ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Գումար չունեք, քանի որ ճիշտ PR և գովազդ չեք անում». ինչո՞ւ թատրոնները չունեն PR մենեջեր
05.02.2015
Հայաստանում, բացառապես Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնից, մյուս թատրոնները չունեն PR մենեջեր, ով կզբաղվի թատրոնի գովազդով: Ավագ սերունդը գտնում է, որ դա հորինված և նորաձև մասնագիտություն է, մինչդեռ` երիտասարդներն այն համարում են անհրաժեշտություն: Ինչո՞ւ Հայաստանում թատրոնները չունեն PR մենեջեր, այն դեպքում, երբ շատ թատրոններ պնդում են, որ ունեն հանդիսատեսի խնդիր: Արդյո՞ք գումարն է խնդիրը. պարզաբանում են մասնագետները:
Արմեն Էլբակյան, Էլբակյանի անվ. թատրոնի գեղ. ղեկավար, ռեժիսոր
Կարծում եմ` թատրոնը չունի նման հաստիքի կարիք, մանավանդ` Հայաստանում, որտեղ հարցական է` PR-ի լուրջ մասնագետներ կա՞ն, թե` ոչ: Թատրոնն ավելի շատ ունի ֆինանսական խնդիր: Իսկ եթե գումար լինի, թատրոնն ինքը կարող է զբաղվել իր գովազդով, ինչո՞ւ անիմաստ ինչ-որ մեկին գումար վճարի, երբ դեռ պարզ չի` արդյոք այդ ինչ-որ մեկը ճիշտ գովազդ կկազմակերպի: Եթե թատրոնն ունի գեղարվեստական ղեկավար, և նա իրոք լավ գեղարվեստական ղեկավար է և ճիշտ իր տեղում է, նա արդեն ինքնին PR մենեջեր է:
Լուսինե Երնջակյան, Կամերային թատրոնի ռեժիսոր
Կարծում եմ` թատրոնը միանշանակ դրա կարիքն ունի, պարզապես սովետական կարգերից ելնելով թատրոնում նման հաստիք չկա: Սովորաբար պետական թատրոններում այդ գործը ստանձնում է ադմինիստրատորը, և ելնելով նրանից, որ տոմսերի վաճառքի հարցը լուծված է, չի էլ մտածում այդ ուղղությամբ: Կամերային թատրոնում ես եմ զբաղվում այդ գործով, և միանաշանակ գտնում եմ, որ ցանկացած ոլորտում եթե PR ասվածը չկա, եթե պարբերաբար չես հիշեցնում քո գոյության մասին, չես ապահովի լեփ- լեցուն դահլիճ, և մեկ շաբաթ առաջ վաճառված տոմսեր:
Մեր թատրոններն ապրում ու ստեղծագործում են սովետական դարաշրջանի մեջ, ևʹ բեմադրում են այդպես, ևʹ տոմսերի վաճառքն են իրականացնում նույն կերպ: Լավ կլինի, որ մեր թատրոններն էլ հետևեն, թե ո՞ր կողմ է նայում միջազգային թատրոնը, եթե այդ հասկացողությունը կա, ուրեմն` ինչո՞ւ չմտածել դրա մասին:
Վահան Բադալյան, Փոքր թատրոնի գեղ. ղեկավար, ռեժիսոր
Ես այդ հարցը բազմիցս բարձրացրել եմ: Չունենք թատրոնի PR մենեջերներ, քանի որ չունենք նեղ մասնագիտական ուսումնական հաստատություն: Կարծում եմ` ամոթ չի դրսից հրավիրել մասնագետների ու փորձի փոխանակում անել: Մեր թատրոնները շատ կարծրացած են և նորարարություն չեն ուզում, բայց, եթե լինեն մարդիկ, ովքեր կկարողանան ճիշտ զբաղվել թատրոնի PR-ով, և դա իր դրական արդյունքը կտա, կարծում եմ` թատրոնները կսկսեն հետաքրքրվել:
Լյուդվիգ Հարությունյան, Գյումրու թատրոնի գլխավոր ռեժիսոր
Արդեն 5 տարի է մեր թատրոնը ղեկավարում է Գևորգ Խաչատրյանն, ով առաջին օրից որոշեց, որ թատրոնը պետք է ունենա պրոդյուսեր` PR մենեջեր, ով կզբաղվի թատրոնի գովազդով: Եվ արդեն 5 տարի է այդ գործը ստանձնում է պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը: Մեր թատրոնում տոմսերը մշտապես սպառվում են, և հանդիսատեսի խնդիր չունենք:
Մեր պրոդյուսերի մտահղացմամբ` թատրոնն իրականացնում է երեկոյան աբոնիմենտ ակցիան, որի դեպքում հանդիսատեսը գնելով մեկ տոմս` միանգամից երեք ներկայացում դիտելու հնարավորություն է ստանում: Փորձը ցույց է տալիս, որ այդ ակցիան հանդիսատես է բերում թատրոն, և մեր ներկայացումներն անցնում են լիքը դահլիճում: Կարծում եմ` մեր փորձը կարող է լավ օրինակ ծառայել մյուս թատրոններին:
Ռուզան Ենգիբարյան, PR մենեջեր
Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, որ ցանկացած ոլորտ, այդ թվում և թատրոնը, առաջխաղացման համար PR–ի և գովազդի կարիք ունի: PR-ն ունի այնպիսի գործիքներ, որոնց կիրառությամբ կարելի է հասնել վաճառքի ծավալների զգալի ավելացման: Պետք է հրաժարվել կարծրատիպերից և քայլել ժամանակի հետ համընթաց: Ենթադրում եմ, որ յուրաքանչյուր թատրոնի տնօրեն կասի, որ իրենք գումար չունեն PR–ի և գովազդի համար: Սակայն չեն ընդունում, որ մեկը մյուսից է բխում. գումար չունեք, քանի որ ճիշտ PR և գովազդ չեք անում:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր