ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Արցախի պետական համալսարանում կազմակերպվել է «Շրջակա միջավայրի պաշտպանության իրավունք» թեմայով միջազգային դատական խաղ-մրցույթ
17:02, 23.01.2020
2415 | 0

21.01

2020


Հունվարի 21-ից 22-ը Արցախի պետական համալսարանում կազմակերպվել է «Շրջակա միջավայրի պաշտպանության իրավունք» թեմայով միջազգային դատական խաղ-մրցույթի Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային փուլը: Սթեթսոնի և Արցախի պետական համալսարանի նախաձեռնությամբ կազմակերպված դատախաղին Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի իրավագիտություն մասնագիտությամբ սովորող ուսանողները անգլերեն լեզվով դատավիճել են ազգային սահմանները հատող իրավական, էկոլոգիական խնդիրների շուրջ:

Մրցույթին մասնակցել են երեք թիմ՝ Երևանի պետական համալսարանը, Հայ- ռուսական (սլավոնական) համալսարանը և Արցախի պետական համալսարանը, յուրաքանչյուր թիմում ընդգրկված էր երեք ուսանող: Մրցույթի առաքելությունն է նպաստել էկոլոգիական իրավունքի ոլորտում արդյունավետ որոշումներ կայացնելու ունակություն ունեցող երիտասարդ առաջնորդների զարգացմանը:

«Նման դատախաղերը միջազգային հարթակներում կայանալու, լեզվի իմացությունը զարգացնելու, այլ երկրներում այլ իրավաբանների մտածողությունը, ամբողջ աշխարհում իրավունքի տրամաբանությունը և էությունը հասկանալու, ինչպես նաև կայանալու հնարավորություն են տալիս», - նշել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողուհի Տաթևիկ Սողոյանը՝ ընդգծելով, որ մրցույթին առաջադրված խնդիրները վերաբերում են վերացող և տեղափոխվող տեսակներին:

ԱրՊՀ թիմի մարզիչ Վարդուհի Ավանեսյանի խոսքով՝ ուսանողները ոգևորված և մոտիվացված են, փորձում են ամեն կերպ սովորել ու ներկայացնել իրենց գիտելիքները: «Թիմերի հաղթանակը պայմանավորված է մի քանի չափանիշներով՝ ներկայացնելու արվեստով, հանրային խոսքով, միջազգային իրավունքի և շրջակա միջավայրի իրավունքի վերաբերյալ ընդհանուր գիտելիքներով և որպես իրավաբաններ սեփական կարծիքը ներկայացնելու պատրաստվածությամբ»:

Դատախաղի արդյունքում հաղթող է ճանաչվել ՀՀ Հայ-Ռուսական համալսարանի թիմը:

Հաղթող և մասնակից թիմերի անդամներին հավաստագրեր է հանձնել ԱրՊՀ գիտության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Վալերի Ավանեսյանը:

Ազգային և տարածաշրջանային փուլերի արդյունքում հաջողություն գրանցած թիմերը, այդ թվում նաև ԱրՊՀ թիմը, մասնակցելու են ապրիլի 2-ից 4-ը ԱՄՆ Ֆլորիդա նահանգում կայանալիք եզրափակիչ փուլին:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Արցախի պետական համալսարան
դեպի վեր