ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ոսկե գնդակի» հավակնորդներ. Կրիշտիանու Ռոնալդու, Լիոնել Մեսսի, Ֆրենկ Ռիբերի
12.01.2014
Հունվարի 13-ին Ցյուրիխում տեղի կունենա «Ոսկե գնդակի» ամենամյա մրցանակաբաշխությունը։ 2013-ի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն, արգենտինացի Լիոնել Մեսսին և ֆրանսիացի Ֆրենկ Ռիբերին։
Կրիշտիանու Ռոնալդու
2013-ը Ռոնալդուի համար լավագույններից էր։ Տարին հաջող մեկնարկեց նրա համար։ Հունիսի 6-ին ավագի թևակապով նա գոլ հեղինակեց և իր թիմի հետ հաղթանակ կորզեց «Ռեալ Սոսյեդադի»-ից։
Ռոնալդուն տարին ամփոփեց 69 գնդակով (60 հանդիպումներում). ցուցանիշ, որը նա երբեք չէր գրանցել։
Ազգային հավաքականի կազմում էլ Կրիշտիանուն 2013-ին անցկացրեց 9 հանդիպում՝ հեղինակելով 10 գնդակ։
Ընկերական հանդիպումներում նա գրավեց Էկվադորի, Խորվաթիայի և Հոլանդիայի դարպասները, պաշտոնականներում՝ Հյուսիսային Իռլանդիայինը և Շվեդիայինը։
Սակայն, բոլոր ձեռքբերումներով հանդերձ, 2013-ին Ռոնալդուն ոչ մի տիտղոս չկարողացավ նվաճել:
Հիշենք Կրիշտիանու Ռոնալդուի՝ 2013 թ. ամենավառ կարծիքները՝ երազանքների, սիրո, նախանձի մասին։
• «Մարզումների ընթացքում հաճախ տարբեր հնարքներ էի ցուցադրում, որոնք ոչ ոք չէր կարողանում կրկնել։ Մի անգամ Սքոուլզի հետ էի, երբ կրկին ցանկացա «թիթիզանալ» իմ հնարքներով։ Այդ ժամանակ Փոլը վերցրեց գնդակը, ցույց տվեց ծառը, որը մեզնից մոտ 50 մետր հեռավորության վրա էր, և ասաց, որ գնդակով կհարվածի այն առաջին փորձից։ Նա հարվածեց և գնդակը դիպավ ծառին։ Ապա խնդրեց ինձ կրկնել։ Ես հարվածեցի մոտ 10 անգամ, սակայն այնպես էլ չկարողացա արդյունքի հասնել։ Սքոուլզը ժպտաց և լքեց դաշտը»։
• «Երբ 7 տարեկան էի, հայրիկիս հետ կիսվեցի, որ ցանկանում եմ Մայքլ Ջեքսոնի տան պես տուն ունենալ։ Հայրիկս այդ ժամանակ ինձ ասաց, որ երազանքները մնում են երազանքներ. դա հարուստների մենաշնորհն է։ Ես մեծացա, և իմ երազանքը իրականացվեց։ Ցավոք, դա չի տեսնում հայրս»։
• «Յուրահատուկ ֆուտբոլիստները յուրահատուկ գումար արժեն։ Նրանք մեքենաների պես են։ Որոշ մեքենաներ մյուսներից լավն են, այդ պատճառով էլ ավելի թանկ արժեն»։
• «Ինչո՞ւ են ինձ սուլում։ Ես հարուստ, գեղեցիկ, հզոր ֆուտբոլիստ եմ։ Մարդիկ, պարզապես, նախանձում են ինձ։ Այլ բացատրություն ես չեմ կարող գտնել»։
• «Ես միշտ աշխատում եմ այնպիսի մարդ լինել, որը դուր է գալիս մեծամասնությանը։ Միևնույն ժամանակ համարում եմ, որ չափից դուրս համեստ լինելը թերություն է։ Մարդիկ կա՛մ սիրում են ինձ, կա՛մ` ատում»։
• «Սերը դրական է ազդում մարդկանց վրա։ Երբ ֆուտբոլիստը սիրահարված է, նա ավելի լավ է խաղում»։
Լիոնել Մեսսի
Մեսիի համար այս «Ոսկե գնդակը» կարող է դառնալ հինգերորդը. նա նվաճել է այն չորս տարի անընդմեջ (2009-2012 թթ.)։
2013-ը Մեսսիի համար լավագույններից չէր՝ վնասվածքներ, դատական քաշքշուկ, անհաջողությունների շարք։ Հնարավոր է, հենց վերոնշյալի պատճառով 2013-ին Մեսսին 44 գնդակ հեղինակեց (43 հանդիպումներում) և 6 գնդակ՝ ազգային հավաքականի կազմում։
Չնայած համեստ անհատական արդյունքների՝ 2013/2014 մրցաշրջանում Մեսսին «Բարսելոնայի» հետ նվաճեց Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը։
Հիշենք Լիոնել Մեսսիի՝ 2013 թ-ի ամենավառ կարծիքները՝ մանկության, խաղընկերների և «Բարսելոնայի» մասին։
• «Եթե չլիներ «Բարսելոնան», հայտնի չէ, թե որտեղ կլինեի ես հիմա։ Հուսով եմ՝ երբեք չեմ «զզվեցնի» «Բարսելոնային»»։
• «Այն ինչ ես անում եմ դաշտում, չնչին բան է։ Էլ ավելի բարդ է այն, ինչ անում են Խավին և Ինյեստան»։
• «Կուռքս Ռոնալդոն է։ Շատ ֆուտբոլիստների խաղն է ինձ դուր գալիս՝ Զիդանինը, Ռոնալդինյոյինը, Ռիվալդոյինը, բայց Ռոնալդոն երբևէ տեսածս հարձակվողներից լավագույնն է»։
• «Կրիշտիանո Ռոնալդուի հետ որևէ խնդիր չունեմ։ Այդ բոլոր շշուկները ԶԼՄ-ներն են տարածում։ Ես երբևէ իր հետ մրցելու նպատակ չեմ ունեցել»։
• «Ֆաուսը («Բարսելոնայի» փոխնախագահ) ֆուտբոլից գլուխ չի հանում։ Նա դիտարկում է «Բարսելոնան» որպես բիզնես, կենդանի փող, բայց այն ֆուտբոլային ակումբ է։ «Բարսելոնան» աշխարհի լավագույն ակումբն է, և ես կցանկանայի, որ այնտեղ աշխատեն իրենց գործի իսկական վարպետները, ոչ թե Ֆաուսի պես մարդիկ»։
• «Մանկությունից ոչինչ չի փոխվել։ Ես նույն ֆուտբոլն եմ խաղում, որը խաղում էի մանուկ հասակում։ Միայն թե մի քիչ խելք եմ հավաքել»։
• «Սիրում եմ զբոսնել այնպիսի վայրերում, որտեղ ինձ ոչ ոք չի ճանաչում»։
Ֆրենկ Ռիբերի
Ֆրանսիացի Ֆրենկ Ռիբերին երբեք չի արժանացել «Ոսկե գնդակի», նույնիսկ չի եղել հավակնորդների եռյակում։
Այս անգամ Ռիբերին մրցելու է Մեսսիի «կախարդանքի» և Ռոնալդուի արդյունավետության հետ։ Ի տարբերություն Ռոնադուի, Ռիբերին ավելի թիմային խաղացող է, որը հաճախ է փոխանցումներ կատարում խաղընկերներին և թիմային տիտղոսներ նվաճում։
Ռիբերին 2013-ին դարձել է 18 գոլի հեղինակ։ Սակայն Ռիբերիի առավելությունը նվաճած տիտղոսներն են՝ Գերմանիայի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի հաղթող, UEFA-ի սուպերգավաթակիր, Audi Cup-ի հաղթող և ակումբային աշխարհի առաջնության հաղթող, ինչպես նաև համախմբված թիմային խաղը, ինչը լավ արտացոլվում է գոլային փոխանցումների քանակով (16)։
Հիշենք Ֆրենկ Ռիբերիի՝ 2013 թ-ի ամենավառ կարծիքները՝ «Ոսկե գնդակի», մանկության և Ֆրանսիայի մասին։
• «Եթե ես նվաճեմ «Ոսկե գնդակը» դա կլինի իմ դատաստանը այն բոլոր զոհողությունների և այն ամենի համար, ինչի միջով անցել եմ։ Ի՞նչ կլինի եթե ես այն չնվաճեմ։ Կասեմ, որ կյանքը շարունակվում է»։
• «Վերջերս, երբ ծնվեց որդիս, հիվանդանոցում էի։ Անսպասելի զանգահարեց Յուփ Հայնկեսը։ Նա ցանկանում էր իմանալ կնոջս և երեխայիս ինքնազգացողության մասին։ Հետո երջանկություն մաղթեց մեր ընտանիքին։ Եվ վերջ։ Ոչ մի խոսք մարզումների, խաղերի և ֆիթնեսի մասին։ Այդ պահին մտածեցի, որ Հայնկեսը հիանալի մարդ է»։
• «Ես Ֆրենկ Ռիբերին եմ, որը մեծ հաճույքով գոլային փոխանցում կկատարի թիմակցին, ով ավելի լավ դիրքում է գտնվում»։
• «Տանը՝ Ֆրանսիայում, ունեմ մոտոցիկլետ և կվադրոցիկլետ։ Երբ տրամադրություն չունեմ, նրանք իմ լավագույն ուղեկիցներն են»։
• «Շատ փոքր էի, մոտ 2 տարեկան... Վերջինը, ինչ հիշում եմ, այն է, թե ինչպես դուրս թռա դիմային ապակուց։ Հետո հիշում եմ, թե ինչպես ուշքի եկա հիվանդանոցում։ Այսօրվա պես հիշում եմ հայրիկիս անհանգիստ դեմքը։ Հիմա շատ սպիներ ունեմ դեմքիս և մարմնիս։ Բայց ամենակարևորը այն է, որ կենդանի եմ»։
• «Հպարտ եմ, որ խաղում եմ ազգային հավաքականում։ Ողջ ուժերս կտամ Ֆրանսիայի հաղթանակի համար այնքան ժամանակ, որքան կկարողանամ լավ մակարդակի խաղ ցուցադրել և մարզիչը կցանկանա ինձ տեսնել թիմի կազմում։ Ֆրանսիայի եռագույնը միշտ իմ սրտում է»։
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր