MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +7 °C ... +19 °C Tomorrow:+21 °C
Տարիներ շարունակ Տեր հոր կողմից բիզնեսը թողնելու, լիարժեք պարտականությունները կատարելու խոստումները հօդս են ցնդել
13:46, 03.05.2014
3274 | 0

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի քահանա Տ. Մարտիրոս քահանա Բերբերյանի կարգալուծությունը մոսկվաբնակ որոշ հայերի շրջանում դժգոհության ալիք բարձրացրեց, ոմանք տնօրինությունը համարեցին անարդար և անթույլատրելի ու համացանցով սկսեցին «բարոյական» պաշտպանության տակ առել եկեղեցականների կողմից իբրև թե հալածվող Մարտիրոս Բերբերյանին:

Համայնքի որոշ անդամների շրջանում առկա թյուրիմացությունը արդյունք է անաչառ ինֆորմացիայի պակասի, հետևաբար մեր այս գրությամբ կփորձենք ներկայացնել Մարտիրոս Բերբերյանի քահանայագործության ողջ ընթացքում ծագած խնդիրները, որոնք առնչվում են քահանայի ծառայության կերպին` համաձայն եկեղեցու ներքին կարգ ու կանոնի: Կարգ ու կանոն, որոնք ամրագրվել են Եկեղեցու հայրերի կողմից և որոնցով դարեր շարունակ երկյուղածությամբ, խոնարհությամբ ու հավատարմությամբ առաջնորդվել են Ս. Խորանին ուխտ կատարած հոգևոր հայրերը:

Եզրաս Սրբազանն իր առաջնորդության առաջին իսկ շրջանից /2001 թվական/ տեղեկանում է, որ Տեր Մարտիրոսն իր հոգևոր ծառայությունը համատեղում է մեկ այլ աշխատանքի հետ, այսինքն` ունի մասնավոր բիզնես և զբաղվում է գործարարությամբ, ինչը Եկեղեցու ձեռնադրության կանոնով արգելվում է` «Զի ոչ կարէք ասէ` երկու տերանց ծառայել»: Եզրաս Սրբազանը առանձնազրույց է ունենում Տեր Մարտիրոսի հետ: Վերջինս Սրբազան հորը խնդրում է 3 տարի ժամանակ հատկացնել, որպեսզի խնդիրները կարգավորի, թողնի բիզնեսը և վերադառնա քահանայագործության:

Ընդառաջելով Տեր Մարտիրոսի խնդրանքին` Սրբազան հայրը համաձայնում է: Տարիներն անցնում են, սակայն Տեր հայրը ոչ միայն չի վերադառնում եկեղեցի ամենօրյա ծառայության, ինչպես մնացյալ հոգևոր հայրերն են այդ անում, այլև շարունակում է պարբերաբար քաղաքից բացակայել, մեկնել արտասահման` բիզնեսը զարգացնելու և գործարքներ կնքելու:

Սրբազան հայրը կանխատեսելով քահանայի մեղսական ընթացքը` կրկին առանձնազրույց է ունենում Տեր Մարտիրոսի հետ` հայրաբար հորդորում և խորհուրդ տալիս` թողնել բիզնեսը, որովհետև հայ եկեղեցու հոգևորականին անհարիր է զբաղվել առևտրով և չիրագործել հոժարակամ ստանձնած քահանայի պարտականությունները: Պարտականություններ, որոնք ձեռնադրության խորհուրդով քահանան ուխտում է ողջ կյանքի ընթացքում կատարել անշեղորեն և հավատարմորեն` «Զայդ ամենայն թողեալ է յօժարութեամբ սրտի իւրոյ, և յամենայն անձնէ և ի զորութենէ վառեալ կայ ի սէրն Քրիստոսի, և առեալ զխաչն և եկեալ է զհետ Քրիստոսի և ասէ.ինձ աշխարհ ի խաչ ելեալ է և ես աշխարհի. զի ես թողի զայս ամենայն և եկի զհետ Քրիստոսի»:

Տեր Մարտիրոսն այս անգամ խնդրում է ժամանակ հատկացնել` Բեյրութից եղբորը Մոսկվա տեղափոխելու և բիզնեսը նրան հանձնելու համար: Ժամանակի ընթացքում այս խոստումն էլ ի չիք է դառնում....

Տեր Մարտիրոսի կարգապահական հարցը 2011 թվականին Վեհափառ հայրապետի ներկայությամբ քննարկվում է Սանկտ-Պետերբուրգում կայացած թեմական ժողովում, որտեղ Մոսկվայի ծառայակից հոգևոր եղբայրները և թեմի հոգևորականները խնդրագիր են ներկայացնում Սրբազան հորը` Տեր Մարտիրոսին վերջին անգամ հնարավորություն տալ` վերջնական ժամկետի մեջ բիզնեսը թողնելու և լիարժեք ծառայության վերադառնալու:

Չնկատելով Տեր հոր պահվածքի մեջ որևէ դրական տեղաշարժ, ավելին` շարունակ դրսևորվող անհնազանդությունը առ եկեղեցու կարգապահական կանոնները` ստիպում են ի գործ դնել եկեղեցում ընդունված պատժամիջոցները. կատարվում են բանավոր, գրավոր նկատողություններ, մինչև անգամ կախակայում: 2012 թվականի մարտի 19-ին Տեր հայրը մեկ ամսով փիլոնազրկվում է` քահանայական ծառայության համար հաստատված կարգ ու կանոնին չենթարկվելու և թեմական առաջնորդի բազմիցս նկատողությունները անտեսելու, ստանձնած խոստումները չկատարելու համար:

Հաջորդ գրավոր վերջին խիստ զգուշացումը կախակայման մասին կատարվում է 2014 թվականի փետրվարին մեկ ամիս ժամանակով, որը երկարաձգվում է մինչև Մեծ Պահքի ավարտը, որպեսզի այն լինի անդրադարձի, զղջումի և հրաժարումի շրջան քահանայի կողմից «որդեգրած» այն նոր ծառայությունից, որ փորձում է պարտադրել հայ Եկեղեցուն:

Նույնիսկ կախակայման ընթացքում Տեր հայրը շարունակում է անհարգալից պահվածք դրսևորել. կանոնավոր չի մասնակցում եկեղեցական արարողություններին, ոչ մեկին տեղյակ չի պահում բացակայության պատճառների մասին, անտեսում է Սրբազան հոր` քաղաքից չբացակայելու տնօրինությունը և մեկնում Չինաստան բիզնեսի հարցերով:

Եզրաս Սրբազանը Մոսկվայի հոգևորականների մասնակցությամբ հրավիրում է ժողով, որտեղ Տեր Մարտիրոսը տեղեկացնում է, որ ստեղծված նոր կացությունը թույլ չի տալիս իրեն թողնել մասնավոր բիզնեսը: Փաստորեն տարիներ շարունակ այն խոստումները, որոնք տրվել էին Տեր հոր կողմից բիզնեսը թողնելու, լիարժեք պարտականությունները կատարելու և պարտաճանաչ ծառայության վերադառնալու, հօդս են ցնդում:

Քահանայի այս անհարիր ընթացքը նախահիմք է ստեղծում կարգալուծության հարցի բարձրացման համար, քանի որ առկա է Ձեռնադրության կարգի խախտում` «հանձն առնել ամենայն պատրաստութեամբ և առանց ձանձանալոյ կալ ի պաշտօն Աստծոյ վասն մարմնաւոր գործոյ որքն իցէ կարն իմ` պաշտել զնա զամենայն ուուրս կենաց իմոց` հետևելով Տեառն կամաց»:

Հետևաբար կարգը թողնելու ընտրությունը կատարել է ոչ թե Վեհափառ հայրապետը կամ թեմակալ առաջնորդը, այլ ինքը` Մարտիրոս Բերբերյանը, որովհետև Աստծուն, Եկեղեցուն ու հավատացյալ հոտին ծառայելու փոխարեն ուխտադրժորեն ընտրել է արծաթասիրությունը և վարձու աշխատանքը:

Հայտնում են Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի մամլո դիվանից:

The article published in the Spokesperson project.
Share with friends
†ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
18:43, 25.07.2014
8273 | 0
18:21, 25.07.2014
6140 | 0
to top