Ս/թ մարտի 6-ին Արմավիր մարզի Բամբակաշատ գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Ցողիկ Ազիզյանը VIա դասարանում կազմակերպեց բաց դաս` «Հայ – հռոմեական պատերազմը և Տիգրան Մեծը» թեմայով: Դասին ներկա էին դպրոցի տնօրեն տիկին Գայանե Պարոնյանը և մի խումբ ուսուցիչներ: Իր ներածական խոսքը ուսուցչուհի Ցողիկ Ազիզյանը սկսեց Մովսես Խորենացու հետևյալ խոսքերով . «Սա մեր թագավորներից ամենահզորը և ամենախոհեմն էր ու այդ այրերից ու բոլորից քաջ...» , նշելով, որ խոսքը Տիգրան Մեծ հայոց թագավորի մասին է, ով իրավմամբ համարվում է հայ ժողովրդի դարավոր պատմության խոշորագույն դեմքերից մեկը: Տիրակալ, ով կրում էր «Արքայից արքա» տիտղոսը, զորավար` ով բազում ճակատամարտերում է հաղթել, հմուտ պետական գործիչ` ով վարել է ճկուն դիվանագիտություն և շնորհիվ այս ամենի ստեղծել է հայական հզոր պետականություն, որի սահմանները հիրավի ձգվում էին ծովից ծով: Այնուհետև աշակերտների օգնությամբ էլեկտրոնային գրատախտակին «Մտքերի տարափ» մեթոդով վեր հանվեց մի քանի պատմական իրադարձություններ: «Գրական խմբակ» մեթոդով ձևավորվեց երեք խմբեր, որոնց առաջադրվեց ներկայացնել թեմայի առանձին հատվածները: Նախապես ձևավորված «Տիգրան Մեծ» , «Արածանի» և «Արտաշատ» խմբերը ներկայացրեցին իրենց աշխատանքները: Անդրադարձ կատարելով` աշակերտները կարողացան բացահայտել Տիգրան Մեծի գործունեության բոլոր ուղղությունները, որից հետո նրանց առջև հառնեց Արևելքի հզոր տիրակալներից մեկի ամբողջական կերպարը: Եզրափակիչ խոսքում Ցողիկ Ազիզյանը նշեց, որ Տիգրան Մեծը առաջին հերթին մեծ հայրենասեր էր: Հայրենիքի նկատմամբ տածած անսահման սերն էր, որ մշտապես նրան մղում էր գործել հանուն Հայաստանի և հայ ժողովրդի: Այդ է պատճառը, որ նա դարեր շարունակ եղել է ժողովրդի կողմից սիրված և մեծարված պատմական գործիչ, ում անունն արտասանելիս յուրաքանչյուր հայ ունենում է անսահման հպարտության և երախտագիտության զգացողություն: |