ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
ՇԱՐՈՅԱՆՆԵՐԻ ՍԽՐԱՆՔԸ ԿԱՄ ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՇԵՄԻՆ...
12:47, 26.09.2016
7537 | 0

Գեներալ Ա.Պետրոսյանի «Գարիկ Շարոյանի երկրային կյանքի վերջին օրը...» խորագրով հուշագրությունը լայն հետաքրքրույուն առաջացրեց ընթերցողների մոտ, և նրանց խնդրանին ընդառաջելով տպագրում ենք Շարոյանների մասին հուշագրության ընդարձակ տարբերակը:

/Հուշագրություն/

1992թ. սեպտեմբերի 22-ն էր: Անկախության առաջին տարելիցի հաջորդ օրը:

Սեպտեմբերի 21-ին դիրքերը նոր էին կարգավորել:

Արդեն Արծիվ-մահապարտները հոգնել էին: Գարիկը գալուն պես ձեռնամուխ էր եղել «Արծիվ 2» -ի անձնակազմին անհրաժեշտ տեղամասերում անվտանգ բաշխելու պրոցեսին, խրամատավորվելու և չվախենալու, առաջ գնալու, մի խոսքով Մարտական փորձը հաղորդելու գործընթացին:

Երբ առավոտյան նախապատրաստեցի ականանետների տեղափոխության և անձնակազմի տեղավորման սխեման, կազակներին առաջադրանք տվեցի՝ վերցնել ականապատման համար անհրաժեշտ հակահետևակային ականներ (մին), վրան, սննդամթերք, լապտերներ, և Սեմերջյան Արկադիայից՝ մեկ հաշվարկ հրետանավորներ:

Առավոտյան, երբ մեր զրահագնացը տեղ հասավ, նկատեցի, որ կազակների Վասյան մոռացել է ձողերը, երկրորդ վրանը և այլ պարագաներ: Այնուամենայնիվ, կանչեցի Գարիկին, Գագիկին, Ֆյոդրին ու Մարտինին, որ ձորակի ականապատմանը մասնակցելու, և փոխարինման պատրաստվելու անհրաժեշտ հանձնարարություններ տայի: Գարիկը համառորեն չէր համաձայնվում, և Վաղուհասի մարտիկներից երկուսին նույնպես պարտադրել էր իր տեսակետը՝ մնալ ևս տաս օր: Սակայն ես (քանի որ նա ցնցակաթված էր ստացել, և ոչինչ չէր լսում), հրամայեցի.

-Քո հեքիաթներն անտեղի՛ են, գնա և իջեցրու մահապարտներին Վաղուհասի բարձունքից ձախ գտնվող 3-րդ դիրքից մինչև 6-րդ դիրք ընկած հատվածից:

Նա սկսեց կռնատ պապի հումորը, թե՝ «Ես կմնամ քո մի թևի փոխարեն, թող քո գլուխն աշխատի և իմ մեխանիկական թևը, հո աչքերս էլ լավ են տեսնում» ... Գլխարկը քաշեց աչքերին՝ «Դե լավ, բարձրանում եմ...»:

Ես շուռ եկա, Հովսեփի հետ գոտիներին կապեցինք ականները, կազակների բարձրացրած աղմուկը սաստեցի, և Մարտինի, Մուրադի և Ֆյոդրի հետ ականներ շարելով գնացինք, շարժվեցինք ընկած հաստ ծառի բնի երկայնքով ու ձորակի № 1 տեղամասը ականապատելու նպատակով վերցնելով «սապյորնի բահերը», և... ի՞նչ պատահեց հանկարծ: Մարտինը, որ հիանալի երաժշտական լսողություն ուներ, հրեց ինձ ու Ֆյոդրին տապալված հաստաբուն հատված ծառի վրա երկայնքով, մենք հասկացանք, որ աղմուկի վրա հակառակորդի սարքերը արձանագրել էին մեր տեղը... Մեր վրա էր սուրում 120մմ-ոց: ականանանետային արկը: Պառկեցինք: Հետո շուռ եկանք, ու ինչ տեսանք. Սեյրանի ծառի տակ ընկած է Մուրադը, քիչ այն կողմ՝ Հովսեփը, որ բարձրանալով նետվեց դեպի Մուրադը: Մենք նույնպես մոտեցանք, իմանալով, որ ինձանից միայն ավոմատին ամրացված ժգուտն է պետք բազկի արյունահոսությունը կանգնեցնելու համար, մոտեցա, այն տալուց հետո տեսա, որ Գարիկը դեռևս նույն փոսում է թիկնած ու գլխաբաց... Գոռացի.

