ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Կարելի՞ է ժարգոնը բեմ բարձրացնել. մտավորականները` բեմում հնչող խոսքի մասին
14.01.2015
Հայ թատրոնն ունի բազում խնդիրներ, որոնցից մեկը բեմում հնչող խոսքն է: Ի՞նչ լեզվով է խոսում այսօր թատրոնը: Կարելի՞ է արդյոք ժարգոնը բեմ բարձրացնել, թե՞ բոլոր հերոսները պետք է խոսեն մաքուր, գրական հայերենով, եթե անգամ մարմնավորում են գողի կամ մարմնավաճառի: Այս հարցում տարբեր են արվեստագետների կարծիքները:
Աննա Էլբակյան, դերասանուհի
Դու չես կարող այսօր մարմնավորել մի մարդու, ով խոսում է անցյալ դարի լեզվով: Ծիծաղելի է: Թատրոնը թանգարան չէ, և թատրոնի լեզուն չի կարող թանգարանային լինել...Աբսուրդ է...Եթե նայում ես մարդու աչքերի մեջ, պետք է խոսես նրա լեզվով, բայց չդառնաս ժարգոնային:
Հրանտ Թոխատյան, դերասան
Յուրաքանչյուր համաշխարհային ժամանակակից թատրոն բեմ է բարձրացնում այն լեզուն, որով այսօր խոսում է երիտասարդությունը: Դա նորմալ է: Բայց այն լեզուն, որով խոսում է հայ երիտասարդությունը, բեմից գռեհիկ է հնչում, ինչը չի կարելի ասել ռուսական, անգլիական, ֆրանսիական խոսքի մասին: Դրա համար պետք է տարբերել երևանյան սլենգն ու ժարգոնը:
Դավիթ Հակոբյան, ռեժիսոր
Ասում ենք՝ թատրոնը նախ ժամանցի վայր է, բայց ինձ համար ճիշտ թատրոնն էլիտար ժամանցի վայր է: Այնտեղ լեզուն չի կարող շատ հասարակ լինել: Այն պետք է տարբերվի մարդկային խոսքից, լինի մի քիչ թատերային: Այլապես, եթե ես այդ նույն ժարգոնը լսում եմ տանը, աշխատավայրում, փողոցում, խանութում, ամենուր, ինչո՞ւ գամ փող տամ՝ մի հատ էլ թատրոնում լսեմ այդ ապուշությունը:
Այսօր ունենք ռեժիսորներ, ովքեր համարձակ ժարգոն են օգտագործում, և ունենք ռեժիսորներ, ովքեր դասական, ակադեմիական ոճն են պահում: Ոչ նա է մի բան, ոչ էլ նա... Ոսկե միջինը պետք է գտնեն դրամատուրգները:
Սոնա Մելոյան, թատերագետ
Թատրոնները պետք է լինեն շատ տարբեր: Շատ կարևոր է գրական նյութը, դերասանի կուլտուրան գալիս է նաև դրամատուրգիայից: Մեր հանդիսատեսը շատ ծայրահեղական է: Երիտասարդներն ուզում են ժամանակակից գործեր, իսկ ավագ սերունդը շատ պահպանողական է, երբ բեմում նորություն է տեսնում, բղավում է՝ աղավաղեցին: Բայց պետք է հասկանանք, որ դա նոր դրամայի օրենքն է: Եթե ուզում ենք ժամանակակից բեմ, Շեքսպիրով չենք կարող սահմանափակվել:
Երվանդ Մանարյան, ռեժիսոր
Թատրոնի խնդիրը միայն լեզվի մեջ չի: Եթե ժամանակակից մտածողություն չենք բերում բեմ, խոսքը չի կարող լինել ժամանակակից: Թատրոնի մտածողությունը խորթ է մեր հասարակական հուզումներին ու մտքերին: Այսօր բազում խնդիրներ ունենք, որոնցից ոչ մեկի արտացոլումը բեմում չես տեսնի:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր