պատնեշեցին և հավանական հաղթանակը նրանք բերեցին, որպեսզի մեր ազգի գենը պահպանվի:

–Դրանից հետո էր, որ կազմավորվեց ու մարտադաշտ մտավ Մահապարտների «Արծիվ» գումարտակը, և բեկում առաջացրեց պատերազմում, Դուք ընդհանուր հրամանատար–համակարգողն էիք:

–Չէի ասի, թե բեկումը մահապարտների գումարտակը առաջացրեց պատերազմում: Բեկումը կար արդեն իսկ ճակատում, յուրաքանչյուր ժամ, երբ որ կար գաղթ, գաղթին զուգահեռ պետք էր կռվել, ու մենք գաղթականին ստիպում էինք կռվել: Այնինչ, զորքերի կանոնները, եթե ուսումնասիրես, կտեսնես, որ այն զինվորներին, որոնք մի տեղում պարտվել են, երկու - երեք ամիս պետք է հեռու պահել այդ ճակատից, որովհետև մարտի պահին անհնար է, որ նա մի ակնթարթ չհիշի իր զոհված ընկերոջը, եղբորը, և կարող է հենց այդ պահին խփվել, թեկուզ մի պահ աչքը թարթելու պատճառով: Դրա համար, նկատի ունենալով նաև աշխարհագրությունը, մենք աշխատում էինք ղարաբաղցիներին ու նոյեմբերյանցիներին հեռու պահել առաջին գծից, որովհետև, ինքստինքյան, մարդը անհնար է, որ մի քիչ հեռվում տեսնելով իր տունը, չվազի դեպի իր տունը: Դրա համար մտցրեցինք այդ հիսուն կիլոմետրանոց գոտին, որ մարդը չմտածի միայն իր տունը, իր կնոջը, իր մորը պաշտպանելու մասին, որովհետև ամեն տեղ Հայաստանը մայր է, ամեն տեղ մեր կանանց վարսերն են թափված և ասում ենք, որ չի կարելի թույլ տալ, որ մեր կանանց վարսերին օտարի ձեռքը դիպնի:

–Շնորհակալություն հայ կանանց անունից, որ ոչ միայն ասացիք, այլ նաև կարողացաք պաշտպանել, և մեր զրույցի վերջում, ազգային ռազմական գործիչի ձեր բարեմաղթանքը «Լուսարձակի» ընթերցողին:

–Առաջին հերթին, որ տարբերություն չդնեն, թե ով է սպիտակցի, ով է ապարանցի, ով է լոռեցի… բոլորս էլ Հա՛յ ենք… Բայց անպայման մի ցանկություն ունեմ, որ ինչպես սկզբում ասացի, այն հող–հայրենին, ինչ որ աստված տվել է մեզ` միշտ ազատ զգա իրեն, և բոլոր գետերը հոսեն մի ուղղությամբ: Հավատում եմ, որ Երկրաշարժից տուժած իմ Սպիտակի ժողովուրդը պետք է ավելի ամրապնդվի և, ինչպես երկրաշարժից հետո նորից ծիլ ու բերք տա, նորից երեխա բերի, նորից արոր բանեցնի, նորից շաքարի գործարանը պիտի աշխատի: Իմ ցանկությունն է, որ այս խաղաղ ժամանակներում մեր ստեղծած արժեքներին ավելացնենք մեկն էլ, որ ամեն մի տնից գոնե մի կիրթ զինվորական աճի և ամեն մի մարդ, բանակ ուղարկելիս որդուն, մի բան բացատրի` «Ինչքան կարող ես` բարություն արա… բարություն արա սեփական ժողովրդիդ և վերադառնալիս միշտ բարությո՛ւն բեր ժողովրդիդ»: Անսասան մնան մեր սահմանները; Հիրավի Սպիտակի դաշտերը և գործարանները բերք տան, բարիք տան, աշխատեն մարդիկ: Աշխատողը վայելի իր վաստակը, լրագրողն իմանա` ինչի՞ մասին է գրում «ով ի՞նչ է անում…

–Հանրապետության նախագահն էլ աշխատի` բարիք բերի ժողովրդին…

–Դե, նախագահն էլ է աշխատավոր: Ով ուզում է լինի հանրապետության նախագահը, երևի մտածում է, որ չարիք չբերի: Չեմ կարծում թե լինի մեկը, որ ուզենա կամա՛, կամավոր կերպով չարիք բերել ժողովրդին, եթե նա սեր ունի իր հոգում` իր ընտանիքի նկատմամբ, հայրենիքի նկատմամբ: Եթե Սեր կա մարդու հոգում, նա երբեք չարիք չի գործի: Երկիրը զգալու կարողություն ու Սեր: Այ այդ սերն եմ մաղթում սպիտակցուն, սպիտա՜կ, մաքո՜ւր, մայրական կաթից քաշած սե՛ր:
ՎԱՐՍԻԿ ԲԱԴԻԿՅԱՆ
«ԼՈՒՍԱՐՁԱԿ», 2003թ.:


Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
,,ԱՐԾԻՎ ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ,, ՀԿ
17:32, 11.01.2018
դեպի վեր