ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Հայաստանը ճիշտ է քվեարկել ՄԱԿ-ում, թե՞ ոչ
28.03.2014
Հայաստանը 10 այլ երկրների հետ միասին դեմ է քվեարկել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի` Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու անձեռնմխելիությունը ճանաչող բանաձևին:
Բացի Հայաստանից և Ռուսաստանից, դեմ են քվեարկել Բելառուսը, Բոլիվիան, Կուբան, Հյուսիսային Կորեան, Նիկարագուան, Սուդանը, Սիրիան, Վենեսուելան և Զիմբաբվեն: Չինաստանը և Աֆղանստանը, մի շարք այլ երկրների հետ միասին, ձեռնպահ են մնացել այդ քվեարկության ժամանակ, իսկ Իրանը ընդհանրապես չի մասնակցել:
Քաղաքական գործիչների ու հասարակության շրջանում սա իրարամերժ քննարկումների թեմա է դարձել: Ոմանք սա Հայաստանի կողմից անակնկալ քայլ են համարեցին այն առումով, որ «ձեռնպահի» էին սպասում, մյուսներն էլ տրամաբանական դիտարկեցին` ելնելով Ռուսաստանի գործոնից, որոշներն էլ ասացին, որ տարօրինակ կլիներ, եթե կողմ քվեարկեինք:
Էդուարդ Շարմազանով, (ՀՀԿ)
Մենք ազատ կամարտահայտման կողմնակից ենք ազգերի ինքնորոշման հարցում: Այնպես որ, անակնկալ չէր, որ մենք դեմ քվեարկեցինք:
Արմեն Ռուստամյան (ՀՅԴ)
Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևին Հայաստանի «դեմ» քվեարկությունը ճիշտ էր: Ի դեպ, ոչ մի տարբերություն չկա «դեմ»-ի և «ձեռնպահ»-ի միջև: Հայաստանը չէր կարող դեմ չքվեարկել, եթե Ղրիմի հանրաքվեն միջազգային հանրությունը դնում է կասկածի տակ, այն հանրաքվեն, որը, կպարզվի, ստիպողաբար չի եղել և իսկապես արտահայտել է ժողովրդի ազատ կամքը:
Հրանտ Բագրատյան (ՀԱԿ)
Հայաստանը դեմ է քվեարկել ՄԱԿ-ի բանաձևին։ Հայաստանը մտա՞ծել է Ուկրաինայում ապրող 330 հազ. հայերի մասին։ Գոնե ձեռնպահ մնայիք։ Եթե ՌԴ-ն մեր ռազմավարական գործընկերն է, կարելի էր չէ վերջինիս հետ բացատրվել։ Ուկրաինայում մենք 100 հատ Քեսաբ ունենք։ Մենակ ձեր փորի ու բիզնեսի մասին եք մտածում։ Ուր է, էստեղ եթե ժողովուրդ է մնացել, ապա վաղը, օգտագործելով այս կուտակայինի խնդիրը, պետք է սկսել իշխանափոխությունը։
Ռուբեն Հակոբյան («Ժառանգություն»)
Ընդհանուր առմամբ, կարելի էր նաև ձեռնպահ քվեարկել: Սակայն, եթե խորքից նայենք, մեծ հաշվով ոչ մի տարբերություն չկա ձեռնպահի ու դեմի միջև:
Վարդան Օսկանյան (ԲՀԿ)
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Հայաստանը պետք է ձեռնպահ քվեարկեր Ուկրաինայի ներկայացրած բանաձևին: Բացատրեմ՝ ինչու:
Ուկրաինայի ներկայացրած և արդեն ձայների մեծամասնությամբ ընդունված բանաձևը ոչ օրինական է համարում Ղրիմի հանրաքվեն և Ռուսաստանի կողմից դրա բռնակցումը:
Առաջինի հետ կապված մենք, իհարկե, չենք կարող կողմ լինել, որովհետև պաշտպանում ենք ժողովուրդների կամարտահայտությունն ու ինքնորոշման իրավունքը:
Մյուս կողմից, մենք չենք կարող դեմ լինել երկրորդ դրույթին, որովհետև ինքներս Ղարաբաղում անցկացված հանրաքվեից հետո արդեն 23 տարի է՝ շարունակում ենք բանակցել Ադրբեջանի հետ համաձայնեցված լուծման հասնելու համար:
Այս երկուսի համադրումը բնականաբար հուշում է, որ պետք էր ձեռնպահ քվեարկել՝ դրանով իսկ ընդգծելով մեր սկզբունքայնությունը:
«Ժամանակ» օրաթերթ
Քաղաքակրթական իմիջը, քաղաքական նկարագիրը, արժանապատվությունը, գործընկերային բնութագիրը Հայաստանի անփոխարինելի զենքերը պետք է լինեին ադրբեջանական նավթագազային զինանոցի դեմ, Հայաստանն այդ զենքերը մեկը մյուսի հետևից գցում է մի կողմ, Հայաստանի իշխանությունները հանուն իրենց դիրքերի մեկը մյուսի հետևից դեն են նետում Հայաստանի համար կենսական այդ զենքերը և խոնարհվում Ռուսաստանի առաջ, վերածվում Ռուսաստանի կամակատարի, Հայաստանը դարձնում Ռուսաստանի կցորդ:
Կարեն Սերոբյան, քաղաքացի
Տրամաբանական էր, որ Հայաստանը դեմ կքվեարկեր` հաշվի առնելով Ռուսաստանի գործոնը: Վատն էն ա, որ ստիպված ենք ծառայություն մատուցել ՌԴ-ին` այս կերպ կորցնելով մեր դեմքը: Ուղղակի մխիթարականն էն ա, երևի, որ Ղրիմի բնակիչների մեծ մասը հանրաքվեով ուզում էր միանալ ՌԴ-ին ու երբ մենք սենց քվեարկեցինք, ասեցինք` հարգում ենք ժողովրդի կամքը: Մնացած դեպքերում, հետայսու, սա դեմք կորցնել կլինի:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր