MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +7 °C ... +19 °C Tomorrow:+21 °C
ԲԱՐՍԵՂ Ա ԱՆԵՑԻ. ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՆԵՐ
18:56, 25.04.2014
5385 | 0
(1105–1113)

Ամենայն Հայոց կաթողիկոս է դարձել 1105 թ.-ից` հաջորդելով Գրիգոր Բ Վկայասերին: Ծնվել է Անիում, ծննդյան թիվն անհայտ է: Մահացել է 1113 թ.-ի մայիսին Կիլիկիայի Շուղր ավանում, զոհ է գնացել մի դժբախտ պատահարի` անսպասելիորեն փլված շենքում մահացու վիրավորվելով:
Ամփոփվել է Կիլիկիայի Սև լեռան Կարմիր վանքում:
Բարսեղի հայրը` Վասակը, Կեչառիսի վանքի հիմնադիր Մեծ իշխան Գրիգոր Ապիրատի որդին էր, մայրը Գրիգոր Մագիստրոս Պահլավունու դուստրը: 1072թ.-ին Շադդադյանների տիրապետության տակ գտնվող Անի այցելած Գրիգոր Բ Վկայասերը նրան ձեռնադրել է Անիի եպիսկոպոս:
1081թ.-ին Գրիգոր Բ Վկայասերի համաձայնությամբ, Տաշիր–Ձորագետի թագավոր Կյուրիկե I–ի հովանավորությամբ և Անիի Մանուչե ամիրայի կամակցությամբ Բարսեղը Հաղպատի վանքում Աղվանից Ստեփանոս կաթողիկոսի ձեռքով օծվել է Հայոց կաթողիկոս: Չնայած դրան, նա երբեք չի շրջանցել Գրիգոր Բ Վկայասերի հեղինակությունը և համարվել է կաթողիկոսական տեղապահ:
Բարսեղ Ա Անեցու ժամանակ նոր շունչ է առել 1046 թ.-ից ի վեր լքված Անիի կաթողիկոսական Աթոռը: Վերաբացվել է կաթողիկոսարանի վարդապետարանը` նշանավոր Հովհաննես Սարկավագ վարդապետի ուսուցչապետությամբԲարսեղ Ա Անեցու հրամանով հիմնադրվել է Հաղբատի
եպիսկոպոսական աթոռը:
1090թ.-ին Բարսեղ Ա Անեցին այցելել է սելջուկյան սուլթան Մելիքշահին, որը Հայ եկեղեցին ազատել է հարկերից, ճանաչել Բարսեղ Ա Անեցու առաջնությունն այդ ժամանակ ի հայտ եկած այլ կաթողիկոսների նկատմամբ: Դրանից հետո նա գնացել է Հոնի և գահընկեց է արել Փիլարտոս Վարաժնունու հրամանով աթոռակալող Թեոդորոս կաթողիկոսին, ապա հովվապետական շրջագայությամբ այցելել է Ուռհա, Կեսարիա, Անտիոք: Երկրորդ անգամ Բարսեղը հարավային թեմեր շրջագայություն է կատարում 1103 թ.-ին:
1105թ.-ին Բարսեղ Ա Անեցին Անիից Քեսուն է գալիս մահամերձ Գրիգոր Բ Վկայասերի կանչով: Նրա և Գող Վասիլ իշխանի ներկայությամբ Վկայասերը հայտնում է վերջին կամքը, որ Բարսեղ Ա Անեցուց հետո Հայոց կաթողիկոս ձեռնադրվի իր քրոջ թոռը` Գրիգորը, որն այն ժամանակ պատանի էր: Դրանից քիչ անց Վկայասերը մահանում է և Բարսեղ Ա Անեցին դառնում է միանձնյա աթոռակալ:
Այդ ժամանակ նրա առաջ բարձրանում է աթոռանիստ տեղի խնդիրը.
վերադառնալու Անի, թե մնալ Քեսունի շրջանում: Նկատի ունենալով այն, որ Հայոց քաղաքական իշխանության կենտրոնը փոխադրվել էր Կիլիկիայի սահմանները և այստեղ անհրաժեշտ էր նաև հոգևոր բարձր իշխանության ներկայությունը, Բարսեղ Ա Անեցին որոշում է մնալ:
Մինչև մահկանացուն կնքելը Բարսեղ Ա Անեցին հասցնում է կատարել Գրիգոր Բ Վկայասերին տված խոստումը և եպիսկոպոս ձեռնադրել Գրիգորին:
Բարսեղ Ա Անեցու մահից մի քանի օր հետո, նրա պատգամի համաձայն, Գրիգորը (Գրիգոր Գ Պահլավունի) ձեռնադրվում է կաթողիկոս:
Կաթողիկոսական գահին Բարսեղ Ա Անեցուն հաջորդել է Գրիգոր Գ Պահլավունին:

Աղբյուրը` Ամենայն Հայոց Կաթողիկոսներ հանրագիտարան, Ս. Էջմիածին, 2008
The article published in the Spokesperson project.
Share with friends
†ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
18:43, 25.07.2014
8273 | 0
18:21, 25.07.2014
6140 | 0
to top