ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Կարենն այդպես էլ չտեսավ ֆիլմն ամբողջությամբ, որտեղ ներկայացավ Աստծո կերպարով»
24.03.2015
Մարտի 22-ին, 78 տարեկան հասակում կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանը: Հարազատներն ու մտավորականներն իրենց ափսոսանքն ու ցավակցությունն են հայտնում անվանի դերասանի մահվան կապակցությամբ:
Աշոտ Ադամյան, ռեժիսոր, դերասան
Խենթ ու անկանխատեսելի...
Ինքնատիպ՝ ինչը չափազանց կարևոր է...
Անհագ` կյանքի ու արվեստի նկատմամբ...
Անհարմար` «հարմար» մարդկանց համար...
Ցավում եմ, որ այլևս չես քայլելու քաղաքով...
Խորապես ցավակցում եմ հարազատներին...
Տիգրան Խզմալյան, կինոռեժիսոր
Հեռացավ Կարեն Ջանիբեկյանը: Իմ վերջին գեղարվեստական ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկը: Դա ծեր լուսանկարչի դեր էր, ավելի ճիշտ Աստծո, ով մարդկանց ներկայացավ այդ կերպարով: Կարենը ֆիլմն այդպես էլ չտեսավ ամբողջությամբ, ու ոչ ոք այն չի տեսել, թեև անցել է արդեն 11 տարի: Ֆիլմը կոչվում է «Lovember», իմ լավագույն գործն է, այն առևանգել ու թաղել են բոլոր նեգատիվներով նախկին «Երևան» հեռուստաֆիլմերի ստուդիայի նկուղում, եթե իհարկե դեռ չեն ոչնչացրել նրանք, ովքեր փակել են ստուդիան, մեզ թողնելով առանց աշխատանքի, ձեզ` առանց կինոյի: Ցտեսություն, Կարեն Ջան: Ներիր, որ չհասցրեցի ցուցադրել քեզ քո Աստծուն:
Տիգրան Ներսիսյան, ՀՀ վաստակավոր արտիստ
Շատ մեծ կորուստ է թատրոնի, կինոյի, քաղաքի և բոլորիս համար: Ինքը տեսակ էր, գույն էր, իր սխալներով ու ձեռքբերումներով, թռիչքներով ու վայրէջքներով, ինքը արվեստագետ էր ուղնուծուծով, իր էությամբ:
Արդեն բավական ժամանակ էր, գրեթե մեկ տարի գիտեինք, որ նա վատառողջ է: Այս ընթացքում մեկ անգամ այցելեցի նրան, երբ դեռ կարող էր ընդունել, իսկ երբ արդեն վատ էր, ասում էր` մի քիչ լավանամ, նոր կտեսնվենք, հեռախոսով էինք շփվում: Պարբերաբար հեռախոսով զրուցում էինք, և մեր վերջին զրույցը եղավ երկու օր առաջ:
Ինքն էքսցենտրիկ էր, էմոցիանալ, շատ պարզ էր… Ինքը բնության նման էր: Մենք շատ ենք վիճել, կռվել ու հաշտվել ենք, բայց միշտ ներել ենք իրար ամեն հարցում: Մեր հարաբերությունները, մանավանդ վերջին շրջանում, շատ մտերմիկ էին, կարծես հրաժեշտ էինք տալիս միմյանց:
Հակոբ Ղազանչյան, ՀԹԳՄ նախագահ
Կյանքից հեռացավ հայ թատրոնի և կինոյի ամենաինքնատիպ անհատականություններից, Գուրգեն Ջանիբեկյանի շառավիղներից մեկը, դերասանը, որը հատկապես մեր կինոյին ժառանգեց ուշագրավ և հետաքրքիր կերպավորումներ:
Կարեն Ջանիբեկյանի հերոսներն ունեին բարդ ճակատագրեր, ներքին մեծ ողբերգականություն, ազգային նկարագրի ընդգծումներ:
Նրա վաստակն ու ձեռքբերումները միշտ կմնան մեր հիշողություններում:
Կարեն Քոչարյան, հաղորդավար, ռեժիսոր
