ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +12 °C ... +19 °C Վաղը`+22 °C
ՄԱՀՎԱՆԸ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՑ ՄԵԿԸ. ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
00:50, 12.09.2016
6496 | 0

Վարդան Նասլետի Հովհաննիսյան-Ծնվել է 1972թ. հունվարի 13-ին Երևանում: Միջնակարգ կրթությունն ստացել է Երևանի թիվ 142 դպրոցում: 1988թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի մեխանիկայի ֆակուլտետ, 2-րդ կուրսից տեղափոխվել է տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետ:

Արցախյան պատերազմի առաջին օրերից Վ. Հովհաննիսյանը փորձել է անդամագրվել երկրապահ ջոկատներին և մեկնել ռազմի դաշտ, բայց քանի որ պատանի էր դեռ և ուսանող՝ հրամանատարները մերժել են:
1992
թ. հունիսին, հանձնելով կիսամյակի քննությունները, Վարդանը փոխադրվում է 4-րդ կուրս: Վազգեն Սարգսյանի օգոստոսի 15-ի մարտակոչը լսելով, նա կրկին դիմում է Արցախ մեկնելու խնդրանքով: Ի վերջո, ծնողներից թաքուն կարողանում է զինվորագրվել կազմավորվող «Արծիվ» մահապարտների զորագնդին:
1992
թ. օգոստոսի 30-ին նրբադեմ ուսանողը, որպես 5-րդ վաշտի մարտիկ-գնդացրորդ, մահապարտների գումարտակի կազմում մեկնում է Արցախ: Մասնակցում է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Չլդրան, Դրմբոն, Հարությունագոմեր գյուղերի ազատագրման համար մղվող մարտերին:

Վ. Հովհաննիսյանը հերոսաբար զոհվել է 1992թ. սեպտեմբերի 11-ին` Վաղուհասի բարձունքի ազատագրման համար մղվող ճակատամարտում:

…Նրա աճյունն ամփոփված է Եռաբլուր հուշահամալիր-պանթեոնում:
1998
թ. փետրվարին Վ. Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է ԵՊՀ արծաթե հուշամեդալով:
«Արծիվ մահապարտներ» ՀՆԳ մասսայական սխրանքին մասնակցության, ցուցաբերած արիության, նվիրվածության համար Վարդան Նասլետի Հովհաննիսյանը
պարգևատրվել է 1998թ. սեպտեմբերին՝ ՀՀ, 2012թ. սեպտեմբերին՝ ԼՂՀ «Արիության» մեդալներով:
2007
թ. սեպտեմբերին Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի լսարաններից մեկը անվանակոչվել է «Արծիվ մահապարտների միության» «Արծիվ մահապարտ.Վազգեն Սարգսյան» շքանշանի ասպետ, Վարդան Նասլետի Հովհաննիսյանի անունով:

Նրա սովորած դպրոցում նույնպես Վարդանի անվան դասարան կա, որտեղ, ինչպես նաև համալսարանի նշված լսարանում, հաճախ են հայրենավիրության բաց դասեր անցկացվում Վարդան Հովհաննիսյանի ծնողների, մարտական ընկերների և «Արծիվ մահապարտների» հատուկ նշանակության զորագնդի ընդհանուր հրամանատարի, ՀՀ ՊՆ ներկայացուցիչների մասնակցությամբ:

ՆԱՍԼԵՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ /հայրը/-Երբ 4-րդ կուրս փոխադրվեց, ես ու մայրը փոքր ինչ հանգստացանք, մտածեցինք՝ մի տարի կհամբերի, համալսարանը կավարտի, հետո կմեկնի Արցախ: Ով գիտե, թերևս մինչ այդ պատերազմն էլ ավարտված լինի: Մինչդեռ նա արդեն անդամագրվել էր Մահապարտների գումարտակին, և ամեն օր կանոնավոր զորավարժությունների էր մասնակցում: Տեսնում էինք, որ գիշերները ուշ, հոգնած է տուն վերադառնում, մեր մտահոգ հարցերին խուսափողական պատասխաններ էր տալիս կամ լռում ուղղակի: Օգոստոսի 30-ին, ուսապարկով, զինվորական համազգեստով տուն եկավ, նորից որոշակի ոչինչ չասաց: Կեսգիշերին մոտ զանգեցին, կազմ-պատրաստ դուրս նետվեց… Մոր կանչին էլ չպատասխանեց:

ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ / «Արծիվ մապարտներ» ՀՆԳ ընդհանուր հրամանատար/- Հովհաննիսյան Վարդանին ես «Մայրաքաղաքային» գնդից՝ գլխավոր զորակայանից եմ հիշում: Նորածիլ մորուք, կրծքին փայտե խաչ ուներ: Ամեն օր գալիս, խնդրում էր, որ զինվորագրենք, չէի համաձայնվում, շատ էր ջահել: Մենք՝ հրամանատարներս, գիտեինք թե ուր ենք գնում, ու ոչ մի ազատամարտիկից չէինք թաքցնում: Սակայն երբ նույնը Վարդանին բացատրեցի, ոչ միայն մտադրությունից չհրաժարվեց, որոշումը չփոխեց, իր կարծիքով նույնիսկ փորձեց ինձ համոզել: Ասաց, որ կիբեռնետիկայի ֆակուլտետում է սովորում, գիտելիքներով կարող է մեզ շատ օգտակար լինել: Մենք, ճիշտն ասած բանիմաց մարտիկների կարիք ունեինք, մեզ հետ ֆագոտներ, նորահնար զենքեր էինք տանում Արցախ: Ի վերջո տեղի տվեցի, ուղարկեցի ականանետների դասակ: Վարդանը նախ ուրախացավ, հետո հետ վերադարձավ, կտրուկ ասաց. «ՈՒզում եմ գնդացրորդ դառնալ»: «Ինչու՞» - չհասկացա ես: «Որ առաջին գծում լինեմ, ուղղակի մասնակցեմ ռազմական գործողություններին»: Չեմ թաքցնում, հանդգնությունն ինձ դուր եկավ, չմերժեցի:

ՍՊԱՐՏԱԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ /5-րդ դասակի մարտիկ/-… Երեկոյան, հետախուզությունից հետո, Գանձասարի վանքում կատարվեց մկրտություն և աղոթք առաջիկա մարտի համար: Զինվորական հագուստով Վանքի վանահայր Տեր Հովհաննեսը վրան գցեց կրոնավորի փարաջան, և կատարեց սուրբ արարողությունը: «Գանձասարը մեզ ապավեն» - շշնջաց Վարդան Հովհաննիսյանը, ապա 30 հատ մոմ վառեց: Ճիշտ այնքան, որքան մարտիկ կար դասակում: Առավոտյան սկսվեց Վաղուհասի բարձունքի գրոհը, թշնամին սկսեց նահանջել, կրակ թափելով զենքի բոլոր տեսակներից: Ծանր վիրավորվեց ՀՀ ԳԽ պատգամավոր, «Նիկոլ Դուման» դասակի մարտիկ Սամվել Շահմուրադյանը: Գագիկ Յոլչյանը ծառս եղավ օգնելու ընկած Սամվելին: Լսվեց նոր պայթյուն: Գագիկը տապալվեց հասակով մեկ: «Ափսոս մեր հրամանատարը» -մղկտաց Վարդանը: Նա ոստնեց առաջ և… Նորից պայթյուն: … Վաղուհասի բարձունքը բոլորիս համար մնաց որպես Վարդանի, Սամվելի ու Գագիկի բարձունք:

«Սովորել միշտ էլ կարող եմ, բայց հիմա զինվոր է պետք» . գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը հաճախ Վարդանին հիշում է նրա այս խոսքերով, որով իրեն համոզելով, պատանին կարողացել է անդամագրվել գումարտակին:

«Արծիվ մահապարտների» կողքին այսօր շարունակում են ծնվել մահվանը պարտության մատնող նոր հերոսներ, ովքեր չավարտվող պատերազմի երկար ու ձիգ 24 տարիներին՝ տարբեր ժամանակ ու ռազմաճակատի գծի տարբեր հատվածներում գերազանց են հանձնում մեր ազգի ու պետության համար ամենավճռորոշ քննությունը՝ հայրենապաշտպանության գործին մինչև վերջ ինքնանվիրումը... Բայց ոչ ազգային սնապարծությամբ լի կոչերով, որից այնքան շատ էր վախենում Վարդանը /Արցախ մեկնելու նախօրդ գիշերը նստել, գրեթե անգիր արած՝ իր օրագրում գրի էր առել Պ.Սևակի հայտնի ատենախոսությունը/, այլ սեփական երկրի տերն ու պաշտպանը լինելու պարտականության գիտակցությամբ:
Վարսիկ ԲԱԴԻԿՅԱՆ

ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՀԱՎԵՐԺ ՆԵՐԿԱ Է...
ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ, բայց իրեն ճանաչողների հոգում է նաև...
ԴՊՐՈՑՈՒՄ, իր անվամբ կոչված դասարանում, որպես օրինակ սերունդների համար...
ԴՊՐՈՑՈՒՄ, որպես երկրի սահմանները սեփական արյամբ գծագրած հերոս Մահապարտ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ, որպես Հայի տեսակի խորհրդանիշ...
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
,,ԱՐԾԻՎ ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ,, ՀԿ
23:31, 25.04.2018
5016 | 0
14:55, 19.02.2018
5234 | 0
17:32, 11.01.2018
5016 | 0
դեպի վեր