ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +20 °C Վաղը`+20 °C
ՄԱՀՎԱՆԸ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՑ ՄԵԿԸ. ԼԱԴԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
02:00, 10.09.2016
4622 | 0

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՎԱՎԵՐԱԳՐԵՐՈՒՄ

Ծնվել է 1944թ. դեկտեմբերի 1-ին ՀՀ Թումանյանի շրջանի Ակներ գյուղում: 4 տարեկան էր, երբ ընտանիքով տեղափոխվում են Ալավերդի քաղաք: միջնակարգ կրթությունն ստանում է Ալավերդու Մ.Նալբանդյանի անվան միջնակարգ դպրոցում, որն ավարտելուց հետո աշխատանքի է անցնում Անտառտնտեսությունում:

Սովետական բանակում ծառայելուց հետո վերադառնում, և աշխատանքի է անցնում Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատում, որպես ձուլող բանվոր: Ամուսնացած էր, ունի 2 դուստր:

1988-ի ավերիչ երկրաշարժից հետո Սպիտակի շրջանի գյուղերում մասնակցել է փրկարարական աշխատանքների:

ՀԱՏՎԱԾ Լ.Լ. ՀԱԿՈԲՅԱՆԻ ՄԱՐՏԱԿԱՆ ՈՒՂՈՒՑ

1988թ. ազգային շարժման ակտիվ մասնակիցներից էր. կատարել է շատ կարևոր հանձնարարություններ: 1989թ. ԼՂՀ Մարտակերտի շրջանի Ղազանչի գյուղի պաշտպանության առաջամարտիկներից մեկը՝ Լադիկ Հակոբյանը 1990թ. մասնակցել է ՀՀ հյուսիս արևելյան սահմանների պաշտպանությանը /Նոյեմբերյան, Իջևան/:

1991թ. բազմիցս մեկնել է Արցախ, և մասնակցել Մարտակերտի շրջանի գյուղերի պաշտպանության մարտական գործողություններին:

1992թ. ամռանը Լադիկ Հակոբյանը մասնակցել է ԼՂՀ Շահումյանի շրջանի Բուզլուխ, Էրքեջ, Մանաշիդ գյուղերի ազատագրման համար մղվող մարտերին:

1992թ. օգոստոսին՝ արձագանքելով Վ.Սարգսյանի կոչին, անդամագրվում է «Արծիվ մահապարտների» հատուկ նշանակության զորագնդին:

Երկրորդ վաշտի կազմում ընդգրկված տասնյակից ավելի լոռեցիներից մեկն է Լադիկ Հակոբյանն էր:

ԲՆՈՒԹԱԳՐՈՒՄ ԵՆ ՄԱՐՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԸ

Ա.Օհանյան, Ա.Սաժինյան, Գ..Ծատինյան- «Լինելով բարի, ճշմարտասեր, խելացի, և պահանջկոտ, նա չէր հանդուրժում ոչ մի սխալ: Մեծ սրտի տեր էր, սիրով լցված ընկերների հանդեպ՝ յուրաքանչյուրի ցավն իրենն էր համարում, և ամենադժվար ու վտանգավոր առաջադրանքները պարտավորվում էր կատարել ինքը: Մարտի դաշտում նրա չափից ավելի զգոնությունը հաջողության էր հասցնում զինակիցներին»:

Լադիկի և Սեյրանի զոհվելու հանգամանքների վերաբերյալ մանրամասնություններ եմ փնտրում զորագնդի մարտական ուղու մասին վավերագրերում, ուզում եմ հասկանալ, 1992թ. սեպտեմբերի 1-ին, լույս 2-ի գիշերը, ինչ էր կատարվում, ինչո՞ւ, ինչպե՛ս...

Մարտիկների հիշողությունները միահյուսվել, վավերագրություն-ժամանակագրություն են դարձել «Մահապարտները» գրքի էջերում:

Պատկերները կենդանանում են ասես, ու թանձրացող մութի մեջ ես էլ եմ տեսնում մահապարտների վրա տեղացող կրակը, լսում տանկերի անսպասելի հռնդյունը: Բլուրի գագաթը երկնքից զատող ստվերագիծը գնալով լուծվում է, անհետանում: Քիչ է մնում մինչև բլրի գագաթը.մոտ տաս մետրի չափ: Երկրորդ դասակի մարտիկները անհավասար կռվի մեջ են, ալավերդցի Լադոն ու Սեյրանը համարյա հասնում են բլրի գագաթին...

