Էջմիածինը հայերիս հոգևոր մայրաքաղաքն է. սրբազան և հոգեհարազատ այս վայր պետք է այցելի յուրաքանչյուր քրիստոնյա հայորդի, հաղորդակցվի մեր հոգևոր մշակութային արժեքներին, ճանաչի ինքն իրեն առավել ընդգրկուն և խորին: Այս նպատակին էր ուղղված Նոր Նորք վարչական շրջանի հ.197 հիմնական դպրոցի աշակերտների ուխտագնացությունը դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Նախքան ուխտագնացությունը` կրթօջախի սաները մանկավարժների ուղեկցությամբ եղան Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում, ստացան քահանայի օրհնությունը, ապա` ուղևորվեցին հայոց հոգևոր կենտրոն: Ուխտավորները եղան Մայր Տաճարում, այցելեցին Սբ. Գայանե, Սբ. Աստվածածին, Շողակաթ, Հռիփսիմե եկեղեցիներ` հաղորդակից դառնալով Էջմիածնի հոգևոր և պատմական արժեքներին: Հետադարձին աշակերտները եղան նաև Մուսալեռում` ծանոթանալով Մուսա լեռան հերոսական մարտերի պատմությանը: |