Այսօր` ապրիլի 20-ին Երևան-Ապարան ավտոճանապարհի, «Տառ-խաչքարերի» պուրակին հարակից բլրում «Սուրբ Խաչի» և «Հույսի Խորանի» առաջ մեծ շուքավ նշվեց Սուրբ Զատկի` Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը: Ժողովրդական տոնախմբությունը սկսվեց հոգևոր դասի կողմից կատարվող Անդաստանի արարողությամբ: Տոնախմբությանը մասնակցեցին նաև քաղաքամայր Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու «Հավատամք» հոգևոր կենտրոնի նույնանուն երգչախումբը և պարախումբը: «Նազանի» անսամբլի, Արուս Գուլանյանի, Լեյլա Սարիբեկյանի և այլ խմբերի ու անհատ կատարողների կողքին «Հավատամք» երգչախումբը հանդես եկավ ազգային-ժողովրդական և հոգևոր կատարումներով` «Սուրբ Սուրբ», «էջմիածին», «Ապարանցի յարս», «Աղչի անունդ Շուշան»: «Սուրբ Խաչի» կառուցվածքը խորհրդանշում է քրիստոնեության և հայ ժողովրդի պատմական և հոգևոր նշանակալից իրադարձությունները. Խաչի բարձրությունը` 33 մետր է, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի խաչելության տարիքը: «Սուրբ Խաչը» կառուցված է 1711 մեծ ու փոքր մետաղական խաչերից, որոնք խորհրդանշում են քրիստոնյա Հայաստանի տարիքը: «Սուրբ Խաչին» որպես պատվանդան ծառայող քարակերտ մատուռի բարձրությունը` 301 սմ է, որն էլ հիշատակում է 301թ.-ին քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն ընդունելու տարեթիվը: Խաչն ունի նաև արտաքին լուսավորություն և գեղագիտական լուծումով այնպես է լուսավորված, որ գիշերային ժամերին Սուրբ Խաչը պատկերվում է որպես երկնքից կախված լուսավոր խաչ: |