...Հետո նրանց ստվերները երերում, կորչում են խավարը թրատող բոցերի, փոշու ամպերի ու պայթյունների աղմուկի մեջ:

Ականակիր մութի մեջ տեղանքին դեռ անծանոթ ռազմիկների համար առաջ գնալն անիմաստ ինքնասպանություն էր լինելու: ՈՒ, չնայած թշնամուն ծանր կորուստներ են պատճառում /ազերիները մարտադաշտում առնվազն 40-50 դիակ են թողնում/, Արծիվ մահապարտները հարկադիր, ժամանակավոր նահանջի են դիմում:

Սա Վաղուհասի համար մղվող առաջին մարտերից մեկն էր, առավել դժվարին, կատաղի մարտերն առջևում էին:

Արցախյան հողը թիզ առ թիզ ազատագրելու մասսայական սխրանքին շարունակեցին մասնակցել Լադիկի մարտական ընկերները, փորձելով լուծել նաև իրենց զոհված ընկերների վրեժը:

Շարունակում եմ ընթերցել մարտական ընկերների՝ Արտաշես Օհանյանի, Արամ Սաժինյանի և Գառնիկ Ծատինյանի ստորագրած վկայագիր-բնութագիրը ազատամարտիկ, Արծիվ մահապարտ Լադիկ Հակոբյանի մասին. «Վաղուհաս գյուղի ազատագրման համար մղվող մարտերի ժամանակ, գյուղը շրջապատող սարերի բարձրավանդակում դարանակալել էր թշնամին, և հրազենի բոլոր տեսակներից կրակ էր թափում: Լադիկը մարտի թեժ պահին նկատեց հակառակորդի դիրքային առավելությունը, գնդացրի դիպուկ և հեռահար կրակոցով ոչնչացրեց թշնամու համար շատ կարևոր հենակետ, և կրակը վերցրեց իր վրա՝ կյանքի գնով հնարավորություն տալով ընկերներին՝ գրոհելու»:

Սեյրան Անթանեսյան- … «Ցավալին այն է, որ ամենից առաջ զոհվեցին նրանք, ովքեր ամենից շատ էին ուզում մահապարտ դառնալ: Թե Սեյրան Մարգարյանը, թե Լադիկ Հակոբյանը, ինչպես արդեն նշեցի, հիանալի մարտիկներ էին, ուղղակի Արցախի տեղանքը լավ չգիտեին: Նրանք մարտի էին բռնվել հակառակորդի անհամեմատ մեծաթիվ, լավ զինված ու դիրքավորված ուժերի հետ, և անվտանգություն, ապահովություն մոռացած, այնքան էին զինընկերներից առաջ անցել, որ ընկել էին շրջափակման մեջ: Հենց այդտեղ էլ ոսոխի արձակած ռումբը պայթել, նրանց մարմինները բզկտել, այս ու այն կողմ էր շպրտել…»:

Լադիկ Լևոնի Հակոբյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ Արիության մեդալներով, «Արծիվ մահապարտ.Վազգեն Սարգսյան» շքանշանով:

Օրերս, նրա և Սեյրան Մարգարյանի զոհվելու 24-րդ տարելիցի օրը՝ սեպտեմբերի 2-ին «Արծիվ մահապարտների միության» նախագահ գեներալ մայոր Պետրոսյանը, «Արծիվ մահապարտներ» ՀՆԳ-ի մյուս վաշտերի ներկայացուցիչների հետ այցելեց Ալավերդի: Զոհված մարտընկերների հիշատակին Փառաց արարողություն կազմակերպվեց: Նրա տիկնոջը հանձնվեց «Ասպետաց Քաջարի մայր» շքանշան:
Հենց այդ օրն էլ Գեներալին զեկուցեցին, որ Լադիկի Լադիկ անվանակոչված թոռը, Արծիվ մահապարտ Արտաշես Օհանյանի որդին, այս օրերին ծառայում է Պաշտպանության բանակում, Ապրիլյան պատերազմի մասնակից է, և շարունակում է քաջարի պապի ընդհատված թռիչքը դեպի Հաղթանակ:

Վարսիկ ԲԱԴԻԿՅԱՆ

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
,,ԱՐԾԻՎ ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ,, ՀԿ
23:31, 25.04.2018
5016 | 0
14:55, 19.02.2018
5234 | 0
17:32, 11.01.2018
5016 | 0
դեպի վեր