ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+22 °C
Հայկական հետքերը Ռումինական Բոտոշան քաղաքում
21:37, 26.08.2015
4358 | 0

Ռումինիայի Բոտոշան քաղաքում է գտնվում Ռումինիայի տարածքի ամենահին հայկական եկեղեցին: Այն հիմնվել է 1350թ.:
Այժմյան եկեղեցին իր կառուցվածքային առումով բազմաշերտ է և դարերի ընթացքում մի քանի անգամ նորոգվել է: Որպես եկեղեցու հնության արտահայտություն ցույց է տրվում 15-րդ դարի այն տապանաքարը, որը հանվել է եկեղեցու սյան տակից: 19-րդ դարում եկեղեցին նորոգելիս բակի հայկական տապանաքարերը հանվել են և նրանցով սալահատակվել է եկեղեցու առջևի տարածությունը: Նախորդ տասնամյակում սկսված նորոգության ժամանակ այդ տապանաքարերը դարձյալ հանվել են և հիմա էլ իրար վրա են շարված եկեղեցու բակում:
Եկեղեցին բարեբախտաբար այնպես են նորոգել, որ պահպանվել են նրա տարբեր ժամանակաշրջանների շերտերը, որը նկատելի է թե՛ ներսից և թե՛ դրսից: Եկեղեցու որմերի մոտ մեկ մետր բարձրությամբ ստորին մասը ներկայացնում է կառույցի առավել վաղ շրջանը: Մինչև ներս մտնելն ուշադրություն են գրավում մուտքի որմերի դրսի կողմից փորված խորշերը, որոնք տեղական ավանդությամբ բավականին հետաքրքիր ու յուրօրինակ բացատրություն ունեն: Մինչ նայելով այդ պահարանաձև կտրվածքով երկաստիճան խորշերին մտածում ես, որ այս քարերը, հնարավոր է, այստեղ են փոխադրվել բեմին կից ավանդատնից, քանի որ հայկական եկեղեցիների ավանդատները Ս. Պատարագի նախապատրաստության համար այսպիսի խորշեր ունեին:
Եկեղեցու մուտքի առաջին աստիճանը ևս խորհրդանշական ձևով մի բավականին հին քար է, որի վրա են խարսխված հետագայի նորոգությունները:
Նախորդ տասնամյակից սկսված նորոգության աշխատանքները թեև դեռ չեն ավարտվել, սակայն եկեղեցին միանգամից ուշադրություն է գրավում իր հնությամբ և ներսի որմնանկարներով ու բեմապատի քանդակներով, որոնց կենտրոնում Տիրամայրն է, իսկ աջ և ձախ կողմերումՙ երկուական խմբերով վեցական առաքյալներն իրենց ընդունված կանոնական պատկերագրությամբ, որը զարմանալիորեն այնքան համահունչ է Մայր Տաճարի բեմապատի որմնանկարներին, որից կարելի է ենթադրել, որ կամ նրանցից մեկի հեղինակն է ազդվել մյուսից և կամ էլ որ նրանք ունեցել են պատկերագրական մի ընդհանուր սկզբնաղբյուր:
18-րդ դարում կատարված նորոգության ժամանակ ողջ բեմի հատակը պատել են տապանաքարերով: Եկեղեցու երկու ավանդատներից մեկում դրված են նորոգության պատճառով բեմից հանված բեմանկարները, իսկ մյուսՙ առավել մեծ ավանդատուն-սրահը, որը նաև մատուռ է իր խորշերով, տեղային մի թանգարան է, որի որմնապատերի ապակյա դարակների փեղկերում խնամքով ու ճաշակով շարված են եկեղեցու ծիսաարարողական առարկաները, որոնք արդեն դարձել են եկեղեցական արվեստի նմուշներ:
Եկեղեցու ներսի որմնանկարները և ցուցադրվող առարկաները ակամայից հիշեցնում են Մինաս Թոխատեցուՙ դեռևս 1551 թ. վերաբերվող տողերը այս եկեղեցու ներքին հարդարանքի ու եկեղեցական սպասքի գեղեցկության ու շքեղության մասին.

Պոտոշան քաղքին եկեղեցին,

Ոսկւով պատկերք գրած միջին,

Շատ մալ խարճած վերայ նորին,

Յիշատակ էր Քրիստոստուրին:

Տիրամորը նվիրված այս եկեղեցին ևս գտնվում է քաղաքի երբեմնի հայկական թաղամասում, և կրում է Հայկական թաղամաս անվանումը և այս թաղամասի ծայրին հայերը 1795 թ. կառուցել են քաղաքի երկրորդ՝ Ս. Երրորդության եկեղեցին: Այն ևս ունի զանգակատուն-աշտարակ, որի ոլորագալար աստիճաններով վեր ենք ելնում մինչև առաջին դիտակետի պատուհանը: Վերին դիտակետինը՝ տանիքինը, սակայն, չենք կարողանում բարձրանալ, քանի որ աշտարակի վերին մասի վնասված հատվածից թռչունները ներս էին բերել և աստիճաններին կիտել մեծ թվով չորացած ճյուղեր ու թփեր, անանցանելի դարձնելով ճանապարհը:
Ս. Երրորդությունը թեև անհամեմատ ավելի մեծ եկեղեցի է, սակայն նա ավելի է վնասվել: Տարիներ առաջ փլվել է գմբեթը, նորոգության սկսված աշխատանքները միջոցների սպառման պատճառով ընդհատվել են նախորդ տարիներին և ներսում ճոճվում են ժամանակին խփված տախտակամածները: Դրանց միջով զգուշորեն անցնելով և հաղթահարելով փլուզումներին ենթարկվելու վախը՝ նայում ենք սրբանկարներն ու որմնանկարները, որոնք ընդհանուր քրիստոնեական դրվագների կողքին ունեն նաև մի քանի էջեր մեր ազգային-եկեղեցական պատմությունից:
Ս. Երրորդությունը թեև ավելի ուշ է կառուցվել, սակայն անամեմատ ավելի վատ վիճակում է գտնվում, որովհետև այն կառուցել են քաղաքի հայության նվազ ունևոր խավի համար, երբ համայնքն առավել բազմամարդ է դարձել 18-րդ դարի երկրորդ կեսին:
Մինաս Բժշկյանը 1830 թ. անցնելով այս քաղաքով, գրել է. «Բոտոշանը վաճառականների անվանի քաղաք է, որը 18 ժամով հեռու է Յաշից եւ գտնվում է Սուչավայի դիմաց: Այստեղ 400 տուն հայ կա եւ ունի երկու եկեղեցի՝ Սուրբ Աստվածածնի եւ Սուրբ Երրորդության անվամբ: Առաջինը կառուցվել է 480 տարի առաջ, իսկ երկրորդը նորաշեն է, որի մոտ երեւում են հին շինության ավերակները: Կան նաեւ անոթներ եւ գրչագիր մատյաններ՝ բերված Անիից»:
Ինչպես տեսնում ենք, այստեղ մեկ անգամ ևս շեշտվում է կապը Անիի ու անիական մշակույթի հետ:
Բժշկյանի հիշատակած այս 400 տուն հայերից այժմ մնացել է մի փոքրիկ համայնք, հիշյալ երկու եկեղեցիները և հայկական գերեզմանոցը, որն ունի առավել ուշ՝ 1884 թ. կառուցված մի մատուռ Ս. Ավետում անունով, որը վերաօծվեց վերջերս: Հայկական ավանդական տապանաքարերի կողքին այստեղ կան սև և սպիտակ մարմարից կառուցված դամբարաններ իրենց մահարձաններով, որոնց պատվանդաններին գերմաներեն կամ ռումիներեն նշված է, որ դրանք պատրաստվել են Վիեննայում: Քար առ քար այնտեղից սայլերի վրա դրված բերվել են և ամբողջացվել այստեղ:


Սիրով՝ Տ. Հեթում քահանա Թարվերդյան

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Տեր Հեթում քահանա Թարվերդյան
23:26, 12.05.2018
6150 | 0
դեպի վեր