ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Երթուղայինի գունագեղ հոտերն ու կեղտից քարացած նստատեղերն էլ աչքիդ չեն երևում, մտածում ես` երբ է հասնելու «երանելի» կանգառը ». հայտնիներն ու ՀՀ քաղաքացիները` երևանյան տրանսպորտի մասին
08.06.2015
Թեև Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները հավաստիացնում են, որ տրանսպորտի ոլորտում հետևողական են և ուղևորների համար հարմարավետ պայմաններ ստեղծելու հարցում ամեն բան անում են, բայց պատկերն այլ է:
Քաղաքացիներից շատերը հրաժարվում են տրանսպորտից օգտվել, քանի որ այլընտրանքի տարբերակ ունեն, մյուսներն էլ, ովքեր հնարավորություն չունեն, ստիպված են լինում խցկվել ու հանդուրժել:
Արմեն Սանթրոսյան, ՀՀ ժողովրդական արտիստ
Իմ երթևեկության միջոցը միայն տրանսպորտն է: Բայց մեզ մոտ տրանսպորտի վիճակը բավարար չի: Մեծ ավտոբուսները քիչ են: Հատկապես այն ժամանակ, երբ ուսանողները դասի են գնում, առավոտյան տրանսպորտը շատ է ուշանում և այնքան լիքն է լինում, որ կանգնելու տեղ էլ չի լինում, մի կերպ խցկվելով նստում, իջնում ես: Այնքան լիքն են գալիս, երբեմն նույնիսկ խցկվել հնարավոր չի լինում: Ես ապրում եմ Ավան Առինջում, մեզ մոտ միայն 3 ավտոբուս կա և ուշ-ուշ են գալիս: Լավ կլիներ այդ հարցը կարգավորեին:
Տիգրան Խզմալյան, կինոռեժիսոր
Քաղաքի մեջ հիմնականում հեծանվով եմ շրջում, կամ մետրոյից եմ օգտվում: Հազվադեպ դեպքերում էլ, եթե կարիք է լինում, ավտոբուս եմ նախընտրում: Անգամ խիստ անհրաժեշտության դեպքում երթուղայինից չեմ օգտվում, որպեսզի չկռանամ, կողքիններիս էլ անհարմարություն չպատճառեմ: Տրանսպորտն արտացոլում է ընդհանուր իրավիճակն ու ազատ շուկայական հարաբերությունների բացակայությունը:
Էռնա Էլիզբարյան, հեռուստամեկնաբան
Ինքս չեմ օգտվում, քանի որ հունվարից մեքենա եմ գնել, իսկ մինչ այդ նախընտրում էի տաքսի ծառայությունից օգտվել, ավելի արագ է և հարմարավետ: Բայց որքանով կողքի աչքով նկատել եմ` «Գազելներն» այնքան էլ հարմար չեն ուղևորների համար, ավտոբուսներն ավելի հարմարավետ ու մաքուր են:
Վահագն Սարգսյան, դերասան
Այսքան ժամանակ չեմ լսել, որ վարորդը դասական կամ ժողովրդական երգեր միացնի: Միշտ ռաբիս եմ լսել, միշտ էլ «Գազելներից» վատ հոտ եմ առել, շատ կեղտոտ վիճակ է եղել: Ամեն դեպքում գոհ չեմ: Մի քիչ էլ սրա մասին մտածեʹք, մեր պետական այրեʹր:
Լիանա Մարգարյան, ՀՀ քաղաքացի
Մենք անընդհատ կենտրոնանում ենք խեղճ վարորդների վրա ու մոռանում ուղևորների որակի մասին: Վերջին շրջանում առավել նյարդայնացնում են գռեհիկ ուղևորները, ովքեր իրենց անցենզուր բառապաշարով և տգետ հեռախոսային զրույցներով կարծես մեղվի նման բզզում են ականջներումդ` ողջ ճանապարհին, ու այդ պարագայում արդեն երթուղայինի գունագեղ հոտերը, կեղտից քարացած նստատեղերն էլ աչքիդ չեն երևում, մտածում ես` երբ է հասնելու «երանելի» կանգառը:
Աննա Մանուկյան, ՀՀ քաղաքացի
Երևանյան երթուղայինների ահավոր վիճակը կարելի է ամբողջացնել 27 համարի միկրոավտոբուսի վարորդներից մեկի կերպարով, որին բոլորը դիմում են «Ճանճ» մականունով: Նա մշտապես մուննաթապատ դեմքով վարելու ողջ ընթացքում ծխում է, ժամերով խոսում հեռախոսով կամ էլ հեռախոսով ակտիվորեն օգտվում սոցցանցերից՝ հաշվի չառնելով, որ իր անուշադրությունը կարող է տասնյակ մարդկանց կյանքեր արժենալ: Իսկ նրանց, ովքեր հանդգնում են նրան նկատողություն անել ծխելու համար կամ դուռը ուժեղ են փակում, սպասում է թունդ հայհոյանք՝ մայրերի հիշատակմամբ: Ճիշտ է` կան նաև քաղաքավարի, կիրթ վարորդներ, ովքեր բարեհամբույր են սպասարկում, չեն ծխում, չեն հայհոյում, բայց քյառթու վարորդների բազմության համեմատ նրանց թիվը շատ սահմանափակ է:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր