Կառավարության ծրագրի կատարողականի վերաբերյալ իր եզրափակիչ ելույթի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր Կառավարություն-եկեղեցի հարաբերություններին. «Եթե եկեղեցու հարաբերությունները Կառավարության հետ լավ չեն, ուրեմն եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ, և դա՝ համաձայն քրիստոնեական տեսության: Եվ ես ուզում եմ դա ապացուցելու համար մեջբերել Պողոս առաքյալի՝ հռոմեացիներին ուղղված թղթի 13-րդ համարից մի մեջբերում, որտեղ ասվում է՝ «Չկա իշխանություն, որ Աստծուց չլինի, և եղած իշխանությունները Աստծուց են կարգված, հետևաբար՝ ով հակառակում է իշխանությանը, Աստծո հրամանին է հակառակում»: Թող եկեղեցին ինքն իր էության, ինքն իր տեսության և ինքն իր հավատի մասին մտածի, և Աստված մեզ օգնի պահպանել, զարգացնել և հզորացնել ու խաղաղություն բերել Հայաստանի Հանրապետությանը»,- ասել էր Փաշինյանը:
Տեղին է հիշել նույն Պողոս առաքյալի մեկ այլ խոսք էլ. «Այսպես ուրեմն՝ ով կարծում է, թե կանգնած է հաստատ, թող զգույշ լինի, գուցե թե ընկնի» (Ա Կորնթ. 10։12)։
Զգույշ եղեք, իմ բարեկամներ, գայթակղության չտրվեք, քանզի ամեն փորձություն չէ, որ Աստծուց է (հմմտ. Հակ. 1։13)։
«Հէնց քո բերանով քեզ պիտի դատեմ…» (Ղուկաս 19:22) կամ՝ ինչո՞ւ պետք է դպրոցներում դասավանդվի Հայ Եկեղեցու պատմություն առարկան
Երեկ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը եզրափակիչ ելույթում անդրադարձավ նաև Հայ Եկեղեցու հետ իշխանությունների լարվածությանը ի մասնավորի նկատելով.
«Եթե եկեղեցու հարաբերությունները լավ չեն կառավարության հետ, ուրեմն եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծու հետ: Պողոս առաքյալից մի մեջբերում անեմ, ասում է՝ չկա իշխանություն, որ Աստծուց չլինի, ով հակառակվում է իշխանությանը, Աստծուն է հակառակվում, թող եկեղեցին իր հավատի, իր էության մասին մտածի»,- եզրափակեց վարչապետը:
Պողոս առաքյալի համապատասխան տողի փաշինյանական մեկնաբանությունը հարցեր է առաջացնում: Մասնավորապես, եթե «չկա իշխանություն, որ Աստծուց չլինի», ապա այդ դեպքում՝
1. ինչո՞ւ Դուք գլխավորեցիք հանրապետության երրորդ նախագահին իշխանազրկելու նախաձեռնությունը և «մերժեցիք Սերժին»,
2. ի՞նչ հիմքով եք դատում հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին,
3. Եվ վերջապես ինչո՞ւ եք անտեսում հոգևոր իշխանությունը, Հայոց Եկեղեցին:
Եթե անկախ Հայաստանի «ամենահոգևոր» և «ամենահավատացյալ» վարչապետն իրոք հավատում է, որ «չկա իշխանություն, որ Աստծուց չլինի», ուրեմն Փաշինյանն ինքն «Աստծուն է հակառակվում» ի դեմս երկու նախագաների: Երրորդ կետի՝ հոգևոր իշխանության մասով մեկնաբանությունները թողնում ենք ընթերցողին:
Ինչ վերաբերում է սաղմոսերգու և պողոսագետ վարչապետի մյուս հայտարարությանը, թե՝ «թող եկեղեցին իր հավատի, իր էության մասին մտածի», ապա նշենք, որ եկեղեցին, այս դեպքում Հայոց Եկեղեցին, քանի որ ենթադրում ենք նա իր կոչը Հայոց Եկեղեցուն է ուղղել, իր հավատի մասին մտածել է Դ-Ե դարերում արդեն, որին կարող է ծանոթանալ երեք տիեզերաժողովների կանոնների միջոցով: Իսկ «եկեղեցու էությունը» Պողոս առաքյալը դեռևս առաջին դարում է սահմանել՝ եկեղեցին համեմատելով Քրիստոսի մարմնի հետ (տե՛ս Եփես. 5.29–30, Կող. 1.18, Ա Կորնթ. 12.13): Հայոց Եկեղեցու հավատքը ենթակա չէ վերատեսության, ինչպես նաև եկեղեցու մասին Պողոս առաքյալի բնորոշումը: Փաշինյանը հավանաբար մոռացել է, որ ԵԿԵՂԵՑԻ բառը հուն. εκκλησια – էկլեսիա (էքլիսիա) – հավատացյալների ժողով բառից է ծագում, և այն որևէ ձևով նույնական չէ հոգևոր դասի հետ: Այլ խոսքով՝ Քրիստոսի անունով հավաքված ժողովուրդն է եկեղեցին: Ստացվում է, որ հավատացյալ ժողովո՞ւրդը պիտի մտածի իր հավատի և էության մասին: Կարծես թե այդքան էլ լավ չի ստացվում, բայց անցնենք առաջ:
Գալով Պողոս առաքյալի խոսքին, թե՝ «Ամեն մարդ, որ իշխանության տակ է, թող հպատակվի նրան. քանզի չկա իշխանություն, որ Աստծուց չլինի և եղած իշխանությունները Աստծուց են կարգված…» (Հռոմ. 13.1), ապա պետք է նկատել, որ խոսքը միայն աշխարհիկ իշխանությանը չի վերաբերում, այլ իշխանությանն առհադարակ: Եվ ավելին: Հրեական մտածողության մեջ իշխանությունը՝ մյուսների մասին հոգ տանելու կարողությունն է, որն անմիջական կախման մեջ է գտնվում Աստծու կամքից: Ըստ այնմ՝ բոլոր նրանք, որ իշխանություն ունեն՝ թագավոր, քահանա, դպիր, պետք է Աստծու անունից գործեն՝ իրենց ղեկավարմամբ տեսանելի դարձնելով դա:
Ամփոփենք: Եթե Պողոս առաքյալի փաշինյանական մեկնաբանությանը հետևենք, ապա կստացվի, որ Եգիպտոսից փախչող իսրայելացիները պետք է հնազանդվեին փարավոնին և առնվազն կոտորվեին, որ Հիսուսին խաչողները աստվածային իշխանությամբ են առաջնորդվել, որ գաղութատիրությունն ու ստրկավաճառությունն աստվածային օրհնություններ էին, որ ֆաշիզմի դեմ պայքարը պարզապես հակառակություն էր Աստծուն և վերջապես, որ 1915թ. հայոց ցեղասպանությունը ոչ ավել ոչ պակաս Աստծու կամքն էր: Բոլոր հիշյալ իրադարձություններն ու երևույթներն էլ գործ ունեն իշխանության հետ:
Այսպիսով՝ շարունակենք աղոթել ՀՀ վարչապետ տիար Փաշինյանի համար:
Ցավոք, ունկնդիր եղա Նիկոլ Փաշինյանի ելույթին, որտեղ նա նորից անդրադարձավ Հայ Եկեղեցուն: Ափսոս, որ Նիկոլ Փաշինյանը դպրոցում Հայ Եկեղեցու պատմություն առարկան չի անցել և Սուրբ Գիրքը ընկալում է աղանդավորական մեկնություններով` իր օրինակով ևս մեկ անգամ հաստատելով այս առարկայի գերանհրաժեշտությունը հասարակության բարոյակրթման գործում։
Կարծում եմ` Վեհափառ Հայրապետի խոսքից ակնհայտ էր, որ Եկեղեցին որևէ խնդիր չունի կառավարության հետ, կառավարությունն է փորձում խնդիրներ ունենալ Եկեղեցու հետ.
1. Կեղծ ու պոպուլիստական հոգևորություն քարոզելով։
2. Այլոց զրպարտելով սեփական ապիկարությունն ու ձախողումները քողարկելու համար։
3. Ձևը բովանդակությունից գերադասելով։
4. Ատելով ճշմարտությունը։
5. Կուռք դարձնելով սուտը։
6. Անձապաշտություն քարոզելով։
7. Հայհոյանքը, բռնությունը իր իսկ գործողություններով ու պահելաձևով խրախուսելով։
8. Այլոց վաստակը սեփականելով։
9. Մոլորեցնելով։
10. Անպատասխանատվությամբ։
11. Քինախնդրությամբ։
12. Ծուլությամբ։
13. Ագահությամբ...
Այս շարքը շատ երկար կարելի է շարունակել, սակայն ցավոք աչքեր ունեն բայց չեն տեսնում, ականջներ ունեն, բայց չեն լսում:
Ուժեղ աստվածաբանություն է... Իրենով թող զբաղվեն հոգեբույժները, ես իրենով զբաղվելու ո՛չ տրամադրություն ունեմ, ո՛չ ցանկություն։ Երկիրը գցել է անդունդի մեջ և դեռ համարձակվում է փիլիսոփայե՞լ, խորհուրդնե՞ր տալ աջ ու ձախ:
Հայրենի երկրի հարազատ և ճշմարիտ իշխանությունը երբեք չի կարող հակառակվել իր հոգևոր ծնող Հայոց Եկեղեցուն:
Հայոց պատմության մեջ կար երանելի ժամանակ, երբ Հայոց թագավորներն ու իշխանները՝ Հայաստանի ղեկավարները, Աստվածաշնչից տեղիներ էին մեջբերում ոչ թե իրենց սին հպարտությունն ի ցույց դնելու, այլ օտարաց առջև իրենց հարազատ, Ազգային Եկեղեցին ու սուրբ հավատքը պաշտպանելու համար:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, որ իր աստվածային զորությամբ հոգևորապես ծնում ու սնում է հայ քրիստոնյային, իր սուրբ խորհուրդներով իրագործում է նրա հոգու փրկությունը՝ կատարյալ կերպով գիտե Աստվածաշունչ մատյանն ու այդ Սուրբ Գրքի մեկնաբանությունը: Եվ կարիք չկա, որ որևէ մեկը, այս դեպքում ՀՀ վարչապետը, ընկնելով բողոքական հորձանուտի մեջ՝ հանդես գա աստվածաշնչական տեղիների կամայական, սխալ մեկնաբանությամբ... Ցավալի իրավիճակ է, շատ-շատ ցավալի:
Մի՞թե այդքան դժվար է ընկալել, որ մեր Ազգային Եկեղեցին, ով կատարյալ կերպով տեսնում է գալիքը, իր ամեն մի գործը, խոսքը կատարում ու հնչեցնում է ի շահ հայ ժողովրդի և ի շինություն ու հարատևումն Հայաստան աշխարհի:
Ոչ ոք, ամենապարզ քաղաքացուց մինչև վերին պաշտոնյան, Սուրբ Եկեղեցուց առավել չգիտե խորհուրդն ու արժեքը ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ. մի՞թե հայ հոգևորականը չէ Սուրբ Սեղանից և ամեն աստվածապաշտական արարողության ժամանակ «Խաղաղություն ամենեցուն» ասելով՝ բաշխում այդքա՜ն ցանկալի ներքին ու արտաքին խաղաղությունը: Բայց ի՞նչ գնով է տրվում այդ խաղաղությունը... աստվածուրացությա՞ն, աստվածամարտությա՞ն, աստվածային տնտեսության մասնատման ու խորտակմա՞ն: Ո՛չ, երբե՛ք, այլ՝ ամենայն սուրբ ավանդի պահպանմամբ:
Իսկ այսօր Հայոց Եկեղեցուց դուրս պահպանվո՞ւմ է մեր ազգային սրբազան ավանդը, կերտվո՞ւմ է հայի նկարագիրը, հա՞յն է տերը դառնում իր Հայրենիքի ու իր իսկ ճակատագրի...
Իշխանության ծանր բեռը կրող ամեն ոք պետք է տեսիլք ու երազ ունենա, և այդ ամենը պետք է ներդաշնակ լինի համազգային տեսիլքին ու երազին. հակառակ դեպքում տվյալ իշխանավորը չի՛ կարող ծառայել Ազգի գերագույն շահերին, չի՛ կարող տեր ու պաշտպան լինել իր ազգային հաստատություններին ու ժառանգությանը:
Գիտցած թող լինի ամեն ոք, որ հայ իրականության մեջ միմիայն Հայոց Եկեղեցին քաջ գիտե հարազատ Երկրի, Հայրենի ինքնիշխան պետության խորհուրդը, արժեքն ու կենսական անհրաժեշտությունը: Եվ այս ոգով դարեր շարունակ զորակից ու լծակից է եղել Հայոց պետությանը և իր ամեն կարելին ի սպաս է դրել Հայրենիքի ու Ազգի զոհասեղանին: Իսկ ի պահանջել հարկի, այո, որպես Ամենազոր Աստծո արդար ձայն, մարգարեական սաստիկ խոսք՝ զգուշացրել, հորդորել, խրատել ու հանդիմանել է թե՛ պարզ հավատացյալին, թե՛ ամենաբարձր պաշտոնյային: Եվ նրանք, ովքեր եղել են ճշմարիտ քրիստոնյաներ, անդրադարձել, գիտակցել և ուղղվել են՝ մնալով հավատարիմ Սուրբ Ավետարանին, մնալով հավատարիմ ազգային ուխտին:
Արդ, պատվարժան իշխանավորներ, մինչ ձեզ տրված ժամանակավոր իշխանության մասին ճառելը՝ նախ, խոսեցեք ձեր այն գործերի մասին, որոնք ուղղված են ի շինություն Հայաստան երկրի, ի պայծառություն ազգային կյանքի, ի նպաստ հայոց հոգևոր, մտավոր ու մարմնավոր անվտանգության: Եթե, արդարև, լինեին այդ գործերը՝ չէին լինի այս օրերին հնչած Ձեր ունայն խոսքերը...
Վե՛րջ տվեք մանկամտությանը, վե՛րջ տվեք խլությանն ու այս համատարած վատությանը, և, որպես հարազատ զավակները Ձեր Մայր Եկեղեցու՝ լսեցեք աշխարհի քաոսում բարձր հնչող արդար, արթնացնող ու հոգեշահ խոսքերը Սուրբ Էջմիածնի:
Պողոս առաքյալի՝ իշխանություններին հնազանդվելու մասին ասված խոսքերը (Հռոմ. ԺԳ 1-4) մեկնաբանվում են տարբեր կերպ՝ նույնիսկ գայթակղելով բազմաթիվ գիտնականների և աստվածաբանների։
Բացարձակ իշխանությունը բացատրվում է ընդհանուր շահի նկատմամբ մտահոգությամբ։ Այս խնամատարությունը Աստծուց վստահված է առաջնորդին, որը կարող է դրսևորվել օտար զավթիչների նկատմամբ ուժի կիրառման տեսքով՝ հասարակությանը պաշտպանելու համար։ Օգոստինոս Երանելին վկայակոչելով Պողոս Առաքյալի խոսքերը (Հռոմ․ ԺԳ 1-4), մեկնաբանում է որպես կառավարիչների՝ իրենց տարածքում ընդհանուր բարօրության պաշտպանության համար հակառակորդների նկատմամբ ուժ գործադրելու թույլտվություն (բարոյապես արդարացված): Իսկ Թովմա Աքվինացին կարծում է, որ եթե որևէ կառավարիչ սեփական կառավարման տարածքում խախտում է Աստծու պատգամներն ու Եկեղեցու պատվիրանները, ապա նման կառավարիչների դեմ կարող է լինել ժողովրդական դիմադրություն, որին դեմ չէ Եկեղեցին, քանի որ այդ պայքարն ընկալվում է ոչ թե իշխանության էության դեմ, այլ տրված իշխանության օգտագործման ձևի և գործադրման դեմ։
Ուստի այդ տողերը վկայակոչելիս (հատկապես որևէ իշխանության ներկայացուցչի կողմից) պետք է լինել զգուշավոր, քանի որ այն ունի բումերանգի «էֆեկտ» և կարող է ուղղվել հենց այդ խոսքերը վկայակոչողի դեմ։
Աստվածաշնչի ամենօրյա ընթերցանությունը յուրաքանչյուր քրիստոնյայի պարտավորությունն է։ Սակայն սուրբգրային տեքստերի մեկնաբանությունը վերապահված է բացառապես մասնագիտական շրջանակներին։ Քանզի այդ շրջանակներից դուրս արված աստվածաշնչյան մեկնաբանությունները հղի են նոր աղանդավորական շարժումներ սկզբնավորելու վտանգով։ Ուստի Սուրբ Գրքի տողերի մեկնաբանությունը վերապահված է մեկնողական և հայրաբանական գրականությանը քաջածանոթ մասնագետներին, այլապես յուրաքանչյուր հայերեն խոսել իմացող կարող է իրեն զգալ որպես Հայոց լեզվի ուսուցիչ։
Եկեղեցին, հատկապես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, իր պատմության ողջ ընթացքում երբևէ չի շեղվել կամ հեռացել աստվածաշավիղ իր առաքելությունից թե՛ հոգեփրկչական և թե՛ ազգապահպան։ Ուստի յուրաքանչյուրը թող իր գործունեությունը լավագույնս իրականացնի իր ստանձնած պարտավորությունների շրջանակներում։
Եվ քանի որ վերջին օրերում «մոդայիկ» է դարձել Աստվածաշնչից մեջբերումներ կատարել, ուստի փարատելու համար այլոց այլևայլ մտահոգություններն ու վախերը, խոսքս կավարտեմ իշխանության վերաբերյալ սուրբգրային երկու մեջբերմամբ, հետևությունները թողնելով Պողոս Առաքյալից իշխանության մասին վկայակոչումներ անողներին․
«Իմ թագաւորությունն այս աշխարհից չէ. եթե իմ թագավորությունն այս աշխարհից լինէր, իմ հետևորդները կմարտնչէին արդեն» (Հովհ․ 18։36)։
«Քո սուրը ետ դիր իր տեղը, որովհետև, ովքեր սուր են վերցնում, սրով կընկնեն։ Եվ կամ կարծո՞ւմ ես, թե չեմ կարող իմ Հօրն աղաչել, որ նա հիմա ինձ համար այստեղ հասցնի հրեշտակների ավելի քան տասներկու գնդեր» (Մատթ․ 26։52-53)»:
Բաժանորդագրվել լրահոսին