ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+22 °C
ՄԱՀՎԱՆԸ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՑ ՄԵԿԸ. ԳԱԳԻԿ ՅՈԼՉՅԱՆ
15:22, 11.09.2016
8928 | 0

Գագիկ Հենրիկի Յոլչյան - ծնվել է 1960թ. հոկտեմբերի 24-ին, Երևանում: 1968-78թթ. սովորել է Երևանի թիվ 33 դպրոցում: 1979-81թթ. ծառայել է խորհրդային բանակում /Աֆղանստանում/: Վերադարձից հետո մասնագիտություն է ձեռք բերել խոհարարական ուսումնարանում, և մինչև 1988թ. աշխատել է հասարակական սննդի տարբեր օբյեկտներում:

Արցախյան շարժումը բացահայտեց սովորական, համեստ այդ երիտասարդի մեջ այն Գագիկ Յոլչյանին, ում այսօր հիշում ու գնահատում ենք որպես քաջարի ազատամարտիկի՝ ՀՀ և ԼՂՀ «Մարտական Խաչ» շքանաշանների ասպետ Արծիվ մահապարտի:

Սկզբնական շրջանում նա հանդերձանք, սննդամթերք և զինամթերք էր տանում տարբեր ջոկատների համար: Ապա մասնակցեց ՀՀ Ադրբեջանին սահմանամերձ Կոռնիձոր, Երասխավան, Ոսկեպար գյուղերի պաշտպանության համար մղվող մարտական գործողություններին:

1991թ. Փարպի գյուղի իր մարտական ընկերների հետ նա մասնակցել է ԼՂՀ Մարտունու շրջկենտրոնի և հարակից՝ Ղարադաղլու, Վերսալու, Մարտակերտի շրջանի Սրխավեն, Բաշ Գյունեթափայի, հետո նաև «Արաբո» ջոկատի ազատամարտիկների հետ մասնակից է եղել Լենինավան, Մատաղիս և Չայլու գյուղերի ինքնապաշտպանության մարտերին:

Աֆղանստանում ձեռք բերած մարտական փորձն ու հմտությունը Գագիկ Յոլչյանն օգտագործել է նաև ԼՂԻՄ Շահումյանի շրջանի Բուզլուխ, Էրքեջ և Մանաշիդ բնակավայրերի ինքնապաշտպանության մարտերում:

Գագիկ Յոլչյանի մարտական փառքի ուղին գծվեց մինչ Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջան՝ Գանձասար-Վաղուհաս…


ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ / «Արծիվ մահապարտներ» ՀՆԳ ընդհանուր հրամանատար/ -Ծանր, ճակատագրական օրեր էին Արցախի համար, Ասկերանի և Մարտակերտի ուղղությամբ լայնածավալ հարձակման անցած թշնամու թիկունքում ծխում էին հայկական շեները: Ժողովուրդը խուճապի էր մատնվել, պատսպարվել Ստեփանակերտի թիկունքում: Դրությունն օրհասական էր: Առաջնայինը թշնամու առաջխաղացումը կասեցնելն էր: ԵՎ այդ ժամանակ պաշտպանության նախարար Վ.Սարգսյանի կոչով ստեղծվեց «Արծիվ» մահապարտների հատուկ նշանակության զորագունդը, որը բեկում մտցրեց ռազմաճակատում: Պատմությունը հիշելու է բոլորին անուն առ անուն: Հիշելու է նրանց, Նրանցից մեկն էլ Գագիկն էր, Աշտարակի փորձառու վաշտի 5-րդ դասակի հրամանատարը՝ կարգապահ ու իմաստուն, պահը ճիշտ գնահատող: Ի դեպ, դասակի անձնակազմում ընդգրվածների թվում էին 8 փարպեցի ազատամարտիկներ:

1992թ. աշնան առաջին իսկ օրից Մահապարտների զորագունդը դաժան ճակատամարտեր մղեց: Այդ թվում, և 5-րդ դասակը, որ կասեցրեց Չլդրան-Հարությունագոմեր ուղղությամբ թշնամու զինուժի առաջացումը դեպի Գանձասար:

ԳԵՂԱՄ ՍՄԲԱՏՅԱՆ /մարտական ընկեր/ - Չլդրանում տասը օր արճճե կրակ էր թափվում մեր դիրքերին, ռմբակոծում էին 8-10 գրադներով: Անցնում էին հարձակման մեկ անգամ, երկու, երեք, ու զոհեր տալով նահանջում: Դա առաջին լուրջ ու կայուն դիմադրությունն էր, որից զգացվեց ազերիների հոգեբանական պարտությունը: 10-րդ օրը Գագիկը ազերիների դիրքերից մի տանկ բերեց:

Առավոտյան սկսեցինք հարձակումը և այդ ճակատում խորացանք մոտ 30կմ: Տղաները զոհված ընկերների վրեժով լցված հետապնդեցին փախչող թշնամուն մինչև Դրմբոն, սակայն նորից հետ եկանք մեր դիրքերը, որովհետև մեր թիկունքը բաց էր:

