ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +7 °C ... +19 °C Վաղը`+20 °C
՛՛ԱՐԾԻՎ ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐ ԶՈՐԱԳՈՒՆԴԸ՛՛ 21 ՏԱՐԵԿԱՆ Է
05:12, 16.08.2013
7381 | 0

՛՛ԱՐԾԻՎ ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐ՛՛ ԶՈՐԱԳՈՒՆԴԸ
21 ՏԱՐԵԿԱՆ Է…

1992 թվականի օգստոսի 15-ի երեկոյան հայոց նորագույն պատմության ոսկե էջերից մեկը գրվեց. Սպարապետ Վազգեն Սարգսյանը կոչ էր անում մահվան դեմ հանդիման դուրս գալ, և հաղթել… առաջին հերթին խեղճի, պարտվածի, եղեռնակիսվածի հոգեբանությանը, ոգեղենով օծվելու, Մահապարտ կոչվելով, բառի իմաստը փոխելու վճռականությամբ ու կամքով պայքարի ելնելու:

- Բոլոր կամավորականներին, իմ հրաշալի ընկերներին խնդրում եմ՝ թշնամուն թողած ձեր մեջ, ձեր կողքին, ձեր եղբայրների, ազգակիցների մեջ դավաճաններ մի փնտրեք: Եվ եթե համաձայն եք ինձ հետ, վաղը չէ մյուս օրը, ընդամենը վաղը չէ մյուս օրը թող Հայաստանի յուրաքաչյուր շրջանից, յուրաքաչյուր քաղաքից ընդամենը 10 -15 տղա գա, և մենք կունենանք 500 հոգիանոց Մահապարտների զորագունդ: Խնդրում եմ ինձ ճիշտ հասկանալ, զորագունդը պիտի կկռվի ամենավտանգավոր տեղում ուր ապրել մեռնելու հավանականությունը 50 տոկոս է 50 տոկոսի նկատմամբ: Միասին գնալու ենք կռվի ամենածանր ճակատն ու հաղթելու ենք: Թշնամին նույն թշնամին է, որը ձեր առջևից փախչում էր, մենք էլ նույնն ենք: ՈՒղղակի խաթարվել է մեր հավատը մեր ուժերի նկատմամբ:

Անհրաժեշտ էր ստեղծել Մահապարտների գումարտակ, քանզի ռազմաճակատում վիճակն օրհասական էր: Արցախի ինքնապաշտպանական ուժերը ջլատվել էին ... հարկավոր էր՝

-...Արթնացում, ցնցում և այդ ցնցումը պետք է իրագործենք դարձյալ հին տղաներով, որպեսզի մեր բանակը գոտեպնդվի: Յուրաքանչյուր շրջանից 10-15-ական հոգի հին տղաներից, փորձառուներից, մահապարտներ, որոնք գնալու, կռվելու են ամենադժվարին ճակատում: Վաղը չէ մյուս օրը եթե մենք հավաքվեցինք և կարողացանք 500 հոգիանոց Մահապարտների գումարտակ ստեղծել, ուրեմն դեռ կանք, դեռ կռվելու ենք, հաղթելու ենք: -Ասաց Վազգեն Սարգսյանը:

Հաջորդ օրը հանրապետության բոլոր վայրերից գալիս էին կամավորները, եթե բոլորին գրանցեին, թույլ տային մեկնել Արցախ, նշված 500 թիվը կրկնակի ու եռակի կլիներ:

Սա հաղթանակ էր, դեռ կռիվը չսկսած:

Ընտրվեցին ոգեղեն և ֆիզիկական կոփվածքով ամենապինդ, ամենափորձառու, ամենանվիրյալ տղաները: Ինքը՝ Սպարապետն էլ առաջնորդեց իր մարտընկերներին դեպ հերոսացում: Նրանց հետ Եռաբլուրի բարձունքում, մոմերի լույսի ներքո երդվեց, ընդունելով միասնական երդումը: Այսօր էլ նրանց հետ է:

Ամեն տարի օգոստոսի 15-ի երեկոյան ուղիղ ժամը 9-ին, գումարտակի տղաները մարտական քայլերգով, Սպարապետի շիրիմին խոնարհվելուց հետո անցնում են զոհված մահապարտների շիրիմից շիրիմ, ապա մոտենում են բարձունքի այն մասին, որտեղ, ճակատ մեկնելուղ առաջ եռդվել էին մոմերի լույսի ներքո՝ հանուն հայրենիքի չխնայել կյանքը: Կրկին դիտում են Սպարապետի հեռուստակոչը, մեկ րոպե լռությամբ հարգում են անմահացած ընկերների հիշատակը:

- Հրովարտակ է հղել, ոչ թե գույժ,

Զորավարը մեծ հույժ և հույժ,

Արցախին մեծ ուժ է հարկավոր

Գանձասարն է տնքում վիրավոր...

Դե, ելեք հայ ազգի սուրբ կանչով

Արծվային Ձեր կամքով միշտ հպարտ,

Սլացեք, ճախրեցեք, Զորավարի դրոշով,

Դուք ունեք նոր կոչում, մահապարտ:

Սա Մահապարտների հիմնն է, խոսքերի հեղինակը՝ հրամանատարն է, գեներալ մայոր Աստվածատուր Պետրոսյանը: Միայն նա չէ, որ զենքից բացի սիրում է արվեստ ու գրականություն, /ի դեպ, նա 7 երկրների գիտությունների ակադեմիաների անդամ է, շնորհալի բանաստեղծ մետաղագետ, գյուտարար, այժմյան պաշտոնով Հայաստանի փրկարար ծառայության փոխտնօրեն/, այլև շատերը նրանցից կամ գրում են բանաստեղծույթյուններ, կամ նկարում ու քանդակում են, պարարվեստում կամ գիտության մեջ են իրենց դրսևորում, ոմանք էլ զինվորական գործում են մնացել, մասնագիտացել, շարունակում են ծառայել ՀՀ ԶՈՒ-ում: Եռաբլուրի բարձունքին, սակայն բոլորը հավասար՝ մահապարտ ազատամարտիկներ են, Վազգենի զինվորները... միասին էլ երգում են ու ՛՛Յարխուշտա՛՛ պարում: Կյանքը հրաշալի պարգև են համարում, քանզի...

ԼՂԻՄ Մարտակերտի շրջանի Վանք, Վաղուհաս, Չլդրան, Հարությունագոմեր, մյուս գյուղերի տարածքների պաշտպանության և ազատագրության ճանապարհի ամեն թիզը արյունով էր գծվում: Բայց Գանձասարի մատույցներում ոսոխի ողնաշարը ջարդվեց մահապարտների պատի վրա:

Արդեն 20 տարի օգոստոսի 15-ը Եռաբլուր պանթեոնում տոնական է՝ ԾՆՆԴՅԱՆ օր... ԵՎ կատարվում է Փառաց արարողություն:

Այս անգամ էլ եկել էին նրանք, ինչպես 92-ի օգոստոսի վերջին օրը, ռազմաճակատ մեկնելուց առաջ, երբ երդվեցին՝ անձնվիրաբար ծառայել հայրենիքին և հանուն նրա չխնայել կյանքը, եկել էին ասելու, որ հավատարիմ են Երդմանը: Եկել էին նաև զոհված մահապարտների որդիները, խոնարհվելու և ընդունելու պատգամը՝ Մահապարտ նշանակոււմ է մահին պարտության մատնող:
Փառաց արարողության ավարտին, ՛՛Արծիվ մահապարտների միություն՛՛ ՀԿ նախագահ, գեներալ մայոր Աստվածատուր Պետրոսյանը, ՀՀ ՊՆ Տ ևՀԿ վարչության պետի տեղակալ Ֆելիքս Պողոսյանը /նա նույնպես Արծիվ մահապարտ է, գումարտակի 7-րդ դասակի հրամանատարն է եղել/, ՛՛Ազատամարտիկ կանանց միության՛՛ նախագահ Աիդա Սերոբյանը /Մահապարտների գումարտակի բուժքույրն էր/ մարտընկերներին հանձնեցին ԼՂՀ Արիության և Մարտական ծառայության, ՀՀ ՊՆ գերատեսչական մեդալներ, և ՛՛Արծիվ մահապարտների միություն՛՛ ՀԿ ՛՛Արծիվ մահապարտ.Վազգեն Սարգսյան՛՛ շքանշաններ...

Ա.Պետրոսյանը, Վ.Սարգսյանը, Ա.Տեր-Թադևոսյանը մահապարտների հետ առաջին հանդիպման ժամանակ. 18.08.1992թ.
Մահապարտների հանդիպումը ՊՆ-ում
Մարտավարության պարապմունքները Մայրաքաղաքային գնդում, 1992թ. օգոստոս
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
,,ԱՐԾԻՎ ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ,, ՀԿ
23:31, 25.04.2018
5042 | 0
14:55, 19.02.2018
5257 | 0
17:32, 11.01.2018
5037 | 0
դեպի վեր