MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.15, EUR 415.38, RUB 6.32, GBP 481.02
+3 °C, 0 °C ... +6 °C Tomorrow:+7 °C
Տեր Մաղաքիան և շատ եկեղեցականներ չգիտեն այս պարզունակ տարբերությունը
15:09, 02.05.2019
8400 | 0

Ի ՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՂԱՔԻԱ ՔԱՀԱՆԱ ՕՀԱՆՅԱՆԻ ՍՏԱՀՈԴ ՄԻ ԳՐԱՌՄԱՆ


«Վա՜յ ձեզ կեղծավորներիդ՝ օրենսգետներիդ և փարիսեցիներիդ, որ Երկնքի Արքայությունը փակում եք մարդկանց առաջ. դուք չեք մտնում և մտնողներին էլ թույլ չեք տալիս, որ մտնեն» (Մատթ. 23: 13) :


Սուրբ Գիրքը մեզ սովորեցնում է, որ չար ժամանակներում ենք ապրում: Եվ սատանան քնած չէ, այլ ամեն վայրկյան հսկում է, որ մարդկանց մեջ հակառակություններ և ատելություններ սերմանի` շատերին մոլորեցնելով իր բազմապիսի հնարքներով: Այսպիսին է չարի բնությունը, որը միշտ և բոլոր ժամանակներում մնում է անփոփոխ, մինչև որ ստանա իր արժանի պատիժը դժոխքի անշեջ կրակներում:

Համացանցում կրկին վայնասուն է բարձրացվել` կապված ՌԴ Իժևսկ քաղաքում ս.թ. ապրիլի 23-24-ին տեղի ունեցած հավաքական մկրտությունների հետ, որ կատարել է Կորյուն աբեղա Առաքելյանը: Այս մասին արդեն իսկ հաղորդագրությամբ ծանուցվել է ժողովրդին, որը, ինչպես սպասվում էր, պետք է ունենար իր արձագանքը: Բայց առավել ցավալին այն է, որ պղտոր ջրում ձուկ որսացողների մեջ հանդիպում ես իր սկզբունքներին դավաճանած ոմն դպիրի (Աստված գիտի, թե ո՛ր եկեղեցում է դպրություն արել), ով կուռք դարձնելով բարձրաստիճան մի եկեղեցականի` մարդապաշտությունը գերադասում է ճշմարիտ աստվածապաշտությունից (դավաճանը մի օր իր կուռքին էլ կդավաճանի): Մինչդեռ իրական հավատացյալի պատրանք ստեղծելու համար` բողոքականների նման անգիր է արել Աստվածաշնչի խոսքերը` տեղի-անտեղի մարդկանց առաջ ցուցադրելով իր սուրբգրային «գիտելիքները»: Աստված թող իրեն խելք ու շնորհք տա...

Այս խառնաշփոթի մեջ, սակայն, ուզում եմ անդրադառնալ Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Մաղաքիա քահանա Օհանյանի մի ստահոդ գրառմանը, որն արագ տարածում գտավ ֆեյսբուքում և անգամ հրապարակվեց ընդդիմադիր մամուլում: Ես անձնապես չեմ ճանաչում Տեր Հորը, ուստի ձեռնպահ կմնամ իր մասին կարծիք հայտնելուց: Միայն գիտեմ, որ Սևանի Վազգենյան դպրանոցի առաջին հունձքից է, որի շրջանավարտներն իրենց խոստովանահայր և ուսուցիչ համարում են Էջմիածնի ներկայիս գահակալին:

Տեր Մաղաքիան «վա՜յ» -ով է սկսում իր շարադրանքը: Համաչափությունը պահելու համար` իմ խոսքը նույնպես սկսել եմ մեկ այլ «վա՜յ» -ով, որը շատ պատշաճում է ներկայիս փարիսեցիակերպ հոգևոր դասին:

Այսպես, խայտառակություն էր ոչ թե հայտնի, ես կասեի` աշխարհահռչակ խմբի այցը Իժևսկ քաղաք, այլ խայտառակություն է Հայ եկեղեցու ծոցում ունենալ բազմաթիվ կեղծ կուսակրոն եպիսկոպոսներ, վարդապետներ, աբեղաներ, որոնք անամոթաբար վեղար դնելով իրենց գլուխներին` շարունակ խաբում են ժողովրդին, թե իբր իրենք կուսակրոն են: Գնալով փաստերը ջրի երես են դուրս գալիս, որոնք տեղ են գտնում նաև թերթերում: Դե ամենամեծ «կուսակրոնից» ի՜նչ տեսել, դա էլ սովորել են «խեղճերը»:

Մեր խումբն Իժևսկում երբևէ չի ներկայացել ո՛չ Մայր Աթոռի, ո՛չ էլ Էջմիածնի անունից: Ուստի մեր կողմից որևէ խաբեություն չի եղել որևէ մեկին, քանի որ ամբողջ աշխարհի հայությունը ճանաչում է հայր Կորյունին և իր ղեկավարած շարժումը, որ պայքարում է կեղծ և հերետիկոս կաթողիկոսի ու նրա հակաեկեղեցական կլանի դեմ: Ավելին` Իժևսկի Վիկտորին մետրոպոլիտը նույնպես քաջ իմացել է մեր կարգավիճակի մասին, սակայն այդքանով հանդերձ կարևորություն չի տվել և ընդունել է մեզ` որպես բարեկամ հայերի: Արդի ժամանակների տեղեկատվական հեղեղի մեջ հազիվ թե գտնվի մի «միամիտ հավատացյալ», որ չիմանա «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության ու նրա անդամների մասին:

Տեր Մաղաքիան գրում է, որ «կարգալույծ որևէ հոգևորական իրավունք չունի Խորհուրդներ կատարելու»: Սա ճշմարիտ կլիներ այն դեպքում, երբ այդ կարգալուծությունը տեղի ունենար Հայ եկեղեցու կարգաց և կանոնաց համապատասխան: Սակայն ինչպե՞ս կարող է մի եկեղեցական կարգալույծ անել մեկ այլ եկեղեցականի, երբ կարգալույծ անողն ի՛նքն է առաջին հերթին ենթակա կարգալույծի` եկեղեցական կանոնների համաձայն: Ինչո՞ւ կարգալույծ չեն արվում այն բոլոր բարձրաստիճան և ցածրաստիճան եկեղեցականները, որոնք տասնյակ կանոններ են խախտել` սկսած առաքելական կանոնների ոտնահարումից, ուղիղ հավատքի շեղումներից, վերջացրած սեփական ուխտերի դրժումներով և դրսևորած եկեղեցականի անհարիր վարքով: Իսկ ապօրինի կարգալուծության վճիռը ոչ մի արժեք և ուժ չունի, այլ անվավեր է եկեղեցական իրավունքի տեսակետից: Պետք է կարգալույծ արվեին շատ եկեղեցականներ, որոնք այժմ գործում են, իսկ որոշներն էլ կանոնական հիմքեր չունենալով են կարգալույծ արվել` անձնական հաշվեհարդարի հողի վրա: Հայ եկեղեցում եթե մի օր հրաշքով սկսեն գործել եկեղեցական բոլոր կանոնները (ոչ թե ընտրողաբար, այլ հավասարապես), ապա ներկայիս եկեղեցականների 80 տոկոսից ավելին պետք է անվերապահորեն կարգալույծ հռչակվի:

Ռուսաստանում ձեր թեմական չգրված օրենքները պահե՛ք ձեզ, մենք դրանց կարիքը չունենք: Այլ երբ անհրաժեշտություն լինի, կրկին կներկայանանք ՌԴ (և այլուր) աշխարհիկ և հոգևոր իշխանություններին` չլինելով ո՛չ ձեր առաջնորդ Եզրասի, ո՛չ էլ ձեր կաթողիկոս Գարեգինի ներկայացուցիչը: Երկու դեպքերն էլ բացառելով` մենք գործել և գործելու ենք Հայ Առաքելական եկեղեցու անունից, որի լիիրավ անդամներն ենք մենք: Իսկ եթե ձեզ համար Հայ Առաքելական եկեղեցին ներկայիս անարժան կաթողիկոսն ու իր հակաեկեղեցական կլանն է, ապա դա ձեր խնդիրն է:

Մաղաքիա քահանան իր ակնհայտ կեղծ և սադրիչ հարցադրումներով փորձում է ապատեղեկատվություն մատուցել և այդկերպ մոլորեցնել բանից անտեղյակ հավատացյալներին: Ես մինչև հիմա կարծում էի, որ Տեր Հայրը քիչ թե շատ գրագետ եկեղեցական է, ով ի վիճակի է տարբերելու վարդապետական լանջախաչը քահանայական լանջախաչից: Բայց արի՛ ու տես, որ այս պարզունակ տարբերությունը շատ եկեղեցականներ չգիտեն. էլ ինչպե՞ս կարող են գաղափար ունենալ ավելի լուրջ` կանոնական և աստվածաբանական հարցերից:

Ի գիտություն Տեր Մաղաքիայի և մնացյալ դպիր-սարկավագ-քահանաների` ասեմ, որ վարդապետական լանջախաչը լինում է ականակուռ, ասել է թե` զարդարված թանկարժեք քարերով, իսկ ներքևում կախված է լինում փոքրիկ երկարավուն ուլունք: Մինչդեռ քահանայական լանջախաչը չունի թվարկածս տարբերությունները և իր տեսակի մեջ ավելի պարզ ու համեստ է: Եվ եթե մի փոքր մարզեիք ձեր հիշողությունը, ապա պետք է մտաբերեիք, որ հայր Կորյունի կիրառած քահանայական լանջախաչը երկար տարիներ կրել է Հայ եկեղեցու բազմաչարչար և երախտարժան մի քահանա, որին նույնպես հալածեցին Մայր Աթոռում և որի հալածանքները շարունակվում են մինչև օրս` հետմահու:

Քահանայական լանջախաչ կարող են կրել ինչպես ամուսնացյալ, այնպես էլ` կուսակրոն քահանաները: Բոլորովին էլ պարտադիր չէ, որ կուսակրոն եկեղեցականը` աբեղան, լանջախաչ կրի վարդապետական աստիճաններն ունենալուց հետո: Աբեղան նույնպես կարող է քահանայական պարզ լանջախաչ կրել իր քահանայական ձեռնադրությունից անմիջապես հետո: Մեր իրականության մեջ գոնե ինձ հայտնի են չորս աբեղաներ, որոնք կրել են քահանայական լանջախաչեր` աբեղա վիճակով: Այդ խաչակիր աբեղաներն էին` Զատիկ աբեղա Պապիկյան, Սիմեոն աբեղա Օդաբաշյան, Միքայել աբեղա Գևորգյան և Գրիգոր աբեղա Խաչատրյան: Ի դեպ, վերջինս այն նույն եկեղեցականն է, որ տարիներ առաջ Նիսի հայկական եկեղեցում Սբ. Պատարագը կիսատ թողեց և վեճի բռնվեց նախկին վարչականների հետ: Բա ինչո՞ւ մի բերան չեք բարձրաձայնում այս անկանոնության և տիրանարգության մասին, Մաղաքիա՛ քահանա, թե՞ այդքան չեք համարձակվում կամ էլ երևի տեղյակ չէի՞ք դրանից...

Հայ եկեղեցում չկա որևէ կանոն, որն ասի, թե քահանայական լանջախաչը քահանան պետք է կրի հատուկ թույլտվությամբ և այն էլ` շնորհված կաթողիկոսի կողմից: Սա վերջին շրջանի նորամուծություն է և հակառակ է քրիստոնեական եկեղեցիների ավանդությանը: Լավ է, որ քահանան ձեռաց խաչ կամ մյուռոնաթափ աղավնի կրելու համար ևս հատուկ թույլտվության պետք չունի: Այլապես հարց է առաջանում` իսկ ինչո՞ւ է տվյալ անձը քահանա ձեռնադրվել, եթե իրեն վերապահված ամեն մի գործողության համար հատուկ թույլտվություն է հարկավոր: Եթե ամուսնացյալ քահանան կարող է լանջախաչ կրել, ինչո՞ւ կուսակրոն քահանան` աբեղան, չի կարող լանջախաչ կրել. ո՞րն է այստեղ տրամաբանությունը կամ անպատեհությունը: Նման «կարգ» գոյություն չունի եկեղեցական գրականության մեջ:

Ահա այստեղ ի չիք են դառնում Տեր Մաղաքիայի սուտն ու զրպարտությունը, թե իբր «նախկին Կորյուն աբեղան ինքն իրեն վարդապետական կոչում է շնորհել և լանջախաչ է կրում, իսկ «խեղճ» նախկին Եղիա աբեղան՝ ոչ» ։ Արդեն բացմիցս ասել ենք, որ քահանան նախկին և ներկա չի լինում: «Նախկին» ասելով` դուք հաստատում եք, որ չեք հավատում Աստվածաշնչի խոսքերին, որը քահանայությունը համարում է հավիտենական (տե՛ս Սաղ. 109: 4, Եբր. 5: 6, 7: 17, 7: 21): Այս առիթով արժե կարդալ ընտիր մտավորական Արամ դպիր Դիլանյանի շահեկան բացատրությունները կարգալուծության մասին: Այլ հարց է, որ քահանան կարող է կարգաթող և կարգազուրկ (կարգալույծ) լինել, որ չի նշանակում թե այլևս ինքը քահանա չէ և աշխարհական է: Սա նշանակում է, որ կարգաթող և կարգազուրկ (կարգալույծ) քահանան իր կամքով կամ եկեղեցական իշխանության վճռով դադարեցնում է իր քահանայական ծառայությունը` անցնելով աշխարհական վիճակի: Այս երկուսի տարբերությունը Մայր Աթոռում այդպես էլ չկարողացան տեսնել` դուռ բացելով մի նոր հերետիկոսության: Այսպես, եթե օրինավոր կերպով է եղել քահանայի կարգազրկությունը, ապա նա այլևս իրավունք չունի քահանայագործել, և նրա կատարած խորհուրդներն ընդունելի չեն: Եթե կարգազուրկ քահանան կուսակրոն է և չի ցանկանում անցնել աշխարհական վիճակի, ապա կարող է մի վանք քաշվել և ապրել վանական կյանքով: Իսկ ապօրինի կարգազրկության դեպքում, ինչպես վերևում նշեցի, պարագան տարբեր է:

Գալով Տեր Մաղաքիայի բնորոշումներին` պետք է ասեմ, որ ինձ «խեղճ» անվանելով` դուք մոռանում եք ձեր հոգևոր թշվառ վիճակը, որ ուղտերը կուլ եք տալիս, իսկ մժղուկները քամում եք (հմմտ. Մատթ. 23: 23), նաև` կույրը կույրին առաջնորդելով` երկուսն էլ փոսն են ընկնում (հմմտ. Մատթ. 15: 14): Ես պիտի կրկնեի Պողոս առաքյալի խոսքերը, թե` «Երբ տկարանում եմ, այնժամ զորանում եմ» (Բ Կորնթ. 12: 10): Այս խոսքերը հիմարություն կարող են թվալ աշխարհի հզորների համար: Սակայն ես իմ «խեղճության» մեջ հզոր եմ Քրիստոսով, իսկ դուք ձեր «հզորության» մեջ ուրացել եք Քրիստոսին` ծառայելով մամոնային:

Մաղաքիա քահանան իրեն ներկայացնում է «արդարամիտ», «ճշմարտախոս» և «եկեղեցասեր» անձ` Իժևսկի մկրտությունը որակելով որպես խաբեություն: Բնական է, որ այս քայլը կսկծացրել է Գարեգին Բ-ին, նրա ոչ բարով «առաջնորդ» եղբորը` Եզրասին, և Ռուսաստանի հայոց թեմի գարեգինամետ եկեղեցականներին: Պատճառն այն է, որ դա (նաև հաչս օտարների) հզոր ապտակ եղավ Հայ եկեղեցին քմահաճույքներով և անձնական կանոններով ղեկավարողներին, բայց նաև կտրվեցին այն ֆինանսական հոսքերը, որոնք իրենք ակնկալում էին ունենալ, եթե կարողանային գնալ Իժևսկ և խաբեությամբ դրամ շորթելով` մկրտեին այնտեղի բնակիչներին:

Նրանց արժե հիշեցնել, որ Մայր Աթոռի բովանդական եկեղեցական դասը ստի, քծնանքի, կեղծավորության, խաբեության, անհավատության և փարիսեցիության մեջ է: Այս մասին ժամանակին բարձրաձայնել է նաև Ֆրանսիայի հայոց թեմի նախկին առաջնորդ Նորվան արք. Զաքարյանը` ասելով. «Հայոց Մայրավանքի մեջ բացակա է սիրո և շնորհքի մթնոլորտը»` սկսած ճեմարանական տարիներից, երբ բոլորը խաբում են բոլորին, ապա քահանայական ձեռնադրության ընծայման կարգի ժամանակ, երբ արարողությանը ներկա գտնվող ժողովրդին հրապարակավ խաբում է խարտավիլակ եկեղեցականը` սուտ վկայություն տալով ձեռնադրվողների արժանավորության, խոստովանահայր ունենալու և այլ հարցերի մեջ:

Խաբում են քահանաները մեկը մյուսին, թե ով մի թաղում կամ Պսակ ավել պետք է թռցնի մյուսի ձեռքից, քահանաները խաբում են ժողովրդին` սուտը ներկայացնելով ճշմարտություն, իսկ իրականությունը վարպետորեն կեղծելով: Գոնե եկեղեցականները թող չխոսեն խաբելուց, որոնց բերաններում համարյա ճիշտ խոսք չի մնացել (բացառությունները` հարգելի): Եվ այս ողբալի վիճակը գալիս է այն բանից, որ այս մարդիկ եկեղեցական են ձեռնադրվել` չունենալով հոգևոր կյանք, քահանայական կոչում, չունենալով հոգևոր առաջնորդ և խոստովանահայր, չունենալով մեղքի գիտակցություն, անկեղծ ապաշխարություն և ուղղափառ հավատքի դավանություն, որ հիմքն է աստվածապաշտության: Իզուր չեն ասում, որ «Ձուկը գլխից է հոտած», և ժողովրդական մեկ այլ ասացվածքի համաձայն` «Գործը չեղավ, տերտեր եղավ» ... Ու հիմա Վոլգոգրադի «մեռելաթաղ տերտերը», իր բանուգործը թողած, եկել ու մեզ կարգ-կանոն է սովորեցնում: Խելքին աշեցե՜ք...


Հ. Եղիա (Արմեն) Խաչատրյան

Մայր Աթոռի նախկին միաբան

Spokesperson: Ազատ Խոսք
The article published in the Spokesperson project.
Share with friends
| |
Ազատ Խոսք
to top