ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +10 °C ... +19 °C Վաղը`+21 °C
Մանկական 100 օրորոց` նորածիններ ունեցող սոցիալապես անապահով, բազմազավակ և սիրիահայ ընտանիքներին
19:06, 23.12.2015
4819 | 0

«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության առիթով Երևան ժամանած ՌԴ Ստավրոպոլի քաղաքապետ Գեորգի Կոլյագինը հանդես էր եկել յուրօրինակ նախաձեռնությամբ. տոնակատարության օրը` հոկտեմբերի 11-ին լույս աշխարհ եկած բոլոր երեխաներին նվիրաբերվելու էին օրորոցներ, իսկ գաղափարն էլ դարձնել շարունակական: Որպես նախաձեռնության շարունակություն` Երևանի քաղաքապետարանի ամանորյա սոցիալական ծրագրերով մինչև տարեվերջ օրորոցներ կբաժանվեն նաև նորածիններ ունեցող սոցիալապես անապահով, բազմազավակ, ինչպես նաև սիրիահայ ընտանիքներին:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, նմանատիպ ընտանիքներ են այցելել քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը և քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը: Ռուզաննա Զաքարյանը Երևանի քաղաքապետի անունից շնորհավորել է նրանց գալիք տոների առթիվ, հանձնել օրորոցները, նաև ընտանիքում առկա երեխաների թվին համապատասխան քաղցրավենիքով լի ամանորյա փաթեթներ:

Շնորհակալություն հայտնելով հաճելի անակնկալի համար՝ հատկապես բազմազավակ ընտանիքների մայրերը նշել են, որ օրորոցների կարիքը իսկապես կար ու այն, ըստ էության, դարձավ Ամանորի սպասված նվեր:

Հեղինակ` Yerevan info
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Yerevan info
դեպի վեր