MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +7 °C ... +20 °C Tomorrow:+21 °C
ԳՐԻԳՈՐ Դ ՏՂԱ (1173–1193) . ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՆԵՐ
18:58, 08.05.2014
6062 | 0
Ամենայն Հայոց կաթողիկոս 1173–ից: Հաջորդել է Ներսես Դ Շնորհալուն:
Ծնվել է մոտավորապես 1125–ին, ծն. վայրը անհտ.: Մահացել է 1193–ին Սիս քաղաքում,
ամփոփվել է Դրազարկի վանքում:
Պահլավունիների տոհմից է` Գրիգոր Մագիստրոսի ծոռը, Գրիգոր Գ Վկայասեր և Ներսես Դ Շնորհալի կաթողիկոսների ավագ եղբայր Վասիլի որդին: 1138–ին Վասիլի գերի ընկնելուց հետո 14–ամյա Գրիգորը ապրել է սկզբում Ծովքի, իսկ ապա Հռոմկլայի կաթողիկոսարաններում, որտեղ էլ հորեղբայրների անմիջական հսկողությամբ ստացել է կրթություն ու դաստիարակություն: Որպես համեստ, բանիմաց և եռանդագին գործիչ` շահել է հորեղբայրների համակրանքն ու վստահությունը և կաթողիկոս դառնալուց շատ առաջ ներգրավվել կրոնա–եկեղեցական գործերի մեջ: Հայտնի է, որ Գրիգոր Գ Վկայասերը կտակ էր թողել իր եղբայր Ներսեսից հետո կաթողիկոսությունը Գրիգոր Տղային փոխանցելու մասին, իսկ Ներսես Շնորհալին, ընտրվելով կաթողիկոս, նրան դարձրել է իր օգնականը, որով Գրիգորը հնարավորություն է ստացել մասնակցելու Շնորհալու ժամանակ սկիզբ առած հայ -բյուզանդական եկեղեցական հարաբերությունների կարգավորման գործընթացին: 1170–ին դարձել է Ներսես Դ Շնորհալու տեղապահը և եկեղեցական գործերի փաստացի ղեկավարը:
1173–ի օգոստոսին, երբ Գրիգոր Տղան քաղաքական ինչ–ինչ առաքելությամբ բացակայում էր Կիլիկիայից, մահանում է Ներսես Դ Շնորհալին: Կազմակերպելով Շնորհալու հուղարկավորությունը` նրա Շահան եղբորորդի Գրիգոր եպիսկոպոս Ապիրատը, օգտվելով Գրիգոր Տղայի բացակայությունից, ինչպես վկայում են դեպքերի ժամանակակից, մասամբ և մասնակից Միքայել Ասորին և Գրիգոր Գրիչը, կարողացել է առժամանակ դառնալ կաթողիկոս: Վերադառնալով Հռոմկլա` Գրիգոր Տղան, անշուշտ, չի հաշտվում դեպքերի նման ընթացքի հետ, ուստի իր ոտնահարված իրավունքը վերականգնելու համար դիմում է իր փեսա` Կիլիկիայի Մեծ իշխան Մլեհի օգնությանը` ըստ այդմ ստանալով նաև Հալեպի սուլթան Նուր ադ–Դինի աջակցությունը: Հրավիրվում է եկեղեցական ժողով, որը կաթողիկոս է ընտրում Գրիգոր Դ Տղային: Թեև Մ. Օրմանյանը փորձում է մերժել Միքայել Ասորու այս կարգի տեղեկությունները, իսկ Գրիգոր Գրիչն ընդհանրապես նրան հայտնի չէ, բայց քանի որ կա նաև Ներսես Լամբրոնացու` նույնը հաստատող անուղղակի վկայությունը, ուստի կարելի է պնդել, որ Գրիգոր Տղան փաստացի կաթողիկոս է դարձել 1175–ին` 51 տարեկան հասակում: Գրիգոր Դ Տղայի կաթողիկոս ընտրվելու առաջին իսկ տարիներից բուռն քննարկման առարկա է դառնում հայ և բյուզանդական եկեղեցիների` նախկինից եկող միության խնդիրը: Բյուզանդական կողմը, աշխարհիկ ու հոգևոր իշխանապետերի անմիջական ղեկավարությամբ առաջադրելով եկեղեցիների միության գաղափարը, հայերից պահանջում էր անվերապահորեն ընդունել Քաղկեդոնի ժողովի որոշումները, Հայոց եկեղեցու ծեսերն ու տոները համապատասխանեցնել բյուզանդականին, Հայոց հայրապետը հաստատվի բյուզանդական կայսեր կողմից և այլն: Դրանով իսկ բյուզանդացիները հետապնդում էին մեկ նպատակ` վերացնել Հայ եկեղեցու ինքնությունը և հայ ժողովրդին դարձնել հունադավան: Հայկական կողմը, ընդհակառակը, եկեղեցիների միություն ասելով հասկանում էր հավասարների միություն, ըստ այդմ, ցանկանում էր վերացնել երկու եկեղեցիների ու ժողովուրդների միջև գոյություն ունեցող թշնամանքը, հաստատել խաղաղություն և համագործակցել հակաքրիստոնեական թշնամիների դեմ մղվող պայքարում: Հենց այս դիրքերից ու այս նպատակով Գրիգոր Տղան նամակագրական կապեր է հաստատել ինչպես բյուզանդացիների, այնպես էլ հայ առաջատար հոգևորականների և հատկապես Հայաստանի հյուսիսային վարդապետների, ի մասնավորի Սանահինի վանահայր Գրիգոր Տուտեորդու հետ, որը կտրականապես դեմ էր եկեղեցիների միության գաղափարին` գտնելով, որ դա կարող է հանգեցնել Հայ եկեղեցու ինքնուրույնության կորստի:
Հասկանալով, որ նման դժվարին խնդիրն անհնար է լուծել նամակագրությամբ, Գրիգոր Տղան որոշում է հարցը քննարկելու համար հրավիրել եկեղեցական հատուկ ժողով:
Բավական երկարատև նախապատրաստական աշխատանքներից հետո այն կայացավ 1178–ին Հռոմկլայում: Քննարկվել են երկու վավերագրեր, որոնք ըստ էության չունեցան
գործնական նշանակություն, որովհետև Գրիգոր Տղայի անունից բյուզանդական կայսեր Մանուել l Կոմնենոսին և Կ. Պոլսի պատրիարք Միքայել Գ Անքիալոսին հասցեագրված թղթերը, հանգամանքների բերումով ոչ միայն չհասան հասցեատերերին, այլև արժանացան հյուսիսային վարդապետների սուր քննադատությանը:
Իբրև Հայոց հայրապետ և հասարակական–քաղաքական եռանդուն գործիչ Գրիգոր Դ Տղան նամակագրական կապեր է ունեցել բյուզանդական Մանուել և Իսահակ կայսրերի, Միքայել Գ Անքիալոս պատրիարքի, Հռոմի Լուցիոս և Կղեմես պապերի, գերմանական կայսր Ֆրեդերիկ Շիկամորուսի, Եգիպտոսի տիրակալ Սալահ ադ–Դինի և այլոց հետ: Համագործակցելով Լևոն ll Մեծագործի հետ` եռանդուն մասնակցություն է ունեցել Կիլիկիայի հայոց պետականության ամրապնդման և ինքնուրույն թագավորության հաստատման պատմական գործընթացին, իսկ կյանքի վերջին շրջանում առանձին դեպքերում հակադրվել է Լևոն ll–ի վարած քաղաքականությանը:
Որպես բանաստեղծ` Գրիգոր Տղան առանձնահատուկ տեղ ունի հայ գրականության պատմության մեջ: Նախ ստեղծագործել սկսել է 58–ամյա հասակում և միանգամից հանդես եկել որպես հասուն բանաստեղծ: Այդ տեսակետից ուշագրավ է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի նմանողությաUբ գրված ողբաշարը, որտեղ ակնհայտորեն բողոքել է բյուզանդական ու հռոմեական եկեղեցիների վարած նվաճողական քաղաքականության դեմ:
Շարունակելով Ներսես Դ Շնորհալու սկզբնավորած հասարակական–քաղաքական պոեզիային բնորոշ ոգին` նրա «Ողբ Եդեսիոյ» պոեմի հետևողությամբ գրել է «Ողբ վասն առմանն Երուսաղէմի» ծավալուն պոեմը, որտեղ ողբում է 1187–ին Սալահ ադ–Դինի կողմից Երուսաղեմի գրավման իրողությունը, արտահայտում հայրենասիրական ու համաքրիստոնեական հետաքրքիր գաղափարներ: Նա թողել է նաև բարոյախրատական բնույթի չափածո ստեղծագործություններ, որոնցում քարոզում է բարոյական մաքրություն, համեստություն ու մարդասիրություն, աշխատասիրություն ու ուսումնատենչություն, աստվածասիրություն և կրոնական առաքինություն, ինչպես նաև քննադատում աշխարհիկ ու հոգևոր իշխանավորների ագահությունն ու ընչասիրությունը, անխոհեմ վարքն ու բարքը` կոչ անելով օրինապահության ու արդարության, չափավորության և մարդասիրության: Գրիգոր Տղայի գեղարվեստական ժառանգության վրա անուրանալի ազդեցություն են գործել ժողովրդական բանահյուսությունը և հատկապես հայրենները: Ըստ այդմ այն յուրատեսակ կամուրջ է անցյալի դասական և Xlll–XlV դարերի հայ նոր պոեզիայի միջև:
Գրիգոր Դ Տղան կարևոր դեր է խաղացել նաև հայ հոգևոր մշակույթի զարգացման գործում. անձամբ կամ այլոց միջոցով ընդօրինակել է տվել բազմաթիվ ձեռագրեր և հարստացրել Կիլիկիայի վարդապետարանների ու դպրատների գրադարան–մատենադարանները: Ավելին, ամենատաnբեր ձևերով հորդորել, խրախուսել ու հովանավորել է ժամանակի մտավորականներից շատերին` կյանքի կոչելով մշակութային անանց արժեքներ: Օրինակ, նրա պատվերով ու հովանավորությամբ են ստեղծվել Մխիթար Հերացու «Ջերմանց մխիթարութիւն», Մխիթար Գոշի «Գիրք դատաստանի» կոթողային երկերը, Ներսես Լամբրոնացու և այլոց սեփական ու թարգմանական մի շարք ստեղծագործություններ:
Ինչպես հայտնում է Կիրակոս Գանձակեցին, կաթողիկոսական տարիներին կառուցել է «գեղապաճոյճ եկեղեցին ի Կլայն», ուր ամփոփել էր հորեղբայր–հայրապետներ Գրիգոր Գ Վկայասերի և Ներսես Դ Շնորհալու աճյունները և Ծովքից բերված Գրիգոր Բ Վկայասերի նշխարները:
Կաթողիկոսական գահին Գրիգոր Դ Տղային հաջորդել է Գրիգոր Ե Քարավեժը:

Աղբյուրը` Ամենայն Հայոց Կաթողիկոսներ հանրագիտարան, Ս. Էջմիածին, 2008
The article published in the Spokesperson project.
Share with friends
†ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
18:43, 25.07.2014
8273 | 0
18:21, 25.07.2014
6140 | 0
to top