Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի Նիժնի Նովգորոդ քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Սեբեոս քահանա Ղալաչյանը 2019 թվի փետրվարի 3-ին կիրակնօրյա Պատարագի «քարոզի» ժամանակ, որը տևել է 53 րոպե 52 վայրկյան, շռայլորեն ու անխնա քննադատել է ՀՀ նոր իշխանություններին՝ ի դեմս Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի: Իհարկե, սա արտառոց «քարոզ» էր թե՜ իր տևողությամբ, թե՜ իր տարերայնությամբ և թե՜ իր բովանդակությամբ: Սովորաբար Պատարագի քարոզը տևում է առավելագույնը 30 րոպե, իսկ նվազագույնը 10-15 րոպե: Պատարագի քարոզը պետք է ներկայացնի տվյալ օրվա աստվածաշնչական ընթերցվածը, Ավետարանի պատգամը և օրվա հոգևոր խորհուրդը: Սակայն այն, ինչ տեղի ունեցավ Նիժնի Նովգորոդի հայկական եկեղեցում կիրակնօրյա Պատարագին, դժվար թե որևէ գիտակից անձնավորություն քարոզ համարի: Այն ամբողջությամբ ներծծված էր Արայիկ Հարությունյանին դատափետելու, քարկոծելու, վիրավորելու և նվաստացնելու անշնորհակալ գործին: Այս «քարոզ» կոչված ամբարտավան ելույթը ավելի շատ նման էր շարմազանա-աշոտյանական ոճի քաղաքական ընդդիմադիր միտինգի, իսկ եկեղեցին էլ քահանան վերածել էր իսկական ֆայլաբազարի: Հետո էլ նույն քահանան սանձարձակորեն մեղադրում է Գերմանիայի հայկական համայնքին ու Քյոլնի առաջնորդանիստ եկեղեցուն, որտեղ վերջերս հյուրընկալվել էր Նիկոլ Փաշինյանի պատվիրակությունը, և ժողովուրդը եկեղեցում վարչապետին ծափերով ու սուլոցներով էր ողջունել: Գոռգոռալով, հոխորտալով, հիստերիկ ցնցումներով, անտեղի պահանջատիրությամբ, կռիվ-աղաղակով, սպառնալիքներով ինչի՞ է ուզում հասնել Տեր Սեբեոս քահանան, ով եթե ունենար հոգևորականի կոչում և սիրով ու համբերատարությամբ քրիստոնեություն քարոզած լիներ իր համայնքի անդամներին, ապա հազիվ թե իր հիշատակած «անպատկառ» կնոջ նման մարդիկ լինեին իր համայնքում, որոնք չունենային հավատքի ու եկեղեցու մասին տարրական պատկերացումներ: Ո՞վ է մեղավոր այս ամենի համար. իհարկե՜, ծխական քահանան: Այս հարցում համաձայն ենք Տեր Սեբեոսի հետ: «Գողական» Տեր Հայրը մեկ անգամ չէ, որ ցուցաբերում է լկտի կեցվածք: Դեռևս երբ Մանուկ սարկավագ էր և ծառայում էր Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, նույն ամբարտավան ու գոռոզ վարքագիծն էր ցուցաբերում՝ մինչև անգամ ճնշելով ու նեղելով տեղի փոքրիկ դպիրներին, որոնք շապիկ էին հագնում ու խորան բարձրանում: Հիշում ենք նաև, որ տարիներ առաջ Տեր Սեբեոսը Սուրբ Ծննդյան Պատարագին կոշիկներով ու առանց շապիկ հագցնելու խորան էր բարձրացրել մի հաստավիզ և սափրագլուխ օլիգարխի՝ որպես Ջրօրհնեքի խաչի քավոր, որովհետև այդ անձը լավ դիրքի ու ունեցվածքի տեր էր: Եվ իմանալով, որ թերևս իր վերադասից հնարավոր է պատժվի, Տեր Սեբեոսն իր ելույթում անմիջապես ապահովագրում է իրեն՝ տալով իր կաթողիկոսի ու թեմի առաջնորդի անունը, որպեսզի ներողամտությամբ վարվեն իր հետ: |