ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Առնվազն տգիտություն է». հասարակության արձագանքը` Հրանուշ Հակոբյանի հայտարարությանը
14.04.2015
«Քիմ Քարդաշյանը եկել է հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերին: Նա միլիոնավոր հետևորդներ ունի: Եթե նա գրում է կամ ասում ինչ-որ բան, ապա դա հիանալի PR է մեզ համար, շատ մարդիկ նույնիսկ չգիտեն, թե որտեղ է գտնվում Հայաստանը»,- բրիտանական The Guardian պարբերականին օրեր առաջ ասել էր ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Նախարարի հայտարարությունը լայն արձագանք է գտել մամուլում ու համացանցում: Շատերի կարծիքով` Հրանուշ Հակոբյանն ասել է իրականությունը, սակայն, ոմանք գտնում են, որ ամեն ճշմարտություն չի, որ պետք է բարձրաձայնել: Ոմանք էլ կարծում են, որ Սփյուռքի նախարարին առհասարակ պետք է արգելել դրսում` հեղինակավոր լրատվամիջոցներին հարցազրույց տալ:
Գոհար Վեզիրյան, լրագրող «Հայկական ժամանակ»
Մեկը լիներ տիկին Հրանուշի հետ մի բան աներ, որ էլ չզբաղվեր դրսերում անիմաստ ինտերվյուներ տալով: Ի՞նչ է նշանակում՝ բրիտանական ամսագրին ասել, որ մարդկանց մեծամասնությունը Հայաստանի տեղը չգիտի: Լավ է չի ասել թուրքերը շատ գիտեին մեր տեղը, որ մի հատ էլ ցեղասպանություն իրականացնեին: Էն որ էս կնոջ ֆայմի գործակիզը զրո է, նորություն չի, բայց որ նրան չեն արգելել դրսերում հեղինակավոր լրատվամիջոցներին ինքնագլուխ հարցազրույցներ տալ, սա էլ արդեն ուրիշի ֆայմի գործակցի բացակայության մասին է վկայում: Առհասարակ՝ կարելի է մի հատ ցուցակ կազմել, որոնց մեջ ընդգրկվածներին արգելվի դրսերում հարցազրույցներ տալ՝ ազգային անվտանգության նկատառումներից ելնելով իհարկե:
Նատաշա Հարությունյան, լրագրող «Henaran.am»
Նախ Քիմի այցին անդրադառնամ, Քիմի ու իր ընտանիքի այցն իսկապես շատ կարևոր էր մեզ համար ու մեզ շատ բան տվեց, ինչ վերաբերում է նախարարի հայտարարությանը, ապա կարծում եմ, որ ամեն դեպքում նախարարը կարող էր մի փոքր այլ կերպ արտահայտվել, թեև միտքը` այո, ճիշտ է, բայց ամեն բան չի, որ պետք է բարձրաձայնել... Ավելի լավ կլիներ, որ ասեր, օրինակ, Հայաստանը սիրով ընդունում է բոլոր նրանց, ովքեր գալիս են` իրենց հարգանքի տուրքը մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին... Բայց վերջին հաշվով Հրանուշ Հակոբյանի խոսքերի հետևից ընկնել, կարծում եմ պետք չէ, նա ասել է այն, ինչ մտածել է, ոչ մի վատ բան չի ասել:
Արմեն Սարգսյան, դերասան
Քիմը շատ լավ արեց, որ եկավ: Աշխարհի բոլոր հայերն էլ պետք է գան, ու բնականաբար սա հզոր PR էր, ինչի համար հենց մեր թշնամիները միլիոնավոր դոլարներ են ծախսում: Ինչ վերաբերում է Հրանուշ Հակոբյանի հայտարարությանը, կարծում եմ` չարժեր, բայց միգուցե մարդն ուրախությունից հուզված է եղել:
Էդգար Խաչատրյան, օգտատեր
Հրանուշ Հակոբյան։ Արդեն իսկ ոչինչ չասող բառակապակցություն։
Ինչքան անհայրենիք ու անպաշար կարող է լինել մարդ արարածը, որ այս կերպ արտահայտվի։ Մարդը the guardian-ին հարցազրույց է տալիս, թե Քիմը լավ PR արեց Հայաստանը, այլապես էդպես էլ աշխարհի մեծ մասը Հայաստանի գոյության մասին չէր իմանա։
Ուզում եմ հասկանալ՝ ե՞րբ է մեր կառավարությունն ազատվելու նման նախարարներից։ Ե՞րբ է ի վերջո ինքն իրեն թույլ տալու շրջապատվել գործից հասկացող մարդկանցով, ոչ թե փողի մասին մտածող իբր հայրենասերներով:
Հայկ Բաբայան, օգտատեր
Այստեղ հարցը ճշմարիտ լինելու մեջ չէ միայն, հարցազրույց տալ միջազգային պարբերականին ու ասել, որ մարդկանց մեծամասնությունը Հայաստանի տեղը չգիտի, բնավ սխալ է, և դիտարկվում է որպես առնվազն տգիտություն, այն ինչ այս պահին բոլորիս պետք է բարձր մակարդակի PR-ն է, որպեսզի հնարավորինս շատ մարդ տեղյակ լինի Հայաստանի՝ առավել ևս հայոց մեծ եղեռնի մասին:
Վահագն Շահբազյան, օգտատեր
Որ Քիմն իր երեք օրում ավելի շատ գործ արեց Հայաստանի համար, քան Սփյուռքի նախարարությունն իր ստեղծման օրվանից առ այսօր, դրանում ոչ մի խոսք, բայց Հրանուշը սուտ չի ասում: Եթե Հայաստանից դուրս հարցնես Հայաստանի մասին, կտեսնես, որ իրոք շատերը չգիտեն Հայաստանի մասին:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր