ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Գլխավոր դատախազը հանձնարարել է ակտիվացնել հանրային հնչեղություն ունեցող ծանր հանցագործությունների բացահայտման ուղղությամբ աշխատանքները
11:38, 15.06.2018
3394 | 0
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի վարած ՀՀ դատախազության կոլեգիայի նիստում քննարկվել են չբացահայտված, նաև վարույթները կասեցված սպանության և սպանության փորձերի դեպքերի, ինչպես նաև հանրային հնչեղություն ստացած այլ ծանր և առանձնապես ծանր, կոռուպցիոն և տնտեսական բնույթի հանցագործությունների դեպքերով հարուցված քրեական գործերի քննությունների նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետության բարձրացման խնդիրները:

Արձանագրվել է, որ վերջին շրջանում հանցավորության դեմ պայքարում իրավապահ մարմինների գործունեությունից հանրային սպասումներին զուգահեռ, նկատելիորեն աճել է այդ պայքարում քաղաքացիների կողմից իրավապահ մարմիններին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունն ու տրամադրվածությունը: Այս հանգամանքը ՀՀ գլխավոր դատախազի գնահատմամբ նոր նախադրյալներ է ստեղծում չբացահայտված, այդ թվում հանրային առանձնահատուկ ուշադրության արժանացած ծանր հանցագործություններով քննվող գործերի վարույթներում ներգրավված անձանց հետ ավելի սերտ համագործակցություն ծավալելու և դա հանցագործությունների կանխարգելմանն ու բացահայտմանը ծառայեցնելու առումով առավել նպատակային դարձնելու համար:
Ըստ Արթուր Դավթյանի՝ օգտագործելով հանրային աջակցության այս ռեսուրսը, անհրաժեշտ է դատախազական ներգործության անհրաժեշտ միջոցների գործադրմամբ էականորեն ակտիվացնել նմանատիպ հանցագործությունների, դրանք կատարողների բացահայտմանը, քրեական պատասխանատության անխուսափելիության ապահովմանն ուղղված աշխատանքները:

«Բազմաթիվ գործերով, որոնցով համարվել է, որ արվել է առավելագույնը, հարկավոր է ակտիվացնել նախաքննությունը, անհրաժեշտության դեպքում վերսկսել կասեցված վարույթները: Ըստ այդմ՝ ըստ ենթակայության, դատախազության ստորաբաժանումների ղեկավարների կողմից այդ գործերով պետք է հետաքննության համապատասխան մարմիններին տրվեն հանձնարարություններ՝ կտրուկ ակտիվացնել օպերատիվ-հետախուզական աշխատանքները: Ընդ որում՝ հանձնարարականները չպետք է կրեն ձևական բնույթ. հստակ պետք է նշել՝ կոնկրետ ում կամ ինչ ուղղություններով պետք է իրականացվեն օեպրատիվ-հետախուզական միջոցառումներ: Բացի դրանից, այդ բոլոր գործերով պետք է ակտիվ քննչական գործողություններ սկսելուն ուղղված ցուցումներ տրվեն քննիչներին», -նշել է ՀՀ գլխավոր դատախազը:
ՀՀ գլխավոր դատախազը մատնանշել է մասնավորապես մարտիմեկյան դեպքերին կատարված սպանությունների բացահայտումը, որոնց քննության արդյունավետության բարձրացմանը նպաստելու նպատակով, օգտվելով «Դատախազության մասին» նոր օրենքով ստեղծված հնարավորությունից, ձևավորվել է նախաքննության նկատմամբ հսկողության դատախազների խումբ, և արդեն իսկ հետաքննության մարմիններին տրվել են օպերատիվ–հետախուզական աշխատանքներ կատարելու հանձնարարականներ:
Ի թիվս քննարկման առարկա դարձած նման խնդրահարույց այլ գործերի՝ խնդիր է դրվել ակտիվացնելու նաև ՀՀ նախկին փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը, որի նպատակով քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազի կողմից արդեն վերցվել է ՀՀ ՔԿ վարույթից և փոխանցվել ՀՀ ԱԱԾ քննչական վարչության վարույթին, ինչպես նաև հանձնարարվել է այս գործի շրջանակներում ևս ստեղծել դատախազների խումբ:
Մեծապես կարևորվել է նմանատիպ, ինչպես նաև չբացահայտված այլ գործերով վարույթի ակտիվ մասնակիցների՝ դիմում-բողոքների կապակցությամբ կամ անհատական նախաձեռնությամբ պարտադիր անձնական ընդունելությունների կազմակերպումը՝ արդյունավետ համագործակցության ձևավորման, ինչպես նաև քննության ուղղությունների ճիշտ տակտիկական մոտեցումները ձևակերպելու նպատակով:

Բացի վերոնշյալ գործերից, շեշտվել է նաև դատախազական մեխանիզմների կիրառմամբ խոշոր հարկերից խուսափելու, կանխամտածված սնանկության հատկանիշներով հարուցված և կասեցված, ՀՀ դատախազության համար առաջնահերթություն հանդիսացող կոռուպցիոն բնույթի քրեական գործերով քննության արդյունավետությունը բարձրացնելու, դրանցով ևս ծավալուն օպերատիվ-հետախուզական աշխատանքներ և քննչական ու դատավարական գործողությունների կատարւմը պահանջելու խնդիրը:
Արթուր Դավթյանը հանձնարարել է նաև ուսումնասիրության առարկա դարձնել ՀՀ գլխավոր դատախազի և նրա տեղակալների կողմից հետաքննության մարմիններին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու նպատակով տրված հանձնարարությունների կատարման վիճակը՝ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման տեսանկյունից դրանց իրացման արդյունավետությունը գնահատելու և համապատասխան հետևություններ կատարելու համար:

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին


Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Մարինե Բադալյան
դեպի վեր