Ցավակցում եմ Կարեն Ջանիբեկյանի բոլոր հարազատներին, ընկերներին, երկրպագուներին: Աստված հոգիդ լուսավորի, Կարեն ջան: Այսպիսին էիր դու 1997-ին, երբ լրացավ քո 60-ամյակը, այսպիսին էլ մնացիր մինչև վերջ: Գնաս բարով հավերժի ճամփորդ, թող հայրենի հողը թեթև լինի. ծածկված լինի թարմ ծաղիկներով, իսկ Ջանիբեկյանների հինավուրց տոհմը կշարունակի իր հաղթական ճանապարհը դեպի հավերժություն:
Նազենի Հովհաննիսյան, դերասանուհի, հաղորդավարուհի
Կարեն Ջանիբեկյանը շա՜տ լուսավոր մարդ էր, հումորով, և ինքնաբավ։ Չեմ հիշում նրանից տրտունջ, բողոք կամ պարապ խոսք. նա միշտ ապրում էր այնպես, ինչպես որ ճիշտ էր գտնում։ Առանց «ճկվելու»։ Շատ էր սիրում կյանքը, կյանքն էլ` նրան։ Մենք էլ նրան էինք շատ սիրում, մենք՝ ջահելներս։ Այդպես էր մեզ դիմում... և շարունակելու ենք սիրել, քանզի Ջանիբեկյան Կարենը թողել է մեծ, արժեքավոր և կարևոր ժառանգություն՝ նրա ժառանգները։ Այդպիսով նա միշտ կապրի, և նրա ներկայությունն ամենուր կլինի։ Ես սգում եմ իմ հարազատ ընկերոջ՝ Սոսի հետ իր հայրիկի կորուստը, որակով մարդու կորուստը, լավ երևանցու կորուստը, ու մինչև վերջին շունչն իր արվեստով ապրող արտիստի կորուստը, բայց.... «Ձյաձ» Կարենին միշտ պետք է հիշել ժպիտով և խաղաղությամբ։ Նա լիարժեք մարդ էր ու տիրապետում էր արվեստներից մեծագույնին՝ ապրելո՜ւ արվեստին...
Նվարդ Ասատրյան, թատերագետ
...Արտիստական ինքնության պրպտումները սկսելով Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնից՝ անթաքույց մի մղումով ժամանակ առ ժամանակ հայտնվել է «սունդուկյանցիների» թատերախմբում։ Սոս Սարգսյանի հիմնադրած Համազգայինի հիմնադիր կազմում իր ինքնատիպ ներկապնակով յուրովի գունեղացրել է մութ ու ցուրտ 90-ականներին ծնված և հակամշակութային թոհուբոհին արժանապատվորեն դիմակայած թատրոնի խաղացանկային ներկայացումները։ Պահպանված լիներ հեռուստաթատրոնի արխիվը՝ նրա երեք տասնյակ դերակատարումներով անկասկած կտպավորվեին Կարեն Ջանիբեկյանի գենետիկ շնորհների բեմական հազվադեպ փայլատակումներին օրինաչափորեն անհաղորդ մնացած թատերասերները։ Իր հախուռն արտիստիկ հոգեկերտվածքով Ջանիբեկյանը դժվարարանում էր անվերապահորեն հաստատվել որևէ կոնկրետ թատերաընտանիքում: Լիարժեք ինքնադրսևորման անհագուրդ մղումով անդուլ որոնում էր ի՜ր թատրոնը։ Ավարտած լինելով Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը՝ իր մասնագիտությամբ փորձեց մայրաքաղաքի թատերական կյանքում հաստատել «ԳուրՋան» մշակութային հիմնադրամի թատերախումբը, երբ, ավա՜ղ, ֆիզիկապես արդեն շատ տկար էր և տևականորեն հեռացել էր կանոնավոր կենդանի արարումից: Այդուհանդերձ նա հաստատուն տեղ կունենա մեր կինեմատոգրաֆիայի տարեգրության մեջ՝ ինքնահատուկ անշփոթելի արտահայտչամիջոցներով, կոլորիտային ցայտուն նկարագրով կերտված շուրջ 50 անուն դերացանկով։
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր