ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+22 °C
ՄԱՀՎԱՆԸ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՑ ՄԵԿԸ. ՌՈԲԵՐՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ
01:41, 05.09.2016
5889 | 0

Ռոբերտ Յուրիկի Գևորգյանը ծնվել է 1967թ. ապրիլի 18-ին, Երևանում: Նախնական կրթությունն ստացել է թիվ 2 ութամյա գիշերօթիկ դպրոցում, ապա տեղափոխվել է թիվ 16 միջնակարգ դպրոցը, որն ավարտել է 1984թ.:

Նույն գարնանը Ռոբերտը մեկնում է Սովետական բանակ: Զորացրվելուց հետո, որոշում Է մասնագիտական կրթություն ստանալ, և 1987թ. ընդունվում է ռադիոկապի ուսումնարան:

1988թ. սկսված Ղարաբաղյան շարժումը ծնողների միակ արու զավակին տանում է դեպի մշեցի պապի վրեժի իրականացում. նախ թատերական հրապարակ, ինքաշեն զենքեր արտադրելու փորձեր, ապա՝ հայոց նորօրյա ֆիդայիների շարքերում «Արաբո» կամավորական ջոկատի կազմում՝ դեպի Նախիջևան:

Նոյեմբեր ամիսն էր, ձմռան պաղ շունչը թևածում էր ոչ միայն երկնքում, այլև մոտեցող աղետի զգացում, սարսուռ էր ծնում մարդկանց հոգիներում. նորից գաղթական հայություն, դատարկվող շեներ: Նախիջևանի վերջին հայկական գյուղը՝ Զնաբերդն էլ դատարկվեց… Նրա պաշտպանների թվում էր նաև Ռոբերտը: Բայց… հնարավոր չեղավ պահել: Դեռ գաղթական հայության քարավանի մի ծայրը սահմանին էր, նրանց տեղավորելու խնդիրը առկախ, դարի ահեղ Երկրաշարժը ցնցեց մոլորակի մարդկության հոգին: Հյուսիսային Հայաստանը գրեթե հողին էր հավասարվել՝ ավերակված քաղաքներ ու գյուղեր, որբացած երեխաներ, որդեկորույս մայրեր… Ռոբերտը մեկնեց Գյումրի, ի քանի ամիս մասնակցեց փրկարարական աշխատանքներին, օգնեց աղետյալներին ինչով կարողացավ:

Հետո հաջորդեցին Գետաշեն-Մարտունաշենի ինքնապաշտպանությունը, Շահումյանի պաշտպանությունը: Ռոբերտը ԼՂՀ բնակչության և տարածքների պաշտպանությանը մասնակցեց նաև Էրքեջ, Մանաշիդ, Բուզլուխ գյուղերի ազատագրման համար մղվող մարտերում:

Պատերազմի դաժան ճամփաներով անցնող ազատության մարտիկը գիտեր՝ ավերված շինությունները պիտի նորովի, ավելի ամուր կառուցել, աշխատել է պետք, ազգային իղձերի իրականացման համար մի սերնդի ապրած ժամանակը կարող է քիչ լինել՝ զավակների, թոռների մեջ վերածնվել է պետք:

1991թ. ապրիլին Ռոբերտն ամուսնացավ: Ընտանիքի անդամների և ընկերների համար՝ անսպասելի հապճեպ: Բայց ուսուցչուհի Կարմենը նրա ճակատագիրն էր: Թե՞ Ռոբերտը՝ նրա: Առաջնեկն աղջիկ էր, ու մոր անունով, համաձայն իր հեռագրի պահանջի՝ Լիդա կոչեցին: 1992թ. փետրվարն էր: Նորածնի ժպիտը չվայելած, հայր դառնալու երջանկության զգացողությունը չմարսած Ռոբերտը Արցախի պաշտպանության դիրքերում էր՝ մասնակցում էր Խոջալույի ազատագրմանը, Ստեփանակերտի պաշտպանությանը, Մալիբեյլի, Ղարադաղլու, Ղուշչուլար գյուղերի գրավմանը:

1992թ. գարնանային պարտություններից՝ Շուշիի և Լաչինի կորստից հետո թշնամին ամեն գնով ուզում էր ռևանշի հասնել, ցանկանալով ոչ միայն կորցրածը հետ բերել, այլև լկտի հայտարարություններ էր անում՝ Սևանա լճին, Երևանին տիրանալու երազանքների վերաբերյալ:

Օգոստոսի 15-ի երեկոյան Վազգեն Սարգսյանի հեռուստակոչը Մահապարտների զորագունդ կազմավորելու անհրաժեշտության մասին, «Արաբո» ջոկատի մի խումբ պինդ, կոփված մարտիկների թվում նաև Ռոբերտ Գևորգյանին բերեց Մայրաքաղաքային գունդ: Այնտեղ էին ցուցակագրում, ընտրում ամենափորձառու, ամենաոգեպինդ մարտիկներին: Ցանկացողները շատ էին, պիտի ընտրվեին նրանք, ովքեր ի վիճակի էին փոխելու մահապարտ բառի իմաստը՝ ոչ թե մահվան դատապարտված, այլ՝ մահվանը պարտության մատնող:

Մահապարտների զորագունդը անվանվեց «Արծիվ»:

Արծիվ մահապարտներից մեկն էլ Ռոբերտն էր՝ կենսուրախ, ընկերասեր, խիզախ մի ազատամարտիկ: Նա էլ, մյուսների նման գիտեր, որ մարտական պատրաստության 15-օրյա պարապմունքներից հետո պիտի գործուղվեն ռազմաճակատի ամենադժվար հատվածը պահելու, առաջ գնալու… Բայց կոնկրետ որտե՞ղ, ոչ ոք չգիտեր: Այդ օրերին գրեթե ամեն տեղ էլ դժվար էր, ամեն կողմից ոսոխը ժանիքները խրել ու բզկտում էր Արցախը:

Օգոստոսի 29-ի երեկոյան, Եռաբլուրում, Արծիվ -մահապարտները մոմերի լույսի տակ միահամուռ երդվեցին: Առավոտյան շարասյունը Արարատի հայացքի դեմ՝ Երևանից շարժվեց դեպի Արցախ: Բոլորն էլ գիտեին, որ գնում են մահվան դեմ հանդիման, ու բոլորն էլ համոզված էին, որ այդ գոտեմարտում իրենք են հաղթելու՝ եթե պետք լինի սեփական կյանքի գնով:

«Արծիվ մահապարտների» զորագունդը տեղ հասավ երեկոյան կողմ: Գանձասարի նշանավոր վանքն ու շրջակա գյուղերն էին պաշտպանելու և ազատագրելու: Թշնամին չափազանց մոտ էր: Չափազանց մեծաքանակ: Չափազանց լավ զինված:

Տեղավորվում են Վանք գյուղի ատաղծագործարանի շենքում: Մի քանի ժամ հանգիստ են առնում...

Սեպտեմբերի 2-ի ադամամութին մահապարտների մի մասը շարժվում է դեպի Վաղուհաս: Խիտ անտառում մի աղբյուրի մոտ կարճ մի պահ նստում, հետախույզների տվյալներին են սպասում:

- Ռուբիկը, շատ կատակասեր տղա էր, նույնիսկ կարող եմ հիշել նրա վերջին բառերը, -ասում է մարտընկերը՝ Մկրտիչ Թադևոսյանը, - Այդ ընթացքում անեկդոտ էր պատմում գյումրեցիների մասին, էն որ՝ մեկն անցնում է բարձրահարկ շենքի մոտով, պատժգամբից հացի մեծ կտոր է ընկնում գլխին, բողոքին ի պատասխան վերևից մեկն ասում է. «Ներող կեղնիս ախպեր ջան, երեխի բեռնից մի թիքա ընկավ…»: Ոչ մեկս չծիծաղեցինք, ասաց՝ «Էս ինչի՞ չեք ծիծաղում…»: ՈՒ հենց այդ պահին սկսվեց կատաղի հրաձգություն:

…Մոտ 40-50 մետրից գնդակոծում էր ադրբեջանական Գորշ գայլերի ջոկատը: Չաուշի /Սամվել Հարությունյան/ և Արայի հետ դիրքավորվելով ծառի հետևում, Ռոբերտը, որ փորձառու նռնակաձիգ էր, դիպուկ կրակահերթով նոսրացնում էր ադրբեջանցիների շարքերը: Առնվազն 10-16 հոգի շարքից դուրս են գալիս՝ զոհվում կամ վիրավորվում են «Ռուբոյի» կրակահերթից: Բայց ինքն էլ թշնամու դիպուկահարի գնդակից ընկնում է: Արա Մխիթարյանը ձախից գոռում է. «Ռուբոյին խփեցին» … և ուղիղ նշանառությամբ ոչնչացնում դիպուկահար ոսոխին: Խնդրելով, որ կրակահերթերով իրեն պահեն, Չաուշը սողալով հասնում է ընկերոջը, և մեկի-մյուսի օգնությամբ հասցնում աղբյուրի մոտ, ապահով տեղ: Հակառակորդն արդեն այնքան մոտ էր, որ նռնակներ էր նետում մերոնց ուղղությամբ:

-Մենք երեք ժամ կռվեցինք, թշնամուն հետ մղեցինք, -հիշում է Սամվել Հարությունյանը, - Ռուբոյին բերինք Երևան, հողին հանձնեցինք Եռաբլուրում… նա իրոք անհավասար մարտում, հերոսի մահով զոհվեց»:

1992թ. սեպտեմբերի 2-ն էր: Լեռնային Ղարաբաղի Անկախության հռչակման առաջին տարելիցը:

Ռոբերտի հուղարկավորության հաջորդ օրը Կարմենը վատացավ, շտապ օգնություն կանչեցին: Պարզվեց հղի է:
Ռոբերտը չգիտեր, որ երկրորդ անգամ է հայր դառնալու: Եթե իմանար, գուցե մեկ այլ մարտադաշտից նոր հեռագիր հղեր՝ «Տղայիս հորս անունով՝ Յուրիկ կոչեք»: 1993թ. ապրիլի 25-ին ծնվեց Ռոբերտ Ռոբերտի Գևորգյանը:

Իսկ գուցե արդեն գիտե՞ր ամեն ինչ, նույնիսկ այն, ինչ դեռ չգիտենք մենք…

-Բա ինչի՞ չեք ծիծաղում… -Մինչև հիմա նրա ձայնը հնչում է մարտական ընկերների ականջներում:

Սրանք ինչ որ ֆիլմից կադրերի նկարագրություն չեն: Ամենաիրական կյանքի մի քանի րոպեների հուշ-պատառիկներ են մահվանն հաղթողներից մեկի մասին: Ընդհամենն այն մասին, թե ինչպես զոհվեց: Թե ինչպես ապրեց, և շարունակում է ապրել մեր մեջ նրանցից յուրաքանչյուրը, դժվար է նկարագրել անգամ ծավալուն վեպերում, իսկ լրագրային ակնարկի շրջանակներում դա անել անհնար է: Միայն հետգրության փոխարեն նշեմ, երկու փաստ՝

Հայրենիքին մատուցած ծառայությունների, մարտադաշտում ցուցաբերած արիության և խիզախության, «Արծիվ մահապարտների» զորագնդի մասսայական սխրանքին մասնակցության համար Ռոբերտ Յուրիկի Գևորգյանը հետմահու 1998թ. պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիության համար», 2012թ.-ին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութան «Արիության» մեդալներով:

Վարսիկ ԲԱԴԻԿՅԱՆ

«Արծիվ մահապարտների» հատուկ նծանակության զորագնդի հետախուզական և 6-րդ վաշտերի մարտիկներից մի քանիսը. ձախից 1. «Արաբո» ՀՆՋ հր.Սամվել Հարությունյան /Չաուշ/, 3. Ռոբերտ Գևորգյանը,
Ռոբերտ Գևորգյանը /կենտրոնում/ մարտընկերների հետ պաշտպանության դիրքերում
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
,,ԱՐԾԻՎ ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ,, ՀԿ
23:31, 25.04.2018
5016 | 0
14:55, 19.02.2018
5234 | 0
17:32, 11.01.2018
5016 | 0
դեպի վեր