MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +22 °C Tomorrow:+20 °C
Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տեղի ունեցավ Մեծ Պահքին նվիրված խոկման արարողություն
15:09, 11.04.2014
2017 | 0
Ապրիլի 10-ին Գևորգյան Հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տեղի ունեցավ Մեծ Պահքին նվիրված «Ապաշխարություն և հաշտություն» խորագրով խոկման արարողություն:

Խոկման արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբանությունը, Հայ եկեղեցու Երիտասարդաց միությունների ու քրիստոնեական երիտասարդական ծրագրերի անդամներ, տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Մայր Աթոռի «Էօռնեկյան» հանրակրթական դպրոցի ավագ դասարանի աշակերտներ, զինծառայողներ ու բազմաթիվ հավատացյալներ:
Խոկումն սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո բացման խոսքով հանդես եկավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: Արարողության ընթացքում հոգևոր երգերի կատարումներով հանդես եկան Գևորգյան Հոգևոր ճեմարանի, Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու «Հավատամք» և «Լուսավորչի կանթեղ» եկեղեցասիրաց միության «Կանթեղներ» երգչախմբերը, ինչպես նաև հոգևոր ընթերցումներ և ասմունքներ հնչեցին մի խումբ երիտասարդների կողմից:

Խոկման ավարտին ներկաներին իր հայրական օրհնությունն ու պատգամը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` ուրախություն հայտնելով, որ Եկեղեցու հավատացյալ զավակները համախմբվել են Մայր Աթոռում` միասին խոկման պահեր ունենալու` համեմված սուրբ հայրերի սրբազան աղոթքներով ու քաղցրաշունչ շարականներով: «Եկեղեցու հայրերը լուսամիտ տնօրինություն են կատարել` սահմանելով քառասնօրյա տևողությամբ պահեցողության շրջան, որպեսզի մարդ արարած, ով իր բնությամբ մեղանչական է, կարողանա ամբողջապես կենտրոնալ իր անձի վրա, լուսարձակի տակ վերցնել իր կյանքը` միաժամանակ վերլուծելով իր գործերը, և իր մտածումներում ըմբռնի, թե ինչպիսի վրիպումներ են տեղ գտել իր կյանքից ներս, որքան ժամանակ է իր սիրտը չարության ճիրաններում մնացել և, ի վերջո, որդեգրի Տիրոջ հետ հաշտության ճանապարհը» - իր խոսքում նշեց Ամենայն Հայոց Հայրապետը:

Նորին Սրբությունը երիտասարդներին հորդորեց սեփական կյանքից ներս առատացնել աղոթքը, որպեսզի հոգևորն առավել զորանա և իր մաքրամաքուր խորհրդով ուղեկցի իրենց կյանքի բոլոր օրերին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամեց նաև ամրապնդել իրենց հավատքը բարի ու ազնիվ գործերով` սրտակից և օգնական լինելով կարիքի մեջ գտնվող մարդկանց:
Իր խոսքում Նորին Սրբությունն անդրադարձավ սիրիահայության, մասնավորապես քեսաբահայերի ծանր կացությանը` ներկաներին կոչ անելով աղոթել Սիրիայում խաղաղության վերականգնման համար և մասնակիցը դառնալ բորոր այն օգնության ձեռնարկումներին, որոնք իրականացվում են հանուն հայորդիների բարօր կյանքի վերահաստատման:

Վերջում Վեհափառ Հայրապետը խոկման արարողության մասնակիցներին մաղթեց, որ Աստված Իր բյուրավոր շնորհներով նրանց առաջնորդի դեպի մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարություն: Արարողությունն ավարտվեց «Պահպանիչ» աղոթքով, որից հետո Հայրապետական մաղթանքի երգեցողության ներքո Նորին Սրբությունն իր օրհնութունը բաշխեց հաւատավոր ժողովրդին:
The article published in the Spokesperson project.
Share with friends
†ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
18:43, 25.07.2014
8248 | 0
18:21, 25.07.2014
6123 | 0
to top