-Ի՜նչ է, խո՞ւլ ես, դեռ չես բարձրացել...

Ձեռքս խփեցի թիկունքին, ու հանկարծ մատներս արյունոտվեցին: Գոռացի.

-Անժելա, Անժե՛լ, Գարիկը վիրավոր է: - Նա չէր լսում:

Վազեցի ներքև, մոտ 25 մետր, և ի՛նչ տեսա. վրանի մոտ գետնատարած «արնաշաղախ ընկած էին երկու կազակներ, իսկ ավելի ներքև՝ ականանանետի մոտ գնդացրորդ Համիկն էր, որին փորձում էր վիրակապել Անժելան: Սակայն զուր էր, Համիկը այլևս չէր շնչում:

Երբ լացակումած Անժելայի հետ բարձրացանք բլուր, և մոտեցանք Գարիկին՝ Անժելը դիմացից ձեռքը դրեց նրա կրծքին, արյունը շիթով հորդեց: Ես թեքվեցի դեպի Գարիկը, գլխարկս արյունոտվեց- «Փրկի՜ր, Անժել» ... ո՜նց ... փորձեցինք արյունը կանգնեցնել՝ ապարդյո՛ւն: Չորսից ավելի խրված ականային բեկորներ դուրս եկան, մեծ վիրակապ դրեցինք, չօգնեց, իմ մայկայով փաթաթեցինք, բայց էլի ապարդյուն, ոչինչ չէր օգնում:

Ֆյոդրի ու Մարտինի հետ Գարիկին տեղափոխեցինք զրահամեքենայի վրա, սակայն ոչ մի արձագանք, փրկություն չկար:

Զոհվեցին յոթ հոգի, այդ թվում չորսը կազակ:

Ռադիոկապով ականանետային մարտկոցի հրամանատար Արկադի Սեմերջյանին /հետմահու «Մարտական խաչ» առաջին աստիճանի ասպետ/ հրամայեցի.

-Այո՛, լռեցրու, լռեցրու ոչ միայն դրանց, այլ քանդի՛ ողջ հրետանին, «գրադ» Ժորայի հետ կապվիր, հավասարեցրե՛ք գետնին:

Քիչ հետո դողաց հողը, կրակ ու բոցը տիրեց անտառին և հարակից բացատին:

-Հառա՜ջ, հառա՜ջ, դեպի Գետավան, Չափառ, Հարությունագոմեր, Հոռաթաղ, և Դրմբոն..

Երբ հաջորդ օրը, սեպտեմբերի 23-ին վերադարձա շտաբ, հասկացա, որ տղաներից ոչ ոք ողջ չի մնացել: Տեր Հովհաննեսի հետ բարձրացանք Գանձասար: ԱՂՈԹԵՑԻՆՔ «Մոմ վառեցինք, դուրս եկանք Վանքից, կանգնեցինք Գարիկի, Սամվելի, Հրաչի սիրած բարձունքին, Տեր Հովհաննեսը ցույց տվեց երդման տեղը, հայացքը գցելով փրկված և չերևացող հեռուները, ասաց.

-Իմ հարազատներից տասին էլ ես կորցրեցի...չմոռանաք, երեխեքին բերելու-կնքելու խոստումը: Բոլորը պետք սերնդե սերունդ այստեղ մկրտվեն:

Նայեցի նրա հայացքին, որը արդեն խաչվել էր արևի շողերի հետ ու անձայն աղոթում էր...

... Քահանան հաղթանդամ, տե՛ս, կանգնել,

Աչքերում աղոթք, ու արև,

Գումարտակն է այս կռվում հաղթել,

Թող օրհնվեն հայ ազգն և յուր զորք:

Հիշեցի, երբ Գարիկին ուղարկում էի մեր զոհված ընկերոջը՝ Հրաչին հարազատներին հասցնելու և հողին հանձնելու, հուղարկավորմանը մասնակցելու համար՝ 3 օր ուզեց: Հիմա նայեցի տղաներին, որ ուղեկցելու էին նրան, թույլ տվեցի չվերադառնալ. «Կարող եք հետո տուն գնալ. 3 օր հետո կհանդիպենք ՀՀ ՊՆ շտաբում»:

Սիրտս մղկտում էր:

Իսկ մենք մնացինք, շարունակեցինք այդ երեք օրը «Արծիվ 2-ի» հետ, պատրաստեցինք, նրանց հանձնեցինք դիրքերը: Տեր Հովհաննեսի, Սեյրանի, Թադևոսյան Հրաչի հետ շրջեցինք դիրքերով. Չափառով, Կճողուտով, հասանք Հարությունագոմեր: Հարությունագոմերում այցելեցինք «Սամավար» Գարիկին և Արկադիին, իջանք Դրմբոն, «Գրադ» Ժորան ցույց տվեց նվաճած տարածքները՝ Հաթերքից դեպի Զագլիկ, Չափառ ու Գետավան, հիշեց մեկ առ մեկ, թե ով է զոհվել, ով՝ վիրավորվել: Վիտալին՝ Բալասանյան, Հայկազը և Բեկոր Աշոտը նայում էին Մեհմանայի ուղղությամբ և հաշվարկում հաջորդ գրոհի համար անհրաժեշտ կենդանի ուժը և տեխնիկան;

- Ընդհանուր քանի՞ զոհ տվեցինք. Վիտալի, քո մո՞տ, Հայկա՛զ, Բեկոր՝ ձեզ մոտ քանի՞սն են զոհվել, քանի՞սը վիրավորվել; Մերը՝ 33 մահապարտ, 7 կազակ, 13 Վաղուհասցի, 8-ը՝ Հարությունագեմերից, 3-ը Չլդրանից, 5-ը Բեկորից, 22-ը Մարտակերտից

- 18-ը՝ Ասկերանի շրջանից, -ավելացրեց Վիտոն, - բայց դեռ կանգուն ենք, բայց դեռ կանք:


... Քանիսն ընկան այս տասն օրում,

Բայց դեռ շատ ենք, բայց դեռ կանք,

Մեր արցունքն է անտես ծորում

Արցունքի մեջ շանթ ու կյանք...

Վիրավորները՝ շա՛տ... միևնույնն է, մեծ մասը շարք կվերադառնան: Մենք գնում ենք համալրման հետևից՝ «Արծիվ 3, 4, .. ... ... 33», «Արցախ-1, 2, 3... ...7» ինքանպաշտպանական շրջաններ;

***

Գարիկին գիտեի դեռևս 1989թ.-ից, նույն ազգային ազատագրական պայքարից: Իր ողջ ընտանիքով իմ ընտանիքի հետ միասին միշտ շարժման մեջ էր: Հիշում եմ, թե այն ժամանակ, երբ Քասախի և Նաիրիի շրջանի ջոկատների հետ էր, թե երբ արդեն Հատուկ գնդի Նոյեմբերյանի շրջանի վաշտի հրամանատար, ով «Կոլցո» օպերացիայի ժամանակ բազմաթիվ գրոհներ է ետ մղել, դիմագրավել բոլոր պրովակացիաներին, ազատագրել Յուխարի և Աշաղի-Ակսիբարները /Վերին և ներքին Ոսկեպար/, մասնակցել է Բաղանիս –Այրում, Ղուշչի-Այրում գյուղերի ազատագրմանը, միևնույնն է՝ նա միշտ եղբայր էր, առաջնորդ, հրամանատար, որ սիրում էր իր զինվորներին, որը ճակատից ճակատ փորձառություն ձեռք բերելով, ինչպես բոլորս, «ինքակրթվելով» դարձել էր լիովին զինվորական:

Հիշում եմ, երբ Երևանում էր, բարձրահասակ, առնական, պիրկ կառուցվածքով երիտասարդ զինվորական, որ մեկ ձեռքով բարձրացնում էր իմ երկու տղաներին և իր տղա Վահագնին, «տեղակայում» պահարանի գլխին... վերջիններս կառչելով նրա պինդ մատներից, կարծես Ազարյանական օղակներով, «մատներով» վերից վար խաչ էին անում և իջնում դեպի ծնկները, այնուհետև ծնկներից՝ սալտո տալիս, ուղղվում, ու պինդ կանգնում հատակին:

Տղան՝ Վահագնը, մտերիմ էր ինձ հետ... ինքն էր ինձ բացատրում, ուշադիր լսում, հաստատում էր, թե՝ ուզում է զինվորական դառնալ:

Գարիկի հետ շատ դժվարին օրեր ենք անցկացրել: Միասին եղել ենք Նոյեմբերյանում, Սիսիանում, Իջևանում, Վարդենիսում ու Մարդակերտում: Զինամթերքից մինչև զորանոցների և զինապահեստների շինարարությունից, զրահատեխնիկայի մոդեռնիզացումից մինչև զորանոցների վերանորոգում, զենքի կատարելագործում ու արտադրություն:

Շատ էր սիրում թե՛ Արցախը, թե՛ Նոյեմբերյանը, և թե՛ հատկապես Ջավախքը, ձեռնամուխ էր եղել նրանց զինելու և օգնելու գործին, անգիր գիտեր հայրենի հողի գույնը, անտառի, ծառի թե աղբյուրի և ժայռի, քարանձավի տեղը: Ինքը՝ տեղով հորդացող, խոխոջող, ժպտացող զուլալ առվակ, կյանքի և կամքի մարմնացում, անտառի աշնանային հասունացած ծառ, արահետն հայրենապաշտության:

Ընդունվեց ՆԳ սպայական բարձրագույն ինստիտուտ, սակայն քննություններից հետո մեկնում էր ճակատ: Հիշում եմ, քննություններից մեկի ժամանակ (շորերը լվացել էր, դեռ թաց էին), երբ հագավ իմ շորերը. տաբատը մի տաս սանտիմետրով կարճ էր, գուլպաները երկարացրեց, չօգնեց, բատինկաներով նույնպես կարճ էր, հագավ սապոգներ, բացը ծածկվեց, ու գնաց աննկատ: Գնաց քննության: Եկավ թե՝ «Հինգ ստացա»:

Երբ հարց էին տվել, թե «Ինչո՞ւ Հայաստանը բաժանվեց երկու մասի...: Նայել էր իր՝ անհրաժեշտության բերումով «ստեղծագործված» համազգեստին, ինքն իրեն հայացքով գնահատելով, պատասխանել էր. «Որովհետև Հայաստանը պառակտված և թույլ էր, իսկ նրանք ուժեղ, դրա համար էլ բաժանվեց ուժեղների միջև»: ՈՒժեղը Բյուզանդիան և Պարսկաստանն էին:

Դո՛ւ էիր Գարիկ Շարոյան, ուժեղն ու զորեղը:

ՈՒ հիմա մեզ չբաժանեցին, քանի որ Մենք մնացինք ուժեղ, միասնական, միացանք՝ Հայաստան ու Արցախ, և դարձանք ավելի զորեղ ու հավատավոր:

Գարի՛կ, դու իսկական հերոս զորականի մարմնացում ես, հաղթող և անպարտ, հպարտ հրամանատար–Տերը քո երկրի: Շուրթերով, արյունով քո վրձնեցիր հայրենի սահմանները, հողի ծիածանագույն երանգները, եզերքներն հայոց անվերջանալի պայքարի... հավատի ու տոգորումի, անկոտրում կամքի դրսևորումների:

Կարոտով, սիրով, ու մեր ընդհանուր Երդմանը հավատարմությամբ, խոնարհվում ենք հիշատակիդ առաջ, ԳԱՐԵԳԻՆ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՇԱՐՈՅԱՆ: Փառք քեզ, ու մեր բոլոր հերոսացած անպարտ մահապարտներին, անմահ ազատամարտիկներին:

Քո հարազատ մարտընկեր Աստվածատուր /Ալիկ/ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հ.Գ- Մաքառումի այդ օրերին Երդվել էինք Հաղթանակից հետո Գանձասարում կնքել մեր երեխաներին: 1993թ. օգոստոսին մեկնեցինք Գանձասար: Կնքվեցին մեր զավակները՝ տղա թե աղջիկ: Մեզ հետ էր Գարիկի որդին՝ Վահագնը: Նրա կնքահոր պարտականությունը վերցրեց քրոջս ավագ որդին՝ Օնիկը: Ես նայում էի նրա աչքերին, երբ թվարկում էր հերոսների, այդ թվում և ի՛ր հոր անունը... Այնքան իմաստավորված, խորությամբ էր ընկալել խորհուրդը, որ մենք իր հայացքից ճառագող լույսից ինքներս հոգով վերափոխվեցինք:

Այդ օրվանից Վահագնը սկսեց ավելի խոր ըմբնումով մոտենալ զինվորական գործին: Ստացվեց այնպես, որ գրեթե հասակակից լինելով, նույն տարիներին Ռազմական ակադեմիայում էին սովորում նաև իմ որդին՝ Վարդանը, քրոջս որդին՝ Վահագնը, Գարիկի ավագը՝ Վահագնը: ՈՒսանելու ընթացքում նա բնակվում էր մեր տանը, թեև երեքն էլ համարյա ակադեմիայից տուն չէին գալիս. Անընդհատորեն ու սևեռված գալիքին՝ խորացնում էին իրենց ռազմական ու կյանքի դասերը, գիտելիքները:

Այդպիսով, Գարիկ, որդիդ՝ Վահագնը շարունակեց Հայրենիքի Տեր ու պաշտպանի առաքելության ուղին: Նա՝ Անկախ Հայաստանի քաղաքացին, հնարավորություն ունեցավ Հայոց բանակն համալրող Հայկական ռազմական ԲՈՒՀ-ն ավարտել, դարձավ կադրայի՛ն զինվորական: Նոյեմբերյանի գնդի հրաձգային վաշտիի հրամանատար, կապիտան Վահագն Գարեգինի Շարոյանը շարունակում էր Արծիվ մահապարտիդ արծվային թռիչքը, որն ավա՜ղ, կարծես որպես ճակատագրի կրկնություն՝ 2002թ. դեկտեմբերին ընդհատվեց դարանակալ ոսոխի գնդակից...

Բայց Արծիվն այդ փրկեց իր ձագերին՝ դիրքերում Վահագնը վահան դարձավ իր կրծքի մեջ ընդունեց սուրացող գնդակները, փափուկ ձյան վրա հրեց իր զինվորներին, մարմնով փակեց նրանց, ու թույլ տվեց, որ նրանք հասնեն ապահով վայր, մնալով կրակի տակ՝ ևս 3-4 ժամ պայքարեց կյանքի ու մահի դեմ: Հակառակորդի անասելի տեղացող կրակի պատճառով ընկերները չկարողացան մոտենալ վիրավոր սպային, խիզախ հրամանատարին:

Միայն Սարգիսը՝ գումարտակի հրամանատարի տեղակալը, հարազատ Հաղթանակ գյուղից, հասավ ու Վահագնին դուրս բերեց կրակի օղակից: Ավաղ, այլևս հնարավոր չեղավ փրկել նրա կյանքը: Հոր պես, գնդակները ճեղքել էին նրա վահան դարձած կուրծքը:

Երբ փրկված զինվորները իրենց ձեռքերի վրա բերեցին Վահագնին հանձնելու հողին, Գարիկի կողքին, ես ակամայից շշնջացի, կարծես թե Գարիկն էր ասում.

- Տղա՛ս, նույն բախտին արժանացանք, բայց չհանձնվեցինք, փրկեցինք կյանքեր ու անմահացանք:

...Նա դեռ ամուսնացած չէր: Իսկ կրտսերը՝ Վահրամը այդ օրերին նշանված էր: Մենք համոզեցինք, ստիպեցինք, որ Վահագնի քառասունքը լրանալուց հետո անպայման պսակադրությունը կատարվի: Տիկին Գոհարը, Գարեգին Շարոյանի կյանքի և զենքի հավատարիմ ընկերուհին ուժ գտավ համաձայնելու մեզ հետ, և իմ կնքահայրությամբ Հաղթանակ գյուղում եկեղեցում կատարվեց պսակադրություն:

Շարոյանների գերդաստանը պիտի շարունակի պայքարը՝ ապրելով, վերածնվելով, և Տոհմածառը ավելի բազմաճյուղ դարձնելով, որպեսզի սերնդե սերունդ շարունակվող, պայքարը դեպի մեր Ազգային երազների հանգրվան, պսակվի վերջնական Հաղթանակով: Վահրամը, սկզբում զինվորական էր, այժմ ընտրվել է Հաղթանակ համայնքի ղեկավար, արժանապատվորեն կրելով հոր և եղբոր պատգամներն ու կիսատ երազներն իրականացնելու պարտականությունը:

Եղբոր՝ Վահրամի տանը ծնվել, մեծանում է Վահագն երկրորդը, ում կրծքին այսօր շողշողում է հորեղբոր ու պապի հետմահու շնորհված «Արիության» . «Մեծն Տիգրան» , «Արծիվ մահապարտ.Վազգեն Սարգսյան», «Վարդան Զորավար» մեդալներն ու շքանշանները, ինչպես այնժամ պատանի Վահրամի կրծքին հանգրվանեց հոր՝ Գարիկ Շարոյանի «Մարտական Խաչ» շքանշանը...

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
,,ԱՐԾԻՎ ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ,, ՀԿ
23:31, 25.04.2018
4998 | 0
14:55, 19.02.2018
5221 | 0
17:32, 11.01.2018
4999 | 0
դեպի վեր