Ինչպես արդեն հայտնել էինք, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում եռակողմ հանդիպում են անցկացրել:
Հանդիպումից հետո հրապարակվել էր ընդունված հայտարարության տեքստը:
Համատեղ հայտարարության Սոչիում ընդունված տեքստով կարելի է ասել, որ Նիկոլի գլխին կրկին դիվանագիտորեն և քաղաքականապես բամփել են:
Նիկոլի հերթական «նվաճումն» այն է, որ հայտարարությունից դուրս են թողել Լեռնային Ղարաբաղ անվանումը: ՌԴ խաղաղարար առաքելության տեղակայման վայրը նշել են անորոշ` անհասցե բացազատման գոտում: Եթե նույնիսկ խաղաղարար առաքելության տեղակայման վայրի Լեռնային Ղարաբաղ անվանումը չի կարողացել ներառել տեքստում, էլ ի՞նչ եք ուզում այդ անընդհատ ստորացվող բանակցողից:
Ոչ մի բառ ՀՀ սուվերեն տարածքների դեօկուպացիայի կամ գերիների վերադարձի մասին, էլ չեմ ասում ինքնորոշման իրավունքի մասին: Ոչ մի խոսք կոմունիկացիաների նկատմամբ սուվերեն վերահսկողության մասին:
Հիմա արդեն կարելի է ենթադրել, թե ինչպիսի «խաղաղության պայմանագիր» է պատրաստվում կնքել քաղաքական չարիքի մարմնավորումը:
Տեքստում տեղ գտած մնացած ձևակերպումները ֆորմալ մտքեր են: Ինքնասիրություն ունեցող մարդիկ վստահ եմ՝ ամոթ և անարգանք են զգում Նիկոլի նման «ներկայացուցիչ» ունենալու համար:
Ոչ մի քաղաքական, դիվանագիտական, անվտանգային հենարան չի թողել այս խեղճ ու կրակ, տանջված ժողովրդի վաղվա օրվա համար: Ամեն բան մսխել է մինչև վերջին հնարավորությունը` պատրաստ լինելով խմել բազմաչարչար ժողովրդի արյան վերջին կաթիլը:
Կարող ենք արձանագրել, որ Սոչիում ևս կես քայլ է արել դեպի հաջորդ կապիտուլյացիա:
Սոչիի բանակցությունները ցույց տվեցին, որ Արցախի հարցը առկախվում է, իսկ միջանցքի մասին խոսք լինել չի կարող։
Պուտինը նշեց, որ կա Լեռնային Ղարաբաղի հարց և այն պետք է լուծել։ Ի տարբերություն արևմտյան տարբերակի, երբ Արցախը մնում է Ադրբեջանի կազմում, խաղաղապահ ուժերը հանվում են։ Միջանցքի հարցով Արևմուտքը լռում է։
Հիշեցնեմ, որ ՆՓ-ը իր թերթում գրել էր, որ Ռուսաստանը միջանցքի հիմական շահառուն է։ Պարզվեց, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում:
Կանխատեսելիորեն ոչինչ չստորագրվեց. Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ կողմ է երկու ամիս առաջ ռուսական կողմի առաջարկած 15 կետանոց տարբերակին։ Նա հատուկ մի քանի անգամ ընդգծեց «15» թիվը, քանի որ հենց 15-րդ կետին էր դեմ Բաքուն (Ալիևն ուզում էր 14 կետով սահմանափակվեր)։
15-րդ կետը վերաբերվում էր նրան, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը թողնվում է անորոշ ապագայի (ճշգրիտ ձևակերպումը չգիտեմ)։
Ինչպես և սպասելի էր, ըստ էության, Սոչիում Ալիևը, բովանդակային առումով, չհամաձայնվեց 15-րդ կետին, Փաշինյանն էլ չհամաձայնվեց 14 կետանի տարբերակին։ Արդյունքում ստորագրեցին հայտարարություն ոչինչի մասին, որ չստացվի, որ ոչինչ չեն ստորագրել։
Ակնհայտ է, որ Ռուսաստանը, որն այժմ Ադրբեջանի հետ ուրիշ ընդհանուր շահեր ունի (օրինակ` Մեղրիով միջանցք) և Արցախի կարգավիճակի կամ արցախահայության իրավունքների մասով Ադրբեջանի վրա, մեղմ ասած, որևէ ճնշում չի գործադրելու։
Փոխարենը, Ռուսաստանը, Ադրբեջանի հետ միասին, Հայաստանի վրա է ճնշումներ գործադրելու, որ Մեղրիի ճանապարհը հանձնվի իրեն։
Այստեղ պետք է միջնորդ, որը կստիպի Ադրբեջանին ճանաչել Ղարաբաղյան հակամարտության գոյությունն ու դրանից բխող քայլերի գնալ:
Արձանագրում ենք՝ Սոչիում կայացած եռակողմ հայտարարությունը ոչ մի կերպ չի բխում հայկական կողմի շահերից։ Որևէ խոսք չկա այն մասին, որ ադրբեջանական զորքերը պետք է հետ քաշվեն Հայաստանի սուվերեն տարածքից։
Չկան առարկայական պայմանավորվածություններ հայ ռազմագերիների վերադարձի մասին։ Փոխարենը, խոսվում է սահմանների անձեռնմխելիությունից, և դա արվում է այն պայմաններում, երբ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններն արդեն մեկ տարուց ավելի է՝ գտնվում են ադրբեջանական օկուպացիայի ներքո։
Այս փաստաթուղթը չի արտահայտում նաև արցախահայության կամքը։ Մասնավորապես տեքստի մեջ տեղ գտած «տեղակայման գոտի» արտահայտությունն ամբողջովին ներկայացնում է ադրբեջանական դիրքորոշումը։ Որևէ փաստաթուղթ, որը չի արտահայտում տեղաբնիկ ժողովրդի՝ իր հողում ապրելու իրավունքը, դուրս է որևէ միջազգային նորմից։
Ադրբեջանի նախագահի երազանքը՝ տեսնել Արցախն առանց հայերի, դեռ երկար է բախվելու Արցախի ժողովրդի դիմադրությանը։ Հողը, որտեղ ապրում է Արցախի ժողովուրդը, «տեղակայման գոտի» չի կարող լինել որևէ մեկի համար։ Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ոչ միայն չի լուծվել, այլև չի կարող լուծվել առանց Արցախի ժողովրդի անմիջական ներգրավվածության:
Շատերդ արդեն կարդացել եք Սոչիում կայացած եռակողմ բանակցությունների եզրափակիչ հայտարարության տեքստը, և փորձում եք վերլուծել, թե սա ինչ է նշանակում մեզ համար։ Թարմ հետքերով կիսվեմ իմ ընկալմամբ, միաժամանակ նշելով, որ դեռ ոչ բոլոր դետալներն են հայտնի, և ամեն ինչ չի միարժեք։
Միարժեք է սակայն, որ բանակցությունները ցանկալի արդյունքի չեն բերել մեզ համար։ Այն կետերը, որոնք Նիկոլ Փաշինյանը հնչեցրեց բանակցություններից առաջ, փաստացի որևէ կերպ արտացոլված չեն եզրափակիչ հայտարարության մեջ, որը վկայում է ոչ միայն Փաշինյանի բանակցային դիրքի թուլության մասին (ինչը, ի սկզբանե, ակնհայտ էր), այլև Պուտինի անկարողության մասին՝ խաղաղ կարգավորման սեփական մոդելն Ալիևին պարտադրելու։ Սա ևս մասնակիորեն կանխատեսելի էր՝ հաշվի առնելով Ռուսաստանի ընդհանուր թուլությունը և նրա ուժերի ծայրահեղ գերլարումը՝ Ուկրաինայում ընթացող պատերազմի համատեքստում։
Մյուս կողմից, Ալիևն այս բանակցություններին եկել էր մաքսիմալիստական դիրքորոշմամբ, ըստ որի՝ Արցախն այլևս գոյություն չունի, իսկ Հայաստանն էլ դեռ իրեն միջանցք է պարտք։ Եզրափակիչ հայտարարությունից կարելի է եզրակացնել, որ Ալիևն իր դիրքորոշումը մինչև վերջ փորձել է պնդել (օրինակ՝ հայտարարության տեքստում Լեռնային Ղարաբաղ բառն իսկ չկա), սակայն դրա հիման վրա կարգավորման վերջնական բանաձևի հասնել ևս չի կարողացել, ուստի կողմերը բավարարվել են այնպիսի հայտարարությամբ, որը փրկում է յուրաքանչյուրի դեմքը, սակայն փաստացի ոչ մի բանի նրանց չի պարտադրում։
Այս իրավիճակում, Ալիևը փորձելու է Հայաստանի և Արցախի վրա հավելյալ ճնշում գործադրել, չի բացառվում, որ նաև ռազմական ճանապարհով։ Ի տարբերություն նախորդ սրացման սակայն՝ այս անգամ նա կարող է ավելի կոշտ հակազդեցություն ստանալ թե՛ Իրանից, և թե՛ Ռուսաստանից, ուստի հաջողության հասնելու նրա շանսերը նվազել են՝ նաև հաշվի առնելով հայկական զինված ուժերի պատրաստվածությունը նոր հարվածին։ Ինչ վերաբերվում է Փաշինյանին, նա կարող է փորձել նորից Ալիևի հետ միասին տեղափոխել բանակցությունները Եվրոպա (ինչը կարող է հանգեցնել վիճակի էլ ավելի բարդացման), և կամ էլ փորձել օգտագործել