ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+22 °C
ԻՄ ԸՆԿԵՐԱՇԱՏ ՎԱԶԳԵՆԸ
11:09, 09.03.2016
5606 | 0

ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ


ԻՄ ԸՆԿԵՐԱՇԱՏ ՎԱԶԳԵՆԸ


Կարծես դուռը հենց նոր բացվեց Ոսկեպարի արդեն իսկ զորակայանի վերածված դպրոցում: Դասից ուշացած աշակերտի պես ծիկրակելով ներս խուժեց մի տղա, և շուտասելուկի պես անընթեռնելի եռանդով բռնկվեց աննախադեպ հանելուկային խոսակցություն:

-Ո՞վ է, Չաուշ, - հարցրի ես:

- Վազգենն է:

Հարկավոր էր հրաժարվել մեր հենց որ կերած ճաշի տաքությւնից, մտքերի դառնությունից: Մարդ է եկել, ու անտեր ու դուրս ճակատին տեր կանգնել… Մի անուշ ջերմություն ներխուժեց իմ հոգին: «Մարդ է եկել» ու տեր է իրավիճակին, կողմ չէ բամբասանքին, և պաշտպան է թույլին: Մենք շարունակեցինք տեսնել, ականջներով լսել անսահման բարություն, հետո սարսռեցինք չարության մեջ հայտնված սահմանում:

Շրջեցինք Նոյեմբերյան-Ղազախ սահմանի ողջ երկարությամբ, համակ ուշադրությամբ հետևեցինք մեր և հակառակորդի դիրքերին:

Հեռվում Նոյեմբերյանն է: Վազգենը հասկացավ, որ ցաքուցրիվ եղած ջոկատների մեջ հայրենանվեր ոգի է թևածում: Այո՛, այստեղ են հայտնվել շատ յուրայիններ, ընկերներ, որոնց նախկինում չէր տեսել, չէր հանդիպել: Նրանք այս գեղեցիկ, անտառաշատ, այգելից տարածքները հույսով, ծիծաղեվ են լցրել… Բերել են համարձակություն, զորեղ, անսասան ուժ, տիրապետում են դրությանը, մի խոսքով տեր են…

ՈՒմ ծանոթ չէր՝ ծանոթացավ, և, յուրաքանչյուրին՝ ափի բարևածափով: Սիրտը ծփում էր հետն առընչվելիս, հաշիվ ու հաշվարկ տեսնելուց, գյուղացուն հարազատի և զինակցի տեղ ընդունելուց:

Մոտեցանք Բաղանիս գյուղի լեռնաքարային աղբյուրին, ջուրը խմեց ու խմեց… նայեց մեր գեղեցիկ սարերին, գյուղի տներին ու այգիներին… երևի թե նմանեցրեց իր գյուղին, ու սիրտը մղկտաց…

-Հրանոթները անտեղի չբանեցնեք, տղերք…- թոթովեց ուսիս, փոքր, բայց մեծ եղբոր պես: -Շատ զգույշ կլինես, քյալագյոզներ շատ կան, համառ կլինես, հրամանից դուրս չգաս…

Զարմացավ, որ ոչ մեկը չէր խմում, չէր արբենում այդ խմիչքաշատ, հոնի օղիով օծված գյուղում:

- «Ախ իմ մայր թանկագին, տես, կգամ ես հաղթած, և լեռնացած իմ կուրծքը կսեղմես քո կարոտ, քնքուշ հոգուն»:

Վազգենը ետ վերադարձավ, իսկ գնացած տեղում արև բացվեց ու անձրև եկավ, նույնիսկ հարևան Ջուջևան գյուղ հասավ, բայց մեզ ու մեր սարերին չհասավ:

«Ինչքան նման էր Փոքր Մհերին»:

Այդ դեպքում ո՞վ էր փոքր Մհերի ընկեր Ալիկը:

«Մեծ ախպեր» -բայց էդքան էլ մեծ չէր:

Չէ՛, ասում են էս էպոսից չէր: Իսկ ինչո՞ւ, Փոքր Մհերը եղբայր չունե՞ր… Ալիկի պապերը որտեղի՞ց. Ալաշկերտի էին, Ղարսից, տատերը՝ Մուշից ու Ալաշկերտից:

Մի առիթով հարցրել էր. «Վազգեն, դու էլ ես Արևմտյան Հայաստանից, չէ՞…»:

Պատասխանել էր. «Ալիկ, ի՞նչ ես բոլորիս գաղթական դարձնում, ես հալալ-զուլալ տեղացի եմ, հպարտ եմ, որ ծնվել եմ Մասիսի ներքո»:

ԵՎ, այնուհետ պատմել էր. «Մի անգամ մեր քյալագյոզ ընկերներից մեկը մեզ պատմել էր, որ հավերժական շարժիչ է հորինել, գնացինք քար, փետ, երկաթ հավաքեցինք, ու բարձրացանք Նոյի իջած բլրի վրա: Թարս ու շիտակ մի լավ չարչարվեցինք: Էդ անտեր ու դուս անիվը հավաքեցինք, մենք՝ տղաներով իրար հետ ընկերացանք, անիվը՝ քամու հետ… Եղած-չեղած քամին տարավ, իսկ ընկերությունը մնաց մեր մեջ, ու մինչև էսօր ոչ մեկը մեր ձեռքից չառավ»:

Նպատակ էր դրել Վազգենը, որ մեծ խորհուրդ կլինի Նոյի անսահման հաղթանդամ ժառապատկերը վերադառնա Արարատի դիմացի հենց այդ սուրբ բլուրին իջնի… Մեր ազգը նորից ցեղվի ու մնացած ժողովուրդներին էլ հավատ ընծայի ու ցեղի կանչով ոգեղենով օծվի:

40 տարին էր՝ Նոյի տապանը կրկին ստացավ նվեր, և մեր կրակած արկերից սարքած խոշոր գավաթները… Ղավուրմա, հարիսա կերանք. Էդիկ Տորոզյանի՝ առաջին նահատակի մայրն էր բերել: Հախուրդ տալով իրար խփեցինք զանգերը, ապա ինձ թվաց հարցնում եմ ինքս ինձ, թե նա իր հրաշալի ընկերուհիներից ո՞ւմ էր շատ սիրում, որ վերջում չէր ուզենա ընկերանալ, և կարող էր կնության վերցնել: Չեմ գտնում պատասխանը: Իր բախտը չէր բերել, թե՞ այնպես էր բերել, որ իր սերը ուրիշի հետ էր ամուսնացած, իսկ այդ ուիշը նորից ուզում էր ձգողության ուժով ընկերանալ Վազգենին: Կամ թե՝ ում սիրում էր, նա խելագարվում էր նրա ոգու անսահման ուժից, վարակվում էր գաղափարներով, և նորից ընկեր էր դառնում:

Էսպես ընկերաշատ էր իմ ընկեր Վազգենը:

Նույնիսկ ընկերություն էր անում ծաղիկ –կանաչի, վարդ-մանուշակի, ծաղկափթիթ անտառի ու առվի հետ: Հայրենի եզերքը ծայրից ծայր անցել էր ու սիրում էր նրա ամեն մի փշուրն ու փուշը… և, երբ նա ծառ ու ծաղկի մեջ էր, ժպտում էր, կամ քահ-քահ ծիծաղում, կոհակ-կոհակ կյանք էր սփռում շուրջը, շունչ տալիս ծառ ու ծաղկին, հավերժահոս ջրին:

Սևանում, լողի մարաթոնում, երբ հաղթահարեց կղզուց մինչև «Երկնագույն» ափ, կարծես թե անցնում էր Վանից Սասուն, և ափեափ հաղթահարեց Մայր Արաքսը հոսանքին հակառակ, ու էդպես Արածանիով հասնում է Վան: Այս էր մեր իրական ճանապարհը, հերոսամարտի հանգրվանը: Պատահական չէ, որ մեր էպոսի հերոսները ջրից են ծնվել:

-Մեր տեղն այստեղ է, Ալիկ:

-Ոչ, Վազգեն, մեր տեղը վերանվաճած Վանա լճի ու Սիփան սարի տակ է:

-Չենք հասցնի:

-Դու ապրելու ես 899 տարի, համարյա մի հազարամյակ, Մաթևոսի չա՞փ էլ չկաս:

-Բայց ինչո՞ւ, չէ՞ որ 21-րդ դարը մերն է, մեր Հայաստանյաց աշխարհինը, մերն է ցեղի կանչը, որ այսօր ղողանջում ու պայթում է մեր պես տղերքի ընկերաշատ ականջներում: -Էսպես քահ քահ ծիծաղեց, զրնգացրեց ննջող տղաների հոգու զանգերը:

-Չէ՛, դու պետք է գրես մեր նոր տարեգրությունը, մեր մայրերի, քույրերի ու անչափ շատ սիրող սրտերի մասին:

-Սիրող սրտերը նպատակին հասնում ու կանգնում են:

-Եթե կյանքը կանգնի, սիրտն ու սերն էլ կկանգնի: ՈՒրեմն նպատակը սահման չունի:

-Չէ, ունի՛, անբուժելի կարոտն է:

-ՈՒրեմն, միշտ պիտի կարոտես սիրուն, ինչպես սիրող մորդ, ընկերոջդ, որոնց երբեք չեն փոխում:

-Չէ, ոչ մի արժեք այդ արժեքներին համարժեք չէ;…Բայց ինչ ճիշտ են ընտրել քո անունը, պոզիվնոյը՝ «Մեծ ախպեր»: -Շարունակեց Վազգենը:

-Վազգեն, տարիքո՞վ, թե իմաստեվ: -Փորձեցի ճշգրտել;

-Իհարկե, իմաստային արժեքո՛վ, -ասաց նա, -այ, որ «մեռնեիր» չէ՞, առանց տատանվելու գործս կհեշտանար, «ազգային հերոս» հաշվարկով հերոս կդառնայիր, /հաշվի մեջ կընկնեիր, հերո՜ս/, բայց քանի դեռ կյանքը շարունակվում է, հայրենիքի շքանշանները քո շուքի տակ են, փոքրաշատ ընկեր, փոքր ախպեր:

-Դե լավ, Վազգեն, իսկ ինչո՞ւ ենք ասում մի ընկերը հերոս է, էս մեկը չէ, դաժան չե՞նք, որ հաշվում ենք կյանքում նրա կերտած ճանապարհը, թողած հետքը:

-Բա ասա, ոնց չեն հարցրել Տիգրանին, Վարդանին, Անանիա Շիրակացուն, Քուչակին, Նարեկացուն, Ռոսլինին ու Թումանյանին, Չարենցին, Շիրազին, Սևակին, ազգային հերոսի կոչում տա՞լ, թե՞ ազգը դեռ չէր ձևավորվել… թե՞ ցեղի ոգին ոգեղենությամբ, հերոսությամբ չէին չափում:

-Օրե՛նք չկար, Մխիթար Գոշը գրել էր. «Հայերից թարգմանել են լեհերը, հունգարները, իսկ Զոհրապը Այվազովսկուն հերոսի շքանշան տվեց, որ թուրքերի նավերը լավ խորտակի»:

-Էսպես պտտվեցինք այս աշխարհի շուրջը, բայց մեջը չմտանք, չգտանք մեզ առանց սահման: Բա մեր սիրտը ո՞վ է մտնելու, որտե՞ղ է մեր առանցքը, որ էսպես Ղարաբաղի ու նրա շուրջ էինք պտտել, և հիմա էլ ուրիշի շուրջն ենք պտտվում Ռուսներից մինչև Ամերիկացի:

-Էդ քո փռշտոցով լավ մտքեր ես արտահայտում:

-ՈՒրեմն, արագացնենք, հավաքվենք ու իջնենք երկիր:

- Արագածի շուրջ որ ձեռք ձեռքի են տվել, փռվել են 15 նահանգներ, նրա շուրջ ընկերներով հավաքվենք, ձեռք-ձեռքի սեղմենք, երևի քանի՞ մարդ է հարկավոր:

-Երևի մարդ չէ, աստվա՛ծ պիտի գա մեր նորօրյա պայքարով, ընկերաշատ ընկերներով, խոր հայրենապաշտությամբ:


- «Այո, հայ ժողովուրդը միշտ ձգտել է և ունեցել է ծովից ծով Հայաստան»: Այսպես էր ասում Վազգենը, երբ գնացել էինք Հունաստան: -Պատմում էր Վարուժան Գնունին:

- Հունվար ամսին մեքենայով անցնելով ծովեզրով, ասաց. «Կանգնիր, Վարուժան, ցեղիս կանչն է լսվում, ինչպե՞ս եք հանդուրժում, որ այս հրաշալի կապույտ ծովի կողքից անցնելիս չեք մտնում ջուրը» … ու շորերը ավտոմայրուղու վրա կանգնած մեքենայի մեջ հանելով, նետվեց ջուրը, և այնպես կարոտով անցավ 500 մետր, կարծես թե ողջունում էր մեր նախնյաց: Շուրջբոլորս մեքենաների շարասյուն մը գոյացավ, բոլորը մտիկ կընեին Վազգենին: Հարցրին. «Գինեսի ռեկո՞րդ կսահմանի»: Ասի՝ «Չէ, Հայոց Սպարապետ է, ծովուն կարոտել է, կլողա, կլողա մինչև Կիլիկիա»:

Այո՛, այդպես էր: Երբ ինձ մի անգամ հարցրին թե «Հունաստանի և Հայաստանի կապերը ամրացնելու համար ի՞նչ պիտի անենք, ասացի. «Ինչպես մեր նախնյաց ժամանակ՝ ընդհանուր սահման պետք է ունենանք» … ԵՎ հիշելով Վազգենի ցասումնալից ոգեղեն անցումը, ավելացրի. «Բայց ընդհանուր երկար ու բարակ ծովային սահման»: Հույները ծափահարեցին, իսկ ես հրճվեցի…

Երբ նոր էր վարչապետ նշանակվել, Սևանում բոլորին հավաքեց՝ նախարար, երկրապահ, մահապարտներ… նրանց հետ լողալով անցավ կղզի: Մենք հայացքով ուղեկցում էինք Վազգենին, և Արմենը ասաց.

-Նայիր, տես, գներալ Տրետյակովը /որի հետ Վազգենը մոտ ընկեր էր/ իր ճերմակ թևերով ոնց որ կարապ լինի… իսկ Վազգենն ո՞ւմ է նման:

-Ծովային առյուծի, -առանց վարանելու պատասխանեցի ես, - կարապը ռուսական լայնարձակ դաշտերն ու ծովերն է հիշեցնում, իսկ ծովային առյուծը՝ մեր սեգ սարերը:

…Իսկ մեր կյանքը՝ Վազգենի ընկերաշատությունը:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
,,ԱՐԾԻՎ ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ,, ՀԿ
23:31, 25.04.2018
5016 | 0
14:55, 19.02.2018
5234 | 0
17:32, 11.01.2018
5016 | 0
դեպի վեր