ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Կարող ենք սահմանադրություն չունենալ և լավ երկիր լինել». քաղաքական գործիչներն ու արվեստագետները` Սահմանադրական բարեփոխումների մասին
22.07.2015
Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունն ու կարևորությունը գնահատելով` քաղաքական գործիչներից ոմանք գտնում են, որ բարեփոխումներ կոչվածը հեքիաթի ժանրից է, որը ոչ միայն կխորացնի առկա ճգնաժամը, այլև` կփակի ելքեր գտնելու բոլոր ճանապարհները: Պատգամավորներից ոմանք էլ կարծում են, որ սա մի հարց է, որը երբեք ներքևում չի ձևավորվում:
Արթուր Սաքունց, իրավապաշտպան
Նախագիծը ոչ միայն լուծումներ չի տալիս և խորացնում է ճգնաժամը, այլ նաև անելանելի վիճակ է ստեղծում և ելքեր չի տալիս այդ ճգնաժամից դուրս գալու համար: Սա է ամենավտանգավորը: Մտահոգությունը կայանում է նրանում, որ իրավական ճանապարհով փակվում են այս ճգնաժամից դուրս գալու հնարավորությունները: Ես թույլ կտայի ինձ համաձայնվել փոփոխություններին, եթե դատական իշխանության անկախության իրական երաշխիք տեսնեի:
Խոսրով Հարությունյան, ՀՀԿ-ական պատգամավոր
Սահմանադրական բարեփոխումների հասարակական պահանջը երբեք ներքևում չի ձևավորվում: Սրա քաղաքական կարևորությունը ձևավորվում է վերևներում: Շարքային քաղաքացին, նույն գյուղացին` իրավական, քաղաքական, վերլուծական կարողություններ չունի, որ կարողանա գիտակցել, թե իր խնդիրների հիմնական աղբյուրը որտեղից է գալիս:
Նաիրա Զոհրաբյան, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ
Առաջին տպավորությամբ՝ խայտառակ փնթի կազմված փաստաթուղթ է, հենց ներկայացված փաստաթղթում առկա են բազմաթիվ հակասություններ և ավելին՝ այս փաստաթղթի փաթեթում ներառված են ձևակերպումներ, որոնք որևէ այլ ժողովրդավար երկրի Սահմանադրության մեջ հնարավոր չէ գտնել:
Մասնավորապես խորհրդարանական երկփուլանի ընտրությունը: «Երկփուլանի ընտրություն» հասակցությունը որևէ այլ ժողովրդավար երկրի Սահմանադրության մեջ չկա: Ես հարց եմ տալիս՝ եթե, օրինակ, երկրորդ տեղը զբաղեցրած կուսակցությունը ինչ-ինչ պատճառներով, օրինակ, իրեն չի բավարարել ընտրության արդյունքները, կամ գտնում է, որ դրանք արդար չեն եղել, հրաժարվում է մասնակցել երկրորդ փուլին, ի՞նչ է լինելու: Փակուղի: Որևէ լուծում այս նախագիծը չի առաջարկում:
Պարգև Օհանյան, նախկին դատավոր
Նոր Սահմանադրության նախագիծն առաջին տպավորությամբ լավն է՝ բացի նախագահի մասով: Ինձ բնավ դուր չի գալիս, որ նախագահին պետք է ընտրեն ինչ-որ ընտրիչ-մնտրիչներ, ինչ-որ թվեր, թվաբանություններ են մեջտեղ բերել: Ինձ դուր չի գալիս անկախությունից ու ժողովրդի ընտրությունից զրկված նախագահ ունենալը: Ես դա ճիշտ չեմ համարում:
Արսեն Մկրտչյան, Արդարադատության փոխնախարար
Սահմանադրական բարեփոխումներն ուղղված չեն իշխանությունների վերարտադրությանը: Նախագիծը դրված է հանրային քննարկման, և յուրաքանչյուր ոք կարող է կարծիք հայտնել: Կարծիքները կամփոփվեն և կներկայացվեն աշխատանքային խմբին: Սահմանադրության փոփոխության մասին բազմաթիվ կարծիքներ հնչել են, այսօր այդ հարցը խնդիր չէ:
Հայկ Մարության, դերասան
Սահմանադրությունը չէ, որ մեղավոր է մեր այս վիճակի համար: Այսպես ասած` մենք կարող ենք Սահմանադրություն չունենալ և լավ երկիր լինել, և, հակառակը, ունենալ լավ Սահմանադրություն և չլինել լավ երկիր: Գրեթե բոլոր վատ ապրող երկրների սահմանադրութունները իդեալական են, որովհետև վերցրել են զարգացած երկրներից, ադապտացիա են արել: Հարկավոր է պարզապես կիրառել այդ օրենքները:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր