Մայիսի 15-ին Աքորու մշակույթի տանը տեղի ունեցավ «Հայոց Մեծերը» խորագիրը կրող միջոցառում՝ նվիրված հայ գրականության և երգարվեստի անմահների՝ Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի ծննդյան 150-ամյակին: Միջոցառումը տեղի ունեցավ մայիսի 15-ին, քանի որ այդ օրը խորհրդանշական է հայ մշակութային կյանքում՝ 1914 թվականին այդ օրն է ամենայն հայոց բանաստեղծը հիմք դրել Սայաթ-Նովային նվիրված վարդատոնի, որի կապակցությամբ միջոցառման ընթացքում հչեցին աշուղի երգերից՝ վարդատոնյան կարմիր վարդերով խորհրդանշական պարի ուղեկցությամբ: Մշակույթի տան դահլիճը վերածվել էր մի յուրատեսակ արվեստաշունչ «Վերնատան», որտեղ հնչում էր Թումանյան՝ պարուրված Կոմիտասյան հոգեթովիչ հնչյուններով։ Հանդիսատեսը մասնակիցն ու հաղորդակիցը դարձավ երաժշտական և բանաստեղծական բարձունքներում իշխող հսկաների հանդիպման, լսեց հանճարների խոսքը, վերապրեց այնքան հարազատ՝ ժողովրդի ծոցից ելած հանճարների կյանքը: Ներկաները հայ արվեստի մաքրամաքուր շնչով ողողվելով՝ ակնդիրը ու ունկնդիրը դարձան Թումանյանի այն մտքերի ստեղծման, որոնք սավառնում են Լոռվա աշխարհում, լինում հայոց լեռներում ու գավառներում, մտնում հայ գեղջուկի հասարակ խրճիթն ու սարվորների վրաններ, լսում հոգսերի տակ կքած ծերունու Հառաչանքը: |