ձեռք բերված կարճատև դադարը՝ Հայաստանի բանակցային դիրքերի հետագա բարելավման համար։ Անկեղծ ասած, շատ կուզենայի, որ երկրորդը տեղի ունենար, քանի որ ժամանակը վերջապես սկսել է մեր օգտին աշխատել՝ Արցախում բացառիկ միասնություն է ձեռք բերված, Հայաստանում բանակում վերջապես սկսել են, դեռևս փոքրիկ, բայց դրական փոփոխություններ տեղի ունենալ, Ադրբեջանի հեղինակությունը Եվրոպայում զգալի անկում է ապրել սեպտեմբերի այլանդակ ռազմական հանցագործություններից հետո, իսկ Էրդողանն էլ աստիճանաբար խորասուզվելու է սեփական վերընտրությունն ապահովելու բարդ գործի մեջ՝ Թուրքիայում խորացող տնտեսական ճգնաժամի ֆոնի վրա։
Սակայն Փաշինյանն արդեն բազմիցս ցույց է տվել, որ նույնիսկ ամենաբարենպաստ իրավիճակներում ինքն անում է ուղիղ հակառակը, և իր ապաշնորհ գործողություններով ավելի է բարդացնում մեր վիճակը։ Ուստի այս անգամ մենք պետք է շատ ավելի նախանձախնդիր և հետևողական լինենք՝ պարտադրելու նրան մեր շահերից բխող քայլերը՝ համահայկական մոբիլիզացիա, բանակի ամրապնդում և վերազինում, Հայաստանի տարածք ներխուժած թշնամական ստորաբաժանումներին ամենօրյա կոշտ հակազդեցություն, Ադրբեջանի ռազմական հանցագործությունների դատապարտում աշխարհով մեկ, Արցախի ինքնորոշման իրավունքի վերահաստատում, և այլն։
Գործողությունները հստակ են, մենք պետք է բոլոր հնարավոր ճանապարհներով դրանք իրականացնենք՝ հընթացս ճանապարհից վերացնելով բոլոր խանգարող գործոնները։ Այդ դեպքում, գուցե հաջորդ բանակցություններում արդեն ավելի բարենպաստ արդյունք արձանագրենք, իսկ գուցե նաև՝ դրանք արձանագրենք արդեն առանց Փաշինյանի, կամ նույնիսկ առանց Ալիևի:
Ի՞նչ տողատակեր կան Սոչիի հայտարարության մեջ. 2022թ․ հոկտեմբերի 31-ին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև ստորագրված Սոչիի հայտարարությունն ընդհանուր առմամբ հակահայկական է և մեզ համար որևէ դրական միտք չի պարունակում, մինչդեռ Ադրբեջանի համար կա տարածքային ամբողջականության հատուկ հիշատակում՝ անտեսելով ժողովուրդների ինքորոշման սկզբունքը։ Սա հայկական կողմի աշխատանքի բացակայության հետևանք է։ Բայց եթե փորձենք ավելի ուշադիր նայել, ապա կտեսնենք, որ Ռուսաստանի կողմից տեքստում նշվել են մտքեր, որոնք թեպետ արվել են ռուսական շահի առաջմղման համար, բայց մեզ տալիս են որոշակի հնարավորություններ։
Դրանցից մեկը վերաբերում է Արցախում ռուսական խաղաղապահ զորքի դերին։ Ադրբեջանի նախագահը փաստացի ընդունում է, որ խաղաղապահները կարևոր դեր են կատարում Արցախում, հետևաբար նրանք մնալու են այստեղ։ Ես վստահ եմ, որ դեռ շատ երկար կմնան, եթե չասենք՝ տասնամյակներ։
Մյուս կետը 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագրի հիշատակումն է։ Այս փաստաթուղթը ներառել է մի կարևոր կետ ինքնավար կազմավորումների ինքնորոշման իրավունքի և ԱՊՀ-ի կազմ մտնելու հնարավորության մասին՝ ուղիղ կերպով առնչվելով Արցախին։ Թեպետ Սոչիի հայտարարության մեջ խոսք չկա ինքնորոշման մասին, բայց Ալմա-Աթայի հռչակագրի հիշատակումն արդեն իսկ դրա վկայությունն է։ Մեզ համար կարևոր է հենց այս հռչակագրի շարունակական վկայակոչմամբ առաջ մղել ինքնորոշման իրավունքը։ Հայտարարության մնացած հատվածները մեծ հաշվով քաղաքական լոլո-ներ են, արարողակարգային տողեր։ Պաշտոնական արարողություններից ու հյուրերին ճանապարհելուց հետո ՌԴ նախագահ Պուտինը մամուլի ասուլիս տվեց, որտեղ մի քանի միտք ևս արտահայտեց․
1․ Արցախում ռուս խաղաղապահների մնալու ժամկետների մասին իրենք խոսել են, հիմա չեն ցանկանում մանրամասներ հայտնել։ Պուտինն ասաց, որ խաղաղապահների գործունեությունն ավելի շատ կախված է լինելու Հայաստանի և Ադրբեջանի միջև, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի էությունից՝ ակնարկելով, որ իրենք ամեն դեպքում մնալու են Արցախում։
2․ Դեռևս կան մի քանի սկզբունքային անհամաձայնություններ, որոնց մասին թեպետ կարելի է խոսել, բայց պետք չի դրանք բարձրաձայնել։ Սա Պուտինի ձևակերպումն է։
Կարծում եմ՝ Պուտինն էլ ինձ նման վստահ չէ, որ Նիկոլ Փաշինյանը կկարողանա հաղթել իր լեզվին ու չի բացահայտի այդ գաղտնիքը։
3․ Պրահայում Փաշինյան-Ալիև հանդիպման մասին խոսելիս Պուտինը հստակ ասաց, որ թեպետ փորձ է արվում Ռուսաստանը դուրս թողնել հակամարտության կարգավորման գործընթացից, բայց դա հնարավոր չէ։
Սպասենք, որ շաբաթներ անց Նիկոլ Փաշինյանը կմեկնի Եվրոպա ու այնտեղ նոր հանդիպում կունենա Ալիևի հետ՝ այս անգամ արդեն Արևմուտքին հաճելի ձևակերպումներով հայտարարություն ստորագրելով:
Սոչիի հանդիպման եզրափակիչ հայտարարությունը հիասթափեցնող է։ Թեպետ մինչ հանդիպումը քաղաքական և տեղեկատվական հոսքերում ինտենսիվորեն շրջանառվում էին Լեռնային Ղարաբաղի որոշակի սուբյեկտայնությանը վերաբերող մտքեր, սակայն հայտարարության բուն տեքստում Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակումը բացակայում է իսպառ։
Անգամ այն հատվածում, որը վերաբերում է ռուս խաղաղապահների առաքելությանը, Արցախն անգամ աշխարհագրորեն հիշատակված չէ։
Դրա փոխարեն օգտագործված է «իր (առաքելության) տեղակայման վայրում» ձևակերպումը։
Ռուսաստանի նախագահը ակնարկեց, որ հայտարարության նախագծից որոշ հատվածներ հանվել են։ Թեպետ, իհարկե, հետաքրքիր կլիներ տեսնել տեքստի նախնական տարբերակը, սակայն փաստը մնում է փաստ, որ ըստ ամենայնի, Ադրբեջանին հաջողվել է հանել Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակումները տեքստից։
Իսկ Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրի հիշատակումը նման փաստաթղթում առհասարակ հասկանալի չէ։ Այս հռչակագրի մասին բազմիցս խոսել ենք և կրկին կխոսենք։ Մենք քանիցս հայտնել ենք, որ կողմ կլինենք կարգավորման այնպիսի տարբերակի, որը խաչ չի քաշի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հեռանկարի և հնարավորության վրա։ Մեր ասածն ուժի մեջ է:
Պրահայի հայտարարությունը վերահաստատվեց Սոչիում, ինչը հայկական կողմի համար ընդունելի է։ Ադրբեջանի պլանն այն էր, որ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունները Սոչիում կա՛մ փոխվեն, կա՛մ վերացվեն։ Սակայն հայկական կողմը կարողացավ հիմնավորել, որ Պրահայում հաստատված հայտարարությունը որևէ կերպ չի հակասում դրանից առաջ եղած բոլոր եռակողմ հայտարարություններին։ Ադրբեջանը չի ուզում, որ որևէ հարցով կոնկրետություն լինի, իսկ Պրահայի հայտարարությամբ կողմերը ճանաչում են երկուստեք սահմանները։ Ադրբեջանը ՀՀ սահմանները չի ուզում ֆիքսել:
Ես կարող եմ կրկնել այն, ինչը ոչ մեկ անգամ է հայտարարվել ՌԴ նախագահի կողմից. մեր կարծիքով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է թողնել սերունդներին, երբ ձևավորված կլինեն բոլոր կողմերի համար ընդունելի պայմաններ՝ այս հարցի արդար որոշման համար, բայց իհարկե, դա պետք է լինի Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների արդյունքում:
Բաժանորդագրվել լրահոսին