ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Կոմիտասի անվան լարային քառյակի գեղեցիկ ելույթը Նոր Նորքում
12:37, 22.06.2018
5487 | 0
Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության նախաձեռնությամբ մայրաքաղաքի մշակութային կրթօջախներում մեկնարկել է «Ճանաչի՛ր ինձ» ծրագիրը: Առաջին հանդիպումը Կոմիտասի անվան ազգային քառյակի հետ էր՝ թավջութակահար, քառյակի համահիմնադիր Սարգիս Ասլամազյանի անունը կրող թիվ 1 երաժշտական դպրոցում: Դպրոցի սաներն ու նրանց ծնողները հնարավորություն են ունեցել ունկնդրելու կոմիտասյան երաժշտությունը շուրջ 95-ամյա պատմություն ունեցող լարային քառյակի կատարմամբ: Միջոցառմանը ներկա Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը նշել է, որ նման հանդիպումները լինելու են շարունակական: «Դեռևս 2017 թվականից մենք աշխատում էինք ծրագրի ուղղությամբ: Ուրախ եմ, որ մեր և Կոմիտասի անվան քառյակի նախաձեռնությունը համընկավ և այսպիսով տրվեց «Ճանաչի՛ր ինձ» մշակութային ծրագրի մեկնարկը: Երևանի քաղաքապետարանի ենթակայության արվեստի և երաժշտական դպրոցներում, մշակույթի կենտրոններում տարվա ընթացքում սպասվում են մշակութային տարբեր գործիչների հետ հետաքրքիր հանդիպումներ, բաց դասեր», - նշել է Ռուբեն Հովհաննիսյանը: Կոմիտասի անվան ազգային քառյակի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թադևոսյանն իր հերթին ընդգծել է նախաձեռնության կարևորությունն ու նկատել, որ շատ երեխաների համար նման հանդիպումները բացառիկ հետաքրքրական կլինեն: Համերգային ծրագրի ավարտին քառյակի անդամները շփվել են երեխաների հետ, նաև սիրով պատասխանել հարցերին՝ ներկայացնելով մանրամասներ քառյակի ստեղծման պատմության, հաջողության ճանապարհի և հետագա անելիքների մասին:
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նոր Նորք վարչական շրջան
դեպի վեր