Չլդրանի դիրքերը հանձնելով նոր հերթափոխին, դասակը տեղափոխվում է Վանք և պատրաստվում Վաղուհասի՝ դժվարամատչելի, ռազմաինժեներական բարդ կառույցներով ամրացված բարձունքի գրավմանը:

Վաղուհասի ազատագրման համար հերթական գրոհի նախօրեին Գագիկը Գանձասարի եկեղեցի Է մտնում, մյուսների հետ ստանալով Տեր Հովհաննեսի օրհնանքն ու հիշեցումը՝ «Արծիվներ, ձեր թիկունքում Գանձասարն է», նա խաչեր և երկու Աստածաշունչ Է վերցնում. մեկը մոր Սաթենիկ անունը կրող եղբոր դստեր համար, մյուսը… Մյուսի տերն հիմա երևի իր անվանակիր եղբորոդին է՝ Գագիկը, որն այդպես էլ չտեսավ հորեղբորը:

Հաջորդ օրը Գանձասարից դուրս գալով, շրջանցում են բարձունքն ու հայտնվում թշնամու թիկունքում: Պայմանավորված ժամին պետք է գործեր մեր հրետանին, և երբ դիմացից սկսվեր հարձակումը՝ տղաներն էլ թիկունքից պետք է հանկարծակիի բերեին թշնամուն:

ԷԴԻԿ ՄԱՐԿՈՍՅԱՆ-/մարտական ընկեր/- Առավոտ էր: Մենք ամբողջ գիշերը քայլել էինք, մեզ թշնամու դիրքերից մի քանի հարյուր մետր էր բաժանում: Ջոկատից մի քիչ հեռու, ես ու Գագիկը թիկունք թիկունքի տված լուռ ծխում էինք: Մենք տեղանքին այնքան էլ ծանոթ չէինք: Հանկարծ Գագիկը շրջվեց իմ կողմն ու ասաց. «Էդիկ, եթե տղաները ծուղակի մեջ ընկնեն, գիտե՞ս ինչպես ես հանելու»: «Էն ժամանակ մի բան կմտածենք» - փորձեցի կատակել: «Տեսնո՞ւմ ես դիմացի երեք սարերը, -շարունակեց, - կենտրոնի սարի թիկունքում մերոնք են, այդ սարի տակ էր մեր աղբյուրը, հիշո՞ւմ ես, որտեղից ջուր էինք վերցնում: Այդ սարը ուղեցույց կվերցնես»: Այդ պահին մեզ մոտեցավ Սամվել Շահմուրադյանը, և մեր զրույցն ընդհատվեց: Գագոն, ասես կանխազգացել էր իր մահը, բայց վերջին պահին անգամ մտածում էր ընկերների մասին;

Սկսվեց մարտը: Թշնամու դիրքերին մոտեցող Սամվել Շահմուրադյանի ոտքերի տակ պայթեց ականը: Գնդացիրը ձեռքին, ծանր վիրավոր ընկերոջը օգնության շտապող Գագիկի ոտքը նույնպես առավ ականի: Պայթյուն… հետո իջած ծանր լռության մեջ Գագիկի հայացքը կպահի իրենց օգնության շտապող ուսանող Վարդանի ուրվագիծը: Նորից պայթյուն, նա էլ ընկավ… էլի, Էլի…

Թշնամին ծուղակ էր լարել՝ տեղանքն ամբողջովին ականապատված էր:

ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ / «Արծիվ մահապարտներ» ՀՆԳ ընդհանուր հրամանատար/ -Այդ ճակատամարտում մենք ունեցանք 7 զոհ, որոնցից 4-ը` կազակ, և 25 վիրավոր: Ցավալի էր Սամվել Շահմուրադյանի, Գագիկ Յոլչյանի, Վարդան Հովհաննիսյանի կորուստը: Դժվարին այդ ճակատամարտից շատ չանցած, չնայած ծանր կորուստներին, մենք կարողացանք կարճ ժամանակում հետ վերցնել Մանիջլուն, Մեհմանան, Դրմբոն, կրակի տակ պահել Հարությունագոմերի և Կոճողուտի ճանապարհը:

Բայց դա հետո է լինելու: Յոթ օրից վերջապես կազատագրվի նաև Վաղուհասը, բայց Գագիկ Յոլչյանի թևին կապված ժամացույցի սլաքները միշտ ցույց կտան 1992թ. սեպտեմբերի 11-ի, ժամը 2.30-ը...

***

Իսկ կյանքը շարունակվում է, ու գալիքին ընդառաջ ելածների կյանքն ու գործը դասդասում, գնահատում է ժամանակը. Գագիկ Հենրիկի Յոլչյանը 1994թ. մայիսի 24-ին հետմահու պարգևատրվում է ԼՂՀ «Մարտական խաչ առաջին աստիճանի», 1996թ. սեպտեմբերի 20-ին ՀՀ «Մարտական Խաչ երկրորդ աստիճանի» շքանշաններով:
Վարսիկ ԲԱԴԻԿՅԱՆ

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
,,ԱՐԾԻՎ ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ,, ՀԿ
23:31, 25.04.2018
5016 | 0
14:55, 19.02.2018
5234 | 0
17:32, 11.01.2018
5016 | 0
դեպի վեր